Քաղցկեղ
ուռուցք, որը վտանգ է ներկայացնում օրգանիզմի կյանքի համար / From Wikipedia, the free encyclopedia
Քաղցկեղ, հիվանդությունների խումբ, որի հիմքում բջջի չկանոնակարգված բազմացումն է և դեպի այլ օրգաններ տարածվելու պոտենցիալ ունակությունը[1][2]։ Ի հակադրություն քաղցկեղի՝ բարորակ ուռուցքների մեծամասնությունը չի տարածվում օրգանիզմի այլ մասեր[2] (բացառ.՝ արգանդի բարորակ լեյոմիոմա[3])։ Հնարավոր ախտանիշներն են՝ արյունահոսություն, ձգձգվող հազ, առանց ակնհայտ պատճառի քաշի կորուստ և այլն[4]։ Այս ախտանիշները կարող են ի հայտ գալ ինչպես քաղցկեղի, այնպես էլ այլ հիվանդությունների դեպքում[4]։ Մարդկանց շրջանում հանդիպում է քաղցկեղի ավելի քան 100 տեսակ[2]։
Քաղցկեղ Cancer | |
---|---|
Բջջի չկանոնակարգված բազմացման հետևանքով առաջացած ուռուցք, որը կարող է մետաստազավորվել օրգանիզմի այլ հատվածներ | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Ժառանգական նախատրամադրվածություն, միջավայրի վնասակար գործոններ, ապրելակերպ |
Փոխանցման ձև | ոչ վարակիչ |
Հիվանդության ախտանշաններ | Ցավ, արյունահոսություն, թուլություն, քաշի կորուստ |
Հետևանք | քաղցկեղային ցավ |
Վնասում է | Ուռուցքի տեղակայման օրգանը, մետաստազների տեղակայման օրգանները, ընդհանուր օրգանիզմը |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
ՀՄԴ-10 | C00-C97 |
Անվանվել է | crab? և խեցգետնանմաններ |
Հոմանիշներ | չարորակ ուռուցք, չարորակ նորագոյացություն |
Ռիսկի գործոններ | տարիք, ծխել, ալկոհոլի չարաշահում, ֆիզիկական ակտիվության բացակայություն, սննդակարգում մրգերի ու բանջարեղենի աղքատություն |
Ախտորոշում | Ռենտգեն հետազոտությու, ուլտրաձայնային հետազոտություն, ՀՇ, ՄՌՇ, էնդոսկոպիա, բիոպսիա |
Տարբերակիչ ախտորոշում | Բարորակ նորագոյացություններից |
Բուժում | քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա, հորմոնալ թերապիա, թիրախային թերապիա, վիրահատություն |
Բարդություններ | արյունահոսություն, աղիքային անանցանելիություն, ուռուցքային էմբոլիա |
Կանխարգելում | Ֆիզիկական ակտիվությու, խուսափել ծխելուց և ալկոհոլից, առողջ սնունդ |
Հաճախություն | 90.5 միլիոն (2015 թ.) |
Մահացություն | 8.8 միլիոն (2015 թ.) |
Կանխատեսում | 5 տարվա ապրելիությունը՝ 66% |
Ծխախոտի օգտագործումը քաղցկեղից մահացության 22 %-ի պատճառն է[1]։ Եվս 10 % մահացության պատճառն է ճարպակալումը, ոչ ռացիոնալ սննդակարգը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի չարաշահումը[1][5][6]։ Այլ գործոններից են՝ ինֆեկցիաները, իոնիզացնող ճառագայթումը և միջավայրի աղտոտվածությունը[7]։ Արդի աշխարհում քաղցկեղի 15 %-ի պատճառը այնպիսի կենսաբանական ախտածիններն են, ինչպիսիք են՝ հելիկոբակտեր պիլորին (Helicobacter pylori), հեպատիտ B-ն, հեպատիտ-C-ն, մարդու պապիլոմա վիրուսը (Human papillomavirus infection), Էպշտեյն-Բարր վիրուսը (Epstein-Barr virus), մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ, HIV)[1]։ Այս գործոններն իրենց ազդեցությունը թողնում են՝ փոփոխելով բջջի գեները[8]։ Գենետիկ փոփոխությունները տեղի են ունենում նախքան քաղցկեղի զարգանալը[8]։ Մոտ 5-10 % դեպքերում գենետիկ փոփոխույթունները ժառանգված են լինում ծնողներից[9]։ Քաղցկեղը կարող է հայտնաբերվել նշաններով, ախտանիշներով և հետազոտություններով։ Ախտորոշմանը նպաստում են նաև բժշկական տեսանակարահանող միջոցները և բիոպսիան[10]։
Քաղցկեղով կարող են տառապել անգամ չծխող, նորմալ քաշ ունեցող, ալկոհոլը չչարաշահող, մրգեր ու բանաջարեղեն օգտագործող, քաղցկեղածին ինֆեկցաների դեմ պատվաստված մարդիկ[11][12]։ Սկրինինգի օգնությամբ քաղցկեղի ախտորոշումը կիրառելի է արգանդի վզիկի և ուղիղ աղու քաղցկեղի դեպքում[13]։ Սկրինինգ թեստերի նպատակահարմարությունը կրծքագեղձի քաղցկեղի դեպքում հաստատված չէ[13][14]։ Քաղցկեղը հաճախ բուժվում է ճառագայթային թերապիայի, վիրաբուժական միջամտության, քիմիոթերապիայի և թիրախային թերապիայի համակցության միջոցով[1][15]։ Ցավի և այլ ախտանիշների թեթևացումը հիվանդի խնամքի կարևոր բաղադրիչն են։ Պալիատիվ խնամքը կարևոր է հիվանդության ծանր ընթացքի դեպքում[1]։ Ապրելիությունը կախված է քաղցկեղի տեսակից և բուժման սկզբում հիվանդության փուլից[8]։ Քաղցկեղ ունեցող 15 տարեկանից ցածր երեխաների 5 տարվա ապրելիության ցուցանիշը գերազանցում է 80 %-ը[16]։ ԱՄՆ-ում քաղցկեղ ունեցողների 5 տարվա ապրելիության ցուցանիշը 66 % է[17]։
2015 թվականին քաղցկեղով էր տառապում 90,5 միլիոն մարդ։ Տարեկան գրանցվում է 14,1 միլիոն նոր դեպք (այս թիվը մաշկային քաղցկեղներից ներառում է միայն մելանոման)[8]։ Քաղցկեղի պատճառով տարեկան մահանում է 8,8 միլիոն մարդ (ընդհանուր մահացության 15,7 %-ը)։ Տղամարդկանց մոտ քաղցկեղի ամենահաճախ հանդիպող տեսակներն են թոքի քաղցկեղը, շագանակագեղձի քաղցկեղը, հաստ աղու և ուղիղ աղու քաղցկեղը, ստամոքսի քաղցկեղը[18]։ Կանանց մոտ ամենահաճախ հանդիպող տեսակներն են կրծքագեղձի քաղցկեղը, հաստ աղու և ուղիղ աղու քաղցկեղը, թոքի քաղցկեղը և արգանդի վզիկի քաղցկեղը[8]։ Եթե մաշկային քաղցկեղի բոլոր տեսակները ներառվեին քաղցկեղի նոր դեպքերի տարեկան ցուցանիշում, ապա դեպքերը կաճեին 40 %-ով[19][20]։ Երեխաների մոտ սուր լիմֆոբլաստային լեյկեմիան և գլխուղեղի ուռուցքներն ամենահաճախն են հանդիպում (բացառությամբ Աֆրիկայի, որտեղ ոչ-Հոջկինի լիմֆոման հանդիպում է ավելի հաճախ)[16]։ 2012 թվականին 15 տարեկանից ցածր 165․000 երեխայի մոտ ախտորոշվել է քաղցկեղ[18]։ Քաղցկեղի ռիսկն աճում է տարիքի հետ, և քաղցկեղի շատ տեսակներ ավելի հաճախ հանդիպում են զարգացած երկրներում[8]։ Հաճախականությունն ավելանում է մարդկանց կյանքի տևողության ավելացման և զարգացած երկրներում ապրելակերպի փոփոխության հետ[21]։ Քացկեղի հետ կապված ֆինանսական ծախսերը 2010 թվականին աճել են մինչև 1,16 տրիլիոն դոլար[22]։
Հայաստանն աշխարհում առաջինն է քաղցկեղից մահացածների թվով[23]։