From Wikipedia, the free encyclopedia
Խաչատուր Սեդրակի (Սերգեյի) Կոշտոյանց (սեպտեմբերի 13 (26), 1900[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 2, 1961[3][1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]), հայ խորհրդային ֆիզիոլոգ, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ[4]։
Խաչատուր Կոշտոյանցի մանկությունն անցել է Պյատիգորսկ քաղաքում, որտեղ և միջնակարգ կրթություն է ստացել։ 1922 թվականին նա ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Լինելով երկրորդ կուրսի ուսանող` Կոշտոյանցը աշխատել է ուսանողական գիտական խմբակներում և ֆիզիոլոգիայի, միկրոբիոլոգիայի ու կենդանաբանության ասպարեզում մի շարք հետաքրքրական աշխատանքներ է կատարել։ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը վերջացնելուց հետո Կոշտոյանցը ընդունվել է ֆիզիոլոգիայի գծով ասպիրանտ։
Խաչատուր Կոշտոյանցն իր գիտական պատրաստությունն ստացել է խորհրդային և արտասահմանյան խոշորագույն գիտնականների (Սամոյլովի, Առնոլդի, Ռազենկովի, Իորդանի) ղեկավարությամբ։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատել է Տիմիրյագևի գիտահետազոտական ինստիտուտում, իսկ 1931 թվականին ընտրվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։ 1942 թվականին ընտրվել է նույն ամբիոնի վարիչ և գլխավորել այդ ամբիոնը մինչև իր կյանքի վերջը։ Միաժամանակ՝ 1946-1953 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ բնագիտության պատմության ինստիտուտի տնօրենը, իսկ 1936-1961 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Սևերցևի անվան կենդանիների մորֆոլոգիայի ինստիտուտի էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ[5]։
1939 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1943 թվականին Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ և կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ 1943-1947 թվականներին ակադեմիկոս Կոշտոյանցը եղել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը։
Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային Կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։
Ակադեմիկոս Կոշտոյանցը մոտ 300 գիտական աշխատությունների հեղինակ է[5]։ Կոշտոյանցի հիմնական աշխատությունները էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի բնագավառից են։ Նրա հետազոտությունները նշանակալից ազդեցություն ունեցան նյարդային համակարգի գործունեության քիմիական հիմունքների ժամանակակից հայեցակարգի ձևավորման վրա։
Նրա «Համեմատական ֆիզիոլոգիայի հիմունքները» (երկու հատորորով) աշխատությունը հրատարակվել է նաև անգլերեն, հունգարերեն, բուլղարերեն։ Նրա աշխատություններից են` «Վեգետատիվ և անիմալ չրգանների ֆունկցիաների վիճակը, նրանց էվոլյուցիայի լույսով», «Ապիտակուցային մարմինները, նյութերի փոխանակությունը և ներվային ռեգուլյացիան», «Ռուսաստանի ֆիզիոլոգիայի պատմության ակնարկներ» և այլն[6]։
Խաչատուր Կոշտոյանցն իր գիտական գործունեությունը զուգակցել է հասարակական աշխատանքով։ Երկար տարիներ նա եղել է ֆիզիոլոգների, բիոքիմիկոսների և ֆարմակոլոգների համամիութենական ընկերության նախագահի տեղակալը և մասնակցել համամիութենական ու անդրկովկասյան համագումարների ու կոնֆերանսների կազմակերպմանը։ Կոշտոյանցը միջազգային ֆիզիոլոգիական կոնգրեսներում և սիմպոզիումներում վեր է հանել խորհրդային գիտության նվաճումները։ Նա ԽՍՀՄ երկրորդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ է եղել։
«Խ. Ս. Կաշտոյանց», պատմաբանասիրական հանդես № 1, 1961, էջ 268-270
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.