Ծար (գյուղ)
գյուղ Քարվաճառի շրջանում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Քարվաճառի շրջանում From Wikipedia, the free encyclopedia
Ծար՝ բնակավայր Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2][3][4][5][6][7], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի վարչական կենտրոնը, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի տարածք[8]։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Ծար | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյանի շրջան | |
Համայնք | Քելբաջարի շրջան | |
Այլ անվանումներ | Զար | |
Բնակչություն | 52 մարդ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Հայտնի է, առավել հին հիշատակություններում բնակավայրը կոչվել է Ծար[9]։ 1600-ից 1812 թվականներին այն ունեցել է Մեծ Ծառ անունը[9]։ Տարածքում թուրք-քրդական բնակչության հայտնվելուց հետո՝ 1812 թվականից բնակավայրը սկսել է կոչվել Զառ[9]։ 1993 թվականին բնակավայրի ազատագրումից հետո Արցախի Հանրապետության կողմից գյուղը պաշտոնապես անվանակոչվել է Ծար։
Համայնքը բարձր լեռնային է, վարչական և գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, կադաստրային չափագրումներ չեն իրականացվել։ Ծար համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։
Գտնվում է Տրտու գետի ակունքի մոտ, ընդարձակ լեռնահովտում, ծովի մակերեսից 2100 մ բարձրության վրա։ Քարվաճառից՝ 20 կմ հարավ-արևելք է, Ջերմաջուր առողջարանային ավանից՝ 5 կմ հյուսիս։ Չորս կողմից շրջապատված է բարձր ձյունապատ լեռներով և վիմահերձ ժայռերով։ Ջրառատ է, ունի բերրի վարելահողեր և արոտավայրեր։
Բնակչությունը խմելու ջուրն օգտագործում է գյուղամիջով անցնող առվակից։ Համայնքի տարածքում կան բազմաթիվ բնական անանուն մշտական գործող աղբյուրներ՝ առվակների տեսքով։
Հիշատակված է վաղ միջնադարյան աղբյուրներում։ Ծարը միջնադարյան Արցախի և ընդհանրապես Հայաստանի պատմամշակութային նշանավոր օջախներից մեկն էր։ Խաչենի իշանության շրջանում եղել է Արցախի երեք կենտրոններից մեկը (մյուս երկուսն էին Հաթերքը և Գանձասարը)։ XIII դարում Ծարը Դոփյանների իշխանական տոհմի նստավայրն էր, որի տիրույթները ընդհանուր առմամբ կոչվում էին Ծար, Ծարա գավառ կամ Վերին-Խաչեն։ Իրենց շինարարական գործունեությամբ աչքի են ընկել Ծարա իշաններից ու հոգևորականներից շատերը, հայտնի է եղել հատկապես իշխանուհի Ասփա Օրբելյանը։
XV դարում Ծարը համանուն մելիքության կենտրոնն էր։ XVI-XVII դդ ամրացվել է պարիսպներով և պաշտպանական այլ շինություններով, որոնք եկեղեցիների ու վանքերի, բազմաթիվ խաչքարերի ու իշխանական դղյակների հետ ընդհանուր տեսք են տվել բերդաքաղաքին։
XIX դարասկզբին Ծարը ավերվել է թուրքերի ասպատակությունների ժամանակ, հայաթափվել է և այստեղ բնակություն են հաստատել քրդերը։
Գյուղը Զար անունով ընդգրկված է եղել է Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառի մեջ[10]։
1921 թ․ Վայկունիքի շրջանի հետ բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին, մտել է Քելբաջարի շրջանի մեջ։ Խորհրդային շրջանում բարբարոսաբար ոչնչացվել է Ծարի պատմամշակութային հուշարձանների մեծ մասը։
1993 թ.-ի սկզբին ազատագրվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից։
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Ծարը Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի հետ միասին հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[4][5][6][7][11]։
Եռակողմ համաձայնագի ստորագրումից և տարածքը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու ժամկետները նշելուց հետո բնակչությունը սկսել է լքել Քարվաճառը։ Հայերի հեռանալն ուղեկցվել է տների հրդեհներով և ենթակառուցվածքների ոչնչացմամբ «որպեսզի չանցնի թշնամուն»[12]։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սուրբ Գրիգոր եկեղեցի (1274 թ.), Սուրբ Աստվածածին եկեղեցի (XVII դ.), Սուրբ Սարգիս եկեղեցի (1279 թ.), մատուռ (XII-XIII դդ.), խաչքար (XII-XVII դդ.), տապանաքարեր (միջնադար), ամրոց (XII-XIII դդ.), կամուրջ (XIII դ.):
Վերաբնակեցվել է 1993 թվականի ազատագրումից հետո։ 2005 թվականին ուներ 52 բնակիչ[13]։
2015 թվականին Ծար համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 83 մարդ, կար 14 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[14].
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Գյուղի միջնակարգ դպրոցը կոչված է Մատթեոս Ծարեցու անվամբ։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, կար բուժաշխատող, գործում էր հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 6 աշակերտներ[15]։
(Դոփի իշխանուհին նշանավոր դեր է խաղում Վերին-Խաչենում և նրա մահից հետո այստեղի տոհմը կոչվում է Դոփյան)
Հնավայրի բազմաթիվ խաչքարերի, տապանաքարերի, ինչպես նաև եկեղեցիների վրա եղել են բազմաթիվ արձանագրություններ։ Դրանց մի մասը XIX վերջին ընդօրինակել է Մակար Բարխուդարյանը։
Թվիս Հայոց ՉԼԸ. Աստուծով ես Գրիգոր, որդի Հասանայ, քաջ և յաղթող զաւրավարին և մեծի իշխանին Ականոյ, Հանդաբերդոյ, Սոթից, Շողգահո և այլ բազում գաւառաց, կանգնեցի զխաչս ի գեղս, որ կոչի Ծար սիրեցելոյն հաւրն իմոյ հայրենիք և պարգև քաջութեան[16]։ - Գրիգոր Բ-ի արձանագրությունը։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.