From Wikipedia, the free encyclopedia
Աղեր կոչվում են այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի կատիոններից և որևէ թթվային մնացորդի անիոններից[1]։
Սովորաբար աղերը դիտվում են որպես թթվի չեզոքացումով առաջացած, մետաղ և թթվային մնացորդ պարունակող միացություններ։ Մի շարք աղեր (մալաքիտը, լազուրիտը, պաղլեղները, կերակրի աղը, ամոնիումի քլորիդը և այլն) հունական և ալքիմիական ձեռագրերում անվանում են «հայկական աղ» (Sal armenicum)։ Ըստ Մ. Բերթլոյի, Մեյերի, Ի. Հոլանդի և այլոց, այդ աղերն այդպես են անվանվել Հայաստանից արտահանված լինելու պատճառով։ Այդ անվանումը հաճախ ենք հանդիպում նաև միջնադարյան հայկական ձեռագրերում (օրինակ՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի № 551, 6924, 8655 և այլ ձեռագրերում)։ Բերցելիոսը, առաջինը դասակարգելով քիմիական նյութերը (1812), աղեր անվանեց թթուների և հիմքերի միացությունները։ Աղերի մեծ մասը կարելի է դիտել որպես միացություններ,որոնք առաջացել են թթուներից՝ նրանց մոլեկուլներում ջրածնի ատոմները մետաղի ատոմներով տեղակալվելու հետևանքով։ Երբ տեղակալված են ջրածնի բոլոր ատոմները, աղը կոչվում է չեզոք (CaCO3,Na3PO4 և այլն), իսկ երբ տեղակալված է դրանց մի մասը՝ թթու (NaHPO4, Ca(H2PO4)2 և այլն)։ Հիդրօքսիդ խմբեր պարունակող աղերը կոչվում են հիմնային աղեր։
Աղեղի որոշ ֆիզիկական և քիմիական հատկություններ կախված են տվյալ աղի կատիոնների և անիոնների հատկություններից։ Աղեղի լուծելիությունը կախված է աղի ու լուծիչի բնույթից, ինչպես նաև ջերմաստիճանից։ Բազմաթիվ աղերի համար լավ լուծիչ է ջուրը, որտեղ նրանք ենթարկվում են էլեկտրոլիտային դիսոցման։ Այդ պատճառով աղեղի ջրային լուծույթներն էլեկտրականության լավ հաղորդիչներ են։ Լուծույթով հաստատուն հոսանք անցնելիս տեղի է ունենում աղեղի էլեկրոլիզ։ Ջրային լուծույթներում աղեր, բացառությամբ ուժեղ թթուներից և հիմքերից առաջացածների, հիդրոլիզվում են։ Աղեղին հատուկ բազմաթիվ քիմիական ռեակցիաներ իոնական են և ընթանում են ջրային լուծույթներում։ Աղեղը կարող են փոխազդել այլ աղերի, թթուների և հիմքերի հետ, եթե ռեակցիայի հետևանքով առաջանում են վատ դիսոցվող կամ քիչ լուծվող նյութեր։
Աղերի ստացման եղանակներից կարևոր են թթուների (կամ անհիդրիդների) ռեակցիաները հիմքերի (կամ հիմնային օքսիդների) հետ։ Աղերը բուսական և կենդանական օրգանիզմների կարևոր բաղադրիչ մասերն են։ Մարդու կշռի 5,5% աղերն են։ Քիմիական տարրերի մեծ մասը բնության մեջ գտնվում են աղերի ձևով։ Շատ տարածված աղերն են սիլիկատները, ալյումինատները, սուլֆիդները, սուլֆատները, կարբոնատները, ֆոսֆատները, քլորիդները և բորակները։ Մեծ քանակով լուծված աղեր կան լճերում, ծովերում և օվկիանոսներում։ Երկրի ընդերքում գտնվող աղերի կուտակումները ծովերի ու լճերի չորացման հետևանք են։
Աղերն օգտագործվում են մետալուրգիայում, ապակու, կաշվի արտադրություններում, գյուղատնտեսության, մանածագործության, ներկագործության, սննդարդյունաբերության, բժշկության մեջ և այլուր։
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը աղերը նկարագրում է որպես քիմիական միացություն, որոնք կազմված են կատիոնից և անիոնից[2]։ Կա նաև այլ բնորոշում՝ աղեր են կոչվում այն նյութերը, որոնք կարող են առաջանալ թթուների և հիմքերի փոխազդեցությունից գրի առկայությամբ[3]։
Բացի մետաղի ատոմներից աղերում կարող են գտնվել նաև ամոնիումի (NH4+), ֆոսֆինի (PH4+) կատիոններ և այլ օրգանակ միացություններ, ինչպես նաև կոմպլեքսային կատիոններ և այլն։ Աղերում անիոնի դեր կարող են կատարել թթվային մնացորդների անիոնները, ինչպես անօրգանական, այնպես էլ օրգանական, ներառյալ կարբանոիդները և կոմպլեքսային անիոնները[4]։
Լոմոնոսովը քիմիայից և ֆիզիկայից իր աշխատություններում այդպես է նշել աղը[5][6]։
Բոլոր աղերը բյուրեղական նյութեր են։ Մի շարք աղեր՝ մալաքիտը, լազուրիտը, պաղլեղները, կերակրի աղը և այլն, հունական և ալքիմիական ձեռագրերում անվանվում են «հայկական աղ»։ Ըստ հայտնի քիմիկոսներ ֆրանսիացի Մ. Բերթլոյի, գերմանացի Վ. Մեյերի և ուրիշների՝ այդ աղերն այդպես են անվանվել անցյալում Հայաստանից արտահանված լինելու պատճառով։ Այդ անվանումը հաճախ է հանդիպում նաև միջնադարյան հայկական ձեռագրերում։ Աղերն օգտագործվում են ապակու, կաշվի, ներկերի արտադրության, մետաղաձուլման, մանածագործության, քիմիական արդյունաբերության, սննդարդյունաբերության, բժշկության, գյուղատնտեսության մեջ, կենցաղում և այլուր։
Կենցաղում օգտագործվող մի շարք աղեր դեռ հնուց ունեն «կենցաղային» (ոչ քիմիական) անվանումներ. խմելու սոդա՝ նատրիումի հիդրոկարբոնատ (NaHCO3), լվացքի սոդա՝ նատրիումի կարբոնատ (Na2CO3), ժավել՝ նատրիումի հիպոքլորիտ (NaClO), քլորակիր՝ կալցիումի հիպոքլորիտ [Ca(ClO)2] և քլորիդ (CaCl2), բորակներ՝ նատրիումի, կալիումի, կալցիումի, բարիումի նիտրատներ, շիբ՝ կալիումի և ալյումինի սուլֆատի բյուրեղահիդրատ( KAl(SO4)2 . 12H2O), դառը կամ անգլիական աղ՝ մագնեզիումի սուլֆատի բյուրեղահիդրատ (MgSO4.7H2O), «մարգանցովկա»՝ կալիումի պերմանգանատ (KMnO4), և այլն։
Կերակրի աղը՝ նատրիումի քլորիդը (NaCl), անգույն, բյուրեղային, ջրում լուծվող նյութ է։ Բնության մեջ տարածված է հալիտ միներալի ձևով, որն անվանում են նաև քարաղ։ Բնական քարաղը մետաղական նատրիումի հետքեր պարունակելու հետևանքով երբեմն կապտավուն է, առաջացնում է խոշոր հանքավայրեր։ Քարաղի խոշոր հանքավայրեր կան Կանադայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Անգլիայում և այլուր։ Հայկական լեռնաշխարհում բարձրորակ քարաղի պաշարներով հայտնի են Կողբի և Նախիջևանի, իսկ Երևանում՝ Ավանի աղի հանքերը։ Կերակրի աղի խոշոր պաշարներ կան ծովերի, աղի լճերի և ստորերկրյա ջրերում։ Աղաջրերից աղն արդյունահանում են ջրի գոլորշիացման միջոցով։
Կերակրի աղը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութ է։ Այն լավացնում է կերակրի համը, կարգավորում է հյուսվածքներում ջրի պարունակությունը, մասնակցում է ստամոքսահյութի աղաթթվի գոյացմանը։ Ցանկացած սննդամթերք, նույնիսկ հացը կարելի է փոխարինել մեկ ուրիշով։ Սակայն առանց աղի ապրել հնարավոր չէ։ Օրգանիզմում աղի պակասն առաջացնում է արյան թանձրացում, հարթ և կմախքային մկանների ջղաձգություն, նյութափոխանակության, նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ։ Սակայն աղի ավելցուկը նույնպես կարող է վնասակար լինել օրգանիզմի համար։ Օրինակ, սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների և բորբոքային երևույթների դեպքում աղի սահմանափակ օգտագործումն ունի բուժիչ նշանակություն։
Աղն օգտագործում են գրեթե բոլոր կերակրատեսակների մեջ, ինչպես նաև մսեղենը, ձկնեղենը, բանջարեղենը պահածոյելու համար։ Բժշկության մեջ կիրառում են աղի ջրային լուծույթները, օրինակ՝ 0,9%-անոց լուծույթը, որն անվանում են ֆիզիոլոգիական և օգտագործում են ներերակային ներարկումների, ներարկվող դեղանյութերը լուծելու համար և որպես թունազերծող միջոց։ 3–10%-անոց լուծույթներով պատրաստում են թրջոցներ՝ թարախային վերքերը բուժելու համար։
Ավանի աղի հանքի հիմքի վրա գործում են Ավանի աղի կոմբինատը և Հանրապետական անձավաբուժական կենտրոնը, որտեղ բուժում են բրոնխային հեղձուկ, բրոնխաբորբեր և այլ հիվանդություններ։
Ձմռանը սառցածածկույթի առաջացումը կանխելու նպատակով ձյունածածկ ճանապարհների վրա ցանում են աղ։ Վերջինս լուծվում է ձյան մեջ և իջեցնում սառցակալման ջերմաստիճանը. եթե սովորական ջուրը սառչում է 0 °C-ում, ապա աղաջուրը սառչում է ավելի ցածր ջերմաստիճաններում։
Մարդը սննդի հետ օրական օգտագործում է միջին հաշվով 10–15 գ կերակրի աղ։ Ամբողջ աշխարհում 1 տարում արդյունահանվում է ավելի քան 100 միլիոն տոննա աղ։ Ժողովրդի մեջ տարածված «աղ ու հաց» արտահայտությունը խորհրդանշում է բարեկամություն և հյուրընկալություն։
Եթե աղերին դիտարկենք թթուների մեջ կատիոնների կամ հիմքերի մեջ հիդրօքսո խմբերի փոխարինող, ապա կարելի է աղերը բաժանել հետևյալ խմբերի[4]․
Կառուցվածքի մեջ եղած կատիոնների և անիոնների քանակից կախված աղերը առանձնացնում են հետևյալ տեսակների[7]․
Տարբերում են նաև հիդրատացված աղեր (բյուրեղահիդրատներ), որոնց կազմության մեջ մտնում են բյուրեղացված ջրի մոլեկուլներ, օրինակ Na2SO4·10 H2O, և կոմպլեքսային աղեր, որոնք պարունակում են կոմպլեքսային կատիոն կամ կոմպլեքսային անիոն (K4[Fe(CN)6], [Cu(NH3)4](OH)2)։ Ներքին աղերը ձևավորվել են երկբևեռ իոններից, այսինքն մոլեկուլներից, որոնք պարունակում են ինչպես դրական լիցքավորված, այնպես էլ բացասական լիցքավորված իոններից[8]։
Աղերի անվանումը հիմնականում կապված է նրանց համապատասխան թթուների անվանումների հետ։ Քանի որ թթուները ունեն նաև ավանդական և պատահական անվանումներ, դրանց աղերը նույնպես անվանում ենք թթվային մնացորդին համապատասխան անվանումով (նիտրատներ, ֆոսֆատներ, կարբոնատներ և այլն)[9]։
Աղերի ավանդական անվանումը բաղկացած է անիոնի և կատիոնի անվանումից[10]։ Անիոնների անվանումները հիմնված է թթվածնավոր տարրերի լատիներեն կամ հայերեն անվանումների վրա։ Եթե թթվածնավոր տարրը ունի օքսիդացման մեկ աստիճան, նրա անունը կարդալիս ավելացնում ենք -ատ երջավորությունը․
Եթե տարրը կարող է ունենալ օքսիդացման երեք աստիճաններ, ապա ամենաբարձր, միջին և ցածր օքսիդացման աստիճանների անվանումները համապատասխանաբար տալիս ենք -ատ, -իտ, -հիպո ածանցները՝
Վերջապես կարող են լինել չորս օքսիդացման աստիճան ունեցող տարրեր, որոնք ամենաբարձր օքսիդացման աստիճան ունեցողը ստանում է պեր- նախածանցը և -ատ ածանցը, հաջորդը՝ ըստ օքսիդացման աստիճանի նվազման՝ -ատ, -իտ, հիպո- նախանծանց և -իտ ածանց՝
Մետա-, օրթո-, պոի-, դի-, եռ-, պերօքսի- և այլ ածանցները պահպանվում են թթուների անվանումները տալիս, պահպանվում են նաև անիոններն անվանելիս[10]։
Կատիոնների անվանումները համընկնում են տարրերի անվանումների հետ, որոնցից նրանք ձևավորվում են, իսկ անհրաժեշտության դեպքում նշվում է նաև ատոմների քանակը (սնդիկի(2+) կատիոն Hg22+, մկնդեղի (2+) կատիոն As42+) և թթվայնության աստիճանը, եթե այն փոփոխական է[12]։
Թթու աղերի անվանումները տալիս անիոնին ավելանում է հիդրո- նախածանցը։ Եթե անիոնին կարող է միանալ մեկ ատոմից ավել ջրածին, ապա անունը կարդալիս ավելացնում են դիհիդրո- նախածանցը (NaHCO3- նատրումի հիդրոկարբոնատ, NaH2PO4 - նատրիումի դիհիդրոֆոսֆատ)։ Հիմնային աղերի անվանումները կարդալու համար օգտագործում են հիդրօքսո- նախածանցը ((FeOH)NO3- երկաթի հիդրօքսինիտրատ)[13]։
Բյուրեղահիդրատներին անվանում տալիս ավանդական կամ նոմենկլատուրային անվանը ավելացնում են հիդրատ (Pb(BrO3)2·H2O՝ կապարի (II) բրոմատի հիդրատ, Na2CO3·10 H2O՝ նատրիումի կարբոնատի հիդրատ)։ Եթե հայտնի է բյուրեղահիդրատի կառուցվածքը, այդ դեպքում կարող է կիրառվել կոմպլեքսային կապերի անվանումը ([Be(H2O)4]SO4՝ տետրաակվաբերիլիումի սուլֆատ)[14]։
Աղերի մի քանի դասերի համար գոյություն ունի խմբային անուն, օրինակ, կրկնակի սուլֆատներին անվանում են կվարց MIMIII(SO4)2·12 H2O, որտեղ MI -ը նատրիումի, կալիումի, ռուբիդիումի, ցեզիումի, թալիումի և ամոնիումի իոնները կարող են լինել, իսկ MIII -ը ալյումինի, գալիումի, ինդիումի, թալիումի, տիտանի, վանադիումի, քրոմի, մագնեզիումի, երկաթի, կոբալտի, ռոդիումի և իրիդիումի կատիոնները[15]։
Ավելի բարդ կամ հազվադեպ հանդիպող աղերի համար, որոնք ձևավորվում են կոմպլեքսային կապերի միջոցով, կիրառվում է նոմենկլատուրային անվանումներ[9]։ Համաձայն նոմենկլատուրայի, աղը բաժանվում է արտաքին և ներքին մակերեսների (կատիոն և անիոն), վերջինս կազմված է կենտրոնական ատոմից և լիգանտներից՝ ատոմներ են, որոնք միացած են կենտրոնական ատոմին։ Աղի անվանումը տրվում է հետևյալ կերպ։ Սկզբում տալիս ենք կատիոնի անվանումը սեռական հոլովով դրված, ապա անիոնի անվանումը նրան ավելացնելով համապատասխան վերջավորությունը թթվայնությունից կախված[16]։
LiBO3- լիթիումի եռօքսոբորատ
Na2Cr2O7- նատրիումի հեպտաօքսոքրոմատ
NaHSO4- նատրումի հիդրոսուլֆատ
Անթթվածին թթուներից առաջացած աղերը անվանելու համար օգտագործում են նոմենկլատուրայում կիրառված անվանումերը իրենց կապերով և թիվը ցույց տվող նախածանցներով, կամ Շտոկի առաջարկած թթվայնության աստիճանը նշելով, որը ի դեպ ավելի գերադասելի է։
Հալոգենիդների անվանումները կազմվում են կատիոնի և հալոգենի անվանումից -իդ սածանց ավելացնելով (NaBr՝ նարիումի բրոմիդ, SF6՝ ծծմբի ֆտորիդ կամ ծծմբի հեքսաֆտորիդ)։ Գոյություն ունեն կեղծ հալոգենիդների աղեր, որոնք կազմված են հալոգենիդանման անիոններից։ Նրանց անվանումները տալիս են հետևյալ կերպ՝ Fe(CN)2- երկաթի (II) ցիանիդ, AgNCS- արծաթի (I) թիոցիանիդ[17]։
Հալկոգենները, որոնք իրենց մեջ պարունակում են ծծմբի, սելենի և տելուրի անիոններ, անվանում են համապատասխանաբար սուլֆիդներ, սելենիդներ, տելուրիդներ։ Ծծմբաջրածինը և սելենաջրածինը կարող են առաջացնել թթու աղեր, որոնք համաատասխանաբար կոչվում են հիդրոսուլֆիդներ և հիդրոսելենիդներ (ZnS- ցինկի սուլֆիդ, SiS2- սիլիցիումի դիսուլֆիդ, NaHS-նատրիումի հիդրոսուլֆիդ)։ Կրկնակի սուլֆիդները անվանելու համար նշում են երկու կատիոնն էլ գծիկի միջոցով՝ (FeCu)S2- երկաթի-պղնձի դիսուլֆիդ[18]։
Որպես կանոն աղերը իրենցից ներկայացնում են բյուրեղային նյութեր՝ իոնային բյուրեղավանդակներով։ Օրինակ, ալկալիական և հողալկալիական մետաղների հալոգենիդները (NaCl, CsCl, CaF2) կազմված են անիոններից, որոնք տեղադրված են գնդաձև փաթեթի ամենալայն մասերում, իսկ կատիոնները՝ այդ փաթեթի դատարկ մասերում։ Աղերի իոնային բյուրեղները կարող են կազմված լինել նաև թթվային մնացորդներից, որոնք միացած են անսահման անիոնային մասերից (սիլիկատներ)։ Այդպիսի կառուցվածքը ազդում է նրանց ֆիզիկական հատկությունների վրա, նրանք ունեն բարձր հալման ջերմաստիճան, պինդ վիճակում համարվում են դիէլեկտրիկներ[19]։
Հայտնի են նաև աղեր, որոնք ունեն մոլեկուլյար (կովալենտային) կառուցվածք (օրինակ ալյումինի քլորիդը AlCl3): Աղերի մեծ մասի մոտ քիմիական կապի հատկությունը տատանվում է իոնական և կովալենտային կապերի միջև[8]։
Հիմնական հետաքրքրությունը ներկայացնում են իոնային հեղուկները՝ աղերը, որոնց հալման ջերմաստիճանը 100°С- ից ցածր է։ Բացի անոմալ ցածր հալման ջերմաստիճան ունենալուց, նրանք ունեն համարյա զրոյական հագեցած գոլորշու ճնշում և բարձր մածուցիկություն։ Յուրահատկուկ հատկությունները այս աղերի բացատրվում է կատիոնի ցածր համաչափությամբ, իոնների միջև ցածր փոխազդեցությամբ և կատիոնի լիցքի լավ բաշխվածությամբ[20]։
Աղերի կարևոր հատկությունն է համարվում ջրում լուծվելը։ Ըստ լուծելիության աղերը բաժանվում են լուծելի, քիչ լուծելի և անլուծելի։
Շատ միներալներ՝ աղեր, առաջացնում են հանքային կուտակումներ (օրինակ, հալիտներ NaCl, սիլվինիտներ KCl, ֆտորիդներ CaF2):
Գոյություն ունի աղերի ստացման տարբեր եղանակներ
Բյուրեղահիդրատներ սովորաբար ստանում են աղի բյուրեղացմամբ ջրային միջավայրից, ինչպես նաև հայտնի են աղերի բյուրեղներ, որոնք ստանում են ոչ ջրային միջավայրից (օրինակ CaBr2·3 C2H5OH)[8]:
Քիմիական հատկությունները պայմանավորված են նրա մեջ մտնող կատիոնի և անիոնի հատկություններով։
Աղերը փոխազդում են թթուների և հիմքերի հետ, եթե ռեակցիայի արդյունքում առաջանում է նյութ, որը դուրս է գալիս ռեակցիայի միջավայրից (նստվածք, գազ, թույլ էլեկրոլիտ, օրինակ ջուր)
Աղերը փոխազդում են մետաղների հետ, եթե մետաղը գտնվում է աղի մեջ մտնող մետաղից ձախ մետաղների ակտիվության շարքում
Աղերը փոխազդում են նաև միմյանց հետ, եթե ստացված նյութերից մեկը դուրս է գալիս ռեակցիայի միջավայրից (առաջանում է նստվածք, գազ կամ ջուր), ինչպես նաև այդ ռեակցիաները կարող են տեղի ունենալ ռեագենտի թթվայնության աստիճանի փոփոխությամբ
Որոշ աղեր տաքացման դեպքում քայքայվում են
Ջրում լուծելիս աղերը մասնակի կամ ամբողջովին դիսոցվում են իոնների։ Եթե աղերի դիսոցումը տեղի է ունենում ամբողջությամբ, այդ դեպքում նրանք լավ էլեկտրոլիտներ են, հակառակ դեպքում՝ թույլ[8]։ Լավ էլեկտրոլիտների օրինակ են ալկալիական մետաղների աղերը, որոնք լուծույթում գոյություն ունեն լուծված իոնների ձևով[3]։ Չնայած նրան, որ թեորեմի համաձայն աղերը դիսոցվում են իոնների, իրականում աղերի մեծամասնության մոտ նկատվում է մասնակի դիսոցում, օրինակ, 0,1 Մ FeCl3-ի լուծույթը պարունակում է միայն 10 % Fe3+ կատիոն, ինչպես նաև 42 % FeCl2+-ի կատիոններ, 40 % FeCl2+-ի կատիոններ, 6 % FeOH2+-ի կատիոններ և 2 % Fe(OH)2+-ի կատիոններ[21]։
Որոշ աղեր ջրային լուծույթներում ընդունակ են ենթարկվելու հիդրոլիզի[8]։ Տվյալ ռեակցիան թույլ թթվից (Na2CO3) կամ թույլ հիմքից (CuCl2) կազմված աղերի դեպքում կարող է լինել դարձելի, իսկ թույլ հիմքից ու թույլ թթվից կազմված աղերի դեպքում անդարձելի է (Al2S3):
Աղի անվանումը | Պարունակությւնը մթերքներում | Ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա | Աղի պակասի դեպքում առաջացող հիվանդությունը |
---|---|---|---|
1. Կալցիումի աղեր | Կաթ, ձուկ, բանջարեղեն | ապահովում են ոսկրերի աճը և ամրությունը | Կմախքի վատ աճ, ատամների փչացում և այլն |
2. Երկաթի աղեր | Տավարի լյարդ, միս | Հեմոգլոբինի կազմի մեջ է մտնում | Սակավարյունություն |
3. Մագնեզիումի աղեր | Ոլոռ, ծիրանաչիր | Մարսողության աշխատանքի լավացում | Մարսողական համակարգի աշխատանքի խանգարում |
Աղերը կիրառվում են ամենուրեք, ինչպես արտադրությունում, այնպես էլ առօրյա կյանքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.