![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/19/Wall_of_Grief_-_opening_ceremony_%252815%2529.jpg/640px-Wall_of_Grief_-_opening_ceremony_%252815%2529.jpg&w=640&q=50)
Վշտի պատ
From Wikipedia, the free encyclopedia
Վշտի պատ (ռուս.՝ Стена скорби), քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձան՝ ստեղծված քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի և ճարտարապետ Անդրեյ Ֆրանգուլյանի կողմից։ Գտնվում է Մոսկվայի Սադովոե կոլցո պողոտայի մոտ՝ Սադովայա-Սպասկայա փողոցի ու Ակադեմիկոս Սախարովի պողոտայի հատման վայրում։
![]() Հուշարձանը բացման օրը, 30 հոկտեմբերի, 2017 թվականի | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Բարձրություն | 6 մետր |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Մոսկվա |
Նյութ | բրոնզ, գրանիտ և քար |
Ներկա վիճակ | կանգուն |
կայք | |
![]() |
Նմանատիպ հուշարձան ստեղծելու գաղափարն առաջացել է 1960-ական թվականներին՝ Ստալինի անձի պաշտամունքի մերկացումից ու բռնաճնշման ենթարկվածների իրավունքների վերականգնման գործընթացի սկսվելուց հետո, սակայն հետագայում մոռացվել է մինչև «Սոլովեցկի քարի» տեղադրումը Լուբյանկա հրապարակում 1991 թվականին։ Բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված լիարժեք հուշահամալիրի ստեղծումը երկար ժամանակ եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը։ Վերջապես 2014 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին հանձնարարել է տեղադրել հուշարձան Մարդու իրավունքների խորհրդի անդամ Սերգեյ Կարագանովի առաջարկի հիման վրա։
2015 թվականին անցկացվել է մրցույթ հայտնի իրավապաշտպանների, հասարակական ու պետական գործիչների մասնակցությամբ, որում հաղթել է քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի ներկայացրած հուշարձանի նախագիծը, որը հետագայում հաստատվել է նախագահական հրամանով։ Հուշարձանի կանգնեցման համար ծախսվել է 460 միլիոն ռուբլի, որի մեծ մասը հատկացրել են Մոսկվայի իշխանությունները, իսկ մնացածը հավաքվել է հանգանակությամբ, որին մասնակցել են ինչպես հայտնի անձինք, այնպես էլ երկրի հասարակ բնակիչներ։ Հուշարձանը, որի վրա քանդակագործն աշխատել է իր որդու՝ ճարտարապետ Անդրեյ Ֆրանգուլյաի հետ, ստեղծվել է մեկ տարում և տեղադրվել 2017 թվականի օգոստոս-սեպտեմբերին։ Նույն թվականի հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցած Վլադիմիր Պուտինը նշել է, թե կատարվածը չպետք է կրկնվի։
Հուշարձանը կառուցված է բրոնզից ու քարից։ Այն վեց մետր բարձրությամբ ու 35 մետր երկարությամբ երկկողմանի խորաքանդակ է, որի վրա ներկայացված են բազմաթիվ անդեմ մարդկային կերպարներ, որոնք խորհրդանշում են բռնաճնշումների մասշտաբայնությունը։ Ֆիգուրների միջը որոշ տեղերում գտնվում են դռների լուսաճեղքեր, որոնց միջով անցնելով՝ հուշարձանի այցելուն կարող է իրեն զգալ բռնաճնշման ենթարկվածի դերում և գիտակցել մարդկային կյանքի արժեքը։ Խորաքանդակի եզրերը երկու կողմից ներկայացնում են քարետախտակներ, որոնց վրա 22 լեզուներով գրված է՝ «Հիշի՛ր» (ռուս.՝ «Помни»)։ Հուշարձանի դիմաց տարածվող հրապարակը ծածկված է կալանավայրերից ու զանգվածային գնդակահարությունների վայրերից, ԳՈՒԼԱԳԻ ճամբարներից բերված քարերով։ Մի քանի գրանիտե սյուների վրա տեղադրված լուսարձակների շնորհիվ ստեղծվում է տպավորություն, թե մարդկային հոգիները թռչում են դեպի երկինք, իսկ յուրօրինակ արգելափակիչ կարճասյուներն այցելուներին ստիպում են հուշարձանին մոտենալ տողաններով, ինչպես տանում էին գնդակահարության։ Հրապարակը եզերապատված է գրանիտե սալերով, հուշարձանը շրջապատված է քարերով, որոնց վրայով ջուր է հոսում, նրա շուրջը տնկված են եղևնիներ։