Պո՛ւբլիոս Կոռնե՛լիոս Աֆրիկացի Ավագ (լատին․՝ Publius Cornelius Scipio Africanus Maior; մ․թ․ա․ 235 թվական, Հռոմ — մ․թ․ա․ 183 թվական, Լիտերն[en], Կամպանիա)՝ հռոմեացի զորապետ և քաղաքական գործիչ, կոնսուլ մ․թ․ա․ 205 և 194 թվականներին։ Ռազմական կարիերան սկսել է մ. թ․ ա․ 218 թվականին՝ Երկրորդ Պունիկյան պատերազմի ժամանակ։ Որոշ աղբյուրների տվյալներով՝ այն զինվորների հրամանատարներից է, որոնք կարողացել են ողջ մնալ մ․թ․ա․ 216 թվականին Կաննեի ճակատամարտում, որն աղետալի էր Հռոմի համար և, թվում էր, կարող էր բերել վերջինիս պարտությանը։
Արագ փաստեր ռազմական տրիբուն, մ․թ․ա․ 216 թվական ...
Փակել
Իսպանիայում կարթագենացիների դեմ մարտերում իր հոր և հորեղբոր մահվանից հետո Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը դարձավ այդ տարածաշրջանում Հռոմի զորքերի հրամանատարը՝ պրոկոնսուլի լիազորություններով (մ․թ․ա․ 211 թվական)։ Նա զավթեց Նոր Կարթագեն քաղաքը (մ․թ․ա․ 209 թվական), մ․թ․ա․ 208 թվականին Բեկուլի ճակատամարտում ջարդեց Հասդրուբալ Բարկիդին, ոչնչացրեց Մագոն Բարկիդի և Հասդրուբալ Գիսկոյի՝ Գիսկոյի կամ Գիսգոյի որդու բանակները՝ Իլիպի ճակատամարտում (մ․թ․ա․ 206 թվական)։ Այդ բոլորի արդյունքում արդեն մ․թ․ա 206 թվականի վերջին հռոմեացիները վերահսկում էին Իսպանիայում կարթագենացիների բոլոր տիրույթները, ինչն էլ վճռական ազդեցություն ունեցավ Երկրորդ Պունիկյան պատերազմի արդյունքի վրա։
Վերադառնալով Հռոմ, Սկիպիոնը հասավ նրան, որ ընտրվեց Հռոմեական հանրապետության կոնսուլ և թույլտվություն ստացավ զորքերով ափ իջնել Հին Լիբիայում՝ Աֆրիկա։ Մ․թ․ա․ 203 թվականին նա ոչնչացրեց Գիսկոնի որդի Հասդրուբալի և Նումիդիայի արքա Սիֆաքսի բանակները, իսկ ապա ևս մեկ անգամ ջարդեց Հասդրուբալին Մեծ Հարթավայրերի ճակատամարտում և իր հսկողության տակ առավ Նումիդիան։ Դա հարկադրեց Իտալիայում փառահեղ հաղթանակներ տանող կարթագենական զորավարին՝ անպարտելի համարվող Հաննիբալին, հեռանալ այնտեղից և վերադառնալ հայրենիք՝ Աֆրիկա։ Զամայի ճակատամարտում, որը վճռորոշ դարձավ, Սկիպիոնը ջարդեց նաև անպարտելի Հաննիբալին (մ․թ․ա․ 202 թվական), որից հետո Հռոմեական հանրապետության անունից հաշտություն կնքեց Կարթագենի հանրապետության հետ, ըստ որի վերջինս Հռոմին էր զիջում Իսպանիան, զրկվում էր իր նավատորմից և ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից։
Հետագա տարիներին Սկիպիոնը, որն ստացել էր Աֆրիկացի կամ Աֆրիկյան ագնոմենը կամ պատվանունը, ամենաազդեցիկ մարդն էր Հռոմեական հանրապետությունում։ Նա դարձավ ցենզոր՝ կենսոր, իսկ ապա՝ Սենատի պրինցեպս (մ․թ․ա․ 199 թվական), իսկ իր հարազատներն ու դրածոները կանոնավորապես զբաղեցնում էին Հռոմեական հանրապետության բարձրագույն պաշտոնները։ Երբ սկսվեց Սիրիական պատերազմը, Սկիպիոնը լեգատ դարձավ իր եղբոր՝ Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոն Ասիացու մոտ, որը մ․թ․ա․ 190 թվականին ստացել էր Հռոմեական հանրապետության զորքերի հրամանատարությունը Ասիայում։ Սակայն ռազմական գործողություններն Ասիայում (մ․թ․ա․ 190 թվական) փաստացի ղեկավարում էր Սկիպիոն Աֆրիկացին։ Մագնեզիայի ճակատամարտում Հռոմի հակառակորդը՝ Անտիոքոս III Սելևկյան արքան լիովին ջախջախվեց և հաշտություն խնդրեց։
Արևելքից վերադառնալով, Պուբլիոս Կոռնելիոսը և նրա եղբայրը դատական հետապնդման ենթարկվեցին իրենց քաղաքական հակառակորդների կողմից, որոնց գլխավորում էր Մարկիոս Պորկիոս Կատոն Ավագը։ Սկիպիոն Աֆրիկացին ըստ էության հրաժարվեց պաշտպանվել իր դեմ առաջադրված մեղադրանքներից՝ դավաճանության և գանձագողության մասին և հեռացավ դեպի կամավոր աքսոր։ Արդեն մեկ տարի անց (մ․թ․ա․ 183 թվականին) նա վախճանվեց իր սեփական վիլլայում, որը գտնվում էր Կամպանիայում (Իտալիա)։