From Wikipedia, the free encyclopedia
Էնդի Ուորհոլ (անգլ.՝ Andy Warhol, օգոստոսի 6, 1928[1][2][3][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5][6] - փետրվարի 22, 1987[1][3][7][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ամերիկացի նկարիչ, պրոդյուսեր, դիզայներ, գրող, կոլեկցիոներ, պոպ-արտի առաջնորդներից և այս ուղղության ամենից ճանաչված ներկայացուցիչներից մեկը, «homo universale» գաղափարախոսության հիմնադիրը։
Էնդի Ուորհոլը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 6-ին Պենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքում Միկովայից ԱՄՆ գաղթած սլովակ Անդրեյ և Ջուլիա Ուորհոլների ընտանիքում, ընտանիքի չորրորդ երեխան էր։ Երրորդ դասարանում Ուորհոլը մի քանի ինֆեկցիոն հիվանդություն է տարել (Sydenham's chorea) և երկար ժամանակ ստիպված է եղել անցկացնել անկողնում։ Հենց այդ ժամանակ Ուորհոլը հետաքրքրվեց նկարչությամբ և սկսեց թերթերից կոլաժներ հավաքել։ Հիվանդությունից հետո նրա մոտ ձևավորվում է վախ բժիշկների հանդեպ և մելամաղձություն։ Նա 13 տարեկան էր, երբ հայրը դժբախտ պատահարից մահանում է։ 1945 թվականին ավարտում է Շենլի դպրոցը, որից հետո որոշում է ընդունվել Պիտսբուրգի համալսարան՝ արվեստի ուսուցիչ դառնալու մտադրությամբ, բայց ընդունվում է Պիտսբուրգի Կարնեգիի անվան տեխնոլոգիաների ինստիտուտի կոմերցիոն արվեստի բաժին, որն ավարտում է 1949 թվականին և տեղափոխվում Նյու Յորք, որտեղ զբաղվում է գովազդի գրաֆիկական դիզայնով, նկարում նորաձևության ամսագրերի համար։
Ուորհոլի աշխատանքները Նյու-Յորքի ցուցասրահներում ցուցադրվել են 1950-ական թվականներից։ 1952 թվականին իր առաջին անհատական ցուցահանդեսն է ունեցել Hugo պատկերասրահում, որտեղ ներկայացրեց 15 աշխատանք, որոնք ստեղծվել էին Թրուման Կոպոտեի ստեղծագործությունների հիման վրա։ Առաջին խմբակային ցուցահանդեսը ունեցել է 1955 թվականին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։ 1953 թվականին լույս ընծայել իր առաջին նկարազարդ գիրքը՝ «Ա-ն այբուբենն է, սերը` վարդագույն տորթ», որը իր հաճախորդներին ու գործընկերներին նվիրեց։ 1957 թվականին հիմնում է Andy Warhol ձեռնարկությունը։
1960-ականներին Ուորհոլը ստեղծում է ամերիկյան կյանքի խորհրդանիշներով նկարներ. սկսած Campbell’s ապուրների և Կոկա-Կոլայի տուփերից մինչև Էլվիս Փրեսլիի և Մերիլին Մոնրոյի, քաղաքական առաջնորդներ Մաո Ցզե-Դունի, Վլադիմիր Լենինի դիմանկարները, որոնք հետագայում դառնում են լուսանկարչի այցեքարտը։ 1962 թվականին նա առաջին անգամ փորձարկում է մետաքսագրությունը, որը նույնպես դառնում է նրա ոճի խորհրդանիշներից մեկը։ 1963 թվականին Ուորհոլը 231 East 47th Street հասցեում հիմնում է ստուդիա, որը հայտնի դարձավ որպես "Factory"։ Նրա շուրջ հավաքվեցին Նյու-Յորքի բոհեմական միջավայրի ներկայացուցիչները՝ նկարիչներ, լուսանկարիչներ, դերասաններ, երաժիշտներ և այլն[12]
1960-ականների սկզբին Ուորհոլը քայլեր է անում կինեմատոգրաֆիայի աշխարհում. թողարկվում են «Քուն» (դերասանը քնում է 5 ժամ 20 րոպե տևողությամբ), «Համբույր», «Հարուստ աղքատիկը», «Աղջիկը Չելսիից», «Միայնակ կովբոյները» և այլ ֆիլմերը։ Այդ ժամանակ Ուորհոլը թողել էր նկարչությունն ու ամբողջությամբ իրեն նվիրել էր կինոյին։ 1968-1972 թվականներին Ուորհոլն ակտիվորեն աշխատում է կինոյում՝ բեմադրելով մի քանի փորձնական ֆիլմեր, որոնցում անշարժ տեսախցիկը ֆիքսում էր կյանքի հոսքը։ Արտասովոր ձևով միախառնելով մասսայական և ավանգարդ-էլիտար արվեստի սկզբունքները՝ Ուորհոլը տվեց պոստմոդեռնիստական «բաց արվեստին» հատուկ մասշտաբայնություն և դրամատիկական հզորություն։ Արդյունքում հինգ տարվա ընթացքում թողարկվում է 600 ֆիլմ[13]։
1969 թվականին Էնդի Ուորհոլը Ջերարդ Մալանգայի հետ համատեղ հիմնադրում է Interview ամսագիրը։ 1974 թվականին բեմադրում է Փոն Ֆիլիպսի «Մարդը լուսնի վրա» մյուզիքլը։ 1979 թվականին իր վաղեմի ընկեր Ստյուարտ Պիվարի հետ հիմնում են Նյու Յորքի Արվեստի ակադեմիան։
1987 թվականի փետրվարին հեռացնում են Ուորհոլը լեղապարկը և հիվանդանոցում վիրահատությունից հետ փետրվարի 22-ի գիշերը նա մահանում է սրտի կանգից։
1994 թվականին Պիտսբուրգում հիմնադրվում է Էնդի Ուորհոլի թանգարանը, որտեղ ներկայացված են պոպ-արտի խորհրդանիշի արվեստի մեծ հավաքածուն ու արխիվը։ Այն երկրի միակ թանգարանն է, որը նվիրված է մեկ անձի։
Շոու-բիզնեսը նրա համար է, որ ոչ թե ցույց տաս, թե դու ինչպիսին ես, այլ թե ինչպես են քեզ պատկերացնում[14]։ |
Մարդիկ այնքան անհետաքրքիր են դառնում, երբ հավաքվում են միասին։ Նրանց պետք է միայնակ թողնել, որպեսզի զարգանան նրանց մեջ անձնային հատկանիշները, որոնք մարդուն յուրահատուկ են դարձնում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.