Աշխարհականություն
From Wikipedia, the free encyclopedia
Աշխարհականություն (անգլ.՝ secularism) , կյանքի փիլիսոփայություն, աշխարհայացքի տեսակ, որոշակի մտածողություն ու կենսակերպ, պետական հաստատությունների և յուրաքանչյուր կրոնական ուղղության և կառույցի իրարից տարանջատման հայեցակարգ։ Աշխարհականությունը իրատեսական վերաբերմունք ու տեսակետ է այս աշխարհի, դրանում մարդու տեղի ու դերի վերաբերյալ։ Այս գործընթացը արևմտյան քաղաքակրթության մեջ սկիզբ է առել Վերածննդի դարաշրջանից և Ռեֆորմացիայից։ Հասարակական կյանքի տարբեր ոլորտներ ազատագրվում էին եկեղեցու, աստվածաբանության, ու կրոնական գաղափարախոսության վերահսկողությունից և ազդեցությունից։
Առաջացման պատճառներ
Այս աշխարհայացքի սկզբնավորման գործում(14-15-րդ դարեր) կարևոր դեր են խաղացել հավատի, կրոնական իդեալների և գիտության, արվեստի մեջ առաջացած հակասությունները, եկեղեցու հետ կապի թուլացումը և կրոնի հանդեպ քննադատական մոտեցման ձևավորումը[1]։ Ժամանակակից աշխարհականությունը իր ակունքներն է առնում անտիկ փիլիսոփաների (Էպիկուր և Մարկոս Ավրելիոս), միջնադարյան մուսուլման մտածողների (Իբն Ռուշդ) և Լուսավորության դարաշրջանի ներկայացուցիչների (Դենի Դիդրո, Վոլտեր, Թոմաս Ջեֆերսոն) աշխատություններից։Մյուս կարևոր հանգամանքը ֆեոդալական հասարակարգի խորտակումն էր և կապիտալիստական հասարակարգի առաջացումն ու սկզբնավորումը։
Հետևանքներ
Այս գործընթացները թուլացրեցին կրոնի և եկեղեցու հիմքերը ու ազդեցության ոլորտները հասարակության մեջ։ Կրոնի մեջ ներթափանցեցին ոչ- կրոնական տարրեր, որոնք ջնջում էին կրոնականի և ոչ- կրոնականի սահմանները։ Աշխարհիկությունը մարդու հայացքը կենտրոնացնում է այս աշխարհի, նրանում իր տեղի և դերի, իր հոգսերի և խնդիրների լուծման վրա։ Աշխարհականության գործընթացը հաճախ անվանում են աշխարհականացում։ Աշխարհակացումը թափանցել է նաև աստվածաբանական մտածողության մեջ։ Կաթոլիկ աստվածաբան Հանս Ուրս ֆոն Վալտասարը նշում է «Կրոնն անհետանում է հասարակական կյանքից, եթե այն դեռ հիշատակվում է, ապա դա չի արվում այնպիսի ձևով, որ այն կարծես թե մի բան է, որից պետք է ամաչել»[2]։ Քրիստոնեության ներթափանցումն իր հերթին ևս աշխարհիկացման մի ձև էր ժամանակին ՝ հեթանոսակամ կրոնից «քրիստոնեական ձևով»[3]։
Քրիստոնեություն՝ աշխարհիկացման գործընթացի մի մաս
Իր հիմնադրման օրից քրիստոնեությունը ունեցել է հակասոցիալական և հակաաշխարհիկ բնույթ։ Քրիստոսը տարբեր առիթներով իր աշակերտների հետ զրույցում նշում է իր՝ այս աշխարհից չլինելը, դրան չպատկանելը՝ «որովհետև աշխարհից չեն, ինչպես ես էլ աշխարհից չեմ» (Հովհ․ ԺԷ 14)[4]։ Հենց սկզբնավորման պահից նկատելի էր քրիստոնյաների աշխարհամերժողական միտումը ։ Այս աշխարհն անընդունելի է քրիստոնյաների համար, քանի որ այն մերժեց Հիսուս Քրիստոսին։ Այս աշխարհը դիտվում է չարի և բացասականի մարմնավորում, և որի իշխանը սատանան է։ Այս աշխարհը, սոցիալական բարեկեցությունը մերժվում է հանուն այն աշխարհում հոգու երանության։
Աշխարհիկ հասարակություն
ժամանակակից հասարակության մեջ ժողովրդավարությունը աշխարհիկացման մի ձև է։ Դա պայմանավորված է կրոնի ազատությամբ։ Որոշ երկրներում կրոնական համոզմունքները էական դերակատարություն ունեն հասարակակակն շատ բնագավառներում (հատկապես իսլամադավան երկրներում)։ Աշխարհիկ հասարակության ձգտումները կարելի է բնութագրել որպես հասարակություն, որը
- հրաժարվում է իրեն դիտել որպես գերբնական, տիեզերական երևույթների մաս և այդ կերպ մեկնաբանել աշխարհը
- հանդուրժողականություն կրոնական բազմազանության հարցերում և լայն աշխարհայացք
- ամեն հասարակություն ունի որոշակի նպատակներ, ինչը ենթադրում է խնդրի լուծման ներհամաձայնեցված օրենքներ և մեթոդներ, աշխարհիկ հասարակության մեջ սրանք հնարավորինս սահմանափակ են
- խնդիրները լուծվում են ռացիոնալ եղանակով, փաստերի ուսումնասիրման միջոցով
- աշխարհիկ հասարակությունը չունի ընդհանուր սահմանված նպատակներ, խնդիրներ
- չկան հասարակական վարքագծի սահմանված, իդեալական ձևեր
- բոլոր մարդկանց հավասարություն
- հասարակական շերտավորման գաղափարի մերժում[5]
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.