From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ-ի տնտեսություն (անգլ.՝ Economy of the United States), աշխարհի խոշորագույն տնտեսությունը ըստ անվանական համախառն ներքին արդյունքի[1], որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր կազմում է համաշխարհային անվանական ՀՆԱ-ի գրեթե 25 տոկոսը՝ արտահայտված ԱՄՆ դոլարով[2]։
ԱՄՆ-ը շուկայական տնտեսությամբ, զարգացման բարձր մակարդակ ունեցող երկիր է[3]։ Աշխարհում առաջինն է ոչ միայն անվանական ՀՆԱ-ի, այլև ազգային հարստության ծավալով, իսկ ըստ գնողունակության համարժեքության ՀՆԱ-ի գրավում է երկրորդ տեղը՝ 2014 թվականից առաջին տեղը զիջելով Չինաստանին[4]։ Բնակչության մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով էլ աշխարհում 2022 թվականից զբաղեցնում է իններորդ տեղը[5]։ ԱՄՆ-ն ունի տեխնոլոգիապես առավելագույն հզոր, արդիականացված տնտեսությունն աշխարհում, նրա ֆիրմաները առաջատար դիրքեր են զբաղեցնում հատկապես արհեստական բանականության, համակարգիչների, դեղագործական, բժշկական արտադրանքի, օդատիեզերագնացության, ռազմական արդյունաբերության բնագավառներում[6]։ Ամերիկյան դոլարը միջազգային գործարքներում ամենաշատ գործածվող դրամական միավորն է, ինչպես նաև որպես պահուստի միջոց ամենաապահովը համարվող արժույթը, և դա շնորհիվ երկրի հզոր տնտեսության, ռազմական ուժի, նավթադոլարային համակարգի, ֆինանսական ընդարձակ շուկայի[7][8]։ Որոշ երկրներ ամերիկյան դոլարը գործածում են որպես իրենց պաշտոնական դրամական միավոր, մի շարք երկրներում էլ այդպես է de facto[9][10]: ԱՄՆ-ի առևտրային խոշորագույն գործընկերներն են Չինաստանը, Եվրոպական միությունը, Կանադան, Մեքսիկան, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունը և Թայվանը[11]։ Միացյալ Նահանգները ապրանքներ ներկրող խոշորագույն երկիրն է աշխարհում, իսկ արտահանման ընդհանուր ծավալով երկրորդ տեղն է գրավում[12]։ Ազատ առևտրի համաձայնագրեր են կնքված մի ամբողջ շարք երկրների հետ՝ ներառյալ Մեքսիկան, Կանադան, Ավստրալիան, Հարավային Կորեան, Շվեյցարիան, Իսրայելը, մի քանի պետությունների հետ էլ այդ կապակցությամբ բանակցություններ են ընթանում[13]։
Երկրի տնտեսության աճի ու զարգացման համար հիանալի խթան են հանդիսանում բնական պաշարների առատությունը, լավ զարգացած ենթակառուցվածքները, արտադրության բարձր արդյունավետությունը[14]։ Ըստ բնական պաշարների ամբողջ ծավալի գնահատման՝ ԱՄՆ-ը երկրորդ տեղն է գրավում. այդ ցուցանիշը, ամերիկյան դոլարներով արտահայտած, 2019 թվականի դրությամբ կազմել է 44.98 տրիլիոն[15]։ Ամերիկյան տնային տնտեսություններն ամենամեծ եկամուտն ունեն, իսկ ամերիկացի աշխատողներն էլ՝ ամենաբարձր վարձատրությունը տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ պետությունների շարքում[16]։
1890 թվականին ԱՄՆ-ը գերազանցել է Բրիտանական կայսրությանը՝ դառնալով առավելագույն արդյունավետություն ունեցող պետությունն աշխարհում[17]։ Դարձել է ամենամեծ ծավալով նավթ ու բնական գազ արտադրողը[18]։ 2016 թվականին եղել է աշխարհի խոշորագույն առևտրային երկիրը[19], ինչպես նաև՝ ամենաշատ արդյունաբերական արտադրանք թողարկողը՝ ապահովելով աշխարհում թողարկվող արդյունաբերական արտադրանքի մեկ հինգերորդ մասը[20]։ ԱՄՆ-ն ունի ոչ միայն ապրանքների ամենամեծ ներքին շուկան, այլև բոլոր երկրներին գերազանցում է մատուցվող ծառայությունների ծավալով։ 2018 թվականին ԱՄՆ-ի առևտրի ամբողջ ծավալը կազմել է $4.2 տրիլիոն դոլար[21]։ Աշխարհի խոշորագույն 500 ընկերություններից 121-ի գլխավոր գրասենյակները գտնվում են ԱՄՆ-ում[22]։ Այստեղ են ապրում ամենամեծ թվով միլիարդատերերը՝ մոտավորապես 3 տրիլիոն ամերիկյան դոլար ընդհանուր կարողությամբ[23][24]։ 2020 թվականի օգոստօսի դրությամբ ԱՄՆ-ի առևտրային բանկերը տիրապետում էին շուրջ 20 տրիլիոն դոլար ակտիվների[25]։ Իսկ ամերիկայն կառավարմանը ենթակա բոլոր ակտիվների հանրագումարը անցնում է 30 տրիլիոն դոլարից[26][27]։
New York Stock Exchange-ը և ՆԱՍԴԱՔ-ը շուկայական կապիտալացման մակարդակով և առևտրային ծավալով խոշորագույն ֆոնդային բորսաներն են աշխարհում[28][29]։ Օտարերկրյա ներդրումների ծավալով նույնպես ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում. դրանք ընդհանուր առմամբ հասնում են մոտավորապես 4 տրիլիոն դոլարի[30], իսկ արտասահմանյան երկրներում ամերիկացիների կատարած ներդրումների ընդհանուր ծավալն անցնում է $5.6 տրիլիոնից[31]։ ԱՄՆ-ի տնտեսությունը միջազգային վարկանիշային ցանկում առաջինն է վենչուրային կապիտալի[32], ինչպես նաև հետազոտությունների ու զարգացման ֆինանսավորման ասպարեզում[33]։ 2018 թվականին սպառողական ծախսերը կազմել են ԱՄՆ-ի տնտեսության 68%-ը[34], իսկ եկամտի մեջ աշխատանքի բաժինը` 43%-ը (2017 թ.)[35]: ԱՄՆ-ն ունի ամենամեծ սպառողական շուկան աշխարհում[36]։ Նրա աշխատաշուկան ներգաղթյալներ է գրավում աշխարհի բոլոր ծայրերից[37]։ ԱՄՆ-ն աշխարհում առաջատար դիրքեր է գրավում նաև Doing Business-ի, Global Competitiveness Report-ի և այլ ցուցիչներով[38]։
ԱՄՆ-ի տնտեսությունը զգալի անկում է ապրել մեծ ռեցեսիայի շրջանում՝ 2007 թվականի դեկտեմբերից մինչև 2009 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում։ Ընդ որում՝ իրական ՀՆԱ-ն նախաճգնաժամային պիկին է հասել 2011 թվականին[39], գործազրկության մակարդակը՝ 2015 թվականի սեպտեմբերին[40]։ ԱՄՆ-ը 2017 թվականին բնակչության տարբեր շերտերի եկամուտների անհավասարության տեսակետից 156 երկրների շարքում գրավել է 41-րդ տեղը[41], իսկ Արևմտյան աշխարհի երկրների շարքում՝ առաջին տեղը[42]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.