Վերսալի պալատ
From Wikipedia, the free encyclopedia
Վերսալի պալատ (ֆր.՝ Parc et château de Versailles), հնում ֆրանսիական թագավորների նստավայրը Վերսալ քաղաքում, ներկայումս՝ Փարիզի արվարձան։ Համաշխարհային նշանակության զբոսավայր է։
Վերսալի պալատ | |
---|---|
ֆր.՝ Parc et château de Versailles | |
Երկիր` | Ֆրանսիա |
Ճարտարապետական ոճ` | դասական |
Հիմնող` | Լուի Արդար[1] |
Ճարտարապետ` | Լուի Լևո, Ժյուլ Արդուեն–Մանսար |
Վերսալը ձևավորվել է Լյուդովիկոս XIV-ի նախաձեռնությամբ 1661 թվականին՝ դառնալով այդ դարաշրջանի յուրահատուկ հուշարձան։ Ճարտարապետներն են՝ Լուի Լևո և Ժյուլ Արդուեն–Մանսար։ Այգին ստեղծել է Անդրե Լենոտրը։ Վերսալի պալատական համալիրը խոշորագույնն է Եվրոպայում։ Այն առանձնանում է զարմանալի ամբողջականությամբ, ճարտարապետական ձևերի ներդաշնակությամբ և յուրահատուկ լանդշաֆտով։ 17–րդ դարի վերջին Վերսալը եվրոպական միապետների և ազնվականության նստավայրի շքեղության ու կատարելության օրինակ էր։
Մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը՝ 1682-1789 թվականներին, Վերսալը արքաների պաշտոնական նստավայրն էր։ 1801 թվականին, ստանալով թանգարանի կարգավիճակ, բացվել է հանրության համար։ 1830 թվականին թանգարան է հռչակվում Վերսալի պալատական ողջ համալիրը։ 1837 թվականին պալատում բացվում է Ֆրանսիայի պատմության թանգարանը։ 1979 թվականին Վերսալի պալատը և այգին ընդգրկվում են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Վերսալի հետ են կապված ֆրանսիական և համաշխարհային պատմության մի շարք նշանակալի իրադարձություններ։ Այսպես՝ 18–րդ դարում արքայական նստավայրը դառնում է միջազգային մի շարք կարևոր փաստաթղթերի ստորագրման վայր, այդ թվում՝ մի փաստաթղթի, որով ավարտվում է ԱՄՆ անկախության պատերազմը (1783)։ 1789 թվականին Վերսալում ընդունվում է Մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիան։ 1871 թվականին՝ Ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո, գերմանական զորքերով պաշարված Վերսալում հռչակվում է Գերմանական կայսրության ստեղծումը։ 1919 թվականին այստեղ կնքվել է հաշտության պայմանագիր, որով ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը՝ սկիզբ դնելով միջազգային հարաբերությունների վերսալյան համակարգին։