From Wikipedia, the free encyclopedia
Ձևավոր չմուշկներ, չմուշկներ գեղասահքի համար։ Նրանց տարբերակիչ առանձնահատկությունը չմուշկի շեղբի առջևի մասում կարճ շարքով ատամիկների առկայությունն է, որոնք անհրաժեշտ են գեղասահքի որոշ էլեմենտներ կատարելու համար` քայլեր, պտույտներ և թռիչքներ։ Ձևավոր չմուշկների շեղբը դուրս է գալիս կրունկի հետևից՝ մոտավորապես 3 սմ։
Ձևավոր չմուշկներ | |
---|---|
Տեսակ | Չմուշկներ, սպորտային գույք և կոշիկ |
Figure skates Վիքիպահեստում |
Չմուշկները հայտնաբերվել են հարյուրավոր տարիներ առաջ[1], «ձևավոր» տերմինը հայտնվել է 19-րդ դարում` իբրև գեղասահքի աճող ժողովրդականության արձագանք, և ժամանակագրությամբ համընկել է աշխարհի առաջին առաջնությունների անցկացման հետ։ Այդ ժամանակ ելույթի պարտադիր մասը եղել են այսպես կոչված «պարտադիր պատկերաձևեր», որոնք չեղյալ են հայտարարվել միայն 1990-ական թվականներին[2]։ Գեղասահքը կայանում էր սառույցի վրա դժվարագույն պատկերներ գծելու և դրա հետ մեկտեղ գեղեցիկ դիրք պահելու ունակության վրա[3]։ 19-րդ դարի կեսերին չմուշկի շեղբը դարձավ ավելի երկար և ավելի կլորավուն, սկսեցին պատրաստել պողպատե չմուշկներ՝ կատարելագործելով նաև նրանց ամրացումը կոշիկին՝ մինչև որ սկսեցին կոշիկի վրա ամրացնել շատ ամուր[4]։
Գեղասահքի կոշիկները, ավանդույթի համաձայն, պատրաստում են ձեռքով, կաշվից։ Դիզայնը զգալի փոփոխությունների է ենթարկվել 20-րդ դարի ընթացքում։ 1920-ական և 1930-ական թվականների մարզիկները կրում էին առաձգական կոշիկներ՝ բարձր ճիտքերով։ Այժմ համարվում է, որ ճիտքը պետք է 8-9 սանտիմետր բարձր լինի կոճից[5], իսկ կոշիկը ոտքի վրա պետք է նստի ձիգ և այն ֆիքսի շատ ամուր[6]։ Կրունկը լինում է տարբեր բարձրության, օրինակ՝ մարզիկները, որոնք ելույթ են ունենում սառույցի վրա, պարերի մեջ նախընտրում են բարձր կրունկը, քանի որ այն թույլ է տալիս ավելի լավ կառավարել ուղղության փոփոխությունը։ Ավանդույթի համաձայն՝ գեղասահորդները սահում են սև գույնի կոշիկներով, իսկ գեղասահորդուհիները` սպիտակ և մարմնագույն, չնայած այլ գույներ ևս թույլատրված են[5]։
Շեղբը պատրաստվում է որակյալ քրոմապատ պողպատից։ Թրծումն իրականացվում է այնպես, որ առավելագույն կարծրություն ունենան չմուշկի սահակողը և շեղբի կողմնային մակերեսների ստորին մասը, մինչդեռ մնացած մասը մնում է ոչ այնքան պինդ։ Սա թույլ է տալիս չմուշկին պահել առաձգականությունը[7]։ Թանկ մոդելները հագեցած են շարժական սահակողերով, քանի որ կոշիկի մարմինը չի մաշվում այնպես ինտենսիվ, ինչպես նրա շեղբը[6]։ Մենասահքի համար նախատեսված չմուշկի շեղբը ունի մոտ 4 մմ հաստություն, պարայինը՝ մոտ 2,5 մմ։ Ձևավոր չմուշկների շեղբը, որպես կանոն, սրում են 11-15 մմ շառավղով, իսկ պարայինը՝ 9-ից մինչև 13։ Ակոսագիծը ստեղծում է երկու այսպես կոչված «կող»՝ ներքին և արտաքին։ Նրանք մեծ նշանակություն են ունենում գեղասահորդների համար (առանց նրանց՝ չմուշկի շեղբը կընկնի կողքի վրա. գեղասահորդը չի կարողանա լավ հրվել և ճիշտ պահպանել հավասարակշռությունը), ուստի չմուշկներ սրելը ոչ այնքան կայանում է շեղբի կողմերը սրելու մեջ, այլ վերականգնել ակոսիկը, որը պարապմունքների ընթացքում հարթանում է[5]։ Առջևի մասը ունի մի քանի սուր ատամիկներ, որոնք նույնպես անհրաժեշտ են տարբեր շարժումներ կատարելու դեպքում՝ պտույտ, քայլեր և թռիչքներ։ Նաև մեծ նշանակություն ունի շեղբի կորության շառավիղը, որը չափվում է չմուշկի հետևի մասի ավելի «դիմացկուն» մասով։ Այն կարող է կազմել 7-ից մինչև 8½ ֆուտ։ Սկսնակ գեղասահորդներին խորհուրդ է տրվում կորության մեծ շառավիղ ունեցող շեղբերը։
Տեսակ | Կանոնակարգի առանձնահատկությունները | Կոշիկի առանձնահատկությունները | Չմուշկի առանձնահատկությունները |
---|---|---|---|
Ազատ սահքի համար | «Սովորական» ձևավոր չմուշկներ՝ նախատեսված միայնակ և զույգով սահքի համար։ Սպորտի այս տեսակների ծրագրերը լի են բազմապտույտ թռիչքներով և այլ «ակրոբատիկ» էլեմենտներով։ | Կոշիկները ամենաբարձրն են ու ամենակոշտը՝ ցածր կրունկով։ Կոշտությունը տատանվում է՝ փափուկ սկսնակների համար և կոշտ եռակի թռիչքների համար։ | Ամուր շեղբ երկար կրունկով և զարգացած ատամիկներով։ |
Զանգվածային | Ժամանցային սահքի և առաջնային կրթության համար՝ հաշվի առնելով թույլ ֆիզիկական պատրաստվածությունը։ Ավելի լուրջ պարապմունքները արագորեն կվերացնեն նման չմուշկները, սակայն գեղասահորդը արդեն կատարում է գիտակցված ընտրություն սպորտային տարատեսակ մոդելների շարքում։ | Նման են ազատ սահքի չմուշկներին, բայց կոշիկը ավելի փափուկ է, իսկ կողմնային հենարանը՝ ավելի թույլ։ | Շեղբը բավականաչափ թույլ է, հաճախ՝ ոչ շարժական։ |
Մարզիչների համար | Մարզիչը հազվադեպ է ընդունակ միայնակ ցատկեր կատարելուց ավելիին, բայց ստիպված է սառույցի վրա գտնվել ժամերով՝ գրեթե առանց շարժվելու։ | Որոշ ընկերություններ առաջարկում են հատուկ կոշիկներ մարզիչների համար՝ ավելի տաք և հարմարավետ, քան սպորտայինները։ | — |
Պարտադիր պատկերների համար («դպրոցական») | Յուրահատուկ կանոնակարգը գոյություն է ունեցել մինչև 1990-ական թվականները։ Նրանում պետք չէ ո՛չ արագություն, ո՛չ ակրոբատիկա, այլ շրջադարձերի և աղեղների ճշգրիտ կատարում։ Բացի այդ, գեղասահորդին թույլատրվում է միայն մեկ հրում՝ պատկերի որոշակի կետերում։ | Փափուկ կոշիկ (հաճախ օգտագործում են հին «կոտրված» կոշիկներ)։ | Կորության փոքր շառավիղ։ Հատուկ ձև ունեցող փոքր ատամիկ, որը նախատեսված է հետընթաց քայլքից ուժեղ հրման համար, կամ էլ ընդհանրապես առանց ատամիկի է։ Ակոսագիծը սովորաբար ավելի քիչ խորն է։ |
Պարային | Քայլեր, որոնք կատարվում են բարձր արագությամբ և զուգընկերոջ հետ շատ սերտ կոնտակտի մեջ։ | Ցածր ճիտքեր, բարձր կրունկ։ Երբեմն կտրում են «սովորական» չմուշկների ճիտքերը[8]։ | Շատ բարակ։ Կորության փոքր շառավիղ, փոքրիկ ատամիկ, կարճ թաթ, որպեսզի զուգընկերների չմուշկները չխճճվեն։ |
Սինքրոն սահքի համար | Սինքրոն սահքի էլեմենտները պարզ են միայնակ և զույգերով սահքի չափանիշներից, բայց կատարվում են սերտ շարքում։ | Գոյություն ունեն հատուկ կոշիկներ՝ ցածր և փափուկ, քան ազատ սահքի համար նախատեսված կոշիկները։ Նախագծված է կապիչների ֆիկսացիան։ | Նման են ազատ սահքի համար նախատեսված չմուշկներին, բայց կարճ թաթով են։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.