Հայկական գրատեսակներ

From Wikipedia, the free encyclopedia

Հայկական գրատեսակներ

Հայկական գրատեսակներ, հայկական գրերը ներկայացնող համակարգեր, որոնք միմյանցից տարբերվում են տառերի տեսքով, չափսով, կառուցվածքով, որոշ մասը` նաև կիրառությամբ։ Մաշտոցյան շրջանից մինչ 19-րդ դարի վերջը գոյություն է ունեցել հիմնական 4 հայկական գրատեսակ՝ երկաթագիր, բոլորագիր, նոտրագիր և շեղագիր՝ իրենց առանձին տարբերակներով[1]։

Thumb
Հայկական բոլորգիր գրատեսակ

Որպես լրացուցիչ խմբեր նշում են նաև միջակագիրը, կոնդակագիրը, փառագիրը կամ զարգագիրը, վարազագիրը, նշանագիրը, դրամագիրը, որոնք հիմնականում իրենցից ներկայացնում են ոչ թե գրտեսակ, այլ խմբավորում ըստ տառաձևերի կիրառման հարթակների։ Սրանց անվանումները հիմնականում տրվել են միջին դարերում։ Նոր շրջանում գրատեսակների խմբավորման արդյունքում ստեղծվել են նոր անվանումներ ևս[2]։

Երկաթագիր

Գրատեսակ է, որ ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։ Նախկինում լայնորեն կիրառվել է վիմագրության մեջ. գրվել է երկաթե ձողով քարի վրա, ինչից էլ առաջացել է անվանումը։ Գերիշխող է եղել 5-13-րդ դարերում։ Ըստ կառուցվածքային ու գործառական առանձնահատկությունների` տարբերում են երկաթագրի հետևյալ տեսակները` գլխագիր երկաթագիր, միջին երկաթագիր, փոքր երկաթագիր։

Գրչագիր

Հին հայկական գրատեսակ է։ Գրվել է երկու տողագծերի միջև, հավասար բարձրությամբ, ուղիղ և թեք տեսակներով։ Որպես հիմնական գրատեսակ գործել է մինչև 12-րդ դարը։ Ներկայումս գերազանցապես գործածվում է որպես վերնագրային գրատեսակ։

Բոլորգիր

Thumb
Ձախից՝ հայերեն, աջից՝ վրացերեն բոլորգիր

Բոլորգիրը (նաև` բոլորագիր, բոլորակ գիր)ձևավորվել է 10-11-րդ դարերում` ավելի լայն կիրառության մեջ մտնելով մի փոքր ուշ։ 16-րդ դարից եղել է հայ տպագրության գիրը։ Ունի երկու հիմնական տարատեսակ` կիլիկյան և արևելյան։ Վերջինս տարբերվում է կիլիկյան բոլորգրից տառերի խոշորությամբ ու որոշ տառերի գծագրական ձևավորմամբ։ Երկաթագրի համեմատությամբ տառերը զգալիորեն փոքր են, առկա է մեծատառի և փոքրատառի տարբերակում։ Առկա են կետադրական հիմնական նշանները։ «Բոլորգիր» անվանումը հավաստի մեկնություն չունի[3]։

Նոտրգիր

Ծագում է բոլորգրից։ Անվանումը ծագում է հուն․՝ notarios (լատին․՝  notarius) բառից, որ նշանակում է դպիրների, գրագիրների գիր։ Գործածության մեջ է մտել 13-րդ դարից, առավել լայն կիրառում է գտել 15-րդ դարից։ Նոտրգիրը մշակվել է արագագրության համար. հաշվի է առնվել տեղի խնայողությունը։ 19-րդ դարից սկսած` աստիճանաբար փոխարինվել է շղագրով։

Շղագիր

Ծագում է բոլորգրից։ Ամենավաղ դրսևորումը վերաբերում է 10-11-րդ դարերին։ Լայնորեն կիրառվել է 19-րդ դարից։ Տառերն ունեն շեղ դիրք, ինչից էլ ծագել է անվանումը։ Տառերը գրվում են կապակցված, անկյունները կլորավուն են, կցվում են մազանման փոքր գծիկներով։ Ձեռագիր տեքստի շղագրությունը և տպագիրն այժմ տարբեր իրացումներ ունեն։ Տպագրության մեջ «շղագիր» անվանումով կոչում են որոշակի տպագիր տառատեսակը։

Գլխագիր

Ունի մեծատառերի ձև։ Նախկինում հիմնականում գործածվել է տեքստի, գրքի սկզբնահնչյունն արտահայտելու համար, այդ իսկ պատճառով հաճախ կոչվել է «գլխատառ»։ Ներկայումս էլ պահպանում է իր հիմնական գործառույթները։ Տառերը համեմատաբար խոշոր են, առաջ թեքված դիրքով, ինչով էլ առանձնանում են բուն տեքստից։

Զարդագիր

Գեղարվեստորեն ձևավորված գրատեսակ է։ Ըստ դրա ձևավորման բնույթի` միջնադարյան գրչագության մեջ տարբերակվել են զարդագրի հետևյալ տարատեսակները` ծաղկագիր, թռչնագիր, ճնճղագիր, վիշապագիր, մարդագիր, գազանագիր, կենդանագիր և այլն։ Կիրառվել է հատկապես գլխատառերը ձևավորելու համար։ Երբ այն շատ շքեղ է ձևավորվել, կոչվել է «փառագիր»։

Զարդագրության զարգացումը սերտորեն առնչվում է մանրանկարչության զարգացման հետ։ Այն իր ծաղկումն է ապրել հատկապես կիլիկյան և սյունյաց գրչություններում։

Այլ գրատեսակներ

Վարազագիրը մատանու և կնիքների վրա փորագրվածն է, դրամագիրը` Ռուբինյանների դրամագրի վրա եղածը, կոնդակագիրը` կաթողիկոսական պաշտոնական գրությունների մեջ կիրառվածը, իսկ փակագիրը կապգրի տեսակ է[4]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.