բարոկկո դարաշրջանի իտալացի երգահան, կապելմայստեր From Wikipedia, the free encyclopedia
Պիետրո Ալեսանդրո Գասպարե Սկարլատի (իտալ.՝ Pietro Alessandro Gaspare Scarlatti, մայիսի 2, 1660[1][2][3][…], Պալերմո, Իտալիայի թագավորություն[4][5] - հոկտեմբերի 22, 1725[1][2][3][…], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[5]), բարոկկո դարաշրջանի իտալացի երգահան, կապելմայստեր։
Ալեսանդրո Սկարլատի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Pietro Alessandro Gaspare Scarlatti |
Ի ծնե անուն | իտալ.՝ Pietro Alessandro Gaspare Scarlatti |
Ծնվել է | մայիսի 2, 1660[1][2][3][…] Պալերմո, Իտալիայի թագավորություն[4][5] |
Մահացել է | հոկտեմբերի 22, 1725[1][2][3][…] (65 տարեկան) Նեապոլ, Նեապոլի թագավորություն[5] |
Ժանրեր | դասական երաժշտություն, օպերա և պատարագի երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և կլավեսինահար |
Գործիքներ | կլավեսին |
Անդամակցություն | Արկադիայի ակադեմիա |
Alessandro Scarlatti Վիքիպահեստում |
Նեապոլյան օպերային դպրոցի հիմնադիր և խոշորագույն ներկայացուցիչ։
Ալեսանդրո Սկարլատին ծնվել է Պալերմոյում (Սիցիլիա)։ Համարվում է, որ նա Հռոմում եղել է Ջակոմո Կարիսիմիի աշակերտը[6], և դա ենթադրությունների պատճառ է, որ նրա ստեղծագործության վրա ազդել են հյուսիսային Իտալիայի կոմպոզիտորները (նրա վաղ աշխատանքներում զգացվում է Ալեսանդրո Ստրադելայի և Ջովաննի Լեգրենցիի ազդեցությունը)[7]։
Հռոմում Gli Equivoci nell’amore (1679) օպերայի բեմադրության շնորհիվ նա արժանանում է Շվեդիայի Քրիստինա թագուհու (որն այդ ժամանակ ապրում էր Հռոմում) հովանավորությանը, և նա դառնում է նրա կապելմայստերը։ 1684 թվականի փետրվարին նա դառնում է Նեապոլի փոխարքայի կապելմայստերը՝ օպերային երգչուհի իր քրոջ օգնությամբ, որը նեապոլյան ազդեցիկ մի արիստոկրատի սիրուհին էր։ Նեապոլում նա ստեղծում է բազմաթիվ օպերաներ, որոնք առանձնանում են աշխուժությամբ և արտահայտչականությամբ, ինչպես նաև երաժշտություն հանդիսավոր իրադարձությունների համար[7]։
1702 թվականին Սկարլատին լքում է Նեապոլը և չի վերադառնում մինչև իսպանական տիրապետությունը ավստրիականով փոխվելը։ Սկզբում նա ապրում է Ֆլորենցիայում, որտեղ գտնվում է Կոզիմո III Մեդիչիի հովանավորության ներքո։ Նրա պալատական թատրոնի համար գրում է մի քանի օպերա։ Նա օպերաներ է ստեղծում նաև կարդինալ Օտոբոնիի համար, որը նրան դարձնում է իր կապելմայստերը և 1703 թվականին նմանատիպ պաշտոն է ապահովում Հռոմի Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում[7]։
1707 թվականին Վենետիկը և Ուրբինոն այցելելուց հետո Սկարլատին 1708 թվականին կրկին վերադառնում է Նեապոլ և այտեղ աշխատում մինչև 1717 թվականը։ Նա դասավանդում է Նեապոլի կոնսերվատորիաներից մեկում, նրա աշակերտներից են եղել Դոմենիկո Սկարլատին, Յոհան Ադոլֆ Հասսեն, Ֆրանչեսկո Դուրանտեն։ Այդ ժամանակ թվում է, թե Նեապոլը փոքր-ինչ հոգնել է նրա երաժշտությունից։ Հռոմում այն ավելի լավ են ընդունում, և հենց այնտեղ՝ Կապրանիկայի թատրոնում (Teatro Capranica), նա ստեղծում է իր լավագույն օպերաները (Telemaco, 1718; Marco Attilio Regolò, 1719, La Griselda, 1721), ինչպես նաև եկեղեցական երաժշտության փառահեղ նմուշներ, ներառյալ սուրբ Ցեցիլիայի պատվին կարդինալ Ակվավիվայի (Cardinal Acquaviva) պատվերով 1721 թվականին գրված մեսսան երգչախմբի և նվագախմբի համար[7]։
Սկարլատիի վերջին մեծակտավ աշխատանքը մնացել է անավարտ։ Դա արքայազն Ստիլյանոյի հարսանիքի համար գրվող սերենադն էր։ Ալեսանդրո Սկարլատին մահացել է Նեապոլում՝ 1725 թվականի հոկտեմբերի 24-ին[7]։
Գրել է շուրջ 125 օպերա, 600 կանտատ, բազմաթիվ օրատորիաներ, հոգևոր, ինչպես և գործիքային ստեղծագործություններ։ Առավել հայտնի ստեղծագործություններն են՝ «Պյուռոս և Դեմետրիոս» (1694), «Միհրդատ Եվպատոր» (Mitridate Eupatore, 1707), «Տիգրան» (Il Tigrane ovvero L’egual impegno d’amore e di fede, 1715, սյուժեի հիմքում ընկած է Հայոց արքա Տիգրան Երվանդյանի պատմությունը), «Պատվո հաղթանակը» (Il trionfo dell'onore, 1718), «Գրիզելդա» (Griselda, 1721) օպերաները։
Ստեղծագործություններում հաստատվել է սերիա-օպերայի բնորոշ կառուցվածքը, ընդհանրացվել Սկարլատիի նախորդների նվաճումները ճկուն վոկալ մեղեդու, արտահայտիչ հարմոնիկ ոճի, օպերային արիայի, ասերգի, անսամբլի տարատեսակների, նախերգանքի ասպարեզում՝ օրինակ ծառայելով Իտալիայի և այլ երկրների օպերային բազմաթիվ կոմպոզիտորների համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.