From Wikipedia, the free encyclopedia
«Հանդիպում Ռոբինսոնների հետ» (անգլ.՝ Meet the Robinsons), անիմացիոն կատակերգություն-ֆիլմն արտադրվել է 2007 թվականին Ամերիկյան Walt Disney Animation Studios-ի կողմից։ Այն թողարկվել է 2007 թվականի մարտի 30-ին Walt Disney Pictures-ի կողմից։ Այն՝ թվով 47-րդ անիմացիոն գեղարվեստական ստեղծագործությունը Walt Disney Animated Classics-ի շարքում, դուրս է թողարկվել ստանդարտ և 3-D ձևաչափերով։ Մուլտֆիլմի հերոսները գրեթե ամբողջովին վերցված են Ուիլիամ Ջոյսի “Մեկ օր Ուիլբուր Ուիլսոնի հետ” (A Day with Wilbur Robinson ) մանկական գրքից։ Ֆիլմն ի սկզբանե հենց այդ անվանանումն է ունեցել։ Ձայնագրման և տեսագրման ընթացքներին են մասնակցել Ջորդան Ֆրայը, Ուեսլի Սինգերմանը, Հարլենդ Ուիլիամսը, Թոմ Քենին, Սթիվ Անդերսոնը, Լոուրի Մետկալֆը, Ադամ Ուեսթը, Թոմ Շելեքը և Անժելա Բասսեթը։ «Հանդիպում Ռոբինսոնների հետ» ֆիլմն առաջին ստեղծագործությունն է այն բանից հետո, երբ Ջոն Լասեթրը ստանձնել է գլխավոր մասնագետի պաշտոնը Walt Disney Animation Studios-ում։
Լյուիսը մանկատանն ապրող խոստումնալից պատանի գյուտարար է, ում հայտնագործությունները վախեցնում են նրան որդեգրել ցանկացող ընտանիքներին։ Նա որոշում է, որ իր մայրիկը, ով իրեն նորածին հասակում թողել է մանկատանը, միակն է, ով երբևէ իրեն իսկապես սիրել է։ Նա աշխատում է մի մեքենայի վրա, որը հնարավորություն կտա ճանապորհորդել իր հիշողությունների մեջ և գտնել իր մայրիկին։ Լյուիսի անքուն աշխատանքների պատճառով նրա հարևանը՝ Մայքլ “Գուբ” Յագուբիանը հնարավորություն չի ունենում հանգիստ քնել, որի հետևանքով վերջինս տանուլ է տալիս իր համար շատ կարևոր “Little League”-ի խաղը՝ ամենաթեժ պահին քնով անցնելով։ Այդ ընթացքում Լյուիսն իր հայտնագործությունը տանում է դպրոցի շրջանակներում ընթացող գիտական տոնավաճառին։ Տոնավաճառում նա հանդիպում է Ուիլբուր Ուիլսոնին՝ մի առեղծվածային տղայի, ով պնդում էր, թե ինքը եկել է ապագայից և պետք է գտնի չարագործ Կատելոկին։ Ուիլբուրին հարկավոր էր գտնել ժամանակի մեքենան, որը գողացել էր չարագործ Կատելոկը (the Bowler Hat Guy)։ Լյուիսը փորձարկում է իր հիշողության սկաները, սակայն այն փչանում և ամբողջ դպրոցական մարզադահլիճում քաոս է ստեղծում։ Լյուիսը տխրում և հեռանում է տոնավաճառից, այնինչ Կատելոկի չարագործ ռոբոտ-գլխարկը՝ Դորիսը, վերանորոգում և գողանում է սկաները։
Ուիլբուրը հանդիպում է Լյուիսին մանկատանը և խնդրում, որ Լյուիսը վերանորոգի իր գյուտը։ Լյուիսը համաձայնում է վերանորոգել իր ստեղծած մեքենան, միայն այն դեպքում, եթե Ուիլբուրը ապացուցի, որ ինքը եկել է ապագայից։ Ուիլբուրը նրան տանում է 2037 թվական երկրորդ ժամանակի մեքենայով (առաջինը գողացվել էր)։ Տեղափոխվելով ապագա և տեսնելով Ուիլբուրի ժամանակի մեքենան, որն ապագայից էր՝ Լյուիսն ասում է, որ իրեն էլ պետք չէ իր հայտնագործությունը, և որ ինքը հենց Ուիլբուրի մեքենայով կարող է տեսնել իր մայրիկին։ Ուիլբուրն ու Լյուիսը սկսում են վիճել և կորցնում ժամանակի մեքենայի կառավարումն ու վթարի ենթարկվում։ Ուիլբուրը խնդրում է Լյուիսին վերանորոգել մեքենան, սակայն Լյուիսը համաձայնում է միայն այն դեպքում, եթե Ուիլբուրը դրանից հետո իրեն կտաներ անցյալ տեսնելու իր մայրիկին։ Ուիլբուրը Լյուիսին թաքցնում է իրենց տան գարաժում, սակայն Լյուիսն այնտեղ երկար չի մնում և հանդիպում է Ուիլբուրի ընտանիքի՝ Ռոբինսոնների ընտանիքի բոլոր անդամներին, բացի Կոռնելիուսից՝ Ուիլբուրի հայրիկից, ով այդ ժամանակ գործուղման էր։ Կատելոկը չի կարողանում ճիշտ օգտագործել Լյուիսի ստեղծած ժամանակի սկաները և փչացնում է այն։ Նա և Դորիսը հետևում են Լյուիսին՝ փորձելով առևանգել նրան, որպեսզի վերջինս վերանորոգի սկաները, սակայն ձախողվում են։ Այդ ընթացքում Լյուիսը ծանոթանում է Ռոբինսոնների ընտանիքի հետ և այնքան դուր գալիս նրանց, որ Ռոբինսոններն առաջարկում են որդեգրել նրան, սակայն հրաժարվում են այդ մտքից՝ իմանալով, որ նա եկել է անցյալից։ Ուիլբուրը՝ Ռոբինսոնների տղան, խոստովանում է, որ խաբել է Լյուիսին՝ ասելով, թե կտանի անցյալ՝ իր մոր մոտ։ Լյուիսը հիասթափվում է և դուրս վազում։
Կատելոկը համոզում է Լյուիսին գալ իր հետ և առևանգում է նրան։ Լյուիսը բացահայտում է, որ Կոռնելիուս Ռոբինսոնն իրականում հենց ինքն է ապագայում, և որ Ուիլբուրն իր ապագա որդին է։ Նա իմանում է նաև, որ Կատելոկը նույն Գուբն է ապագայում։ Պարտվելով Փոքր Լիգայի գավաթը՝ Գուբն այնքան է դառնությամբ լցվում, որ նրան չեն ուզում որդեգրել, և նա երկար ժամանակ մնում է մանկատանը նույնիսկ դրա փակումից հետո։ Դորիսը "DOR-15" էր՝ Լյուիսի ձափողված և լքված գյուտերից մեկը։ Նրանք երկուսն էլ մեղադրում էին Լյուիսին իրենց դժբախտությունների մեջ և որոշում են գողանալ նրանից հիշողոթյան սկաները՝ այն իրենց վերագրելով։ Լյուիսին թողնելով առանց հիշողության սկաների՝ նրանք կտրուկ փոխում են մարդկության ապագան և ստեղծում այնպիսինը, որտեղ չկա Ուիլբուրը, և որը ղեկավարում են Դորիսի կլոնները՝ մարդկությանը դարձնելով ստրուկներ։ Լյուիսը տեսագրությամբ տեսնում է, որ Կատելոկը ապշում է Դորիսի նման վարքից և սպանվում է նրա կլոնների կողմից։ Լյուիսը վերանորոգում է երկրորդ ժամանակի մեքենան, գնում է դեմ առ դեմ Դորիսին և ոչնչացնում նրան՝ խոստանալով երբեք չստեղծել նրան և վերականգնում է ապագան։ Այն բանից հետո, երբ Լյուիսը համոզում է Ուիլբուրին խնդրել Գուբին միանալ իրենց ընտանիքին, Գուբն անհետանում է՝ ամաչելով իր արարքներից։
Լյուիսը վերջապես դեմ առ դեմ հանդիպում է Կոռնելիուսին։ Կոռնելիուսը բացատրում է նրան, թե ինչպես հիշողության սկաներով սկսվեց իրենց հաջողակ ապագան և համոզում է Լյուիսին վերադառնալ տոնավաճառ։ Ուիլբուրը տանում է նրան իր ժամանակները, բայց ինչպես խոստացել էր, նախքան այդ տանում է նրան անցյալ՝ այն պահը, երբ Լյուիսի մայրը լքում է նրան։ Լյուիսը համարյա մոտեցել էր իր մայրիկին, որպեսզի համոզի, որ իրեն մանկատանը չթողնի, բայց որոշում է չգնալ այդ քայլին՝ ասելով Ուիլբուրին, թե նա արդեն իսկ ընտանիք ունի։
Ուիլբուրը Լյուիսին վերադարձնում է իր ժամանակները։ Լյուիսը շտապում է տոնավաճառ, սակայն ճանապարհին գնում է բեյսբոլի դաշտ և ճիշտ պահին արթնացնում Գուբին՝ փոխելով նրա ապագան։ Վերադառնալով տոնավաճառ՝ Լյուիսը մեկ հնարավորություն է խնդրում, որպեսզի ցուցադրի հիշողության սկաները, և այս անգամ հաջողվում է։ Նրան որդեգրում են Լյուսիլը՝ տոնավաճառի ժյուրիներից մեկը, և նրա ամուսինը՝ Բադը, ով Լյուիսին նոր անուն է տալիս՝ “Կոռնելիուս” և տանում նրան իրենց տուն։ Երբ նա հեռանում է մանկատնից, նա հանդիպում է Գուբի հետ, ով նույնպես հեռանում էր իր ընտանիքի և Փոքր Լիգայի գավաթի հետ։ Ֆիլմը վերջանում է Ուոլթ Դիսնեյի մի խոսքով, որը Լյուիսի/Կոռնելիուսի նշանաբանն էր. “Միշտ առա՛ջ։”
Այլ ձայները՝ Կամերոն Քովելի, Կուպեր Կոուգիլի, Դեյվիդ և Մակինա Կոուգիլների, Թերի Դուգլասի, Ջեքի Գոնյուի, Միք Հեյզենի, Շենոն Օ'Կոնորի, Ջորդան դել Սպինայի, Լինվուդ Ռոբինսոնի, Գրեյս Ռոլեքի, Գրեյսոն Սպաննի, Կրիստա Սվանի և Ֆրեդ Տատասկուրի կողմից։
Ի սկզբանե ունենալով «Մեկ օր Ուիլբուր Ուիլսոնի հետ» անվանումը՝ ֆիլմի աշխատանքները սկսվել էին 2004 թվականի հունիսին և ծրագրված էր այն թողարկել 2006 թվականին[7][8]։ Մինչ ընթանում էին աշխատանքները, Դիսնեյը 2006 թվականի հունվարի 24-ին հայտարարեց, որ այն ձեռք կբերի Պիքսարը, որից հետո Ջոն Լասեթրը դարձավ և՛ Պիքսարի, և՛ Walt Disney Animation Studios-ի գլխավոր աշխատակիցը ֆիլմի ստեղծման գծով։ Երբ վերջինս առաջին անգամ տեսավ ֆիլմի նախնական էկրանավորումը, նա ասաց Ստեֆեն Անդերսոնին, որ չտեսավ չարագործ հերոսի մեջ բավական վախ ու չարություն և առաջարկեց մի քանի փոփոխություններ կատարել։
Տասը ամիս անց ֆիլմի համարյա 60 տոկոսը ձևափոխվեց։ Փոխվեց չարագործի կերպարը և նրան տրվեց նոր ընկեր, ավելացվեց այն տեսարանը, որտեղ դինոզավրը հետապնդում է Լյուիսին և Ռոբինսոններին, փոխվեց ֆիլմի վերջը[9]։
Ավելի քանի վեց հարյուր կինոթատրոններ ցուցադրեցին ֆիլմը 3-D տարբերակով[10]։ Այդ տարբերակի մեջ ֆիլմից առաջ կար 1953 Chip 'n Dale 3D Working for Peanuts տեսարանը[11]: 3D տարբերակի վերջում, երբ ցույց են տրվում անձնակազմի և ֆիլմի ստեղծման ընթացքին մասնակցած մարդկանց անուններն ու ազգանունները, բոլորինը մնացել էր 2D ձևաչափով, բացի ֆիլմը 3D-ի փոխակերպած մարդկանց անուններից։
2007 թվականի հոկտեմբերի 23-ին թողարկվեցին ֆիլմի DVD և Blu-ray տարբերակները[12]։ Երկուսն էլ ներառում էին ջնջված կադրեր, բոնուս տեսարաններ, երաժշտություն, "Family Function 5000" խաղը և այլն։ 3D Blu-ray տարբերակը թողարկվեց 2011 թվականի նոյեմբերի 8-ին[13]։
2008 թվականի հունվարի տվյալներով DVD տարբերակը վաճառվել էր ավելի քան չորս միլիոն օրինակով[14]։
Ֆիլմն ընդհանուր առմամբ ստացել է դրական արձագանք քննադատների կողմից։ Rotten Tomatoes-ի միջոցով պարզ է դարձել, որ քննադատների 66 տոկոսը դրական կարծիք է հայտնել ֆիլմի մասին, իսկ հիմնվելով 136 կարծիքների և արձագանքների վրա՝ ֆիլմը ստացել է 6.3 միավոր 10 հնարավորից։ Կայքի քննադատները միահամուռ կերպով պնդում են, որ «Հանդիպում Ռոբինսոնների հետ» ֆիլմը երեխաների համար ստեղծված տեսողական ազդեցիկ անիմացիոն ֆիլմ է, որն առանձնանում է բավականին խորն իմաստ ունեցող պատմությամբ[15]։ Ըստ Metacritic-ի այն հավաքել է 61 միավոր հարյուրից՝ հիմնվելով քսանյոթ կարծիքների վրա[16]։
Realmovienews-ը նշել է, որ «այն աշխույժ սյուժե ունի, որը պահանջում է մեծ ուշադրություն, քանզի այն տեղափոխվում է հետ և առաջ ժամանակի անսահմանությունում` շոշափելով լուրջ մտքեր և առաջադրելով մի քանի բավականին մտահոգիչ մեկընդմեջ իրականություններ։ Հնարամիտ պատմվածքի միահյուսումները կատարվում են հազվագյուտ ըմբռնողությամբ և նրբությամբ։ Վերջում այն կարող է դառնալ մի փոքր հուզիչ և ոգևորիչ։ Բայց այն այնքան գրավիչ է, որ մենք դրա մասին չենք էլ մտածում»[17]։ Beaumont Journal-ից Դենի Մինթոնը նշել է, որ «Ռոբինսոնները կարող են և չլինել այն ընտանիքը, որի հետ դուք կցանկանայիք դուրս գալ, բայց միանգամայն զվարճալի էր նրանց հանդիպելը այս մտացածին և գեղեցիկ 3-D փորձառությունում»[18]։ Australian Urban Cinefile-ից Էնդրյու Ուրբանն ասել է. «Ուոլթ Դիսնեյը ապահովեց ֆանտազիան էկրանին, և սա անձնվեր մի արդյունք է նրա ժառանգությանը»[19]։ Նյու Յորք Փոստից Քայլ Սմիթն այն որակել է որպես 2007 թվականի տասներորդ լավագույն» ֆիլմ[20]։
Հակառակ դրան՝ Նյու Յորք Թայմսից Ա. Սքոթը գրել է.«Հանդիպում Ռոբինսոնների հետ ֆիլմը միանգամայն վերջին մի քանի ժամանակվա ընթացքում Դիսնեյի կողմից թատերապես ամենավատ թողարկված անիմացիոն գեղարվեստական ֆիլմերից մեկն է»[21]։ Entertainment Weekly-ից Լիզա Շվարցբաումը ֆիլմին տվել է C կարգ և ասել. «Սա մի խորդուբորդ ուղևորություն էր»[22]։
Meet the Robinsons | ||||
---|---|---|---|---|
Տարբեր արտիստների Սաունդթրեք | ||||
Թողարկված | 2007 թվականի մարտի 27 | |||
Ժանր | արկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, կինոկատակերգություն[1], գրական ստեղծագործության էկրանավորում, մանկական ֆիլմ և ֆանտաստիկ ֆիլմ | |||
Տևողություն | 52:46 | |||
Լեյբլ | [Walt Disney Records | |||
Պրոդյուսեր | Դենի Էլֆման | |||
Տարբեր արտիստների ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Ֆիլմի ընթացքում հնչած բոլոր երգերի ալբոմը թողարկվել է 2007 թվականի մարտի 27-ին Walt Disney Records-ի կողմից։ Երգերի հեղինակներն են Դենի Էֆմանը, Ջոնաս եղբայրները, Ռուֆուս Ուեյնռայթը, Ռոբ Թոմասը, Ջարնի Քալըմը, The All-American Rejects-ը և They Might Be Giants-ը։ “Little Wonders” երգը, որը ձայնագրվել է Ռոբ Թոմասի կողմից, Բիլբորդի AC շարքում (Billboard AC chart) գրավել է 5-րդ հորիզոնականը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.