From Wikipedia, the free encyclopedia
Ալֆրեդ Ադլեր (գերմ.՝ Alfred Adler, փետրվարի 7, 1870[1][2][3][…], Rudolfsheim, Ավստրո-Հունգարիա[4] - մայիսի 28, 1937[5][1][2][…], Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[6]), ավստրիացի բժիշկ և հոգեթերապևտ, անհատական հոգեբանության հիմնադիրը[12]։ Տեսության հիմնական հասկացություններից է թերարժեքության զգացումը, որը Ադլերի կողմից դիտարկվում է որպես անձի զարգացման մեջ հիմնաքարային դեր ունեցող[13]։ Ադլերի տեսության մեջ մարդը դիտարկվում է որպես անհատական ամբողջություն, որի պատճառով էլ տեսությունը կոչվում է «Անհատական հոգեբանություն»։ Զիգմունդ Ֆրոյդի և նրա խմբի հետ համագործակցելով՝ Ադլերը հոգեվերլուծական շարժման համահիմնադիրներից մեկն էր և անդամակցում էր Վիեննայի հոգեվերլուծական ասոցացիային[14]։ Նա առաջիններից էր, ով առանձնացավ՝ ստեղծելով հոգեթերապիայի իր անկախ դպրոցը և անձի տեսությունը։ Ադլերը, Ֆրոյդի և Յունգի հետ միասին համարվում է խորքային հոգեբանության երեք հիմնադիրներից մեկը[15]։
Ալֆրեդ Ադլեր գերմ.՝ Alfred Adler | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1870[1][2][3][…] Rudolfsheim, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | մայիսի 28, 1937[5][1][2][…] (67 տարեկան) Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[6] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Ավստրիա |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա, Ավստրիա և Ցիսլեյտանիա |
Դավանանք | հուդայականություն[4] |
Ուղղություն | Նեոֆրեյդիզմ |
Մասնագիտություն | հոգեբույժ, հոգեթերապևտ և ակնաբույժ |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան |
Գործունեության ոլորտ | անհատական հոգեբանություն[7], հոգեբանություն, հոգեբուժություն, նյարդաբանություն, հոգեթերապիա և հոգեվերլուծություն |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][2][8] |
Հայտնի աշակերտներ | Աբրահամ Մասլոու |
Ազդվել է | Հանս Վայհինգեր[9] և Ֆրիդրիխ Նիցշե[10] |
Ամուսին(ներ) | Ռաիսա Ադլեր[6] |
Երեխա(ներ) | Ալեքսանդրա Ադլեր, Վալենտին Ադլեր, Կուրտ Ա. Ադլեր[6] և Կորնելիա Ադլեր[11] |
Հայր | Լեոպոլդ Ադլեր |
Կայք | adler-iaip.net |
Alfred Adler Վիքիպահեստում |
Ադլերը ծնվել է հրեա վաճառականի ընտանիքում։ Որոշ աղբյուրների համաձայն՝ յոթ երեխաներից երրորդն էր[16], իսկ համաձայն այլ աղբյուրների՝ ընտանիքի երկրորդ զավակն էր[17]։ Մանուկ հասակում տառապում էր ռախիտով, որի պատճառով մինչև չորս տարեկանը չէր քայլում։ Չորս տարեկանում հիվանդացավ թոքաբորբով և լսեց, թե ինչպես է բժիշկը նրա հորն ասում. «Ձեր որդին կորած է»։ Այդ պահից նա որոշեց դառնալ բժիշկ[18]։ Նա շատ հետաքրքրված էր հոգեբանության, սոցիոլոգիայի և փիլիսոփայության հարցերով։ Վիեննայի համալսարանում սովորելուց հետո նա մասնագիտացավ ակնաբուժության, ավելի ուշ՝ նյարդաբանության և հոգեբուժության մեջ[19]։ Ուսանողական տարիներին ծանոթացավ ապագա կնոջ՝ Ռաիսա Էփշտեյնի հետ՝ սոցիալական ակտիվիստ Ռուսաստանից, ով սովորում էր Վիեննայում։ Նրանք ամուսնացան 1887 թվականին և ունեցան չորս երեխաներ, որոնցից երկուսը դարձան հոգեբույժներ։ Նրանց զավակներն են գրող, հոգեբույժ և սոցիալական ակտիվիստ Ալեքսանդրա Ադլերը[20], հոգեբույժ Կուրտ Ադլերը[21], գրող և ակտիվիստ Վալենտինա Ադլերը[22] և Քորնելիա Ադլերը[23]։ Բժշկի իր կարիերան սկսել է որպես ակնաբույժ, բայց շուտով սկսեց զբաղվել ընդհանուր բժշկական պրակտիկայով։ Հիմնադրեց իր կլինիկան Վիեննայի ոչ այնքան հարուստ թաղամասում, որտեղ կար կրկես և զբոսայգի։ Նրա հիվանդները շատ հաճախ կրկեսից էին, և ենթադրվում է[24], որ նրանց անսովոր ուժն ու թուլությունները հանգեցրել են «օրգանների թերարժեքության» և «դրանց կոմպենսացիաների» ոլորտում ինսայթների։ 1902 թվականին Զիգմունդ Ֆրոյդի կողմից ստացավ հրավեր մասնակցելու ոչ ֆորմալ խմբային քննարկումների։ Խումբը, որը կոչվում էր «Չորեքշաբթի ասոցացիա», չորեքշաբթի օրերին պարբերական հանդիպումներ էր ունենում և հանդիսանում էր հոգեվերլուծական շարժման նախահիմքը։ Ադլերը ութ տարի անց՝ 1910 թվականին, դարձավ Վիեննայի հոգեվերլուծական ասոցացիայի նախագահը։ Ասոցացիային նա անդամակցեց մինչև 1911 թվականը, երբ Ադլերն ու իր խումբը առանձնացան Ֆրոյդյան խմբից։ 1912 թվականին Ադլերը հիմնադրեց Անհատական հոգեբանության ասոցացիան։1930-ական թվականների սկզբերին՝ Ադլերի կլինիկաների մեծ մասը փակելուց հետո, Ադլերը տեղափոխվեց ԱՄՆ։ Մահացել է 1937 թվականին Շոտլանդիայի Աբերդին քաղաքում դասախոսության ժամանակ, սակայն դիակիզման մնացուկները մինչև 2007 թվականը չէին հայտնաբերվել[25]։
Կարելի է առանձնացնել Ադլերի տեսության հետևյալ դրույթները.
Ադլերի տեսության հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն ունի սահմանափակ քանակով հիմնական հասկացություններ և սկզբունքներ՝ թերարժեքության զգացում և կոմպենսացիա, կատարելության ձգտում, կյանքի ոճ, սոցիալական հետաքրքրություն, ստեղծագործական Ես, ծննդյան հաջորդականություն, ֆիկցիոն ֆինալիզմ։
Ադլերն իր «Օրգանի թերարժեքություն և նրա հոգեկան կոմպենսացիան» մենագրությունում զարգացրեց տեսություն այն մասին, որ յուրաքանչյուր անհատի մոտ որոշ օրգաններն ավելի թույլ են, քան մյուսները, ինչը մարդուն դարձնում է առավել ընկալունակ հենց այդ օրգանների հիվանդությունների հանդեպ։ Ադլերը նկատեց, որ մարդիկ, ովքեր ունեն արտահայտված օրգանական թուլություն կամ խնդիր, հաճախ ձգտում են այդ թերությունը կոմպենսացնել մարզումների և վարժանքների ճանապարհով, ինչը շատ հաճախ հանգեցնում է վարպետության բարձրացմանը։ Նա գրում է, որ օրգանի թերարժեքությունը, նրա բնածին թուլությունը կարող է հանգեցնել մարդու կյանքում տպավորիչ ձեռքբերումների։ Սակայն այն կարող է հանգեցնել նաև սեփական թերարժեքության արտահայտված զգացման, եթե ջանքերը, որոնք ուղղված են թերության կոմպենսացիային, չեն հանգեցնում ցանկալի արդյունքի։ Ադլերն ընդգծում է այն բանի կարևորությունը, որ կոմպենսացիայի գործընթացն իր տեղն ունի ոչ միայն մարմնական, այլ նաև հոգեկան ոլորտում։ Սա նշանակում է, որ մարդիկ ոչ միայն ձգտում են կոմպենսացնել օրգանի թերարժեքությունը, այլ նրանց մոտ նաև դրսևորվում է սեփական թերարժեքության սուբյեկտիվ զգացում, որը զարգանում է սեփական հոգեբանական կամ սոցիալական անկարողությունից։ Ադլերը ենթադրում էր, որ թերարժեքության զգացման հիմքերը գտնվում են մանկությունում, ինչը բացատրում էր հետևյալ ձևով. երեխան ապրում է ծնողներից կախվածության երկարատև շրջան, երբ ինքը միանգամայն անօգնական է, և իր կենսագործունեությունը հենվում է ծնողների վրա։ Այս փորձը երեխայի մոտ առաջացնում է թերարժեքության խորն ապրումներ ընտանեկան հարաբերություններում՝ ընտանիքի մյուս անդամների հետ հարաբերությամբ, որոնք երեխայի կողմից դիտարկվում են որպես ավելի ուժեղ և հզոր։ Ադլերը գտնում էր, որ թերարժեքության այս վաղ զգացման դրսևորումը հանդիսանում է շրջապատողների հանդեպ գերազանցության ձգտման համար երկարատև պայքարի սկիզբ, ինչպես նաև անթերիութուն և կատարելիություն ձեռք բերելու ցանկության նախապայման։
Ըստ Ադլերի, այն ամենը, ինչ անում են մարդիկ, մեծ մասամբ ունի սեփական թերարժեքության հաղթահարման և կատարելության ձգտման նպատակ։ Այս թերարժեքության զգացումը տարբեր պատճառներով որոշ մարդկանց մոտ կարող է չափից ավելի դրսևորվել, ինչ արդյունքում առաջանում է թերարժեքության բարդույթ՝ սեփական թուլության և չկայացվածության չափազանված զգացում։ Ադլերն առանձնացնում էր մանկության երեք ապրում, որոնք նպաստում են թերարժեքության բարդույթի զարգացմանը՝
Երեխաները, ովքեր ունեն բնսծին որևէ ֆիզիկական ոչ լիարժեքություն, կարող են ունենալ հոգեբանական թերարժեքության զգացում։ Մյուս կողմից, երեխաները, որոնց ծնողները չափից ավելի խնամք են ցուցաբերում, մեծանում են իրենց հնարավորությունների մեջ անվստահ, քանի որ նրանց փոխարեն ամեն ինչ միշտ արվել է ուրիշների կողմից։ Երրորդ տարբերակի պարագայում երեխաներն իրենց անցանկալի են համարում, վստահ չեն, որ կարող են լինել օգտակար, լինել սիրված և գնահատված։ Ի պատասխան վերոնշյալ ապրումների՝ կարող են ի հայտ գալ հիպերկոմպենսացիաներ, որոնք հանգեցնեն գերարժեքության բարդույթի։ Այս պարագայում դիտվում է սեփական ֆիզիկական, ինտելեկտուալ և սոցիալական ընդունակությունները մեծացնելու միտում։
Ի տարբերություն գերազանցության բարդույթի, առանց այս ձգտման մարդու կյանքը պատկերացնել հնարավոր չէ։ Ադլերը վստահ էր, որ գերազանցության ձգտումը հանդիսանում է բնածին որակ, որից մենք երբեք չենք ազատվում. այդ պատճառով էլ այդ ձգտումը հենց ինքը կյանքն է։ Այդ զգացումը պետք է զարգացնել և դաստիարակել, եթե մարդը ցանկանում է իրացնել իր պոտենցիալը։ Ծննդյան օրվանից սկսած այն գոյություն ունի տեսական հնարավորությունների տեսքով։ Մեզանից յուրաքանչյուրին մնում է միայն այդ հնարավորությունների իրացումը սեփական ուղով։ Ադլերը գտնում էր, որ այս գործընթացը սկսվում է կյանքի հինգերորդ տարում, երբ ձևավորվում է կյանքի նպատակը։ Իր ձևավորման սկզբնական փուլերում լինելով ոչ հստակ և հիմնականում անգիտակցական՝ այս նպատակը դառնում է մոտիվացիայի աղբյուր, ուժ, որը կազմակերպում է մեր կյանքը և նրան տալիս է իմաստ։ Ադլերը առաջադրում է գերազանցության ձգտման բնույթի մասին հետևյալ գաղափարները.
Կյանքի աճը Ադլերի տեսության հիմնական գաղափարներից, որը կարելի է սահմանել որպես վարքաձևերի, սովորությունների, անձնային գծերի յուրահատուկ համադրություն, որոնք միասին վերցրած պայմանավորում են անհատի գոյության անկրկնելի պատկեր։ Ադլերը հանգեց այն եզրակացության, որ մանկության ժամանակ մենք մեզ թերարժեք են՝ զգում կա՛մ երևակայությունում, կա՛մ իրականության մեջ, և սա մեզ դրդում է կոմպենսացման։ Օրինակ, երեխան, ով վատ կոորդիանցիա ունի, կաորղ է իր կոմպենսատորային ջանքերն ուղղել աթլետիկ որակների մշակման վրա։ Նրա վարքը, որն ուղղված սեփական ֆիզիկական սահմանափակումների կոմպենսացիային, իր հերթին դառնում է նրա կյանքի աճը՝ վարքային ակտիվ համակարգ՝ ուղղված թերարժեքության հաղթահարմանը։ Ադլերը գտնում էր, որ կյանքի ոճը չորսից հինգ տարեկանում այնպես է ամրագրվում, որ հետագայում փոփոխություններ գրեթե չի կրում։ Ձևավորված կյանքի ոճը պահպանվում և դառնում է ապագայում մարդու վարքի հիմքը։ Նրանից է կախված, թե մեր կյանքի և շրջապատի որ կողմերին մենք առավել ուշադրություն կդարձնենք, իսկ որոնք կմնան մեր ուշադրությունից դուրս։ Մեր հոգեկան գործընթացները կազմակերպված են մեկ միասնության մեջ և ձեռք են բերում նշանակություն մեր կյանքի ոճի կոնտեքստում։ Ադլերն առաջարկեց դիրքորոշումների տիպաբանություն՝ պայմանավորված կյանքի ոճերով։ Դասակարգումն իրականացվում է երկչափ սխեմայի կառուցվածքով, որտեղ մի սանդղակն իրենից ներկայացնում է սոցիալական հետաքրքրությունը, իսկ մյուսը՝ ակտիվության չափը։ Սոցիալական հետաքրքրությունն իրենից ներկայացնումէ բոլոր մարդկանց հանդեպ էմպաթիայի զգացում, որը դրսևորվում է ուրիշների հետ համագործակցության մեջ ավելի շուտ ընդհանուր հաջողության, քան անձնական շահի համար։ Ադլերի տեսությունում սոցիալական հետաքրքրությունը հանդես է գալիս թրպես հոգեբանական հասունության հիմնական սկզբունք, իսկ նրա հակադիրն է էգոիստական հետաքրքրությունը։ Ակտիվության աստիճանը կապված է այն բանի հետ, թե ինչպես է մարդը մոտենում իր կյանքային պրոբլեմների լուծմանը։ Յուրաքանչյուր մարդ ունի որոշակի էներգետիկ մակարդակ, որի սահմաններում էլ նա առաջ է տանում իր խնդիրները։ Էներգիայի կամ ակտիվության տվյալ մակարդակը սովորաբար սահմանվում է մանկության ժամանակ և ունի անհատական բնույթ յուրաքանչյուրի համար։ Ակտիվության մակարդակն ունի կոնստրուկտիվ կամ դեստրուկտիվ բնույթ միայն սոցիալական հետաքրքրության հետ համադրության տեսանկյունից։ Ադլերն առաջադրում է դիրքորոշումների հետևյալ տիպերը, որոնցից առաջին երեքին բնութագրական է սոցիալական հետաքրքրության անբավարար արտահայտվածություն, սակայն տարբերվում են ակտիվության աստիճանով։ Չորրորդ տիպին բնորոշ է և՛ բարձր սոցիալական հետաքրրություն, և՛ ակտիվության բարձր մակարդակը։
Իր գիտական ուղու սկզբում Ադլերը գտնում էր, որ մարդիկ մոտիվացվում են անձնային գերազանցության և ուրիշներին դոմինանտելու անհագ ծարավով։ Ավելի ուշ՝ իր տեսական հայեցակարգի զարգացմանը զուգընթաց, Ադլերը սկսեց հաշվի առնել այն հանգամանքը, որ մարդիկ նշանակալիորեն մոտիվացվում են սոցիալական դրդումներով։ Մարդկանց այս կամ այն սոցիալական գործողության է դրդում սոցիալական բնազդը, որը նրանց ստիպում է հրաժարվել էգոիստական նպատակներից խմբի նպատակների համար։ Այս կոնցեպցիայի էությունն այն է, որ մարդիկ իրենց անձնային պահանջմունքը ենթարկեցնում են սոցիալական օգտակարություն ունեցող գորժին։ Սոցիալական հետաքրքրությունը ենթադրում է մարդկության հետ իդենտիֆիկացիայի զգացում և մարդկային ռասայի յուրաքանչյուր ներկայացուցչի հետ նմանություն։ Սոցիալական հետաքրքրության նախադրյալները բնածին են։ Սակայն նրա զարգացումը ինքնուրույն չի լինում, այլ պահանջում է գիտակցաբար զարգացում։ Այն դաստիարակելի է և արդյունքը նկատելի է վերահսկողության և վարժանքի պարագայում։ Այն զարգանում է սոցիալական շրջապատում։ Նախ և առաջ մայրը, ապա ընտանիքի մյուս անդամները, նպաստում են սոցիալական հետաքրքրության զարգացմանը։ Ըստ Ադլերի, մայրական ներդրումն ունի երկակի բնույթ՝ հասուն սոցիալական հետաքրքրության ձևավորման խրախուսում և օգնություն մայրական սահմաններից դուրս սոցիալական հետաքրքրությունը ուղղորդելու մեջ։ Մոր խնդիրն է երեխայի մեջ համագործակցություն, ընկերական հարաբերությունների ձգտելու զգացում դաստիարակել։ Մոր առողջ սերը նպաստում է երեխայի մոտ սոցիալական հետաքրքրության ձևավորմանը։ Մոր սերը երեխաների, ամուսնու հանդեպ, երեխայի համար ծառայում է մոդել, որը երեխան յուրացնում է, սկսում է հասկանալ, որ ընտանիքի անդամներից բացի աշխարհում այլ նշանակալի մարդիկ նույնպես կան։ Սակայն շատ դիրքորոշումներ, որոնք ձևավորվում են մայրական դաստիարակության ընթացքում, կարող են նաև բացասաբար ազդել և ճնշել երեխայի սոցիալական հետաքրքրությունը։ Ադլերը հորը դիտարկում էր որպես երեխայի սոցիալական հետաքրքրության վրա ազդող ըստ կարևորության երկրորդ աղբյուր։ Նախ և առաջ, հայրը պետք է դրական դիրքորոշում ունենա կնոջ, աշխատանքի և հասարակության հանդեպ։ Նրա սոցիալական հետաքրքրությունը պետք է դրսևորվի երեխաների նկատմամբ։ Ադլերը նշում է, որ իդելական է այն հայրը, ով իր երեխաներին վերաբերում է ինչպես հավասարի և իր կնոջ հետ միասին ակտիվ մասնակցություն է ունենում երեխաների դաստիարակության մեջ։ Դաստիարակության ընթացքում պետք է խուսափել ավտորիտարիզմից և հուզական ցանկապատումից։ Ադլերն առաջարկում է սոցիալական հետաքրքրվածության արտահայտվածությունն օգտագործել որպես անհատի հոգեկան առողջության գնահատման չափանիշ։ Հոգեպես առողջ մարդը անհանգստանում է ուրիշների համար, նրանց գերազանցության ձգտումը սոցիալապես դրական է և ներառում է բոլոր մարդկանց բարեկեցության ձգտում։
Ստեղծագործ Ես-ը հանդիսանում է ադլերյան տեսության գլխավոր կոնստրուկտը։ Նրանում արտացոլվում է մարդկային կյանքի ակտիվ բնույթը, այն ինչը նրան տալիս է նշանակություն։ Ադլերը գտնում էր, որ կյանքի ոճը ձևավորվում է անձի ստեղծագործական ընդունակությունների ազդեցությամբ։ Այլ կերպ ասած յուրաքանչյուրն ունի իր սեփական կյանքի ոճը ազատ ստեղծելու հնարավորություն։ Մարդը ինքն է պատասխանատու, թե ով կդառնա և ինչպես իրեն կդրսևորի։ Այդ ստեղծագործ ուժը պատասխանատու է մարդու կյանքի նպատակների, նրա ձեռքբերման մեթոդի ընտրության համար և նպաստում է սոցիալական հետաքրքրության զարգացմանը։ Այդ նույն ստեղծարար ուժն է ազդում ընկալման, հիշողության, երևակայության, երազների վրա։ Այն մարդուն դարձնում է ազատ, ինքնապայմանավորող անհատ։ Ադլերը չէր բացառում ժառանգականության և միջավայրի ազդեցությունը անձի ձևավորման վրա։ Յուրաքանչյուր մարդ ծնվում է գենետիկական հնարավորություններով և կյանքի ընթացքում ձեռք է բերում իր յուրահատուկ սոցիալական փորձը։ Լինելով ստեղծարար էակ՝ մարդն օգտագործում է ժառանգականությունը և շրջապատը որպես իր անձի ձևավորման կառուցողական նյութ, սակայն անձի ձևավորման ընթացքում և այդ ժամանակ առաջացող խնդիրների լուծման մեջ արտացոլվում է իր սեփական ոճը։ Մարդու ստեղծագործ ուժը հանդիսանում է երկարատև պատմական էվոլյուցիայի արդյունք։
Անձի զարգացման մեջ սոցիալական կոնտեքստի կարևորությունից ելնելով՝ Ադլերը ուշադրություն դարձրեց ծննդյան հաջորդականությանը՝ որպես կյանքի ոճին ուղեկցող դիրքորոշումների հիմնական դետերմինանտ։ Եթե երեխաներն ունեն միևնույն ծնողները, նրանք ապրում են ընտանեկան գրեթե միանման պայմաններում, սակայն նրանց սոցիալական շրջապատը նույնական չէ։ Ավագ կամ կրտսեր երեխայի փորձը ընտանիքի մյուս երեխաների հարաբերությամբ, ծնողական դիրքորոշումների և արժեքների ազդեցության առանձնահատկությունները փոփոխվում են ընտանիքում հաջորդ երեխաների առաջացմամբ պայմանավորված՝ խիստ ազդեցություն ունենալով կյանքի ոճի վրա։ Ըստ Ադլերի, ընտանիքում երեխայի ծննդյան հաջորդականությունը (դիրքը) ունի որոշիչ նշանակություն։ Հատկապես ընդգծում է երեխայի կողմից իրավիճակի ընկալման կարևորությունը, որը կախված է նրանից, թե ինչպես է ազդում իր ծննդյան դիրքը կյանքի ոճի վրա։
Ադլերը գրում է, որ ոչ բոլոր երեխաների կյանքի ոճն է լիովին համընկում իր կողմից տրված ընդհանուր նկարագրության հետ։
Ադլերը գտնում էր, որ մեր հիմնական նպատակները (այն նպատակները, որոնք պայմանավորում են մեր կյանքի ուղղվածությունը և նշանակությունը) իրենցից ներկայացնում են ֆիկտիվ, պայմանական նպատակներ, որոնց հարաբերակցությունը իրականության հետ հնարավոր չէ ո՛չ ստուգել, ո՛չ հաստատել։ Օրինակ, մարդիկ կարող են կառուցել իրենց կյանքը այն պատկերացումից ելնելով, որ լարված աշխատանքը և հաջողությունը օգնում են հասնել ամեն ինչ։ Ադլերի տեսանկյունից սա ընդամենը ֆիկցիա է, քանի որ ոչ բոլոր լարված աշխատողներն են ստանում այն, ինչի արժանի են։ Ըստ Ադլերի, անհատի ձգտումը գերազանցության ղեկավարվում է նրա կողմից ընտրված ֆիկտիվ նպատակով։ Նա նաև ենթադրում էր, որ գերազանցությունը որպես նպատակ հանդիսանում է ինքնուրույն որոշման ընդունման արդյունք. այդ նպատակը ձևակերպվում է անհատի սեփական ստեղծագործ ուժով, ինչը նպատակը դարձնում է անհատական-յուրահատուկ։ Ընդ որում այս նպատակը գոյություն ունի ոչ թե ապագայում, այլ ապագայի ընկալման մեր ներկա ընկալումներում։ Երբ անհատին հայտնի է իր ֆիկտիվ նպատակը, ապա նրա բոլոր հաջորդող գործողությունները լցվում են իմաստով, նրա կյանքի պատմությունը ձեռք է բերում լրացուցիչ բացատրություն։ Ադլերը նշում է, որ եթե այդպիսի նպատակները չեն իրականացնում կողմնորոշիչի ֆունկցիա առօրյա կյանքում, ապա դրանց պետք է փոխել։
Ադլերյան հոգեթերապիան թերապևտիկ ուղղություն է, որը զարգացել է Ադլերի գիտական գաղափարների հիման վրա և որի հիմնադիրը համարվում է հենց Ալֆրեդ Ադլերը[26][27]։ Ադլերյան հոգեթերապիայի ուսուցման և զարգացման կարևոր կենտրոններից է Ադլերի անվան պրոֆեսիոնալ հոգեբանության դպրոցը Չիկագոյում, ԱՄՆ[28]։
Ադլերյան խորհրդատվությունը հիմնվում է այցելուի և խորհրդատուի միջև համագործակցային համաձայնության վրա։ Թերապևտիկ գործընթացը ներառում է փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերությունների հաստատում, անձի և կենսակերպի հոլիստական ուսումնասիրություն և գնահատում, սխալ նպատակների և ենթադրությունների հայտնաբերում և շտկում։ Այս ամենն ուղեկցվում է այցելուի վերակրթությամբ և կյանքի դրական կողմերի հանդեպ վերակողմնորոշմամբ։ Թերապիայի հիմնական նպատակը այցելուի պատկանելության զգացման զարգացումն է, սոցիալական հետաքրքրության առաջացումը։ Այցելուներին չեն դիտարկում որպես «հիվանդների», ովքեր ունեն «բուժման կարիք»։ Ադլերյան թերապևտները ավելի շուտ անձնային աճի մոդելի կողմնակիցներն են, քան բժշկական մոդելի։ Թերապևտիկ գործընթացն ուղղված է ինֆորմացիայի տրամադրմանը, ուսուցմանը, խրախուսմանը։ Խրախուսումը դիտարկվում է որպես անձի պատկերացումների փոփոխության ամենաուժեղ միջոց, նպաստում է ինքնավստահության բարձրացմանը։ Ադլերյան թերապևտները այցելուին հնարավորություն են տալիս խնդիրը դիտարկել այլ ասպեկտից, այլ հեռանկարում, իսկ այլընտրանքային եղանակի ընտրության մասին որոշումը պատկանում է միայն այցելուին։ Համագործակցության մթնոլորտը նպաստում է այցելուի կողմից ինքնասահմանված նպատակների ձեռքբերմանը։ Այցելուն սովորում է նոր ձևով նայել իրեն, ուրիշներին և կյանքին։ Այցելուին նոր «կոգնիտիվ քարտեզի» տրամադրման գործընթացում թերապևտը օգնում է այցելուի ընկալումների փոփոխությանը։ Կարելի է առանձնացնել հետևյալ թերապևտիկ նպատակները՝
Թերապևտի հիմնական ֆունկցիան այցելուի համակողմանի գնահատումն է։ Թերապևտները հաճախ անհատի մասին ինֆորմացիայի հավաքագրման ժամանակ օգտագործում են «ընտանեկան համաստեղության» հարցարանը, որը ընդգրկում է հարցեր ծնողների, քույրերի և եղբայրների, տանն ապրող այլ հարազատների մասին։ Երբ ամփոփվում և մեկնաբանվում են տվյալները, հարցարանը տալիս է անհատի վաղ սոցիալական աշխարհի պատկերը։ Այս ինֆորմացիայի հիման վրա թերապևտը կարող է ստանալ այցելուի հաջողությունների և անհաջողությունների ոլորտների և այցելու պատկերացումների մասին հեռանկարային պատկեր։ Գնահատման գործընթացում թերապևտը նաև օգտագործում է վաղ հիշողությունները։ Վաղ հիշողությունները սահմանվում են որպես «պատմություններ կամ իրադարձություններ, որոնք ըստ անձի պատահելեն մինչև նրա 10 տարեկան հասակը»[29]։ Այս հիշողությունները թերապևտին հնարավորություն են տալիս հայտնաբերել այցելուի կյանքի խոշոր հաջողությունները և սխալները։ Այս հիշողությունները հատկապես կարևոր են ֆունկցիոնալ գնահատման համար, քանի որ հնարավորություն են տալիս հասկանալ, թե ինչ են այցելուները անում և ինչպես են մտածում։ Այս հիշողությունների գնահատումը կազմում է այն գործընթացի մաս, որը կոչվում է կենսակերպի, կյանքի ոճի գնահատում։ Վերջինս ենթադրում է այցելուի դրդապատճառների և նպատակների գնահատում։ Երբ այս գործընթացն ավարտվում է, այցելուն և թերապևտը սահմանում են թերապիայի թիրախը։
Ադլերյան թերապիան ունի չորս հիմնական փուլեր, որոնք բնութագրվում են ոչ գծային զարգացմամբ։
Օբյեկտիվ հարցազրույցը ենթադրում է հետևյալ ինֆորմացիայի դուրսբերում՝
Անհատի գնահատումը սկսվում է ընտանիքի համաստեղության և վաղ մանկության պատմության ուսումնասիրությամբ։ Թերապևտը առաջնորդվում է այն գաղափարով, որ անհատի կողմից իր, ուրիշների, աշխարհի, կյանքի մասին մեկնաբանությունները ղեկավարում են մարդու վարքը։ Ադլերը ընտանիքը դիտարկում է որպես անհատի զարգացման վրա կենտրոնական ազդեցություն ունեցող կառույց։ Ադլերը ենթադրում էր, որ ընտանիքի համաստեղության միջոցով է յուրաքանչյուրը ստեղծում պատկերացումներ իր, ուրիշների և աշխարհի մասին։ Ադլերյան գնահատման մեջ կարևորվում է այն հանգամանքը, թե ինչպես է այցելուն գնահատում ներընտանեկան մթնոլորտը իր մանկության ժամանակ, ծննդյան հաջորդականությունը, ծնողական հարաբերությունները և ընտանեկան արժեքները, ընդլայնված ընտանիքը և մշակույթը։ Ադլերը գտնում էր, որ միլիոնավոր վաղ հիշողություններից մենք ընտրում ենք միայն նրանք, որոնք արտացոլում են մեր հիմնական համոզմունքները և սխալները։
Seamless Wikipedia browsing. On steroids.