ՅՈՒՆԵՍԿՕ
From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն (United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO[1] ֆր.՝ Organisation des Nations unies pour l'éducation, la science et la culture), ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում։ Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ[2]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։
ՅՈՒՆԵՍԿՕ | |
---|---|
Տեսակ | ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, Միջազգային կազմակերպություն, միջկառավարական կազմակերպություն և կազմակերպություն |
Հապավում | UNESCO |
Հիմնադրված | 1946 |
Լուծարված | գործող |
Գլխադասային գրասենյակ | Փլեյս դե Ֆոնտենոյում (Փարիզ, Ֆրանսիա) |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն, ռուսերեն, չինարեն |
Գլխավոր քարտուղար | Օդրի Ազուլայ |
Հիմնական մարմին | Գլխավոր կոնֆերանս |
Վերադաս կազմակերպություն | Միավորված ազգերի կազմակերպություն |
Կամավորներ | 193 երկիր |
Պարգևներ | |
Կայք | en.unesco.org |
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր[3]։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է իրականացնել իր նպատակները հինգ մեծ ծրագրերի միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն/տեղեկատվություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող նախագծերը ներառում են՝ գրագիտություն, տեխնիկական և ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, միջազգային գիտական ծրագրեր, անկախ մեդիայի և մամուլի ազատության խթանում, տարածաշրջանային և մշակութային պատմական նախագծեր, մշակութային բազմազանության խթանում, համաշխարհային գրականության թարգմանություններ, միջազգային համագործակցության համաձայնագրեր, որոնք ապահովում են համաշխարհային մշակութային և բնական ժառանգության անվտանգությունը (Համաշխարհային ժառանգության օբյեկտներ), մարդու իրավունքների պահպանում։ Հանդիսանում է նաև ՄԱԿ-ի Զարգացման խմբի անդամ[4]։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության շնորհիվ կայուն զարգացման և միջմշակութային երկխոսության հասնելը[5]։ Կազմակերպության այլ գերակայությունների թվում են բոլորի համար կրթության բարձր մակարդակի ապահովումը և ամբողջ կյանքի ընթացքում կրթության ապահովումը, սոցիալական և էթիկական մարտահրավերներին դիմակայելը, մշակութային բազմազանության խթանումը, խաղաղության մշակույթի և գիտակից հասարակությունների կառուցումը տեղեկատվության և հաղորդակցության շնորհիվ[6]։
Միջազգային հանրության լայն նպատակները, ինչպես որ նշված է միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակներում, որն ընդգրկում է Հազարամյակի զարգացման նպատակները, գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր ռազմավարությունների և գործունեույան հիմքում։