From Wikipedia, the free encyclopedia
Հալիկառնասոսի դամբարան, մ.թ.ա. չորրորդ դարում Փոքր Ասիայի հարավարևմտյան Կարիա երկրամասի մայրաքաղաք Հալիկառնասում երկրամասի կառավարիչ Մավսոլոսի դամբարան-հուշարձան, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Կառուցվել է Մավսոլոսի կնոջ՝ Արթեմիսիայի պատվերով, ճարտարապետներ Պիթեասի և Սատիրոսի կողմից, ծառայել է որպես Փոքր Ասիայի ամենահզոր տիրակալի՝ Մավսոլոսի վերջին հանգրվան։ Հոյակերտ ճարտարապետությունը և քանդակագործական հրաշալի անսամբլը բավարար են, որպեսզի Հալիկառնասոսի դամբարանը հիրավի տպավորիչ կառույց ճանաչվի։
Դամբարանի ստեղծման պատմությունը
Դամբարանի շինարարությունը սկսվել է դեռևս Մավսոլոսի կենդանության օրոք։ Նա վարձել էր լավագույն ճարտարապետներին, և նրանց աշխատանքի պտուղը դարերի փառքով պսակվեց։ Մավսոլոսը Պարսկաստանի կայսրության գավառ Կարիայի սատրապն էր։ Նրա թագավորությունը գործնականում անկախ պետություն էր։ Մ․թ․ա․ 377-353 թվականներին իրականացված շինարարական հզոր նախագծերը Էգեյան ծովի ափին կանգնած Հալիկառնասոսը դարձրին հոյակապ քաղաք։ Մ․թ․ա․ 353 թվականին, երբ մահացավ Մավսոլոսը, շինարարության ղեկավարումն իր ձեռքը վերցրեց նրա այրին և ժառանգորդը՝ Արտեմիսյան։ Նա նույնպես մահացավ մինչև շինարարության ավարտը, բայց շինարարները վճռել էին ավարտին հասցնել իրենց անգերազանցելի վարպետության հուշարձանը։ Չնայած հետագայում դամբարանն ավերվեց, բայց հնագետներին հաջողվել է նրա շատ գաղտնիքներ բացահայտել։ Հալիկառնասոսը հետագայում ստացավ Բոդրում անվանումը։ Քաղաքային թանգարանում այժմ դամբարանի մասունքներից որոշ նմուշներ են պահվում։
Հոյակերտ Հալիկառնասոին շրջապատում էր դարպասներ ունեցող 7 կիլոմետրանոց պատը։ Քաղաքի տեսարժան վայրերից կարելի է հիշատակել Մարսի տաճարը, հանրային ներկայացումների համար նախատեսված ամֆիթատրոնը և պալատը, որտեղ Մավսոլոսն ապրում էր իր ընտանիքի և մյուս պալատականների հետ։ Դամբարանը կառուցվել էր քաղաքի գլխավոր փողոցում, շուկայի մոտ և նշանավորում էր Մավսոլոսի փառքը, որպես Հալիկառնասոսի հիմնադիր։
Այս դամբարանը առանձնահատուկ է նրանով, որ այն չունի իր նախատիպը, չնայած այն բանին, որ նմանատիպ շինություններ կառուցվեցին Մերձավոր Արևելքի մի շարք շրջաններում։ Դամբարանն իրենից ներկայացնում էր երկհարկանի կառույց, որի առաջին հարկը խուլ պատով վերցվել էր շրջանակի մեջ։ Հանգուցյալի հերոսականացված պաշտամունքի համար նախատեսված երկրորդ հարկը շրջապատված էր հոնիական օրդերի սյունաշարով, իսկ վերջինիս վրա բարձրանում էր սանդուղքավոր մի բուրգ, որը պսակում էր չորս ձի լծած մարտակառքի վրա կանգնած Մավսոլոսի և նրա կնոջ քանդակը։ Պլինիոս Ավագի տվյալներով կառույցի բարձրությունը 140 ոտնաչափ էր (46 մետր)[1]։ Կառույցի ճարտարապետական ձևերի մեջ զուգակցվում էին երկու տարրեր՝ հելլենական, որն արտահայտված էր հոնիական սյունաշարով, և արևելյան, որը ներկայացված էր սանդուղքավոր բուրգով։ Դամբարանը (մավզոլեոնը) զարդարված էր բազմաթիվ քանդակներով, որոնց ստեղծմանը մասնակցել էին այն ժամանակի հռչակավոր քանդակագործներ Սկոպասը, Լեոքարեսը, Բրիաքսիսն ու Տիմոթեոսը։
Դամբարանը կանգուն է մնացել մինչև 13-րդ դարը, որից հետո փլվել է ուժեղ երկրաշարժերի արդյունքում խաթարվել են նրա հիմքերը։ 1522 թ. կառույցի մնացորդները օգտագործվել են Հովհաննեսյան միաբանության ասպետների կողմից սբ.Պետրոսի ամրոցի կառուցման վրա, այնուհետև թուրքերի կողմից այն գրավելուց հետո, նրա տեղում կառուցվում է թուրքական Բոդրումի ամրոցը։
Մավսոլոսին դիակիզել են,աճյունամոխիրն ամփոփել դամբարանի ստորին մասում գտնվող խցում։ Ապա, որպեսզի անհնար լինի այնտեղ մտնելը, գերեզմանի մուտքը փակել են հսկայական քարակտորով ու ծածկել հողով։ Այդքանից հետո էլ գողերը կարողացել են մտնել ներս, կողոպտել այն։ Վերջերս հնագետներն այդ գանձերից որոշ բաներ գտան, մասնավորապես հագուստի ոսկե դետալներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.