հայ հրապարակախոս From Wikipedia, the free encyclopedia
Բենիամին Կարապետի Ժամկոչյան (հուլիսի 8, 1895[1][2], Հայնի, Դիարբեքիրի մարզ, Թուրքիա[1][2] - հունվարի 13, 1984[2], Բեյրութ, Լիբանան[2]), հայ կրթական գործիչ, մանկագիր, հրապարակախոս։
Բենիամին Ժամկոչյան արմտ. հայ.՝ Բենիամին Ժամկոչեան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1895[1][2] |
Ծննդավայր | Հայնի, Դիարբեքիրի մարզ, Թուրքիա[1][2] |
Մահացել է | հունվարի 13, 1984[2] (88 տարեկան) |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան[2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ուսուցիչ և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Ազգային Սահակյան երկսեռ վարժարան[1][2] |
Բենիամին Ժամկոչյանը ծնվել է 1895 թվականին Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտի շրջանի Հայնի գյուղում, Կարապետ և Եսթեր Ժամկոչյանների ընտանիքում։ Հազիվ 40 օրական՝ կորցրել է հորը։ Մայրը գերդաստանի մեծերի ստիպմամբ երկրորդ անգամ է ամուսնանում և հեռանում իր երկու զավակներից՝ նրանց հանձնելով իրենց հորական տատի խնամքին։ Երեք տարեկան Բենիամինը և իր մեծ եղբայրը ուղարկվում են Խարբերդի մոտակա Մեզիրե (Մամիւրէթ-Իւլ-Ազիզ) կուսակալանիստ քաղաքի գերմանական որբանոցը, որը կառավարվում էր միսիոներների կողմից։ Այնուհետև նրանք ավարտում են դպրոցը, ապա մտնում են նույն միսիոներների հիմնած ուսուցչանոցը (բարձրագույն մանկավարժական կրթօջախ)։
Իր եղբոր օրինակին հետևելով, 19-ամյա Բենիամինը անդամակցում է Հնչակյան ուսանողական միությանը։ 1915 թվականի ապրիլի 21-ին ստանում է ուսուցչանոցի ավարտական վկայականը և սկսելով աշխատել որբանոցում որպես հսկիչ և հացագործ՝ ազատվում է աքսորից։ Որոշ ժամանակ անց մի քանի երիտասարդների հետ հեռանում է հաստատությունից և Երիզայում միանում զորավար Անդրանիկի զինվորներին։ Կարինի մոտ մարտի ընթացքում վիրավորվում է և բուժվելու համար տեղափոխվում Սարիղամիշ, Կարս, Թիֆլիս։ Բաթումից անգլիական նավ նստելով հասնում է Պոլիս, որտեղ գաղթականների հանձնախմբում սկսում է զբաղվել կազմակերպչական աշխատանքներով։ 1920 թվականին տեղափոխվում է Ադանա և Ազգային Աբգարյան վարժարանում անցնում աշխատանքի որպես ուսուցիչ։ 1921 թվականին Ադանայում իր առաջարկով հիմնված Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարժարանում աշխատում է որպես տնօրեն։ Կիլիկիայի հայաթափումից հետո Ժամկոչյանը հասնում է Մերսին, որտեղից բազմաթիվ այլ գաղթականների հետ 1922 թվականի վերջին օրերին նավով տեղափոխվում է Բեյրութ։
Հաստատվելով Լիբանանում՝ Բենիամին Ժամկոչյանը տարբեր տեղերում զբաղվում է ուսուցչությամբ։ 1930 թվականին հրավիրվում է աշխատելու Ազգային Սահակյան վարժարանում և մինչև 1974 թվականին մնում նրա տնօրենը։ Պատկանել է Հայ Ավետարանական եկեղեցուն, բայց մեծ հարգանքով է վերաբերվել Հայ Առաքելականին։
Լիբանանի «Սուրբ Գրոց» ընկերության կողմից նրան է վստահվում 19-րդ դարի կեսին լույս տեսած արևմտահայերեն աշխարհաբար Աստվածաշնչի առաջին լուրջ վերամշակումը, որի համար օգտագործել է իրեն մատչելի բոլոր թարգմանությունները՝ գերմաներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն։ Աշխատանքը լույս է տեսել 1981 թվականին։
1949 թվականին ստացել է Լոս Անջելեսի «Գոլդեն Գեյթ» համալսարանի (Golden Gate University) գրականության պատվավոր դոկտորի կոչում։
1984 թվականին Խորհրդային Հայաստանի լուսավորության նախարարության կողմից Ժամկոչյանին շնորհվել է Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ։
Մահացել է 1984 թվականին Բեյրութում։ 1993 թվականին Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցն անվանակոչվեց Բենիամին Ժամկոչյանի անունով (այժմ՝ թիվ 119 ավագ դպրոց)[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.