Սուրբ Հարության տաճար
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Հարության տաճար (արաբ․՝ كنيسة القيامة, հուն․՝ Ναός της Αναστάσεως, լատին․՝ Sanctum Sepulchrum), եկեղեցի Իսրայելի Երուսաղեմի հին քաղաքում։ Համարվում է, որ եկեղեցին կառուցվել է այն նույն տեղում, որտեղ Աստվածաշնչի համաձայն դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը, ապա հարություն առել։ Եկեղեցում յուրաքանչյուր տարի կատարվում է հանդիսավոր արարողություն։ Սրբատեղիի պատկանելության իրավունքը վերապահված է Հայ առաքելական, Ղպտի ուղղափառ, Կաթոլիկ, Հույն ուղղափառ, Ասորական ուղղափառ, Եթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցիներին։
Սուրբ Հարության տաճար հուն․՝ Ναός της Αναστάσεως | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | փոքր բազիլիկ, հայրապետական բազիլիկ և տաճար |
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Իսրայել, Պաղեստին |
Տեղագրություն | Երուսաղեմի հին քաղաք[1] |
Դավանանք | քրիստոնեություն, ուղղափառություն և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Վանականություն | Brotherhood of the Holy Sepulchre? և Order of Friars Minor? |
Թեմ | Երուսաղեմի ուղղափառ եկեղեցի և Latin Patriarchate of Jerusalem? |
Օծման թվական | Սեպտեմբերի 13, 335թ. |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Հիմնական ամսաթվերը | 14-րդ դար |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Այո |
Նվիրված | Holy Sepulchre? |
Անվանված | Holy Sepulchre? |
Հիմնադիր | Կոստանդիանոս Ա Մեծ և Հեղինե Կոստանդնուպոլսեցի |
Ճարտարապետական ոճ | Ռոմանական |
Հիմնադրված | 14-րդ դար |
70 մետր | |
Երկարություն | 120 մետր |
Լայնություն | 70 մետր |
Շինանյութ | ապար |
Church of the Holy Sepulchre (Jerusalem) Վիքիպահեստում |
Դեռևս առաջին քրիստոնյաները պաշտամունքի առարկա էին դարձրել Հիսուսի թաղման վայրը, որն այն ժամանակ գտնվում էր Երուսաղեմի քաղաքային տարածքից դուրս։ Հավանաբար, սրբատեղիի մասին հիշողությունները չեն վերացել նաև 70 թվականին Տիտոս կայսեր կողմից քաղաքն ավերելուց հետո։ Եվսեբիոս Կեսարացու վկայությամբ Հադրիանոս կայսեր օրոք (135 թվական) ավերված Երուսաղեմի տեղում հռոմեական նոր քաղաքի` Էլիա Կապիտոլինայի (ներկայումս` Երուսաղեմի հին քաղաք) կառուցման ժամանակ Քրիստոսի գերեզմանի տեղում կառուցվում է Վեներային նվիրված հեթանոսական տաճար։ Այդ տեղում առաջին տաճարի կառուցման հիմքը դրվել է Կոստանդինոս կայսեր մոր` Ֆլավիա Ելենա Ավգուստայի նախաձեռնությամբ։ Այն կառուցվել է եպիսկոպոս Մակարիոս Երուսաղեմցու ղեկավարությամբ Սուրբ Ծննդյան տաճարի հետ միաժամանակ։ Բացի Սուրբ Հարության տաճարից` վանական համալիրի մեջ մտել են Քրիստոսի խաչելության հնարավոր վայրը Գողգոթայում։ Արդյունքում կառուցվել է շինությունների համալիր, որի տեսքը հնարավոր է եղել վերականգնել վաղքրիստոնեական շրջանից հասած նկարագրությունների, Մադաբա քաղաքում հայտնաբերված խճանկարային քարտեզի (5-րդ դար) և հնագիտական պեղումների արդյունքում։
Վանական համալիրը բաղկացած է եղել արևմուտքից արևելք ձգվող մի քանի մասերից։ Դրանք են Անաստասիս կոչված (հունարենից թարգմանաբար նշանակում է «հարություն») շրջանաձև տաճար-դամբարանը, որի կենտրոնում եղել է Տիրոջ գերեզմանը, Մեծ եկեղեցին, որի խորանն ուղղված է Անաստասիսին։ Բազիլիկի ներսում ձևավորել են կրիպտե, որով նշվում է Քրիստոսի խաչելության տեղը։ Անաստասիսի և բազիլիկի մեջտեղում, ինչպես նաև նրա արևելյան մուտքի մոտ, եղել են սյունազարդ բակեր։ Գլխավոր մուտքը եղել է արևելյան մասում` հիմնական փողոցներից մեկում։ Շինությունը ճոխ զարդարվել է մարմարի, խճաքարի տարբեր տեսակներով, թանկարժեք ձուլվածքներով։
Հարության տաճարը հանդիսավոր պայմաններում օծվել է Կոնստանդիանոս կայսեր ներկայությամբ 335 թվականի սեպտեմբերի 13-ին։ Ի նշանավորումն այդ կարևոր իրադարձության` ուղղափառ եկեղեցիներում Տաճարի օծման տոն է նշվել[2]։
Վանական համալիրը առանց փոփոխությունների գոյատևել է մինչև 614 թվականը, երբ Երուսաղեմը նվաճվել է պարսից Խոսրով II արքայի կողմից։ Եկեղեցին խիստ տուժել է, սակայն շուտով վերականգնվել է (616-626) կայսր Հերակլիոս Ա-ի, ինչպես նաև Խոսրով II-ի կնոջ` Մարիայի միջոցներով։ 637 թվականին Երուսաղեմը պաշարում են խալիֆ Օմարի զորքերը։ Պատրիարք Սաֆրոնիոսը հանձնում է քաղաքը այն բանից հետո, երբ մուսուլմանները վստահեցնում են, որ հաշտության պայմանագիր կկնքեն և Սուրբ Հարության տաճարը, ինչպես նաև Երուսաղեմի այլ սրբավայրեր, չեն ավերվի։
1009 թվականին խալիֆ Ալ Հակիմ բի Ամրուլախը, բազմիցս խախտելով պայմանագրի պարտավորությունները, քրիստոնյա բնակչության զանգվածային սպանություններ է կազմակերպում և ավերածոությունների ենթարկում քաղաքի ու նրա շրջակայքի քրիստոնեական տաճարները։ Դրանց արդյունքում անդառնալիորեն քանդվում է բազիլիկը։ Կայսր Կոստանդին VIII-ը Էլ Հակիմի որդուց ձեռք է բերում տաճարը վերակառուցելու իրավունքը` փոխզիջման արդյունքում համաձայնելով Կոստանդնուպոլսում մզկիթ կառուցել։ Շինարարական աշխատանքները շարունակվում էին Կոստանդին IX Մոնոմախոսի օրոք, բայց, միևնույն է, շինությունը իր ողջ շքեղությամբ հադերձ զիջում էր իր անտիկ նախատիպին։ Կառուցվում են ժամատուն հիշեցնող առանձին մի քանի շինություններ։ Գլխավոր եկեղեցու դերը վերապահվում է Հարության ռոտոնդային, որ ավելի լավ էր պահպանվել մյուսներից և որի արևելյան կողմում ոչ մեծ աբսիդ էին ձևավորել (այսպես կոչված` Մոնոմախոս, 1020-37)։
Քրիստոնեական երկու սկզբնաղբյուրները վկայում են, որ այդ ժամանակ քանդվել է Սուրբ Հարության տաճարը Երուսաղեմում, սակայն երուսաղեմյան փաստաթղթերը ցույց են տալիս, որ տաճարի կառավարման պարզ փոխանցում է եղել քրիստոնեական ավանդական ներկայացուցիչներից նեստորիանականներին։ Սուրբ Հարության տաճարի ավերման լուրերը հասնում են Եվրոպա` առիթ դառնալով խաչակիրների արշավանքներին։
12-րդ դարի կեսերին խաչակիրները ռոմանական ոճով վերակառուցում են տաճարը։ Շինարարությունն ավարտվում է զանգակատան կառուցմամբ Մելիսենդա թագուհու օրոք։ Մուսուլմանների կողմից Երուսաղեմը գրավելուց հետո Սալահ ալ-Դինը թույլ է տալիս, որ քրիստոնյա հավատացյալներն այցելեն Երուսաղեմ` Տիրոջ գերեզման, իսկ 13-րդ դարում որոշ ժամանակով տաճարին տիրում է կայսր Ֆրիդրիխ II-ը։
1130-47 թվականներին Հարության տաճարը կրկին մի տանիքի տակ է միավորում բոլոր սրբավայրերը, որոնք կապված էին Քրիստոսի խաչելության և մահվան հետ։ Խաչակիրները էապես չեն փոխում շինության արևմտյան մասի կառուցվածքը, բոլորաձև Անաստասիսը, որ պահպանել էր դեռևս Կոստանդիանոս Մեծի օրոք ունեցած հատակագիծը։ Այս մասերը պահպանվել են մինչ օրս. դրանք ռոտոնդայի օղակաձև հիմքերն են, որոնք հիմա էլ կոչվում են «Ելենայի սյուներ»։
Խաչակիրների հիմնական մտահոգությունն էր նոր Մեծ տաճարի` Կաֆոլիկոնի կառուցումը, որ արևելքից հպվելու էր ռոտոնդային։ Կառույցն ուներ Т-աձև խաչի տեսք` բազմաթիվ հատվածներով։ Հետաքրքիր լուծում է տրվում շինության արևելյան մասին, որտեղ գլխավոր խորանի առջև ձևավորվում է կապելլայի ինքնատիպ պսակ։ Այդպիսի լուծումը նախանշում է Արևմտյան Եվրոպայում նմանատիպ շինությունների զարգացումը։ Ինտերիերի ձևավորման մեջ նկատելի է վաղ գոթիկայի շունչը։ Ամբողջ համալիրի վերջնական շեշտադրումը հինգհարկանի զանգակատունն է` նետաձև վերջավորություններով, որ ձևավորվել է Պաղեստինի քրիստոնեական պետության գոյության մայրամուտին (1160-1180)։
1545 թվականի երկրաշարժը հանգեցնում է զանգակատան որոշ հարկերի քանդմանը, ինչից հետո զանգակատունը ստանում է ներկայիս մակարդակը։ 1555 թվականին եկեղեցու ընդարձակմամբ զբաղվում են ֆրանցիսկյանները. նրանք են կահավորում Տիրոջ գերեզմանը։
Հայտնի է 1808 թվականի հրդեհը, երբ այրվում է Անաստասիսի փայտե ծածկը` վնասելով Տիրոջ գերեզմանը։ Սակայն 1808-1810 թվականներին ռոտոնդան կրկին վերականգնվում է տարբեր երկրներից հրավիրված ճարտարապետների համատեղ աշխատանքի արդյունքում։ 1860-ական թվականներին ռոտոնդայի վրա մետաղական կոնստրուկցիայից կառուցվում է կիսագնդաձև գմբեթը, որն իր ձևով հիշեցնում էր Անաստասիսը Կոստանդիանոս Մեծի օրոք։ Այդ տեսքով էլ այն առկա է ներկայումս։
20-րդ դարի կեսերին նախագծվում էր ճարտարապետ Անտոնիո Բարլուցիի նոր հատակագծով վերակառուցել տաճարը, սակայն այդ ծրագրին խանգարում է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1959 թվականին սկսվում է շինության հիմնանորոգումը, 1995-97 թվականներին այդ աշխատանքներն ընդգրկում են նաև գմբեթը։ 2013 թվականին տեղադրվում է վերջին զանգը, որ պատրաստվել էր Ռուսաստանում[3][4]։
2016 թվականին սկսվում է տաճարի մասշտաբային վերակառուցումը[5]։ Միջոցների մի մասը տրամադրում է Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը[6]։ Վերակառուցման աշխատանքները ավարտին են հասցվել 2017 թվականի մարտին[7]։
Սուրբ Հարության տաճարը ներկայումս ճարտարապետական համալիր է, որ ներառում է Քրիստոսի խաչելության վայրը Գողգոթայում, ռոտոնդան (գմբեթով շինություն, որի տակ Տիրոջ գերեզմանն է), Կաֆոլիկոնը (Երուսաղեմի եկեղեցու տաճարը), ստորերկրյա սրբավայրը Սուրբ խաչի մասունքով, Սուրբ Հեղինեի տաճարը։ Տաճարի տարածքում գործում են մի քանի մենաստաններ, օժանդակ շինություններ։
Սուրբ Հարության տաճարը բաժանված է քրիստոնեական վեց եկեղեցիների միջև` ուղղափառ հունական, կաթոլիկ, հայկական, ղպտիական, ասորական և եթովպիական, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տարածքը և աղոթքի ժամերը։ Այսպես` ֆրանցիսկյանների եկեղեցին և խորանը պատկանում են սուրբ Ֆրանցիսկոսի կաթոլիկ օրդենին, Ելենայի տաճարն ու «Երեք Մարիամներ» հատվածը` Հայ առաքելական եկեղեցուն, սուրբ Հովսեփ Արիմաֆեյցու գերեզմանն ու Տիրոջ գերեզմանի արևմտյան մասի խորանը`ղպտի ուղղափառ եկեղեցուն։ Գողգոթայի, Կաֆոլիկոնի վերահսկողությունը պատկանում է Երուսաղեմի ուղղափառ եկեղեցուն, իսկ Տիրոջ դամբարանը մի քանիսի հսկողության ներքո է գտնվում. այնտեղ պատարագ են մատուցում ուղղափառները (գիշերվա ժամը 1-ին), հայերը (առավոտյան ժամը 4-ին), կաթոլիկները (առավոտվա 6-ից մինչև 9-ը)։
Այսպիսի բաժանումը հաճախ ընդհարումների ու վեճերի առիթ է դառնում վերահսկողություն ունեցող եկեղեցիների միջև։ Որպեսզի խուսափեն դրանցից, տաճարի բանալիները 1192 թվականից ի վեր պահում են արաբ մուսուլմանական Ջաուդա ալ Գադիյա (արաբ․՝ جودة آل غضية) ընտանիքի անդամերը, ընդ որում տաճարի դուռը բացելու և փակելու իրավունքը վերապահված է մուսուլմանական մեկ այլ` Նուսայբա ընտանիքին (արաբ․՝ عائلة نسيبة): Այդ իրավունքը դարերի ընթացքում երկու ընտանիքներին էլ փոխանցվում է սերնդեսերունդ` հայրերից որդիներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.