Remove ads
ոսկեդարի հայ պատմագիր From Wikipedia, the free encyclopedia
Մովսես Խորենացի (մոտ 410[1], Խորնի, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք[1] - 490, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան), Ոսկեդարի մտավոր ու քաղաքական գործիչ, պատմահայր, թարգմանիչ, վարդապետ, ճգնավոր[2]։ Պատմահայր՝ Մովսես Խորենացու կողմից ձեռագրված «Հայոց Պատմություն» մագաղաթյա ձեռագիր մատյաններն ազգային ինքնաճանաչման, հավաստի վավերագրված փաստաթղթեր են բոլոր դարաշրջանների սերունդների համար։ Մեծարվել է՝ Պատմահայր, Քերթողահայր, Մեծն Մովսես, Տիեզերահռչակ, Սուրբ Մովսես Խորենացի պատվանուններով։
Մովսես Խորենացի | |
---|---|
Ծնվել է | մոտ 410[1] |
Ծննդավայր | Խորնի, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք[1] |
Մահացել է | 490 |
Մահվան վայր | Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան |
Քաղաքացիություն | Մեծ Հայք |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Երկեր | Պատմություն Հայոց |
Մասնագիտություն | պատմաբան, թարգմանիչ, բանասեր և գրող |
Աշխատանք | պատմաբան, թարգմանիչ, բանասեր և գրող |
Movses Khorenatsi Վիքիպահեստում |
Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով։ Սեն Մարտենից մինչև Էմինը և Ստեփանեն` հիմնվելով Սամվել Հունիկյանի ժամանակագրության վրա, ենթադրել են, որ Մովսես Խորենացին պետք է ծնված լինի 370 թվականին և մահացած` 490 թվականին, այսինքն 120 տարեկան հասակում։ Անհավանական է 370 թվականը, մանավանդ 120 տարվա հասակը։ Պատմահայրը գրում է, որ 432-437 թվականների ընթացքում Մովսես Խորենացուն ուրիշ ընկերների հետ Ալեքսանդրիա են ուղարկում Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը։ Ալեքսանդրիա էին ուղարկվում բարձրագույն կրթություն ստանալու համար։ Այսինքն, եթե Խորենացին ծնված լիներ 370 թվականին, այդ ժամանակ կլիներ 62-66 տարեկան։ Իրականում բարձրագույն կրթություն ստանալու չեն գնում ալևորված մորուքով, այլ գնում են ավելի երիտասարդ տարիքում։ Օտարության մեջ, հեռավոր ու դժվար ճանապարհորդություն կատարելու և ինքն իրեն կառավարել իմանալու համար պետք էր բավական չափահաս ու փորձառու լինել, մտքի թարմություն, սուր հիշողություն և ուսանելու բուռն փափագ ունենալ։ Մարդու այդպիսի հասակը համարում են 22-23 տարեկանը։ Եթե Խորենացին 432-434 թվականներին արտասահման ուղարկվելիս 22-23 տարեկան լիներ, ապա պետք է ծնված լիներ մոտավոր 410 թվականին[2]։
Պատմահայրը երբեմն կոչվում է Տարոնացի, բայց եթե Խորենացին Տարոն գավառի Խորնի կամ Խորոն անունով գյուղից լիներ, ապա պետք է կոչվեր Խորնեցի կամ Խորոնացի։ Սակայն ավելի հավանական է, որ Խորենացին ծնվել է Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա անունով փոքր գյուղում, որը 13-րդ դարի վերջում հիշում է Ստեփանոս Օրբելյանը։ 5-րդ դարում Օրբելյանի հիշատակած Խորեա ձևը ավելի լիակատար ձևով էր հնչում` Խորեան։ Մի քանի կողմնակի փաստեր ուժ են տալիս այս ենթադրությանը, ինչպես Խորենացու լավ ծանոթ լինելը Սյունիքին, Սյունյաց նահապետ Սիսակին մեծ գովեստներով հիշելը, հակակրությունը դեպի Մամիկոնյանները, որոնք Սյունյաց հակառակորդներն էին 5-րդ դարի երկրորդ կեսում, լավ ծանոթ լինելը Երասխի հոսանքին, Երասխի ափերին մոտ եղած շեներին և այլն[2]։
Ըստ Կորյունի վկայության՝ Մովսես Խորենացին մանկության տարիներին սկզբնական կրթությունը ստացել է Սյունիքում՝ Մեսրոպ Մաշտոցի այնտեղ հիմնած դպրոցում։ Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն՝ մոտ 427 թվականին, նա ուղարկվում է Վաղարշապատ։ Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից։ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն։ 431 թվականից հետո՝ հավանաբար 434-435 թվականների ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին և ճանապարհվում դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Օգտվելով առիթից՝ հայ երիտասարդներն այցելում են Հռոմի սրբավայրերը, այնուհետև մեկնում են Աթենք։ Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն` 440 թվականի փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»։ Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երգեր։ Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան։ Նա ապրում է զրկանքներով լի կյանք՝ վախճանվելով, ենթադրաբար, 490-ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ[2]։
Շուրջ 3 հազար ուսումնասիրություն է հրատարակվել Խորենացու մասին։ Հայաստանի «Մովսես Խորենացի» պետական մեդալ է սահմանվել 1993 թվականին։ Մովսես Խորենացու անունով Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում կանգնեցվել են նրա հուշարձանները, կոչվել են փողոցներ, բուհ և այլն[3]։
Սահակ Բագրատունին լինելով ժամանակի ականավոր ռազմաքաղաքական գործիչը Մովսես Խորենացուն հանձնարարում է գրել հայոց պատմությունը, իսկ Խորենացու դպրոցական ընկերը` Գյուտ կաթողիկոսը նրան շնորհում է եպիսկոպոսի աստիճան և նշանակում Բագրևանդի թեմի առաջնորդ։ Չնայած Խորենացու կյանքի վերջին տարիներին կատարվեցին այդ վերափոխումները, բայց պատմիչը դրանից շատ էր ոգևորվել և եռանդուն կերպով ձեռնամուխ է լինում հանձնարարված աշխատանքները կատարելուն։ Ստանալով Սահակ Բագրատունու հանձնարարությունը, Խորենացին զուգահեռներ է անցկացնում Հունաստանի և Հայաստանի միջև։ Քննադատում է հայ միապետներին ու իշխանավորներին որպես անբան, վայրենի, թուլամիտ տղամարդիկ, որոնք գրեթե ոչինչ չեն արել գիտնականների գործունեությանը նպաստելու և գիտության զարգացման համար ու միաժամանակ գովում է հույն թագավորներին ու իշխաններին արվեստի, գիտության ու պատմության նկատմամբ նրանց ցուցաբերած հովանավորության և սիրո համար։ Դրա հետ միասին, պատմիչը ջերմ հայրենասիրական զգացմունքներով շատ բարձր է գնահատում հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը[4]։
Առաջին հայ պատմիչը Մովսես Խորենացին է, որ փորձում է գրել Հայաստանի ամբողջական պատմությունը հնագույն ժամանակներից մինչև իր օրերը։ Անհաղթահարելի դժվարությունների հետ է կապված նման մի աշխատանք հաջողությամբ գլուխ բերելը։ Միջնադարյան ձեռագրերը Մովսես Խորենացուն են վերագրում ինքնուրույն և թարգմանական մի շարք երկեր՝ ճառեր, թղթեր, ներբողյաններ, հոգևոր երգեր՝ շարականներ, քերականական, փիլիսոփայական աշխատանքներ, թարգմանություններ։ Բայց նրա մատենագրական վաստակի թագ ու պսակը «Պատմություն Հայոց» երկն է։ Խորենացու «Հայոց պատմությունը» բաղկացած է երեք մասից, որոնք հեղինակը կոչել է գրքեր։
Առաջին գիրքը կազմված է 32 գլխից,որտեղ հայ ժողովրդի կազմավորումից է սկսում Հայաստանի բուն պատմությունը` այն կապելով Հայկի և Արամի հետ։ Առաջին հայ թագավորը, ըստ Խորենացու եղել է Պարույր Սկայորդին։ Հայերի ու հարևան ժողովուրդների ռազմաքաղաքական փոխհարաբերություններին հեղինակն անդրադարձել է առանձին գլուխներով։ Երվանդունիների դինաստիայի մասին ևս արժեքավոր տեղեկություններ է հաղորդում։
Երկրորդ գիրքը, որը կազմված է 92 գլխից ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը՝ մինչև Տրդատ Մեծի գահակալությունը, երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչվելը։
«Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը կազմված է 68 գլխից և արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը՝ մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, Սահակի (439 թ) ու Մեսրոպի (440 թ) վախճանը։
Այս գրքերից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է մանր գլուխների, որոնք ունեն իրենց վերնագրերը։ «Պատմությունն», այն տեսքով, ինչպես մեզ է հասել, ավարտվում է հայտնի «Ողբ»-ով։ Սակայն Ժ դարի պատմիչ Թովմա Արծրունին վկայում է, որ Խորենացին իր «Պատմության» շարադրանքը հասցրել է մինչև Հռոմեական (Բյուզանդական) Զենոն կայսեր ժամանակը (474-475 թվականներ, ապա՝ 475-491 թվականներ), այսինքն երկն ունեցել է նաև չորրորդ մաս։ Սակայն բացեիբաց Չորրորդ գրքի գոյությունը պետք է մերժել, քանի որ ուրիշ ոչ մի հեղինակ այն չի հիշատակում, ոչ մի հեղինակ նրանից ոչ մի քաղվածք չի անում[2][4]։
«Պատմությունն առանց ժամանակագրության հավաստի չէ» առաջնորդվելով իր հայտնի կարգախոսով՝ հայ պատմագրության մեջ Խորենացին ներմուծել է համաժամանակյա ժամանակագրության գաղափարը, «Հայոց պատմության» 2-րդ և 3-րդ գրքերն օժտել է ժամանակագրության կուռ ցանկով, որը Հայոց կաթողիկոսների ու արքաների գահակալության տարիների հետ մեկտեղ ընդգրկում է նաև հարևան Հռոմի և Պարսկաստանի իշխողների գահակալության տարիները։ Հայ հասարակության համար «Հայոց պատմությունը» ոչ միայն դասագիրք է ծառայել հետագա սերունդների համար և կրթել նրանց հայրենասիրական ու քաղաքացիականության ոգով, այլև օրինակ և նմուշ է եղել բոլոր միջնադարյան հայ պատմիչների համար, որոնք, իրենց երկերը շարադրելիս, հիմք են ընդունել հին շրջանի համար Խորենացու աշխատությունը, իսկ իրենցը ավելացնելիս՝ մեծապես առաջնորդվել նրա սկզբունքներով[3]։
Հայ աստվածաբանական մտքի զարգացմանը նպաստել են Խորենացու աստվածաբանական աշխատությունները։ Նշանակալի է «Պատմութիւն Սրբուհւոյն Աստուածածնի և պատկերի նորա» երկասիրությունը, որը իրենից ներկայացնում է Մովսես Խորենացուն հղված Վասպուրականի մեծ իշխան Սահակ Արծրունու նամակի պատասխան՝ «Պատասխանի թղթոյն Սահակայ» վերտառությամբ։ Հեղինակը մանրամասն անդրադառնում է Մարիամ Աստվածածնի ազգաբանությանը, մեկնաբանում նրա կենսագրության առանձին դրվագներ, շարադրում նրա պատկերի պատմությունը, ներբողում Աստվածամորը։ Արժեքավոր է նաև «Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց» վարքագրական երկասիրությունը, որտեղ առկա են Ագաթանգեղոսի մոտ բացակայող՝ Հայաստանում քրիստոնեության տարածման առանձին մանրամասներ։ Այս աշխատությունը սերտորեն աղերսվում է «Ներբող ի Սուրբն Հռիփսիմէ» քնարերգական ստեղծագործությանը, որը 5-րդ դարի հայ եկեղեցական գրականության ամենանշանակալի երկերից է։ Ճանաչողական մեծ արժեք ունի «Յաղագս Վարդավառին խորհրդոյ» ներբողը (բանասիրության մեջ ավանդաբար անվանվել է «Ճառ»)։ Այստեղ հեղինակը փառաբանում է Հիսուս Քրիստոսի այլակերպությունը, ծնունդը և հրաշագործությունները։ Պատմագրի անունով մեզ են հասել փիլիսոփայական-դավանաբանակն մի քանի երկասիրություններ՝ «Հարցմունք Հոբնաղի և պատասխանիք Մովսէսի Հայոց Քերթողի և Դավիթ Անյաղթ փիլիսոփայի», «Վիճումնական հարցաբանութիւն Մելիտոսի յունաց փիլիսոփային ընդ Աթէնականն Մովսէս փիլիսոփային Հայոց տրամաբանական ոճիւ», «Սրբոյն Թէովդորոսի ծննդեանն և սննդեանն եւ վարուց նորա», «Թուղթք» և այլն, որոնց հեղինակային պատկանելությունը դեռևս պարզված չէ[5]։
Մովսես Խորենացու՝ հունարենից կատարված թարգմանություններից արժեքավոր է Կեղծ Կալիսթենեսին վերագրվող «Պատմութիւն վարուց Աղեքսանդրին» երկը։ Այդ թարգմանությամբ է պայմանավորված հայ միջնադարյան քնարերգության յուրահատուկ տեսակներից մեկի՝ կաֆաների ժանրային ձևավորումը, ինչպես և մանրանկարչության մեջ աշխարհիկ թեմատիկայի սկզբնավորումը։ Մովսես Խորենացին թարգմանել է նաև Գրիգոր Նազիանզացու «Ճառերի» զգալի մասը[5]։
«Գիրք պիտոյից»-ը համարվում է Խորենացու վաղ շրջանի ստեղծագործություն, ճարտասանական վարժությունների («նախակրթությունների») ժողովածու է։ Բաղկացած է 10 գլխից (ըստ ընդգրկված վարժությունների տեսակների)։ Գրքի ողջ բնագիրը հագեցած է աստվածաշնչային վկայությունների մեջբերումներով, հիշատակություններով և վերապատումներով։ Դրսևորել է Սուրբ Գրքի խոր իմացություն, ստեղծագործական մոտեցում, վարպետություն, երևակայություն[2]։
Մովսես Խորենացու հայրենասիրության և ստեղծագործական մտքի փայլուն արտահայտություններից է «Ողբը», որը զետեղված է «Պատմություն Հայոց» երկի վերջում՝ որպես եզրափակիչ գլուխ:Սա մեզ հասած գրական ողբի հնագույն նմուշն է, որով սկզբնավորվում է միջնադարում լայն կիրառություն գտած ողբերգությունը։ Խորենացին այստեղ տալիս է Հայաստանի պետականության վերացման հետևանքով հայ իրականության մեջ ծայր առած քաղաքական անկման, ազգային և հասարակական կյանքի բոլոր բնագավառներում առաջ եկած բարոյալքության խտացված պատկերը։ Առաջին իսկ պարբերությունը, որով շարադրանքն ստանում է պատկերավոր բնույթ և հուզումնալից ուղղվածություն, արդեն կանխորոշում է հորինվածքի մեջ հետագայում շոշափվող խնդիրների շրջանակը. «Ողբում եմ քեզ, Հայոց աշխա՛րհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագու՛յնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ.վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, տգիտությամբ հաստատվեց չարափառությունը»: Մովսես Խորենացին դառն կսկիծով է պատկերում իր երկրի թշվառ վիճակը:Հայրենի գահից անարգաբար վտարված է թագավորը։ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվամբ եկեղեցին զրկվել է իր «քաջ հովվից և հովվակցից», մատնվել անտերության։ Չկա ազգին առաջնորդելու ընդունակ գործիչ,երկիրն ընկած է չար ու դաժան թշնամիների ձեռքը. «…Մեզ տիրել են խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր ու դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ տալիս:… Տները թալանվում են, ունեցվածքները՝ հափշտակվում, առաջնորդները շղթայվում են, նշանավոր մարդիկ՝ բանտարկվում, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները»։ Հայրենիքին հասած աղետները հեղինակը շաղկապում է իր անձնական ճակատագրին,որ շարադրանքին հաղորդում է ընդգծված քնարականություն. «Այսպիսի վշտից շունչս դեմ է առնում կոկորդիս, մեր հոր կարոտից մաշվում եմ։ Ու՞ր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս…»: Սրանք չարակամ որակումներ չեն, այլ երկրի հարազատ զավակի ցավատանջ հոգուց պոկված ծանր, բայց անկեղծ հառաչանքներ, որ երկար տարիներ կուտակվել են նրա կրծքի տակ՝ հայրենիքի կործանման տխուր գիտակցությունից[6]։
Մովսես Խորենացու ներդրումը երաժշտական միջնադարագիտության մեջ արժեքավորվում է երկու հիմնական ասպեկտներով`
Խորենացուն են վերագրվում շուրջ 100 հոգևոր երգեր։ Հիմներգությունը (շարականագրությունը) Մովսես Խորենացու թողած ժառանգության մեջ երևելի տեղ է գրավում։ Խորենացու գրչին են պատկանում Աստվածահայտնության, Ծննդյան, Հարության, Տյառնընդառաջի և մյուս տոներին նվիրված բազմաթիվ շարականներ, որոնք մինչև մեր օրերը հասել են Շարակնոցի կազմում։ Առավել հայտնի են «Ծագումն հրաշալի», «Խորհուրդ մեծ և սքանչելի», «Ուրախացիր, սրբուհի» երգերը[5][7]։
Խորենացու ասույթներից շատերը դարձել են թևավոր խոսքեր.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.