From Wikipedia, the free encyclopedia
Գայթաքար (գերմ.՝ Stolperstein, բառացի՝ գայթակղության քար, փորձաքար), գերմանացի նկարիչ Գյունտեր Դեմնիգի սոցիալական նախագիծը, որի շրջանակներում հուշաքարեր են տեղադրվում նացիզմի զոհերի հիշատակին, նրանց ապրած հասցեներում՝ մայթերի վրա։ Գայթաքարերը մայթերի երեսպատման սալիկների չափերի՝ 10×10 սմ բետոնե խորանարդներ են, արույրե ծածկույթով, որի վրա փորագրված է լինում զոհվածի անունը, ծննդյան, մահվան թվականները և այլ տվյալներ։ Նախագիծը սկիզբ է առել 1992 թվականին նկարիչ Գյունտեր Դեմնիգի ջանքերով։ Դրա նպատակը այն վայրերում հուշաքարեր տեղադրելն է, որոնք եղել են նացիզմի զոհերի վերջին բնակավայրերը կամ նրանց ազատ կամքով ընտրած աշխատավայրերը։ Նախագիծն ընդգրկում է այն բոլոր մարդկանց, որոնք զոհ են գնացել նացիստական ահաբեկչությանը, T4 գործողությանը, եվգենիկներին, համակենտրոնացման և մահվան ճամբարներին, կամ փախել են հալածանքներից ու զոհվել կամ ինքնասպան եղել։ 2018 թվականի հոկտեմբերի 23-ի տվյալներով եվրոպական երկրներում տեղադրվել է 70.000 գայթաքար, դարձնելով այն աշխարհի ամենամեծ հիշատակի նախագիծը[1][2]։ Գայթաքարերի մեծամասնությունը նվիրված է հոլոքոստին զոհ գնացած հրեաներին։ Գայթաքարեր են տեղադրվում նաև գնչուների ցեղասպանության զոհերի, նացիստական Գերմանիայում ապրած համասեռամոլների, հաշմանդամների, Եհովայի վկաների, սևամորթների, մասոնների, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական և կոմունիստական կուսակցությունների անդամների, դիմադրության շարժման զոհերի, թե՛ բողոքական և թե՛ կաթոլիկ եկեղեցիների անդամների, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի զոհերի, ռազմական դասալիքների, կապիտուլյացիայի զոհերի, ինչպես նաև հակահիտլերյան խմբավորման զոհված անդամների հիշատակին։
Գերմաներեն «Stolpersteine» բառացի նշանակում է «գայթակղության քար»։ Նախագծի անվան ընտրությունը ստուգաբանվում է մի քանի ձևով։ Նացիստական Գերմանիայում, ըստ հակասեմական ասացվածքի, գայթաքարի հանդիպելը նշանակում էր. «հրեան պետք է թաղվի այստեղ»։ Փոխաբերական իմաստով «Stolpersteine» նշանակում է «պոտենցյալ խնդիր»[3]։ Անգլերենում և գերմաներենում «գայթել (սայթաքել) ինչ-որ բանից» արտահայտությունը ունի նաև «պատահաբար պարզել» իմաստը[4]։ Այսպիսով, բառը արտահայտում է անցյալի հակասեմական տրամադրվածությունը, սակայն, միևնույն ժամանակ, ունի նաև լուրջ ուղերձ ապագա սերունդներին։ Գայթաքարերը տեղադրվում են առանց որևէ հատուկ արարողակարգի և երևում են միայն պատահաբար անցնելիս։ Ի տարբերություն մեծ հուշահամալիրների, որոնք, ըստ Դեմնիգի, կարող են հեշտությամբ շրջանցվել, գայթաքարերը ամենօրյա կյանք են մտնում ավելի մեծ խորությամբ։ Դրանք տեղադրվում են ուղղակի մայթերի վրա՝ հաճախ դառնալով մարդկանց սայթաքելու կամ գայթելու պատճառ և դրանով իրենց վրա են հրավիրում անցորդների ուշադրությունը։ Երբ նացիստական Գերմանիայում ոչնչացվում էին հրեական գերեզմանատները, շիրմաքարերը շատ հաճախ օգտագործվում էին մայթեր երեսպատելու համար։ Դա ակնհայտորեն արվում էր ննջեցյալների հիշատակը նսեմացնելու նպատակով, քանի որ մարդիկ քայլում էին նրանց շիրմաքարերի վրայով։ Գայթաքարերը ուղղակիորեն խեղաթյուրում են այդ մոտեցումը, քանի որ նրանք չունեն որևէ պաշտպանություն ամոթալի նոր գործողությունների դեմ։ Մինչ նախագիծը մտադիր է վառ պահել մարդկանց հիշողությունը, ենթադրելով, որ նման մեղսալի գործողությունները կարող են կրկին տեղի ունենալ, միջազգային նսեմացումից անպաշտպանվածությունը առաջ է բերում նաև բուռն քննադատություն։ Որոշ գերմանական քաղաքներ, օրինակ, Մյունխենը, նախագծին դեռ չեն միացել, քանի որ չեն ընդունում գայթաքարերի՝ մայթերին տեղադրվելու պայմանը և փնտրում են հիշատակի այլ ձևեր[5]։
Գայթաքարերի տեղադրման վայրերի ընտրությունը կատարվում է տեղական դպրոցների աշակերտների ու ուսուցիչների, զոհերի հարազատների և տեղական պատմական կազմակերպությունների օգնությամբ։ Նացիզմի զոհերի ապրած հասցեները ճշտվում են նաև Երուսաղեմի Յադ Վաշեմի արխիվների և Գերմանիայի 1939 թվականի մարդահամարի տվյալների հիման վրա[6]։ Երբ զոհվածի բնակության վայրը ճշտվում է, Դեմնիգը պատրաստում է անհատական գայթաքարը՝ բետոնե խորանարդ, որը երեսպատված է արույրով, որի վրայի արձանագրությունը սովորաբար սկսվում է գերմ.՝ Hier wohnte... («Այստեղ ապրել է...») բառերով։ Ապա պատրաստի գայթաքարը տեղադրվում է այն վայրի մերձակա մայթին, որտեղ ապրել, կամ իր ազատ կամքով աշխատել է զոհվածը[7]։ Գայթաքարերը պատրաստվում են անհատական նվիրատվությունների և բարեգործական ֆոնդերի հաշվին։ Նախագծի մեկնարկից մինչև 2012 թվականը մեկ գայթաքար պատրաստելու համար ծախսվում էր €95[8][9]: 2012 թվականին ծախսը ավելացավ և դարձավ €120[10]: Գայթաքարը պատրաստվում է բացառապես ձեռքով, այնպես որ մեկ ամսում պատրաստվում է ընդամենը 440 քար։ Քարի պատրաստումից մինչև տեղադրվելը կարող է տևել մի քանի ամիս[11]։
1992 թվականի դեկտեմբերի 16-ին լրացավ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար ստեղծելու մասին Հիմլերի ստորագրած հրամանագրի 50 տարին։ Այդ հրամանի ստորագրմամբ սկիզբ դրվեց Գերմանիայից հրեաների մասսայական արտաքսմանը և տեղափոխմանը մահվան ճամբարներ։ Ի հիշատակ այդ տարելիցի, Գյունտեր Դեմնիգը Քյոլնի հին քաղաքապետարանի մոտակա մայթին տեղադրեց առաջին գայթաքարը։ Դրա արույրե երեսին փորագրված էին Օսվենցիմի հրամանագրի առաջին տողերը[12]։ Նախագիծն աստիճանաբար ընդլայնվեց՝ նացիզմի բոլոր զոհերի հիշատակը հավերժացնելու միտումով գայթաքարերը զոհվածներին կարծես հետ էին բերում այն վայրը, որտեղ նրանք իրենց ազատ կամքով, նախքան ձերբակալվելը, ապրել կամ աշխատել էին։ 1993 թվականին Դեմնիգը հրատարակեց իր նախագծի մանրամասները։ 1994 թվականին Քյոլնի Ս. Անտոնի եկեղեցում նա ներկայացրեց 250 գայթաքարեր։ Քյոլնի կենտրոնում գտնվող այդ եկեղեցին արդեն դարձել էր հիշատակությունների արարողությունների կարևոր վայր։ 2016 թվականին եկեղեցին դարձավ Քովենթրի համայնքի անդամ[13]։ 1995 թվականի հունվարին Քյոլնի զանազան թաղամասերի մայթերին սկսեցին տեղադրել գայթաքարեր[14]։ 1996 թվականին Բեռլինի Քրոյցբերգ թաղամասում տեղադրվեց 55 գայթաքար[7]։ 1997 թվականին առաջին երկու քարերը տեղադրվեցին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում։ Ֆրիդրիխ Ամերհաուզերը դարձավ առաջին քաղաքապետը, որը պաշտոնապես թույլատրեց գայթաքարեր տեղադրել քաղաքում[15]։ 4 տարի անց Դեմնիգը թույլտվություն ստացավ Քյոլնում տեղադրելու ևս 600 գայթաքար։
2007 թվականի հոկտեմբերի տվյալներով Դեմնիգը ավելի քան 280 քաղաքներում տեղադրել էր 13.000 գայթաքար։ Նրա նախագիծն ընդլայնվելով դուրս եկավ Գերմանիայի սահմաններից և տարածվեց Ավստրիայում, Իտալիայում, Նիդերլանդներում և Հունգարիայում։ 2006 թվականին նախատեսված էր գայթաքարի տեղադրում Լեհաստանում, սակայն թույլտվություն չստացվելու պատճառով հետաձգվեց։ 2009 թվականի հուլիսի 24-ին Համբուրգում տեղադրվեց 20.000-րդ քարը[16]։ Արարողությանը ներկա էին Դեմնիգը, Համբուրգի քաղաքային իշխանության, հրեական համայնքի անդամներ, զոհվածների ժառանգներ և այլք։ 2010 թվականի մայիսի տվյալներով Եվրոպական ութ երկրների 530 քաղաքներում և ավաններում տեղադրվել էին շուրջ 22.000 քարեր[17][18]։ 2011 թվականի հունիսի 24-ի տվյալներով Դեմնիգը տեղադրել էր 30.000 քար[19]։ 2015 թվականի հունվարի 11-ին Իտալիայի Տորինո քաղաքում Էլեոնորա Լևիի հիշատակին տեղադրվեց 50.000-րդ գայթաքարը[20]։ 2018 թվականի հոկտեմբերի 23-ին Ֆրանկֆուրտ քաղաքում Վիլլի Ցիմերերի հիշատակին տեղադրվեց 70.000-րդ քարը։ Վերջինս զոհվել էր Հադամարի էֆթանազիայի կենտրոնում 1944 թվականին, 43 տարեկան հասակում։ Մինչև 2016 թվականը Եվրոպայի 1200 մեծ և փոքր քաղաքներում տեղադրվել էին 60.000 գայթաքարեր[21][22]։
Ստորև բերված են այն երկրները, որտեղ տվյալ տարեթվից ի վեր տեղադրվում են գայթաքարեր.
Մյունխենի հրեական մշակութային համայնքը նախագիծը համարել է անհարգալից, քանի որ մարդիկ բառացիորեն քայլում են զոհված մարդկանց անունների վրայով։ Դեմնիգը պատասխանել է, որ նրանք, ովքեր տեսնում են քարերը, խոնարհվում են, որպեսզի կարդան դրանց վրայի մակագրությունը, կան նաև այնպիսի մարդիկ, որոնք խոնարհվում և անձեռոցիկով փայլեցնում են սալիկները, այդպիսով հարգանքի տուրք մատուցելով զոհվածներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.