Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Բարձրագույն, միջնակարգից հետո, բարձրագույն մասնագիտական, կամ երրորդ մակարդակի կրթությունն ուսուցման այն փուլն է, որ տեղի է ունենում համալսարաններում, ակադեմիաներում, քոլեջներում, սեմինարիաներում, և տեխնոլոգիական ինստիտուտներում։ Բարձրագույն կրթությունը ներառում է նաև կոլեգիալ մակարդակի ինստիտուտներ, այնպիսիք, ինչպիսին մասնագիտական դպրոցներ, առևտրի դպրոցներ, և կարիերայի քոլեջներ, որը պարգևում է ակադեմիական աստիճաններ կամ մասնագիտական սերտիֆիկատներ։
Բարձրագույն կրթությունը համակարգված գիտելիքների և գործնական հմտությունների ամբողջություն, որ հնարավորություն է տալիս տեսական ու գործնական խնդիրներ լուծելու ըստ մասնագիտական պատրաստության՝ օգտագործելով և ստեղծագործաբար զարգացնելով ժամանակակից գիտության, տեխնիկայի և մշակույթի նվաճումները։ «Բարձրագույն կրթություն» տերմինի տակ հասկացվում է նաև տնտեսության, գիտության, տեխնիկայի և մշակույթի բնագավառների բարձր որակավորման մասնագետների պատրաստումը տարբեր տիպի բարձրագույն դպրոցներում, ուր ընդունվում են միջնակարգ հանրակրթական կամ մասնագիտական դպրոցների շրջանավարտները։
Հին աշխարհում (Չինաստան, Եգիպտոս, Բաբելոն, Ասորեստան և այլն) մ․ թ․ ա․ եղել են տարբեր մակարդակի դպրոցներ։ Դեռևս 5000-5500 տարի առաջ շումերները երկրաչափական խնդիրների ժողովածուներ են կազմել։ Բարձր աստիճանի դպրոցներում ուսումնասիրել են փիլիսոփաների և քերթողների ստեղծագործությունները, ներառյալ տեղեկություններ բնության օրենքների, երկնային լուսատուների, հանքերի, բույսերի, կենդանիների ևն մասին։ Պլատոնը ազնվական երիտասարդության համար իր առաջադրած եռաստիճան կրթության համակարգի բարձր աստիճանը՝ երրորդը, հատկացրել է նրանց, ովքեր հակում ունեն դեպի վերացական մտածողությունը, դեպի առարկայի ուսումնասիրումը ոչ թե նրա կիրառական նշանակությամբ, այլ փիլիսոփայական-տեսական առումով։ Ավարտելով այդ աստիճանը (30 տարեկանում)՝ փիլիսոփայության մեջ բացառիկ օժտված սաները շարունակում էին կրթությունը մինչև 35 տարեկանը և պատրաստվում դառնալու պետության ղեկավար գործիչ։ Արիստոտելը գտնում էր, որ յուրաքանչյուր մարդու զարգացումը ըստ նրա բնական ընդունակությունների իրագործվում է դաստիարակության (ֆիզիկական, բարոյական և մտավոր՝ միասնաբար) երեք աստիճանով, որոնցից վերջինը բարձր մակարդակի դպրոցն է։ Հելլենիզմի դարաշրջանում Ալեքսանդրիայում ստեղծվեցին բարձր տիպի դպրոցներ, որտեղ գիտությունների տարբերակմամբ փիլիսոփայությունը, բանասիրությունը, մաթեմատիկան ուսում նասիրվում էին առանձին-առանձին։
Կրթության բաժանումը աստիճանների պահպանվել է մինչև մեր օրերը։ Գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացմամբ փոփոխվել են նրանց անվանումները, հանդես են եկել միջանկյալ աստիճաններ, յուրաքանչյուր աստիճանում ընդլայնվել է կրթության բովանդակությունը և անընդմեջ բարձրացել գիտական մակարդակը։ Սակայն ժամանակակից իմաստով բարձրագույն կրթության մասին պատկերացումն սկսել է ձևավորվել միայն միջնադարում։ XI-XII դարերում երևան եկան աշխարհիկ բարձրագույն դպրոցներ, որտեղ ուսուցումն ու գիտական աշխատանքը օրգանապես միահյուսվում էին միասնական ուսումնական պրոցեսում, որի հիմքում դրվում էին ոչ միայն տեսական հետազոտությունները, այլև զննումը, գիտափորձը (առաջին բժշկական աշխարհիկ դպրոցը Իտալիայում՝ Սալերնո, XI դ․)։ XII-XIII դարերի Եվրոպայի տարբեր երկրներում (Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Անգլիա) առաջացան համալսարաններ։ Միջնադարյան համալսարաններն ունեին աստվածաբանական, բժշկական, իրավաբանական ֆակուլտետներ, ուր ուսման տևողությունը 5-6 տարի էր։
Ժամանակին մեծ դեր են խաղացել Հայկական բարձրավանդակում V-VII, IX-XIII դարերի գիտական ու կրթական կենտրոնները, վրացական կոլխիդական հռետորական դպրոցը (V դ․), ինչպես նաև XI-XII դարերում ստեղծված ակադեմիաները (Թելատի, Իկալտոյի)։ 1632 թվականին բացվեց ռուս-ուկրաինական առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Կիև-Մոգիլյովյան ակադեմիան։ 1687 թվականին Մոսկվայում կազմակերպվեց Սլավոնա-հունա-լատինական ակադեմիան։
Միջնադարյան բարձրագույն կրթությունը ենթարկված էր սխոլաստիկային և նպատակ ուներ հիմնավորել աստվածաբանական դոգմաները ու պրոպագանդել կրոնը։ Բարձրագույն կրթություն եկեղեցու ազդեցությունից ազատագրելուն նպաստեցին Վերածննդի դարաշրջանի գիտական հայտնագործությունները մաթեմատիկայի, մեխանիկայի, աստղագիտության բնագավառներում (Լեոնարդո դա Վինչի, Նիկոլայ Կոպեռնիկոս, Յոհան Կեպլեր, Գալիլեո Գալիլեյ, Ռենե Դեկարտ, Իսահակ Նյուտոն, Գոթֆրիդ Լայբնից)։ Մեծ հումանիստներ Վիտորինո դա Ֆելտրեն, Էրազմ Ռոտերդամցին, Ֆրանսուա Ռաբլեն, Միշել դը Մոնտենը և ուրիշներ հանդես եկան ընդդեմ կաթոլիկ հոգևորականության՝ դաստիարակության և ուսուցման մենաշնորհի, ընդդեմ սխոլաստիկ կրթության, մշակեցին ուսուցման նոր մեթոդներ՝ հիմնված ինքնուրույն մտածողության, հիշողության, ունակությունների զարգացման, բնության օրենքների ուսումնասիրման սկզբունքների վրա։ Միաժամանակ շարունակվում էր գիտությունների տարբերակումը։ Գիտության զարգացման, գիտելիքների տարածման համար մեծ նշանակություն ունեցավ տպագրության գյո տը (XV դ․)։ Համալսարաններում սկսեց կատարելագործվել մանկավարժական պրոցեսը, ընդհանրացվել և ներդրվել գիտական փորձը։ XVII դ․ ձևավորվեցին գիտական լաբորատորիաներ, հռչակվեց գիտական հետազոտությունների և դասավանդման ազատության սկզբունքը՝ առաջավոր գիտնականներին հնարավորություն տալով հեռանալ սխոլաստիկայից, կազմակերպվեցին առաջին պետական ակադեմիաները (Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում), լույս ընծայվեցին գիտական հանդեսներ։ 1725 թվականին Պետերբուրգում հիմնադրվեց գիտությունների ակադեմիա և նրան կից՝ Ակադեմիական համալսարան ու գիմնազիա։
Միջնադարյան Հայաստանում գործել են մի շարք բարձր տիպի դպրոցներ, որոնք կոչվել են նաև վարդապետարան, ուսումնարան, վարժարան, ճեմարան, համալսարան։ Դրանք մեծ մասամբ կենտրոնացած էին խոշոր վանքերում, ունեին հոգևոր, մասամբ նաև՝ աշխարհիկ բնույթ։ Եկեղեցական գործիչներից բացի պատրաստում էին մանկավարժներ, գիտության, գրականության, արվեստի բնագավառի մասնագետներ՝ մատենագիրներ, իմաստասերներ, ճարտասաններ, քերականներ, մաթեմատիկոսներ, տոմարագետներ, գրիչներ, ծաղկողներ։ Բարձր տիպի դպրոցները մասնագիտացված էին․ Վաղարշապատի դպրոցում (V դ․) գերակշիռ տեղ են գրավել մանկավարժությունը, թարգմանությունը, աստվածաբանությունը, Սյունյաց դպրոցում (V-IX դդ․)՝ բնական և մաթեմատիկական գիտությունները, Հաղպատի դպրոցում (X-XV դդ․)՝ գրչությունն ու մանրանկարչությունը, Տաթևի համալսարանում (IX-XV դդ․)՝ բնական ու համարողական գիտությունները, գրչությունն ու մանրանկարչությունը, Սանահինի համալսարանում (X-XIII դդ․)՝ գրչությունը, Անիի դպրոցում (XI-XIII դդ․)՝ լեզուն, իմաստասիրությունն ու ճշգրիտ գիտությունները, Գլաձորի համալսարանում (XIII-XIV դդ․)՝ իմաստասիրությունը, ճշգրիտ գիտությունները, արվեստը, Մեծոփա վանքի դպրոցում (XV դ․)՝ գրչությունը, Ավագ վանքի դպրոցում (XV դ․)՝ գրչությունը։ Դասավանդել են անվանի գիտնականներ ու մանկավարժներ՝ Մաթուսաղան, Ստեփանոս Սյունեցին (Սյունյաց դպրոց), Հովհաննես Սարկավագը (Հաղպատ, Անի), Հովհաննես գիտնականը, Անանիա Սանահնեցին, Գրիգոր Մագիստրոսը, Գրիգոր Տուտեորդին (Սանահին), Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Դավիթը, Տիրատուրը (Գլաձոր), Հովհաննես Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Առաքել Սյունեցին (Տաթև), Մովսես Երզնկացին, Կիրակոս Երզնկացին, Հակոբ Ղրիմեցին, Հովհաննես Համշենցին (Ավագ վանք) և այլն, որոնք դպրոց մտցրեցին աշխարհիկ գիտությունները։ Բարձր տիպի դպրոցներում դասավանդվում էին՝ իմաստասիրություն, մաթեմատիկա, բնագիտություն, տրամաբանություն, քերականություն, պոետիկա, պատմություն, մարդակազմություն, տարրաբանություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, երաժշտություն, նկարչություն, գրչության արվեստ, Պլատոնի, Արիստոտելի, Փիլոնի և անտիկ աշխարհի այլ հեղինակների ուսմունքները, ուսումնասիրում էին հայ գիտնականների, հատկապես փիլիսոփաներ՝ Դավիթ Անհաղթի և Եզնիկ Կողբացու գրքերը։ Իմաստասիրական, բնական ու մաթեմատիկական գիտությունների տարածման, դպրոցներում այդ գիտությունների ուսուցման, նոր մեթոդների կիրառման ու զարգացման գործում բացառիկ դեր են խաղացել՝ Անանիա Շիրակացին, Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Սարկավագը, Հովհաննես Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ։ Միջնադարյան հայկական բարձր տիպի դպրոցները ունեին մատենադարաններ, գրատներ, գիշերօթիկ հարմարություններ։ Գլաձորի, Տաթևի համալսարանների, Մեծոփա վանքի դպրոցի շրջանավարտները հանդես էին գալիս գրավոր շարադրություններով, ատենախոսություններով, հրապարակային պաշտպանությամբ ստանում էին զանազան կոչումներ (տես Գիտական կոչում)։ XVI-XIX դարերում բարձր տիպի դպրոցներ են գործել՝ Բաղեշում, Լիմում, Մեծ Անապատում, Կաբինում, Արմաշում, Սյունիքում, Երևանում, Վաղարշապատում և այլ վայրերում։ XIX դ․ պարսկական լծից ազատագրվելուց և Ռուսաստանին միանալուց հետո Արևելյան Հայաստանում բարենպաստ պայման ներ ստեղծվեցին տնտեսական, մշակութային կյանքի առաջադիմության համար։ Բացվեցին բազմաթիվ դպրոցներ Անդրկովկասում՝ Թիֆլիսում, Երևանում, Շուշիում, Էջմիածնում և այլուր։ Հայ ժողովրդի կրթության, մշակույթի զարգացմանը մեծ ծառայություն մատուցեցին հատկապես Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1815), Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1824) և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1874)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 323)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.