From Wikipedia, the free encyclopedia
Բուժումը կարող է ներառել՝ ախտանիշներ առաջացնող գործոնների բացառում, ջրի, աղի օգտագործման բարձրացում, էլաստիկ ձգող գուլպաների կրում, վարժությունների կատարում, վարքային կոգնիտիվ թերապիա և դեղորայքային բուժում[1][5]։ Օգտագործվող դեղամիջոցներից են՝ բետա պաշարիչներ, պիրիդոստիգմին, միդոդրին, ֆլուդրոկորտիզոն[1]։ Ավելի քան 50% մարդկանց շրջանում, ում մոտ խնդիրն առաջացել է վիրուսային ինֆեկցիայից հետո, դիտվում է վիճակի բարելավվում 5 տարվա ընթացքում[3]։ Բուժմանն ի պատասխան վիճակի լավացում է դիտվում մոտ 90%-ի մոտ[3]։ ԱՄՆ-ում մոտ 500,000 մարդ ունի այս խնդիրը[4]։ Առաջացման միջին տարիքը 20 տարեկանն է, և կանանց շրջանում դիտվում է 5 անգամ ավելի հաճախ[1]։
Դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշ | |
---|---|
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | կանգնելիս առաջացող գլխապտույտը, կենտրոնանալու դժվարությունը, լղոզված տեսողությունը, ընդհանուր թուլությունը |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն, նյարդաբանություն |
ՀՄԴ-9 | 337.9 |
Անվանվել է | Դիրքային հաճախասրտության համախտանիշ |
Ռիսկի գործոններ | ժառանգական նախահակվածությունը |
Ախտորոշում | սրտի կծկման հաճախության 30 և ավելի զարկ/րոպե-ով աճը՝ կանգնելիս |
Տարբերակիչ ախտորոշում | ջրազրկում, սրտային խնդիրներ, մակերիկամային անբավարարություն և Պարկինսոնի հիվանդություն |
Բուժում | Բուժումը կարող է ներառել՝ ախտանիշներ առաջացնող գործոնների բացառում, ջրի, աղի օգտագործման բարձրացում, էլաստիկ ձգող գուլպաների կրում, վարժությունների կատարում, վարքային կոգնիտիվ թերապիա և դեղորայքային բուժում |
Հաճախություն | մոտ 500,000 դեպք՝ ԱՄՆ-ում |
Սկիզբը | ավելի հաճախ՝ մոտ 20 տարեկան հասակում |
Տևողություն | 6 ամսից ավելի |
Կանխատեսում | մոտ 90%-ի շրջանում բուժմանը զուգընթաց դիտվում է ախտանիշների լավացում |
Postural orthostatic tachycardia syndrome Վիքիպահեստում |
Մեծահասակների շրջանում առաջնային ախտանիշը կանգնած դիրքին անցնելուն հաջորդող 10 րոպեների ընթացքում սրտի կծկման հաճախականության ավելի քան 30 զարկ/րոպե-ով աճն է[1][6]։ Արդյունքում սրտի կծկման հաճախականությունը տիպիկ դեպքերում գերազանցում է 120 զարկ/րոպեն[1]։ 12-ից 19 տարեկանների դեպքում ախտորոշիչ է համարվում սրտի կծկման հաճախականության աճը նվազագույնը 40 զարկ/րոպե-ով[7]։ Ախտանիշը հայտնի է որպես օրթոստատիկ (ուղղահայաց դիրք) հաճախասրտություն (սրտի արագ կծկում)։ Այն ընթանում է առանց ուղեկցող զարկերակային ճնշման անկման, ինչը կվկայեր օրթոստատիկ թերճնշման առկայության մասին[6]։ Դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշի բուժման համար նախատեսված որոշակի դեղամիջոցներ կարող են առաջացնել օրթոստատիկ թերճնշում։ Այն ուղեկցվում է օրթոստատիկ անտանելիության այլ ախտանիշներով, որոնք զարգանում են ուղղահայաց դիրքում և անցնում են հորիզոնական դիրքի անցնելիս[6]։ Օրթոստատիկ այս ախտանշանները ներառում են՝ սրտխփոց, գլխապտույտ, կրծքավանդակի դիսկոմֆորտ, շունչը կտրվելու զգացում[6], սրտխառնոց, թուլության կամ ծանրության զգացում սրունքներում, լղոզված տեսողություն և իմացաճանաչողական դժվարություններ[1]։ Ախտանշանները կարող են զարգանալ նաև երկարատև նստելիս, երկարատև կանգնելիս, տաք ջերմաստիճանի ազդեցությամբ, վարժություններ կատարելու կամ մեծ քանակությամբ սնունդ ընդունելու պատճառով։
Դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշով մարդկանց մինչև մեկ երրորդի շրջանում[1] ուշագնացություն է զարգանում ի պատասխան մարմնի դիրքային փոփոխությունների կամ վարժությունների կատարմանը[8]։ Միգրենանման գլխացավերը նույպես տարածված են, երբեմն ուղղահայաց դիրքում դիտվող ցավի վատթարացմամբ (օրթոստատիկ գլխացավ)[8]։ Դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշով որոշ մարդկանց մոտ զարգանում է ակրոցիանոզ, կամ կարմիր/կապույտ մաշկ՝ կանգնած ժամանակ, հատկապես ոտքերի շրջանում (արյան վերաբաշխման ցուցիչ)[8]։ Դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշով մարդկանց 48%-ը նշում են քրոնիկ հոգնածություն և 32%-ը նշում են քնի խանգարման առկայություն[1]։ Որոշ դեպքերում էլ դիտվում է միայն օրթոստատիկ հաճախասրտության կարդինալ ախտանիշը[8]։ Կարող են լինել տարբեր հավելյալ այլ ախտանիշներ ինչպիսիք են՝ առատ քրտնարտադրությունը, քրտնարտադրության պակասը, բարձր ջերմաստիճանի նկատմամբ անտանելիությունը, մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ, օրինակ՝ փքվածության զգացում, սրտխառնոց, մարսողության խանգարում, փորկապություն, փորլուծություն, ինչպես նաև գրիպանման նշաններ, մոռացկոտություն, պրեսինկոպե[9]։
Դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշի (ԴՕՀՀ) ախտանշանները կարող են հարուցված լինել որոշակի պաթոֆիզիոլոգիական մեխանիզմներով[6]։ Այս մեխանիզմները հստակորեն հայտնի են[7] և կարող են շատ մարդկանց մոտ ի հայտ գալ համակցված ձևերով՝ այս համախտանիշի տարբեր ձևերին բնորոշ նշաններով[6]։ Այս համախտանիշով շատ մարդկանց մոտ դիտվում է արյան ցածր ծավալի առկայություն (հիպովոլեմիա), ինչը կարող է հանգեցնել դեպի սիրտ արյան հետվերադարձի նվազմանը[6]։ Ինչը կոմպենսացնելու նպատակով սիրտը փորձում է բարձրացնել սրտային արտամղումը ավելի արագ կծկվելու միջոցով[10]՝ հանգեցնելով նախաուշագնացության և ռեֆլեքսային հաճախասրտության ախտանշանների զարգացմանը[6]։
Դեպքերի 30-60%-ը դասակարգվում է որպես դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշի հիպերադրեներգիկ ձև, որի դեպքում դիտվում է նորադրենալինի մակարդակի բարձրացում կանգնած ժամանակ[1], հաճախ՝ հիպովոլեմիայի կամ մասնակի ավտոնոմ նեյրոպաթիայի հետևանքով[6]։ Այս համախտանիշով մարդկանց փոքր մասի մոտ էլ դիտվում է կանգնած ժամանակ նորէպինեֆրինի բարձր մակարդակ առանց հիպովոլեմիայի կամ ավտոնոմ նեյրոպաթիայի առկայության, որը դասակարգվում է, որպես կենտրոնական հիպերադրեներգիկ դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշ[6][11]։ Նորէպինեֆրինի բարձր մակարդակը նպաստում է հաճախասրտության ախտանիշներին[6]։ Այս համախտանիշի նեյրոպաթիկ ձևի մեկ այլ ենթատեսակ ասոցացվում է ստորին վերջույթների սիմպաթիկ դեներվացիայի հետ[6]։ Այս ենթատեսակի դեպքում ենթադրվում է, որ ստորին վերջույթների անոթների սեղմման անբավարարության հետևանքով տեղի է ունենում արյան վերաբաշխում դեպի ստորին վերջույթների երակներ[1]։ Սրտի կծկման հաճախականությունն աճում է արյան նման վերբաշխումը կոմպենսացնելու համար[12]։
Մինչև 50% դեպքերում դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշն ասոցացվում է վերջերս կրած վիրուսային հիվանդության հետ[1]։ Այն նաև կարող է ասոցացված լինել ֆիզիկական ցածր ադապտացիայի կամ քրոնիկ հոգնածության համախտանիշի հետ[7]։ Վիրուսային հիվանդության կամ երկարատև անկողնային ռեժիմի ընթացքում օրգանիզմը կարող է դառնալ թերի ադապտացված կանգնած դիրքին կամ ֆիզիկական վարժություններ կատարելուն՝ դառնալով հակված օրթոստատիկ անտանելիության զարգացմանը[1]։
Դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշը ավելի տարածված է կանանց քան տղամարդկանց շրջանում։ Նաև դիտվում է որոշակի կապ սուր սթրեսային գործոնի առկայության հետ, օրինակ՝ հղիություն, վերջերս կրած վիրահատություն կամ վնասվածք։ Նաև այս համախտանիշը դիտվում է այն հիվանդների մոտ, ովքեր անամնեզում ունեն աուտոիմուն հիվանդություններ, գրգռված աղու համախտանիշ, անեմիա, ֆիբրոմիալգիա, հիպերթիրեոիդիզմ, շաքարային դիաբետ, ամիլոիդոզ, համակարգային կարմիր գայլախտ կամ քաղցկեղ։ Ըստ մեկ հետազոտության արդյունքների առկա է ժառանգականության հավանական դերը, քանի որ այս համախտանիշով 8 հիվանդից 1-ը նշել են օրթոստատիկ անտանելիություն ունենալու ընտանեկան պատմություն[10]։
Երբ այս համախտանիշը դիտվում է մեկայլ հիվանդության հետևանքով, ապա այն դասակարգվում է, որպես երկրորդային դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշ(ԴՕՀՀ)[3]։ Շաքարային դիաբետը հաճախ դիտվող պատճառներց է[3]։ Այս համախտանիշը կարեղ է հետևանք լինել ստամոքսաղիքային խնդիրների, օրինակ՝ սրտխառնոցի պատճառով հեղուկի ընդունման սահմանափակման կամ փորլուծության ժամանակ հեղուկի կորուստի, որոնք հանգեցնում են հիպովոլեմիայի առաջացմանը[1]։ Համակարգային կարմիր գայլախտը և աուտոիմուն այլ հիվանդություններ նույնպես կապված են եղել այս համախտանիշի առաջացման հետ։
Կան հիվանդներ, ովքեր ունեն և՛ պարարտ բջիջների ակտիվացման համախտանիշ, և՛ ԴՕՀՀ, և առայժմ դեռ պարզ չէ արդյոք երկրորդային է պարարտ բջիջների ակտիվացման համախտանիշը, թե՛ ԴՕՀՀ-ը, այնուամենայնիվ պարարտ բջիջների ակտիվացման համախտանիշի բուժմանը զուգընթաց այս հիվանդների մոտ նկատելիորեն թեթևանում են և ԴՕՀՀ-ի ախտանշանները[13]։
ԴՕՀՀ-ը կարող է ուղեկցել Էհլերս-Դանլոսի համախտանիշի բոլոր ձևերին[8], որը շարակցական հյուսվածքի ժառանգական հիանդություն է, երբ դիտվում են թույլ, գերշարժուն հոդերի առկայություն՝ հակված ենթահոդախախտերի և հոդախախտերի, միջին կամ ավելի բարձր ձգունակություն ունեցող, կապտուկների հեշտությամբ առաջացմամբ մաշկ։ Դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշը (ԴՕՀՀ) հաճախ նաև զուգակցվում է վազովագալ ուշագնացության հետ՝ 25% դեպքերում դիտվելով միաժամանակ[14]։ Խրոնիկ հոգնածության համախտանիշի դեպքերի 25-50%-ը զուգակցվում են ԴՕՀՀ-ի հետ[14]։ Երկու խնդրի դեպքում էլ ընդհանուր թուլությունը և նվազած ֆիզիկական տոլեռանտությունը հանդիսանում են ակնհայտ ախտանիշներ և երկուսի հիմքում էլ կարող է ընկած լինել ավտոնոմ նյարդային համակարգի դիսֆունկցիան[14]։
ԴՕՀՀ-ը երբեմն կարող է լինել քաղցկեղ ասոցացված պարանեոպլաստիկ համախտանիշ[15]։ Որոշ դեպքերում վիրուսային վարակից հետո դիտվել է աուտոհակամարմինների հայտնաբերում, ինչը բարձրացնում է որոշ դեպքերի աուտոիմուն բնույտի հավանականությունը[1][16]։
Դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշի ախտորոշման համար պահանջվում են հետևյալ բնորոշիչների առկայությունը[17]՝
Սրտի զարկեչ հաճախականության աճը ուղղահայաց դիրքի անցնելիս հայտնի է, որպես օրթոստատիկ(ուղղաձիգ) հաճախասրտություն (սրտի արագ աշխատանք)։ Այն ընթանում է առանց ուղեկցող զարկերակային ճնշման անկման, ինչը կվկայեր օրթոստատիկ թերճնշման առկայության մասին[6]։ Դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշի բուժման համար նախատեսված որոշակի դեղամիջոցներ կարող են առաջացնել օրթոստատիկ թերճնշում։ Այն ուղեկցվում է օրթոստատիկ անտանելիության այլ ախտանիշներով, որոնք զարգանում են ուղղահայաց դիրքում և անցնում են հորիզոնական դիրքի անցնելիս[6]։ Օրթոստատիկ այս ախտանշանները ներառում են՝ սրտխփոց, գլխապտույտ, կրծքավանդակի դիսկոմֆորտ, շունչը կտրվելու զգացում[6], սրտխառնոց, թուլության կամ ծանրության զգացում սրունքներում, լղոզված տեսողություն և իմացաճանաչողական դժվարություններ[1]։
Տարբեր վեգետատիվ նյարդային համակարգը ստուգող թեստեր են կիրառվում ավտոնոմ խանգարումները բացառելու նպատակով, որոնք կարող են ընկած լինել դիտվող ախտանիշների հիմքում, իսկ էնդոկրին թեստերը կիրառվում են հիպերթիրեոզը և ավելի հազվադեպ դիտվող էնդոկրին խնդիրները բացառելու նպատակով[8]։ Էլեկտրասրտագրությունը նորմայում իրականացվում է բոլոր հիվանդների պարագայում՝ հաճախասրտության այլ հնարավոր պատճառները բացառելու նպատակով[1][8]։ Այն դեպքերում, երբ ենթադրվում է որոշակի ուղեկցող խնդրի կամ բարդություն առաջացնող գործոնի առկայություն, այլ՝ ոչ վեգետատիվ թեստեր կարող են կիրառվել, օրինակ՝ էխոսրտագրություն՝ միտրալ փականի պրոլապսը բացառելու նպատակով, և ջերմային շեմի որոշման թեստեր՝ մանր թելիկային նեյրոպաթիան բացառելու նպատակով[8]։
Ի պատասխան գլխի տևական շրջմանը, ֆիզիկական վարժություններին, սնվելուն և բարձր ջերմաստիճանի ազդեցությանը դիտվող սիրտանոթային արձագանքի որոշումը կարող է օգնել ախտանիշների վերահսկման լավագույն մարտավարության ընտրության հարցում[8]։ Դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշը (ԴՕՀՀ) նաև տարբերակված է մի քանի տեսակների, որոնցից յուրաքանչյուրի համար կարող են արդյունավետ լինել բուժման որոշակի ձևեր[18]։ Նեյրոպաթիկ ԴՕՀՀ-ի պարագայում քրտնարտադրության թեստի ժամանակ դիտվում է ոտքերի շրջանում քրտնարտադրության կորուստ՝ ստորին վերջույթներում նորադրենալինի արտազատման անբավարարաության հետևանքով, մինչդեռ ձեռքերի հատվածում քրտնարտադրությունը նորմալ է[1][18]։ Այն արտայատում է պերիֆերիկ սիմպատիկ դեներվացիայի առկայությունը սրունքներում[1]։ ԴՕՀՀ-ի հիպերադրեներգիկ ձևի դեպքում դիտվում է զարկերակային ճնշման և նորադրենալինի մակարդակի զգալի բարձրացում՝ կանգնած դիրքի անցնելիս, և ավելի հավանական է արտահայտված սրտխփոցի, տագնապի և հաճախասրտության դրսևորումը[18]։
ԴՕՀՀ-ի բուժումը ներառում է բուժման բազմաթիվ մեթոդների կոմբինացիա սիրտանոթային դիսֆունկցիայի հակազդման համար, ուղղված ախտանշանների և միաժամանակ ցանկացած ասոցացված խնդրի վերահսկմանը[8]։ Հիվանդների մեծ մասի դեպքում, ջրի օգտագործումը հորհուրդ է տրվում մեծացնել, հատկապես քայլելուց հետո՝ արյան ծավալը մեծացնելու նպատակով (հիպովոլեմիայի նվազեցում)[8]։ Ցուցված է ութից տասը բաժակ ջրի օգտագործում՝ օրական[13]։ Աղի օգտագործման մեծացումը՝ այն սննդին ավելացնելով, սպորտային ըմբելիքների կամ այլ էլեկտրոլիտային լուծույթների ընդունումը արդյունավետ են զարկերակային ճնշման բարձրացման համար՝ ջրի ռետենցիայի միջոցով։ Տարբեր բժիշկներ իրենց հիվանդներին խորհուրդ են տալիս աղի տարբեր քանակների ընդունում[19]։ Նշված մեթոդների համակցումը աստիճանական ֆիզիկակական մարզման հետ բարձրացնում է դրանց արդյունավետությունը[8]։ Որոշ դեպքերում, երբ հեղուկի և աղի ընդունման բարձրացումը բարարար չէ, հեղուկի ռետենցիան բարձրացնելու նպատակով կիրառվում է դեսմոպրեսին կամ ներերակային սալին[8][11]։
Մեծ քանակությամբ սննդի ընդունումը վատացնում է ախտանիշները որոշ հիվանդների մոտ։ Այս մարդկանց դեպքում կարող է արդյունավետ լինել փոքր քանակի սննդի հաճախակի ընդունումը օրվա ընթացքում[8]։ Ալկոհոլի և ածխաջրերով հարուստ սննդի ընդունումը կարող է հարուցել օրթոստատիկ թերճնշման ախտանիշներ[7]։ Կոֆեինի մեծ քանակի ընդունումը նույնպես խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է խթանել միզագոյացումը, հանգեցնել հեղուկի կորստի և հետևաբար հիպովոլեմիայի առաջացմանը[8]։ Արտահայտված բարձր ջերմաստիճանը նույնպես կարող է սրել ախտանիշները[13]։
Երկարատև ֆիզիկական անշարժությունը կարող է վատթարացնել ԴՕՀՀ-ի ախտանիշները[8]։ Աստիճանական մարզումը և ֆիզիկական վարժությունների տանելիության մեծացումը կարող է թեթևացնել ախտանիշները որոշ հիվանդների մոտ[8]։ Աէրոբիկ վարժությունների կատարումը օրվա ընթացքում 20 րոպե և շաբաթը 3 անգամ, երբեմն ցուցվում է հիվանդներին, ովքեր այն կարող են տանել[19]։ Վարժությունները կարող են անմիջապես վատթարացնել հաճախասրտությունը, հատկապես սնվելուց հետո կամ շոգ եղանակին[8]։ Այս դեպքերում ավելի հեշտ է կատարել վարժություններ կիսահորիզոնական դիրքում, օրինակ՝ լող, թիավարում կամ կիսապառկած-հենակավոր հեծանիվների վարում[8]։
Կոմպրեսիոն հագուստի կրումընույնպես կարող է արդյունավետ լինել[8]։
Եթե ոչ դեղորայքային մեթոդներն արդյունավետ չեն, ապա հնարավոր է դեղորայքային բուժման անհրաժեշտություն լինի[8]։ Հնարավոր օգտագործվող դեղամիջոցներից են՝ բետա պաշարիչները, պիրիդոստիգմինը, միդոդրինը, ֆլուդրոկորտիզոնը[1]։ 2013-ի դրությամբ ԱՄՆ սննդամթերքի և դեղերի ադմինիստրացիայի կողմից ԴՕՀՀ- ի բուժման համար ոչ մի դեղամիջոց չի հաստատվել[13]։ Դրանց արդյունավետությունը դեռևս չի ստուգվել երկարատև ռանդոմիզացված վերահսկվող հետազոտությունների միջոցով[13]։
Ֆլուդրոկորտիզոնը կարող է օգտագործվել նատրիումի ռետենցիան և արյան ծավալը մեծացնելու նպատակով, ինչը կարող է արդյունավետ լինել, եթե առկա է արյան ցածր բացարձակ ծավալ[20]։
Թեև ԴՕՀՀ-ով մարդիկ սովորաբար ունենում են արյան ճնշման նորմալ կամ նույնիսկ բարձր ցուցանիշներ, ԴՕՀՀ- ի նեյրոպատիկ ձևի ժամանակ դիտվում է սելեկտիվ սիմպատիկ դեներվացիա երակային համակարգում[20]։ Այս դեպքում ընտրողական ալֆա-1 ադրենալինային ընկալիչների համազդիչ միդոդրինի օգտագործումը հնարավոր է բարձրացնելով երակային հետհոսքը դեպի սիրտ, մեծացնել հարվածային ծավալը և բարելավել ախտանիշները[20]։ Այն խորհուրդ է տրվում ընդունել ցերեկային ժամերին, քանի որ այն կարող է զարկերակային գերճնշում առաջացնել հանգիստ ժամանակ[20]։
Իվաբրադինը կարող է հաջողությամբ սանձել հաճախասրտությունը ԴՕՀՀ-ի ժամանակ, առանց զարկերակային ճնշման վրա ազդելու, և իվաբրադինով բուժված ԴՕՀՀ-ով հիվանդների մոտավորապես 60%-ը, մի բաց հետազոտության ժամանակ, ունեցան ախտանիշների լավացում[20]։
Կա կարծիք, որ պիրիդոստիգմինը սանձում է հաճախասրտությունը և նվազեցնում քրոնիկ ախտանիշները հիվանդների մոտավորապես կեսի շրջանում[13]։
ԴՕՀՀ-ով որոշ հիվանդների շրջանում կարող է արդյունավետ լինել ընտրողական ալֆա 1 համազդիչ ֆենիլեֆրինը՝ երակային հետհոսքը դեպի սիրտ և սրտի հարվածային ծավալը մեծացնելու միջոցով[21]։ Սակայն այս դեղամիջոցը ունի բերանացի ընդունման ցածր բիոհասանելիություն, ինչը խոչընդոտում է դրա կիրառումը[22]։
ԴՕՀՀ- ը ունի բարենպաստ կանխատեսում, երբ վարվում է պատշաճ կերպով[8]։ Ախտանիշները բարելավվում են ախտորոշումից հետո հինգ տարվա ընթացքում շատ հիվանդների մոտ և մոտ 60%-ի շրջանում անցում է դիտվում իրենց գործունեության նախնական մակարդակին[8]։ Հիվանդների մոտ 90%-ը արձագանքում են դեղորայքային և ֆիզիկալ համակցված բուժմանը[3]։ ԴՕՀՀ-ի վաղ կամ միջին դեռահասության շրջանում զարգացած լինելու դեպքում, արագ աճի շրջանում հնարավոր է ախտանիշների ամբողջական վերացում երկուսից հինգ տարվա ընթացքում[23]։ Արդյունքները ավելի պահպանողական են մեծահասակների շրջանում ախտորոշված լինելու դեպքում[10]։ Որոշ մարդկանց շրջանում էլ ժամանակի ընթացքում դիտվում է ախտանշանների վատացում[3]։ ԴՕՀՀ-ի հիպերադրենէրգիկ ձևի ժամանակ սովորաբար պետք է լինում շարունակական բուժում[3]։ Եթե ԴՕՀՀ-ի պատճառը մեկ այլ հիվանդություն է, արդյունքները կախված են այդ հիվանդության կանխատեսումից[3]։
ԴՕՀՀ-ի հանդիպման հաճախականությունն անհայտ է[8]։ Ըստ մեկ հետազոտության տվյալների այն կազմում է մոտավորապես ամենաքիչը 170 դեպք յուրաքանչյուր 100,000 բնակչության հաշվարկով, սակայն իրական հաճախականությունը հավանաբար ավելի մեծ է՝ թերախտորոշման հետևանքով[8]։ Ըստ մեկ այլ հետազոտության մոտավոր տվյալների էլ ԱՄՆ-ում առկա է ամենաքիչը 500,000 դեպք[4]։ ԴՕՀՀ-ն ավելի տարածված է կանանց շրջանում՝ կին/տղամարդ 5:1 հարաբերակցությամբ[18]։ ԴՕՀՀ-ով հիվանդների մեծամասնությունը 20-ից 40 տարեկան են, միջինում սկզբը 30 տարեկանն է[18]։ ԴՕՀՀ-ի ախտորոշումը 40 տարեկանից հետո հազվադեպ է դիտվում, միգուցե՝ պայմանավորված դրա ախտանիշների տարիքին զուգընթաց բարելավվելու միտմամբ[8]։
1871թ.-ին բժիշկ Յակոբ Մենդես դա Կոստան նկարագրել է խնդիր, որը համապատասխանում է ԴՕՀՀ-ի ժամանակակակից կոնցեպտին։ Նա այդ հիվանդություն անվանեց գրգռված սրտի համախտանիշ[8]։ Սրտաբան Թոմաս Լյուիսը ընդլայնելով նկարագրույունը, ներմուծեց զինվորի սիրտ անվանումը, քանի որ այն հաճախակի դիտվում էր զինվորական անձնակազմի շրջանում[8]։ Այս խնդիրը հայտնի դարձավ, որպես դա Կոստա համախտանիշ[8], որը այժմ ենթադրում է հստակեցված մի քանի խանգարումներ, ներառյալ՝ դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշը։
Դիրքային հաճախասրտության համախտանիշ անվանումը ներմուծվել է 1982թ.-ին բնութագրելու համար, առանց օրթոստատիկ թերճնշման, դիրքային հաճախասրտություն ունեցող մի հիվանդի[8]։ Դիրքային օրթոստատիկ հաճախասրտության համախտանիշ անվանումն առաջին անգամ օգտագործվել է Մեյո կլինիկայի բժիշկներ Ռոնալդ Սքոնդորֆի և Ֆիլիպ Ա. Լոուի կողմից՝ 1993թ.-ին[8][24]։
Բրիտանացի քաղաքական գործիչ, Հյուսիսային Օքսֆորդի բարոնուհի Բլեքվուդը 2015թ․-ի մարտին հայտարարեց, որ 2013թ․-ին նրա մոտ ախտորոշվել է Էհլերս-Դանլոսի համախտանիշ, և որ ավելի ուշ նրա մոր ախտորոշվել է նաև ԴՕՀՀ[25]։ Նա, 2019 թվականին վարչապետ Թերեզա Մեյի կողմից նշանակվեց, որպես խորհրդարանի կեցության մասին գիտության հարցերով պետքարտուղարի խորհրդական, և նրան տրվեց պերի ցմահ կոչում, ինչը նրան հնարավորություն տվեց տեղ զբաղեցնել խորհրդարանում։ Որպես կրտսեր նախարար՝ նրա պարտականությունն է խորհրդարանում պատասխանել առողջապահության և գերատեսչության գործերի վերաբերյալ հարցերին։ Այս հարցերին պատասխանելու ժամանակ նախարարները նստում են հարցը լսելիս և կանգնում պատասխանելու ընթացքում, այդպիսով՝ ոտքի կանգնում և նստում բազմիցս։ 2019թ․-ի հունիսի 17-ին, նմանատիպ նիստերից մեկի ժամանակ՝ նա ուշագնաց եղավ տասներկու րոպեի ընթացքում չորրորդ անգամ նստած դիրքից կանգնելուց հետո[26], և ենթադրվեց, որ նրա ուշագնացության պատճառը նրա մոտ ախտտորոշված ԴՕՀՀ-ն էր։ Այդ պատահարի վերաբերյալ հարցին նա պատասխանել է, թե նա հիասթափված և ընկճված է իրեն զգացել, սակայն միևնույն ժամանակ շնորհակալ է, որ այդ միջադեպը նրան հնարավորություն է տվել լույս սփրել մի խնդրի վրա, որով շատ այլ մարդիկ, նույնպես, ստիպված են ապրել[27]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.