From Wikipedia, the free encyclopedia
Աբրահամ Գ Կրետացի (17-րդ դար, Հերակլիոն[1][2] - ապրիլի 18, 1737[1], Վաղարշապատ[2]), Ամենայն հայոց կաթողիկոս 1734 թվականից, պատմագիր։ Հաջորդել է Աբրահամ Բ Խոշաբեցուն։
Ծնվել է Կրետե կղզու Կանդիա քաղաքում։ Նախքան կաթողիկոսական գահը ստանձնելը եղել է Երուսաղեմի միաբան և նվիրակ, 1709–1734 թթ.՝ Թրակիայի Ռոդոսթո քաղաքի թեմի առաջնորդ, որի համար կոչվել է նաև Թեքիրդաղցի։
Կրետացու օրոք Հարավային Կովկասի քաղաքական դրությունն անկայուն էր։ Իրանում ասպարեզ իջած Թահմազ Ղուլի խանը (ապագա Նադիր շահը), պատերազմելով Թուրքիայի դեմ, վերանվաճել է Իրանի կորցրած հողերը, այդ թվում՝ Անդրկովկասը։ Աբրահամ Գ Կրետացին շահելով Իրանի արքա Նադիր շահի վստահությունը, վերականգնել է Էջմիածնի կաթողիկոսական աթոռի կալվածատիրական իրավունքները և գերությունից ու աքսորից փրկել բազմաթիվ հայերի։ Կրետացու միջնորդությամբ խանը թույլատրել է Մելիք Հակոբջանին Երևանում հիմնել դրամատուն և կտրել արծաթե ու պղնձե դրամներ։
Գրել է «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր Շահին պարսից» երկը (բաղկացած է 53 գլխից, առաջին անգամ հրատարակվել է 1796 թ. Կալկաթայում), որտեղ նկարագրվում է Թահմազ Ղուլի խանի պատերազմները Անդրկովկասում և Մուղանի դաշտում 1736 թվականի մարտի 10-ին Թահմազ Ղուլիին շահ թագադրելու արարողությունը։
Կրետացու «Պատմագրությունը» տպագրվել է 1796 թվականին, Կալկաթայում[3] և 1870 թվականին՝ Վաղարշապատում։ Այն ֆրանսերեն է թարգմանել ֆրանսիացի պատմաբան, հայագետ Մարի-Ֆելիսիտե Բրոսեն և հրատարակել «Collection d'historiens armeniens» ժողովածուում (հ. 2, 1876)։
Կաթողիկոսական գահին Աբրահամ Գ Կրետացուն հաջորդում է Ղազար Ա Ջահկեցին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.