Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին From Wikipedia, the free encyclopedia
Կանադայի հայոց թեմ[1] Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Հյուսիսային Ամերիկայի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող երեք թեմերից (ԱՄՆ-ի հայոց արևելյան և ԱՄՆ-ի հայոց արևմտյան թեմերի հետ միասին) մեկը, որը ներկայացնում է Կանադայում բնակվող առաքելական հայության մի մասի հոգևոր կյանքը։ Մյուս մասը ներկայացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը պատկանող Կանադայի թեմը[2]։
Առաջնորդանիստը՝ Մոնրեալի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Թեմի առաջնորդն է Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը (2014 թվականից)։
Թեմը կազմավորվել է 1984 թվականին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Թեմի կազմավորումից առաջ Կանադայի հայ համայնքի հոգևոր կարիքները հոգացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հայոց արևելյան թեմի առաջնորդարանը։ Սկզբնական շրջանում կրոնական արարողությունները կատարել են այցելու հովիվները բնակարաններում կամ վարձված տաճարներում։ Առաջին ազգական հոգաբարձությունը կազմակերպվել է 1918 թվականին, Սենտ Քեթրինզում։
1930 թվականին կառուցվել է Կանադայի առաջին հայկական եկեղեցին՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչը (Սենթ Քեթրինզում)։ Մոնրեալի հայ համայնքի եկեղեցական կյանքը պաշտոնապես կազմակերպվել է 1948 թվականին, երբ ԱՄՆ-ի հայոց արևելյան թեմի առաջնորդ Տիրան եպեսկոպոս Ներսոյանի ներկայությամբ կազմվել է եկեղեցական հանձնախումբ (6 հոգուց բաղկացած)։ Այդ ժամանակաշրջանում եկեղեցական արարողությունները կատարվել են սուրբ Հովհաննես Մկրտիչ անգլիկան եկեղեցում։ 1957 թվականին Կանադայի իշխանությունները ստորագրել են երկրում Հայաստանյայց առաքելական եկեղեցու պաշտոնական ճանաչման դիմումը։ 1967 թվականին ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Թորգոմ արքա Մանուկյանի և թեմական խորհրդի որոշմամբ ստեղծվել է Կանադայի Հայ եկեղեցու փոխանորդություն։ Առաջնորդական փոխանորդ է նշանակվել Վաչե եպեսկոպոս Հովսեփյանը։ 1970 թվականին ծխական խորհրդի որոշմամբ գնվել է եկեղեցի, որը նույն թվականին Կոստանդնուպոլսի պատրիարք Շնորհք Գալուստյանը օծել է որպես առաջնորդանիստ՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունով։ Առաջնորդարանի ենթակայությամբ գործում են 10 ծուխ, 5 ծխական վիճակներ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գործում է շաբաթօրյա դպրոց (1957 թվականից), մշակութական միություններ, տարեցների, տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ։ 1964 թվականից եկեղեցու նախաձեռնությամբ հրատարակվում է «Բուրաստան» երկամսյա հանդեսը։
Տորոնտոյի հայ համայնքը սկսել է կազմավորվել 1920-ական թվականներ, առաջին եկեղեցական հոգաբարձությունը ստեղծվել է 1948 թվականին։ Կրոնական արարողությունները կատարվել են սուրբ Ստեփանոս, 1930-1953 թվականներին՝ սուրբ Երրորդություն անգլիկան եկեղեցիներում։ 1953 թվականին կատարվել է Տորոնտոյի հայկական առաջին՝ սուրբ Երրորդություն եկեղեցու օծումը։ Եկեղեցուն կից 1956 թվականից գործում է սուրբ Սահակ-սուրբ Մեսրոպ դպրոցը, 1978 թվականից՝ սուրբ Խաչ ամենօրյա ազգական վարժարանը, մշակութային հանձնախմբեր, տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ։ 1987 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը օծել է հայկական ճարտարապետական ոճով կառուցված (ճարտարապետ Թագվոր Հակոբյան) սուրբ Երրորդություն եկեղեցին, որին կից գործում են ամենօրյա վարժարան, մշակութային հանձնախմբեր («Կամար», գործում է 1992 թվականից), տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ։ 1987 թվականից եկեղեցու վարչությունը հրատարակում է «Նոր սերունդ» պարբերաթերթը։
Առաջնորդարանի ենթակայությամբ են գործում նաև Վանկուվերում՝ սուրբ Վարդան (կառուցվել է 1964 թվականին), Համիլտոնում՝ սուրբ Աստվածածին (1976), Օտտավայում՝ սուրբ Մեսրոպ (1979), Միսիսոգայում՝ սուրբ Վարդան (1990), Լավալի սուրբ Խաչ (1993), Վինձորի սուրբ Հարություն (1995) եկեղեցիները։ Վանկուվերի, Սենթ Քեթրինզի, Համիլտոնի, Լավալի եկեղեցիներն ունեն մշտական հովիվներ։ Մյուս եկեղեցիները, թեև օժտված են ծխական մարմիններով, սակայն ունեն միայն այցելու հովիվ։
21-րդ դարի սկզբից կազմվել են Քինգստոնի (Օնտարիո), Էդմոնտոնի սուրբ Նարեկ և Կալգարիի սուրբ Ամենափրկիչ եկեղեցիների (Ալբերտա), Ելոունայֆի (Հյուսիսարևմտյան տարածքներ) ծխական վիճակները։ Այդ քաղաքներում բնակվող սակավաթիվ հայ ընտանիքների հոգևոր կարիքները հոգում են այցելու հովիվները։
Կանադայի հայոց թեմը ներկայացնում է Հայ եկեղեցին Եկեղեցիների կանադական խորհրդում (խորհրդի փոխնախագահ՝ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.