Տիբեթ
From Wikipedia, the free encyclopedia
Տիբեթ (չինարեն՝ 西藏 կամ Սիծան, տիբեթերեն՝ བོད་, վայլի՝ bod, արտասանություն (լհասյան բարբառով)՝ բյո) շրջան է Կենտրոնական Ասիայում, գտնվում է Տիբեթյան լեռնաշխարհում։ Տիբեթը համարվում է տիբեթցիների ու մի շարք այլ էթնիկ խմբերի՝ Մոնփա, Թամանգ, Ցյան, Շերփա և Լհոբա ժողովուրդների հայրենիքը։ Ներկայումս Տիբեթի բնակչության կազմում զգալի թիվ են կազմում նաև Հան և Հուեյ ժողովուրդները։ Տիբեթը երկրագնդի ամենաբարձր տարածաշրջանն է, որտեղ միջին բարձրությունը ծովի մակերևույթից 5000 մետր է[1]։ Տիբեթի ամենաբարձր կետը Էվերեստն է՝ Երկիր մոլորակի ամենաբարձր լեռը, որը գտնվում է ծովի մակերևույթից 8848 մետր բարձրության վրա։ Պատմության տարբեր ժամանակաշրջաններում Տիբեթը եղել էր անկախ պետություն կամ գտնվում էր կախվածության մեջ Մոնղոլյան կայսրությունից, Ցին կայսրությունից և այլն։ 1950 թվականին Չամդոյի ճակատամարտից հետո անցել է Չինաստանի վերահսկման տակ։ Տիբեթի ներկայիս սահմանները հիմնականում գծվել են 18-րդ դարում[2]։ 1912 թվականին Ցին դինաստիայի դեմ կազմակերպված Սինհայական հեղափոխությունից հետո ցին զինվորները զինաթափվեցին ու դուրս քշվեցին Տիբեթի շրջանից (Ü-Tsang): Ավելի ուշ՝ 1913 թվականին, շրջանը հռչակեց իր անկախությունը՝ առանց Չինաստանի հանրապետության կառավարության կողմից ճանաչվելու[3]։ Ավելի ուշ Լհասան իր վերահսկողության տակ առավ Չինաստանի Սիկանի շրջանի արևմտյան մի հատված։ Տարածաշրջանը պահպանեց իր ինքնավարությունը մինչև 1951 թվականը, երբ Չամդոյի ճակատամարտից հետո անցավ Չինաստանի վերահսկման տակ, իսկ Տիբեթի կառավարությունն էլ վերացվեց 1959 թվականի անհաջող հեղաշրջման փորձից հետո[4]։ Ներկայումս Չինաստանը վերահսկում է Տիբեթի կենտրոնական և ամրևմտյան հատվածները՝ Տիբեթի ինքնավար շրջանը, մինչդեռ արևելյան հատվածները Սիչուան, Ցինհայ և հարևան նահանգների միջև ընկած ինքնավար վարչական շրջաններ են։ Շրջանում պարբերաբար ուժեղանում են լարվածությունները՝ Տիբեթի քաղաքական կարգավիճակի հետ կապված[5]։
Շրջան Կենտրոնական Ասիայում | ||
---|---|---|
Տիբեթ | ||
བོད་ | ||
Տիբեթը՝ տիբեթական (վերևում) և չինական (ներքևում) հիերոգլիֆների տեսքով | ||
Երկիր | Չինաստան | |
Տվյալ կարգավիճակում | 1965 թվականից | |
Մակերես | 2 500 000 կմ² | |
ԲԾՄ | 4380 մետր | |
Կլիմայի տեսակ | լեռնային | |
Խոսվող լեզուներ | տիբեթերեն | |
Բնակչություն | 10.5 միլիոն մարդ | |
| ||
Տիբեթի տնտեսության մեջ գերակշռում է սպառողական գյուղատնտեսությունը, թեև վերջին տասնամյակներին նկատվում է նաև տուրիզմի աճ։ Հիմնական կրոնը Տիբեթական բուդդայականությունն է և դրան որոշ չափով նման բոն կրոնը[6]։ Բացի վերոնշյալներից՝ Տիբեթում ապրում են նաև տիբեթցի մուսուլմանական և քրիստոնեական փոքրմասնություններ։ Տիբեթական բուդդայականությունը հիմնական ազդեցիկ կրոնն է, որն իր արտացոլումն է գտնում նաև տիբեթյան արվեստում ու երաժշտության մեջ։ Տիբեթյան ճարտարապետությունն իր վրա կրում է չինական և հնդկական ճարտարապետության ազդեցությունը։ Գլխավոր կերակրատեսակներն են տապակած գարին, եղնուղտի (յակ) միսը և չասույման (կարագով թեյ)։