Զանգվածային սպանություն Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայում
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Զանգվածային սպանություն Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայում (ադրբ.՝ Azərbaycan Dövlət Neft Akademiyasında terror hadisəsi), զանգվածային սպանություն Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայում, որը տեղի է ունեցել 2009 թվականի ապրիլի 30-ին։ Սպանության կատարման գլխավոր մեղադրյալը եղել է Ֆարդա Գադիրովը (1980—2009), ով էթնիկ ադրբեջանցի էր, սակայն Վրաստանի քաղաքացի[1]։ Գադիրովը եղել է գյուղական ուսուցչի որդի։ Որպես սպանության գործիք օգտագործվել է Մակարովի ատրճանակը[2]։ Ընդհանուր առմամբ, մարդասպանի զոհն է դարձել 12 մարդ[3], որոնց մեծ մասը մահացել են հրազենային վիրավորումից` Բաքվի տարբեր հիվանդանոցներում։ 13 մարդ ստացել է հրազենային վիրավորում։ 12 զոհերից 10-ը մահացու վիրավորում են ստացել գլխից, 1-ը՝ կրծքի հատվածում, մեկն էլ մահացել է պատուհանից դուրս թռչելու արդյունքում[4]։
Զանգվածային սպանություն Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայում ադրբ.՝ Azərbaycan Dövlət Neft Akademiyasında terror hadisəsi | |
---|---|
Նավթային ակադեմիայի պատը ահաբեկչական գործողությունից հետո | |
Տեսակ | ահաբեկչական հարձակում |
Երկիր | Ադրբեջան |
Գրոհի վայր | Դիլարա Ալիևայի փողոց 227, Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայի նոր մասնաշենք, Բաքու, Ադրբեջան |
Տեղադրանք | Արդբեջանի պետական նավթային ակադեմիա |
Տարեթիվ | 2009 թվականի ապրիլի 30, առավոտյան ժամը 09:30 |
Զենք | Մակարովի ատրճանակ |
Զոհվածներ | 13 (ներառյալ նաև ահաբեկիչը) |
Վիրավորներ | 13 |
Ահաբեկիչների քանակ | 1 |
Ահաբեկիչներ | Ֆարդա Գադիրով |
Terror act in ASOA Վիքիպահեստում |
Զոհերի թվում եղել են ուսանողներ, դասախոսներ և ակադեմիայի աշխատակիցներ։ Մարդասպանը տեղում ինքնասպան է եղել, երբ տեսել է, որ շրջապատված է ոտիկանության ուժերի կողմից։
2009 թվականի ապրիլի 30-ի առավոտյան ժամը 09:30-ին Ադրբեջանի պետական նավթային ակադեմիա է մտել է մի մարդ, ով ամբողջությամբ սև զգեստներ է հագած եղել։ Նա հանկարծ հանել է ատրճանակը և կրակ բացել։ Սկզբում մարդասպանը սպանել է անվտանգության աշխատակցին և մի կնոջ, այնուհետև անկանոն կրակ արձակել ուսանողների ուղղությամբ։
Նա հերթով բարձրացել է բոլոր հարկերը և անկանոն կրակ վարել։ Ուսանողներից մեկը փորձել է կանգնեցնել Գադիրովին, սակայն գլխից մահացու վիրավորում է ստացել և տեղում մահացել։ Գադիրովը սպանել է 12 մարդու, ևս 13-ին՝ վիրավորել։ Հասնելով 6-րդ հարկ, Գադիրովը տեսել է, որ ոստիկանությունը շրջապատել է մասնաշենքը։ Թաքնվելով լսարաններից մեկում՝ ինքնասպանություն է գործել։ Ոստիկանությունը գրոհով ներս է խուժել մասնաշենք։ Սպանվածների դիակները գտնվել են ողջ շենքով մեկ։ Բոլոր ուսանողները տարհանվել են։ Մարդասպանի դիակը հետախուզելուց հետո, ոստիկանները գրպանում հայտնաբերել են Մակարով տիպի ատրճանակի 71 փամփուշտ։
Սպանվածների թվում եղել են պրոֆեսոր, լաբորանտներ, ուսանողներ, դասախոսներ, անվտանգության աշխատակից, ինչպես նաև ծեր կին, ով կաթնամթերք էր բերել ակադեմիայի ճաշարան[5]։
Նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ցավակցություններն է հայտնել զոհերի ընտանիքներին՝ հայտարարելով, որ Ադրբեջանի կառավարությունը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ ոճրագործությունը ամբողջությամբ բացահայտելու համար[6]։
Ադրբեջանի առողջապահության նախարարության տվյալների համաձայն, ակադեմիայում սպանվել է 12 մարդ, ևս 10-ը ստացել են հրազենային ծանր վիրավորում։ Վիրավորների թվում եղել են Սուդանի երկու (Մուստաֆա Մուհամմադ և Ամրու Սեիդ Ահմադ) և Սիրիայի մեկ քաղաքացիներ (Դաաս Մուավիա)։ Վիրավորներից երեքը, ովքեր ստացել էին համեմատաբար թեթև վիրավորում, կարճ ժամանակ անց հիվանդանոցից դուրս են գրվել[7]։
Ահաբեկչական հարձակումից հետո, Ադրբեջանի նախագահը ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում էր զոհվածների և վիրավորների ընտանիքներին տրամադրել մեկանգամյզ նյութական օգնություն։ Զոհերի ընտանիքներին տրամադրվել է 30 000 մանաթ, իսկ ծանր վիրավորներին՝ 15 000 մանաթ[8]։
Ֆարդայի հոր խոսքերով, Ֆարդան հոր հետ միասին ապրել է մերձմոսկովյան Պոդոլսկում և սպանությունից երեք ամիս առաջ որոշել է մեկնել Վրաստան՝ աշխատելու, քանի որ այլևս չէր կարող ապրել Ռուսաստանում։ Պատճառը փաստաթղթերի բացակայությունն էր։ Հայրը նշել է, որ Ֆարդան եղել է լուռ և հանգիստ տղա, չի ունեցել վնասակար հատկություններ, անգամ չի իմացել, թե ինչպես ատրճանակ կիրառել[9]։
Վիդադի Հասանովը, ով Վրաստանի Մարնեուլիի մունիցիպալիտետի Դաշթափա գյուղի ղեկավարն էր, պատմել է, որ Գադիրովը հայրենի գյուղ է վերադարձել մեկ ամիս առաջ։ Ընդ որում, ամբողջ ժամանակը նա անց է կացրել տանը, դուրս է եկել տնից միայն հաց գնելու համար։ Նա նաև հաստատել է, որ Ֆարդան եղել է հանգիստ տղա, ով դաստիարակվել է ընտանեկան միջավայրում և անգամ ֆուտբոլ չի խաղացել իր հասակակիցների հետ[10]։ Դպրոցն ավարտելուց հետո, ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստան, որտեղ նրանց հրավիրել էր քեռին՝ մոտավորապես 15 տարի առաջ։ Նա մինչև վերջերս բնակվում էր այնտեղ։ Պոդոլսկում նա աշխատել է կաշվի գործարանում[11]։
Գադիրովի հորաքույրը՝ Ռենա Գադիրովան հայտնել է, որ Ֆարդային Բաքու է կանչել ընկերը։ Նա նաև հավելել է, որ Ֆարդան վեճի մեջ է եղել հոր հետ, ով ցանկանում էր, որ որդին բնակվի Ռուսաստանում[12]։
Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայում տեղի ունեցած զանգվածային սպանության փաստով ձերբակալվել են մարդասպանի մի քանի համագյուղաղիներ։ 2010 թվականի ապրիլի 21-ին առավել ծանր հանցագործությունների հարցերով դատարանում սկսվել է հանցագործության կատարման վերաբերյալ քրեական գործի դիտարկումը։ Համաձայն մեղադրական դատավճռի, իբր, սպանությունների պատվիրատուն եղել է ազգությամբ հայ, հացթուխ Մարտուն Ղումաշյանը, ով ծնունդով Վրաստանի Մարնեուլիի մունիցիպալիտետի Շուլավեր գյուղից էր։ Վկաները նախնական լսումների ժամանակ հայտարարել են, որ ցուցմունք են տվել՝ ճնշումների ներքո։ Մեղադրական ակտում նշված է, որ Ղումաշյանը՝ ազգային ատելության հողի վրա, 2009 թվականի սկզբին պայմանավորվածություն է ձեռք բերել Վրաստանի քաղաքացիներ, էթնիկ ադրբեջանցիներ Գադիրովի, Ամիրովի, Սուլեյմանովի, Ալիևի և այլ ադրբեջանցիների հետ։ Պայմանավորվածության համաձայն նրանք ահաբեկչություն պետք է իրականացնեին Բաքվում։ Գործողության իրականացման համար, իբր, Ղումաշյանը, նախապես, 5000 ԱՄՆ դոլար է տվել Գադիրովին և խոստացել տալ ևս 50 000 դոլար։ Համաձայն պետական մեղադրող Աբդուլա Յուդիֆովի, օրինապահ մարմինները իրականացնում են բոլոր հնարավոր գործողությունները՝ Գադիրովին քրեական գործին ներգրավելու համար։ Դատախազը հայտարարել է, որ Ղումաշյանին ձերբակալելու համար հայտ է ներկայացվել Ինտերպոլ[13][14][15]։ Համաձայն Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ղեկավարի, Ղումաշյան ազգանունով մարդ ինտերպոլի կողմից չի որոնվել[16]։
Հանցագործության հետաքննությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար մեծ թվով հարցերի առաջացման պատճառ է հանդիսացել։ Հայկական մամուլը կատարվածում հայկական կողմի «մեղավորությունը» համարում է «ցնորական», քանի որ Ադրբեջանը փորձում է սեփական երկրում տեղի ունեցած արյունահեղությունները բարդել հայերի վրա[17]։ Ադրբեջանական ռուսալեզու «Զերկալո» պարբերականը, որը ներկայումս չի գործում, Ղումաշյանի` գործին ներգրավվածության վերաբերյալ հարց է հղել Ադրբեջանի գլխավոր դատախազություն, սակայն պատասխան չի ստացել։ Վրաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների փոխանցմամբ, նրանք նամակ են ուղարկել Վրաստանի ներքին գործերի նախարարություն և ստացել հետևյալ պատասխանը. «Ահաբեկչական գործողությունից անմիջապես հետո, Մարտուն Ղումաշյանը ձերբակալվել է Վրաստանի օրինապահ մարմինների կողմից, սակայն ազատ է արձակվել ձերբակալությունից մեկ շաբաթ անց»[18]։ Ադրբեջանական «Յենի Մուսաֆաթ» թերթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ղումաշյանը հերքել է, որ ճանաչել է Ֆարդա Գադիրովին։ Ղումաշյանը հայտարարել է որ դիմել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն և գլխավոր դատախազություն, որտեղ նրան հայտնել են, որ ադրբեջանական կողմը որևէ գործողություն չի կատարել՝ Ղումաշյանին ձերբակալելու համար։ «Զերկալո» թերթի ներկայացուցիչները դիմել են Վրաստանի ներքին գործերի նախարարություն, որտեղ նրանց հաստատել են Մարտուն Ղումաշյանի խոսքերը, համաձայն որի Ղումաշյանին ձերբակալելու ոչ մի դիմում ադրբեջանական կողմից չի ստացվել։ Վրաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը նշել է, որ ցավում է, որ այս գործում ադրբեջանական կողմը հայկական հետքեր է փնտրում[18]։ «Ադրբեջանում ընդունված է ամեն ինչում հայերին մեղադրելը», — հայտարարել է նա։ Թերթի ներկայացուցիչները փորձել են հասկանալ, թե արդյոք Ինտերպոլում հայտ է բացվել Ղումաշյանի միջազգային հետախուզման վերաբերյալ։ Սակայն նրանց դիմումը մնացել է անարձագանք։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ Ղումաշյանի հետախուզման վերաբերյալ։ Գլխավոր դատախազության լրատվության բաժնի ղեկավարը հայտարարել է, որ Ղումաշյանի ձերբակալության վերաբերյալ դիմում կներկայացվի, սակայն ապագայում[19]։ «Թուրան» գործակալությունը նշում է, որ Ղումաշյանը հանգիստ ապրում է իր հայրենի գյուղում և չի թաքնվում իրավապահ մարմիններից։ Գործակալությունը նաև նշել է, որ Բաքվում տեղի ունեցած դատական գործընթացի ժամանակ, չի նշվել այնպիսի փաստ, որն ապացուցում էր, որ Ղումաշյանն անմիջական մասնակցություն է ունեցել գործողության մեջ[20]։
Ավելի ուշ, Ադրբեջանը, Ինտերպոլի միջոցով, Մարտուն Ղումաշյանի նկատմամբ միջազգային հետախուզում է սկսել[21]։
2012 թվականին ապրիլին, երբ լրանում էր ուսանողների սպանության երրորդ տարին, ադրբեջանական «Զերկալո» թերթը դիմել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն։ Նախարարության ներկայացուցիչը թերթին հայտնել է, որ ադրբեջանական կողմը մինչ օրս չի դիմել վրացական կողմին՝ Ղումաշյանին ձերբակալելու համար։ Արիֆ Յունուսովի կարծիքով, Ադրբեջանի իշխանությունները այդպիսի հայտարարություններ անում են սեփական լսարանի համար. «Եթե ադրբեջանցի լրագրողները կարողանում են Ղումաշյանից հարցազրույց վերցնել, ապա ինչո՞ւ Ադրբեջանի իրավապահ մարմինները մինչ օրս չեն կարողանում գտնել նրան»։
2013 թվականի փետրվարի 4-ին ձերբակալվել է «Յենի Մուսավաթ» թերթի վերլուծաբան Թոֆիգ Յաղուբլուն։ Ըստ թերթի գլխավոր խմբագրի, Յաղուբլուի ձերբակալությունը պայմանավորված է նրանով, որ Թոֆիգը միակ լրագրողն է, ով Շուլավերում հարցազրույց է վերցրել Ղումաշյանից, ով Ադրբեջանի ղեկավարության կողմից մեղադրվում էր Նավթային ակադեմիայում տեղի ունեցած իրադարձությունների կազմակերպման մեջ։ 2010 թվականին լինելով Ղումաշյանի տանը՝ Յաղուբլուն նկարագրել էր «Ադրբեջանի իշխանությունների կողմից որոնվող ահաբեկչի» կենսակերպը և եկել եզրակացության, որ Ղումաշյանը հասարակ աշխատող է, և նրա որոնման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Թերթի խմբագրի կարծիքով, այս առասպելի բացահայտումը հանդիսացել է լրագրողի ձերբակալության հիմնական պատճառը[22]։ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ԵՄ բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և Եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իրենց անհանգստությունն են հայտնել Յաղուբլուի ձերբակալության համար։ Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ միջամտությունը հետաքննությանը անթույլատրելի է[23]։
Ահաբեկչական գործողությանը հաջորդող օրերին Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայի հին և նոր մասնաշենքերի պատերին գրվել են գրվածքներ, դրվել կարմիր մեխակներ և վառվել են մոմեր։ Ուսանողների և երիտասարդների կողմից գրված գրվածքներում նշվում էր, որ պետք է միասնական պայքար ծավալել ահաբեկչության դեմ, չմոռանալ ահաբեկչության զոհերին։ Նրանք կոչ էին անում ուրիշ պետություններին հայտարարել սգո օրեր, հրաժարվել մայիսի 10-ին Բաքվում կայանալիք «Ծաղիկների տոնից»։ Նրանք նաև կոչ էին անում պատասխանատվության ենթարկել իրավապահ մարմիններին, ովքեր չէին պաշտպանել խաղաղ բնակիչներին և այլն։ Պետական նավթային ակադեմիայի շուրջ ուժեղացվեց ոստիկանական հսկողությունը, իսկ ուսումնական հաստատություն թույլատրում էին մտնել, միայն փաստաթղթերը ստուգելուց հետո։ Մայիսի 5-ին ակադեմիայի պատերը մաքրվել են գրվածքներից[30]։
2010 թվականի ապրիլի 27-ին Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովը մերժել է տալ թույլտվություն՝ անցկացնելու հիշատակի արարողություն նվիրված սպանության զոհերի հիշատակին։ Նա իր որոշումը մեկնաբանել է նրանով, որ «սպանության վայրը մոտ է երկաթուղային կայարանին, և ցույցը կարող է խանգարել մեքենաների և հետիոտների շարժին»։ Քաղաքապետը առաջարկել է հիշատակի արարողությունը անցկացնել քաղաքի կենտրոնից դուրս, որը, սակայն, մերժվել է ուսանողների կողմից[31]։
Ապրիլի 30-ին առավոտյան ժամը 09:00-ից երիտասարդները ծաղիկներ և մոմեր են տարել պետական նավթային ակադեմիայի շենքի մոտ։ Ուսումնական հաստատության աշխատակիցները ծաղիկները ներս են տարել[31]։ Նավթային ակադեմիայում որևէ միջոցառում չի անցկացվել։ Նախամուտքում դրվել են միայն զոհերի լուսանկարները[32]։ Ոստիկանությունը փորձել է փակել ակադեմիայի մուտքը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները կոչ են արել երիտասարդներին չմոտենալ ակադեմիայի շենքին՝ պարբերաբար հեռացնելով նրանց շենքի մոտից։ Ակադեմիայի շենքի մոտ են բերվել ՆԳՆ արագ արձագանքման ուժերի ավտոմեքենաները և ավտոբուսները։ Ոստիկանները ցրել են ցուցարարներին՝ ժամանակ առ ժամանակ ակտիվիստներից ոմանց տանելով դեպի ավտոբուսները։ Ակադեմիայի շենքի մոտ հետիոտների և մեքենաների շարժը դադարեցվել է։ Դրանից հետո հարյուրավոր ակտիվիստներ գնացել են մոտակա այգի, որտեղ շարունակել են իրենց ցույցը։ Այնտեղ նրանք վառել են մոմել և սկսել բղավել իրենց լոզունգները։ Օրվա երկրորդ կեսի սկզբին, մի խումբ երիտասարդներ, երգելով երկրի պետական օրհներգը, փորձել են վերադառնալ ակադեմիայի շենքի մոտ, սակայն նրանց դիմավորել են ոստիկանները, որի արդյունքում մի քանի երիտասարդներ ձերբակալվել են։ «Թուրան» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ, ձերբակալվել է 100-ից ավելի մարդ[31]։
Ավելի ուշ, ՆԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որտեղ նշվում էր, որ «անօրինական ակցիայի» ժամանակ, որը նվիրված էր նախորդ տարվա զոհերի հիշատակին, ձերբակալվել է 10 մարդ։ Ինչպես հայտարարել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էհսան Զահիդովը, ձերբակալվածներից շատերը ստացել են նկատողություն և ազատ արձակվել։ Ըստ Զահիդովի, 10 ձերբակալվածների համար ոստիկանությունը դիմել է դատարան՝ ստանալու ձերբակալվածների նկատմամբ վարչական տույժ կիրառելու իրավունք։ Ակցիայի անցկացման օրը ոստիկանությունը կանխել է «Դալգա» (Ալիք) երիտասարդական շարժման ակտիվիստների մասնակցությունը «անօրինական ակցիային»[31]։
Մի շարք ոչ կառավարական և իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտել են իրավապահ մարմինների կողմից բողոքի ցույցի ցրման գործընթացը։ Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովը հայտարարել է, որ հիշատակի արարողություններ անցկացնելու արգելքը ցույց է տալիս այն «վերաբերմունքը», որն արտահայտում են իշխանությունները երկրի երիտասարդության նկատմամբ։ Նա հայտարարել է, որ քաղաքացիական հասարակության մյուս ակտիվիստների հետ միասին ուշադիր կհետևի, թե ինչպես են իշխանությունները մայիսի 10-ին տոնելու գործող նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի, ծննդյան տոնը։ Սովորաբար այդ օրը քաղաքը զարդարում են ծաղիկներով։ Այդ օրը հայտնի է նաև «Ծաղիկների տոն» անվամբ։ Ծաղիկների տոնի նշումը մեծ իրարանցում է առաջացրել ուսանողների շրջանում[31]։
Կանանց իրավունքների պաշտպանության միության նախագահ Նովելլա Ջաֆարօղլուն հայտարարել է.
Եթե ամեն տարի չեն մոռանում նշել ծաղիկների տոնը, ապա չպետք է մոռանալ նաև հիշատակի արարողության մասին։ Ահաբեկչության զոհ դարձած ուսանողների և դասախոսների հիշատակի արարողությունը պետք է անցկացվի պետական մակարդակով[31]։ |
2011 թվականի ապրիլի 30-ին առավոտյան ժամը 11:00-ին տեղի են ունեցել հիշատակի արարողություններ՝ նվիրված Բաքվի պետական նավթային ակադեմիայում տեղի ունեցած զանգվածային սպանության զոհերին։ Երիտասարդների խումբը ծաղիկներ է դրել ակադեմիայի մասնաշենքի աստիճաններին, որտեղ տեղի էին ունեցել սպանությունները։ Ակցիայի մասնակիցները նաև մոմեր են վառել[33]։ Հիշատակի արարողությանը մասնակցել է նաև մեջլիսի պատգամավոր Ֆուադ Ռաուֆ օղլի Մուրադովը։ Ոստիկանությունը չի խանգարել բողոքի ակցիային, սակայն ոստիկանները հսկել են ակադեմիայի շրջակա տարածքները[34]։
2012 թվականին մի խումբ մարդիկ՝ մեծ մասամբ երիտասարդներ, փորձել են տարբեր կողմերից մոտենալ ակադեմիայի շենքին, որտեղ երեք տարի առաջ տեղի էր ունեցել ահաբեկչական հարձակումը։ Ակցիայի մասնակիցները փորձել են մեխակներ դնել շենքի մոտ, սակայն ոստիկանության աշխատակիցները, ովքեր շարված էին մուտքի մոտ, փակել են նրանց ճանապարհը։ Ոստիկանությունը սկսել է քաշքշել ակցիայի մասնակիցներին՝ որոշ երիտասարդների ծեծի ենթարկելով։ Դաժանորեն ծեծվել է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Ջամիլ Հաջիևը[35]։
2013 թվականին Բաքվի ոստիկանությունը ցրել է հիշատակի արարողությունը, որը նվիրված էր ակադեմիայում տեղի ունեցած զանգվածային սպանության չորրորդ տարելիցին։ Մասնակիցների թվում եղել են NIDA շարժման ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ադրբեջանի ժողովրդական ճակատ», «Քաղաքացիական համերաշխություն» և «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության երիտասարդական թևերի ներկայացուցիչներ։ Իրենց գործողությունները ակտիվիստները համակարգել են Facebook-ում։ Նրանք մտադիր էին իրենց երթը սկսել Ջաֆաև Ջաբարլիի արձանից դեպի ակադեմիայի շենք, որը գտնվել է Դիլյարա Ալիևայի փողոցի վրա։ Ակցիայի վերջում նրանք ծաղիկներ պետք է դնեին ակադեմիայի շենքի մոտ։ Սակայն օրվա կեսից Ջաբարլիի արձանի շրջակայքը վերցվել է ոստիկանության ուժեղ հսկողության տակ, որը խոչընդոտում էր ակտիվիստների հավաքը։ Ոստիկանները փակել էին նաև դեպի ակադեմիան տանող հետիոտնային ուղիները։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին մոտենալ ակադեմիայի շենքին, ոստիկանները կանգնեցնում էին և պահանջում հեռանալ շենքի մոտից։ Այդուհանդերձ, ակցիայի որոշ մասնակիցներ փորձել են մոտենալ շենքին, սակայն ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել են։ Ակցիայի ժամանակ ձերբակալվել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության երիտասարդական կոմիտեի նախագահ Աբուլֆազ Ղուրբանլըն և NIDA-ի անդամ Թուրղութ Ղամբարը։ Երիտասարդների մի խումբ կարողացել է ծաղիկներ դնել Բաքվի մերձծովյա բուլվարում, որտեղ ապրիլի 30-ի երեկոյան նախատեսվում էր թուրք փոփ աստղ Մուստաֆա Ջեջելիի համերգը՝ նվիրված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի 90 ամյակին[36]։ Ակցիայի մասնակիցներից մեկը, ով չի ցանկացել նշել իր անունը, հայտարարել էր, որ դա բողոքի ակցիա էր ընդդեմ ողբերգության օրը տեղի ունեցող համերգի[36]։
Միևնույն օրը զոհերի հիշատակը հարգվել է Ադրբեջանի միլի մեջլիսում[37]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.