From Wikipedia, the free encyclopedia
Հալիտոզ (halitosis լատ․՝ halitus — շունչ և -osis հուն.` վերջածանց, որը նշանակում է հիվանդագին վիճակ[1]) ախտանիշ, որը բնութագրվում է տհաճ հոտով շնչառությամբ։ Այն հիմնականում պայմանավորված է մարսողական օրգանների, հատկապես՝ բերանի խոռոչի հիվանդություններով, սակայն կարող է կապված լինել նաև ընկճախտի և կպչուն-սևեռուն խանգարման ախտանիշների հետ[2]։
Հալիտոզ Halitosis | |
---|---|
Հալիտոզ (կամ բերանի տհաճ հոտ) ունեցող մարդ։ Հիմնական պատճառները։ | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Պատճառ | բերանի խոռոչի հիգիենայի չպահպանում |
ՀՄԴ-9 | 784.99 |
ՀՄԴ-10 | R19.6 |
Բուժում | օրգանների հիվանդությունների հայտնաբերում և բուժում, բերանի ողողում, ատամների մաքրում, լեզվի մաքրում |
Bad breath Վիքիպահեստում |
Հալիտոզի մոտ 85-90% դեպքերում պատճառը գալիս է բերանի խոռոչից[2]։ Մնացած դեպքերը կապված են քթի, քթի հավելյալ ծոցերի, կոկորդի, թոքերի, կերակրափողի կամ ստամոքսի խանգարումների հետ[3]։ Հազվադեպ բերանի տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել այնպիսի ախտավիճակներով, ինչպիսիք են լյարդի անբավարարությունը կամ կետոացիդոզը[4]։
Բուժումը կախված է առաջնային պատճառից։ Այդուհանդերձ, կարելի է սկսել բերանի խոռոչի խնամքի միջոցառումներից (լեզվի մակերեսի մաքրում, տարբեր ախտահանիչ լուծույթներով ողողումներ, ատամնաթելի օգտագործում և այլն)[2]։
Հալիտոզը բնութագրվում է տհաճ հոտով ուղեկցվող շնչառությամբ, ինչը կարող է լուրջ անհանգստություն պատճառել։ Այն հիմնականում պայմանավորված է մարսողական օրգանների, հատկապես՝ բերանի խոռոչի հիվանդություններով, սակայն կարող է կապված լինել նաև ընկճախտի և կպչուն-սևեռուն խանգարման ախտանիշների հետ[2]։
Հալիտոզի շուրջ 90% դեպքերում տհաճ հոտի պատճառը գալիս է բերանի խոռոչից[5], և այդ դեպքում կոչվում է բերանային հալիտոզ։
Առավել տարածված պատճառներից է լեզվի, լնդերի լորձաթաղանթի տարբեր ախտավիճակների հետևանքով ձևավորված կենսաֆիլմը, որը հանդիսանում է տհաճ հոտի աղբյուր։ Հոտը հիմնականում առաջանում է սպիտակուցների քայքայումից առանձին ամինաթթուների, որոնց հետագա ճեղքումն ուղեկցվում է գարշահոտ գազերի (ցնդող ծծմբային միացություններ) արտադրությամբ[6]։
Բերանի տհաճ հոտը օրվա ընթացքում կարող է փոխվել՝ կախված ընդունած սննդից (սխտոր, սոխ, միս, ձուկ, պանիր), ծխելուց[7] և ալկոհոլի օգտագործումից, հատկապես սուր է արտահայտված առավոտյան արթնանալիս, քանի որ գիշերվա ընթացքում թթվածնի մուտքը բերանի խոռոչ կտրուկ պակասում է։ Բերանի տհաճ հոտը կարող է անցողիկ լինել և հաճախ անհետանում է ուտելուց, խմելուց, ատամները խոզանակով, ատամնաթելով մաքրելուց կամ հատուկ հեղուկներով բերանի խոռոչը ողողելուց հետո։ Բերանի տհաճ հոտը կարող է նաև լինել մշտական (քրոնիկ), որը տարբեր աստիճանների արտահայտված է բնակչության մոտ 25%-ի մոտ[8]։
Բերանի հալիտոզի ամենատարածված տեղակայումը լեզուն է[9]։ Բերանի տհաճ հոտի 80-90% դեպքերի հիմնական պատճառը լեզվի բակտերիաներն են[10], որոնք արտադրում են գարշահոտ միացություններ և ճարպաթթուներ։ Մեծ քանակությամբ բակտերիաներ կուտակվում են հատկապես լեզվի հետին հատվածում, որը համեմատաբար չոր է և վատ է մաքրվում, ինչը սննդային մնացորդների, մահացած էպիթելային բջիջների հետ միասին հիանալի միջավայր է ստեղծում անաէրոբ բակտերիաների աճի համար։ Այդ բակտերիաների անաէրոբ շնչառության արդյունքում առաջանում են նեխահոտով ուղեկցվող ինդոլ, սկատոլ, պոլիամիններ կամ ցնդող ծծմբային միացությունների (ծծմբաջրածին, մեթիլմերկապտան, դիմեթիլ սուլֆիդ), որոնք ունեն «նեխած ձվի հոտ»։ Լեզվի հետին հատվածի գարշահոտ արտադրող բակտերիաների առկայությունը չպետք է շփոթել լեզվի փառի հետ։ Բակտերիաներն անտեսանելի են անզեն աչքով, իսկ լեզվի՝ տարբեր աստիճանի արտահայտված սպիտակ փառ կարող է նկատվել մարդկանց մեծ մասի մոտ՝ անկախ հալիտոզի առկայությունից։ Այդուհանդերձ, «սպիտակ լեզուն», մի շարք այլ ախտավիճակներից բացի, հաճախ համարվում է նաև հալիտոզի նշան։
Լնդային ճեղքերը ատամների և լնդերի միջև գտնվող ակոսիկներ են, որոնք կարող են բորբոքվել՝ առաջացնելով լնդաբորբ (գինգիվիտ)։ Հարատամնային գրպանիկների բորբոքումը հանգեցնում է հարատամնաբորբի (պարոդոնտիտ)։ Լնդային այս և այլ բորբոքային հիվանդությունները ծանր աստիճանի հալիտոզի հաճախակի հանդիպող պատճառներից են։ Լնդաբորբ և հարատամնաբորբ հարուցող բակտերիաները գրամ բացասական մանրէներ են, որոնք արտադրում են ցնդող ծծմբային միացություններ, հիմնականում՝ մեթիլմերկապտան։ Ընդ որում, որքան ծանր է արտահայտված հարատամնաբորբը, այնքան շատ են արտադրվում այդ միացությունները, որոնք իրենք էլ կարող են նպաստել բորբոքային գործընթացին։ Այնուամենայնիվ, հարատամնաբորբով տառապող ոչ բոլոր հիվանդների մոտ է զարգանում հալիտոզ, և հալիտոզով ոչ բոլոր հիվանդներն ունեն հարատամնաբորբ։
Բերանի խոռոչի հալիտոզի նվազ տարածված պատճառներից են[11][12][13]՝
Այս դեպքում քթանցքերից դուրս եկող արտաշնչած օդը ունի կտրուկ հոտ, որը տարբերվում է բերանի հոտից։ Այն կարող է պայմանավորված լինել քթի խոռոչի (ծոցերի) վարակներով կամ խոռոչում օտար մարմինների առկայությամբ[6][14]։
Հալիտոզը կարող է հանդիսանալ նաև քրոնիկ ռինոսինուսիտի ախտանիշ[15]։
Նշագեղձերի ախտահարումներով պայմանավորված հալիտոզի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ[16]։ Ոմանք պնդում են, որ նշագեղձերի ախտահարումները հալիտոզի առաջացման երկրորդ ամենակարևոր պատճառն են բերանի խոռոչի հիվանդություններից հետո[16]։ Հալիտոզով կարող են ուղեկցվել քրոնիկական նշիկաբորբը, հարնշիկային թարախակույտը, ակտինոմիկոզը, նշագեղձերի սնկային ախտահարումները և այլն[16]։
Կերակրափողի ստորին սեղմանը, որը կերակրափողի և ստամոքսի միջև գտնվող փական է, կարող է լիարժեք չփակվել ստոծանիական ճողվածքի պատճառով, ինչի հետևանքով ստամոքսի պարունակությունը ներթափանցում է կերակրափող, և գազերը դուրս են գալիս բերանի խոռոչով։ Ցենկերի դիվերտիկուլի դեպքում (կերակրափողի ըմպան-կերակրափողային անցման շրջանում հետին պատի արտափքում) ևս կարող է առաջանալ հալիտոզ սննդային մնացորդների կուտակումների պատճառով։
Սովորաբար, ստամոքսը առանձին չի դիտարկում որպես հալիտոզի աղբյուր[5], քանի որ առողջ կերակրափողի դեպքում ստամոքսի պարունակությունը կամ գազերը չեն անցնում բերանի խոռոչ։
Որոշ համակարգային (ոչ բերանային) ախտավիճակներ ևս կարող են հանգեցնել տհաճ հոտով ուղեկցվող շնչառության, այդ թվում[17][18]՝
Բերանի գարշահոտի համար մասնագիտական օգնության դիմող անձանց գրեթե մեկ քառորդի մոտ այդ վիճակը չափազանցված անհանգստության դրսևորում է, որը հայտնի է որպես հալիտոֆոբիա կամ թվացյալ հալիտոզ։ Նրանք համոզված են, որ ունեն բերանի տհաճ հոտ, թեև երբեք որևէ մեկի օբյեկտիվ կարծիքը չեն հարցրել։ Այդ համոզմունքը կարող է լրջորեն անդրադառնալ անձի սոցիալական շփումների և կյանքի որակի վրա[20]։
Մարդիկ հաճախ դժվարանում են որոշել սեփական շնչառության հոտը և դիմում են մտերիմների օգնությանը[21]։ Հալիտոզի ինքնագնահատման եղանակներից մեկը գդալով թեստն է, որի ժամանակ լեզվի հետին հատվածից գդալով քերում են փառը և հոտ քաշում։ Մեկ այլ տարածված եղանակ է թքի հոտի գնահատումը։ Այս դեպքում հարկավոր է լիզել դաստակը, թողնել թուքը չորանա և հոտ քաշել։
Հալիտոզի լաբորատոր ախտորոշման եղանակներից են՝
Բացի գործիքային հետազոտություններից, հալիտոզի ախտորոշման համար շատ կարևոր են օրգանոլեպտիկ ցուցանիշների (հոտի մակարդակի և տեսակի) չափումները և գնահատումը համապատասխան մասնագետների կողմից[3][6]։
Հալիտոզի համընդհանուր ընդունված դասակարգում գոյություն չունի[24]։
Առավել լայն կիրառում է գտել Miyazaki et al. դասակարգումը[25], թեև որոշ մասնագետների կարծիքով՝ այն չափազանց պարզեցված է և հիմնականում կիրառվում է ատամնաբուժական պրակտիկայում՝
Tangerman-ի և Winkel-ի առաջարկած դասակարգումն[19][26] ընդգրկում է միայն իրական հալիտոզի դեպքերը՝
Նույն հեղինակների համաձայն՝ հալիտոզը բաժանվում է նաև ըստ հոտի բնույթի[19]՝
Առաջարկվել է նաև հալիտոզի պատճառագիտական դասակարգում[27]՝
Հալիտոզի դեմ պայքարը ներառում է բակտերիաների քանակի նվազեցման ֆիզիկական կամ քիմիական միջոցներ, տհաճ հոտը քողարկող միջոցների օգտագործում և այլն[2]։
Բերանի խոռոչի պատշաճ հիգիենա (եթե պատճառը գալիս է բերանի խոռոչից)՝ ատամների և լեզվի մանրակրկիտ մաքրում, ատամնաթելի օգտագործում, ախտահանիչ կամ հակամանրէային լուծույթներով ողողումներ[24][28][29][30]։
Ատամների և բերանի խոռոչի լորձաթաղանթների ախտահարումների, ինչպես նաև հալիտոզի պատճառ հանդիսացող ներքին հիվանդությունների դեմ ուղղված բուժական միջոցառումների արդյունքում վիճակը զգալիորեն բարելավվում է։ Թվացյալ հալիտոզի դեպքում խորհուրդ է տրվում դիմել հոգեբանական օգնության[2]։
Հալիտոզի տարածվածությունը դժվար է գնահատել մի քանի պատճառներով։ Նախ բերանի տհաճ հոտը սոցիալական ենթատեքստ ունի և կարող է խարան լինել անհատի համար, ինչի պատճառով մարդիկ հաճախ խուսափում են այդօրինակ հետազոտություններին մասնակցել կամ ճշգրիտ տվյալներ հայտնել։ Բացի այդ, հալիտոզի ախտորոշիչ չափանիշների և հայտնաբերման մեթոդների շուրջ համընդհանուր համաձայնություն չկա։ Այդ իսկ պատճառով հալիտոզի վերաբերյալ համաճարակաբանական տվյալները լայնորեն տատանվում են[31]։
Բերանի տհաճ հոտի մասին մեզ հայտնի ամենավաղ հիշատակումները գալիս են Հին Եգիպտոսից, որտեղ պատրաստում էին ատամի մածուկ մինչև անգամ նախքան Եգիպտական բուրգերի կառուցումը։ Մ․թ․ա․ 1550 թվականի Էբերսի պապիրուսում նկարագրված են բերանի տհաճ հոտի բուժման հաբեր, որոնց բաղադրության մեջ մտնում էին խունկ, դարչին, զմուռս և մեղր[32]։ Հիպոկրատական բժշկության մեջ բերանի տհաճ հոտից ազատվելու համար օգտագործում էին կարմիր գինու և համեմունքների խառնուրդներ[33]։ Ուշագրավ է, որ հալիտոզի բուժման համար այժմ խորհուրդ չեն տրվում ալկոհոլ պարունակող միջոցներ, քանի որ դրանք չորացնում են բերանի լորձաթաղանթը՝ խթանելով բակտերիաների աճը։ Հիպոկրատի կորպուս աշխատության մեջ նույնպես նկարագրված է մարմարի փոշու վրա հիմնված բաղադրատոմս բերանի տհաճ հոտով տառապող կանանց համար[34]։
Հին Չինաստանում կայսրերը պահանջում էին, որպեսզի այցելուներն ընդունելությունից առաջ չոր մեխակ ծամեն[32]։ Թալմուդում տհաճ հոտով շնչառությունը նկարագրվում է որպես հաշմանդամություն, որը կարող էր նույնիսկ ամուսնալուծության օրինական հիմք հանդիսանալ[11]։ Վաղ իսլամական աստվածաբանական տեքստերում շեշտվում էր, որ ատամները և լեզուն պետք է մաքրել միսվակով՝ պարսկական եղրևանու փայտանյութից պատրաստված հատուկ խոզանակով[11], որը, ըստ էության, նման է ծառի ոստերից պատրաստված բնական ատամի խոզանակի։
Բերանի տհաճ հոտը սոցիալական լուրջ խնդիր է և մեծ ուշադրության է արժանանում ժամանակակից հասարակությունում։ Օրինակ՝ ԱՄՆ-ում տարեկան 1 մլրդ դոլար է ծախսվում թարմ շնչառություն ապահովող տարատեսակ միջոցների վրա[12], թեև դրանց մեծ մասը կարճաժամկետ ազդեցություն ունի՝ ժամանակավորապես քողարկելով հոտը։
Ըստ գիտնականների՝ տհաճ հոտերի նկատմամբ բնազդային վախը կամ խորշանքը ձևավորվել է էվոլյուցիայի ընթացքում՝ փչացած սննդի աղբյուրներից և այլ պոտենցիալ վնասակար նյութերից խուսափելու համար[35]։ Առհասարակ մարմնի հոտը կարևոր դեր է խաղում զուգընկերոջ ընտրության մեջ[36], իսկ տհաճ հոտը կարող է ազդանշանել որևէ հիվանդության, ուստիև անողջամիտ ընտրության մասին։
Չնայած տհաճ հոտով շնչառության մասին տեղեկություններ առկա են դեռևս վաղ բժշկական արձանագրություններում՝ խնդրի շուրջ ձևավորված սոցիալական խարանի դրսևորումները ժամանակի ընթացքում փոխվել են, հնարավոր է, մասամբ սոցիալ-մշակութային գործոնների ճնշման ներքո։ Արդյունքում հալիտոզի բացասական հոգեսոցիալական ասպեկտները հետզհետե վատթարացել են։ Դրա վառ օրինակն է ժամանակակից հասարակությունում հալիտոֆոբիայի կամ կեղծ հալիտոզի զարգացումը, որի պատճառով արձանագրվել են անգամ ինքնասպանության դեպքեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.