ԽՍՀՄ գերազանցության բարձրագույն աստիճանի կոչում From Wikipedia, the free encyclopedia
Խորհրդային Միության հերոս, Սովետական Միության հերոս (ռուսերեն՝ Герой Советского Союза), ԽՍՀՄ–ում գերազանցության բարձրագույն աստիճանի կոչում, որ շնորհվում էր խորհրդային պետությանն ու հասարակությանը մատուցած անձնական կամ կոլեկտիվ այնպիսի ծառայությունների համար, որոնք կապված են հերոսական սխրանք կատարելու հետ։ Սահմանվել է ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի (ԿԳԿ) 1934 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ՝ որպես պատվավոր կոչում։ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1939 թվականի օգոստոսի 1-ի հրամանագրով Խորհրդային Միության հերոսին հատկապես տարբերելու նպատակով սահմանվել է «Ոսկե աստղ» մեդալ։ Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհվում էր ԽՍՀՄ շքանշանների, մեդալների և պատվավոր կոչումների ընդհանուր կանոնադրությամբ (1979) սահմանված կարգով։ Խորհրդային Միության հերոսին հանձնվում էր ՍՍՀՄ բարձրագույն պարգեը՝ Լենինի շքանշան, «Ոսկե աստղ» մեդալ և ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության շնորհագիր։ Խորհրդային Միության հերոսը նոր հերոսական սխրանքի համար կարող էր վերստին պարգևատրվել Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով։ Նրան միաժամանակ հանձնվում էր ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության շնորհագիր։ Լենինի շքանշանով և համապատասխանաբար «Ոսկե աստղ» երկրորդ մեդալով պարգևատրված Խորհրդային Միության հերոսի, ինչպես նաև սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման և Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացածի ծննդավայրում կամ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության որոշմամբ՝ այլ վայրում, կանգնեցվում էր նրա բրոնզե կիսանդրին։ Խորհրդային Միության հերոսի կոչմանը 1984 թվականի դրությամբ արժանացել էր 104 հայ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի փոխգնդապետ, կործանիչ-օդաչու, Արցախի Շուշի քաղաքի ծնունդ Նելսոն Ստեփանյանը և 1941-1945 թթ. Խորհրդա-գերմանական պատերազմի ավարտական փուլում խորհրդային 10 ռազմաճակատներից մեկի հրամանատար, հետագայում՝ Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ, Ուտիք նահանգի Չարդախլու գյուղի ծնունդ Հովհաննես Բաղրամյանը՝ երկու անգամ[1]։
Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, Խորհրդային Միության Զինված Ուժերի զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ Բալթյան նավատորմի օդուժի փոխգնդապետ, զորագնդի հրամանատար Նելսոն Ստեփանյանը նշանավոր հայեր են, որոնց շնորհվել է այդ բարձր կոչումը։
Խորհրդային Հայաստանում բնակչությունը 1941 թվականի տվյալներով կազմել է 1 մլն 300 հազար։ Ռազմաճակատ Խորհրդային Հայաստանից մեկնել է 300 հազար հայ, ըստ Հայկական ԽՍՀ զինկոմիսարիատի տվյալների՝ ճշտված թվերով։ Բայց ընդհանուր առմամբ 1941-1945 թվականների պատերազմին մասնակցել է 600 հազար հայ՝ 300 հազարը Խորհրդային Հայաստանից, 200 հազարը ԽՍՀՄ մյուս հանրապետություններից, 100 հազարը՝ սփյուռքից[2]։
Այդ պատերազմում զոհվել է շուրջ 200 հազար հայ, որից 100 հազարը միայն Հայաստանից՝ ըստ արխիվային փաստաթղթերի։
Ընդհանրապես Խորհրդային Միության հայ հերոսների քանակը 106 է, որից 4-ը ստացել են խորհրդա-ֆիննական պատերազմում (1939 նոյեմբեր- 1940 մարտ)։ Խորհրդա-գերմանական 1941-1945 թվականների պատերազմում հերոսի կոչում ստացել է 99 հայ, իսկ բացի այս ևս 3 հայ արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման հետպատերազմյան խաղաղ տարիներին կատարած սխրանքների համար[2]։ Ի դեպ, Հայաստանը հերոսների թվով առաջատարն է՝ Վրաստանը տվել է 89 հերոս, իսկ Ադրբեջանն ընդամենը 43 հերոս։
Բացի այս՝ 26 հայ ստացել են «Փառքի շքանշան», ընդ որում երրորդ աստիճանով ամենաառաջինը հենց հայ է պարգևատրվել՝ Գևորգ Իսրայելյանը Ղարաբաղից։ Ավելին՝ հազարավոր հայերի անուններ կարելի է թվել, որոնց ներկայացրել են Խորհրդային Միության հերոսի կոչման, բայց չեն տվել, ուրիշ կերպ են գնահատել[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.