From Wikipedia, the free encyclopedia
Երվանդունիներ՝ թագավորական դինաստիա Հայաստանում մ.թ.ա. 570 - մ.թ. 72 թվականներին։ Կոչվում է հիմնադրի՝ Երվանդ Սակավակյացի անունով։ Որպես թագավորներ և սատրապներ Հայաստանում իշխել են մ.թ.ա. 570-201 թվականներին։ Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։
Երվանդունիներ | |
---|---|
Տեսակ | արքայատոհմ |
Երկիր | |
Տիրույթներ | Երվանդունիների թագավորություն |
Ծագում | Երվանդ Սակավակյաց |
Տիտղոսներ | Հայաստանի թագավոր Հայաստանի սատրապ Մեծ Հայքի Արքա Ծոփքի արքա Փոքր Հայքի արքա Կոմմագենեի արքա |
Հիմնադիր | Երվանդ Սակավակյաց |
Հիմնում | Մ.թ.ա. 570 |
Ավարտ | Մեծ Հայքում և Ծոփքում՝ մ.թ.ա. 220 Փոքր Հայքում՝ մ.թ.ա. 1-ին դար Կոմմագենեում՝ մ.թ. 72 |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Կրտսեր ճյուղեր | Արծրունիներ |
Երվանդ Ա-ն հայոց թագավոր Պարույրի ազգականներից էր։ Հայոց նահապետ, Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ.թ.ա. 612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր նահապետը Մարաստանի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր։
Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ք.ա. 681 թվականին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիներ Սարասարը և Ադրամելեքը սպանում են իրենց հորը և փախչում Հայաստան։ Ենթադրվում է, որ նրանք հիմնադրել են այս հարստությունը։
Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը և նրա գահաժառանգ որդի Տիգրանը Մարաց թագավոր Աժդահակի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդմամբ։
Պերգամոն քաղաքից 12կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ–ին վերագրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի նախնիներին նվիրված Նեմրութ լեռան արձանագրության մեջ Երվանդունիները դասված են Դարեհ Աքեմենյան արքայի հաջորդների ցանկում։ Քանի որ Երվանդ Բ Աքեմենյան Արտաքսերքսես II արքայի փեսան էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել Աքեմենյան։ Երվանդունիների Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել է։ Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I–ի զինակից Հիդարնեսի սերունդ։
Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ Դարեհ I-ը, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել Հիդարնեսին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև մ.թ.ա. 3-րդ դարի վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում է, որ Հիդարնես Ա կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են հայոց Երվանդունիների տոհմի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.