![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Sinterklaas_arrives_in_the_Netherlands.jpg/640px-Sinterklaas_arrives_in_the_Netherlands.jpg&w=640&q=50)
Սինտերկլաաս
From Wikipedia, the free encyclopedia
Սինտերկլաաս (հոլ.՝ Sinterklaas, նաև Sint Nicolaas կամ De Goedheiligman), Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի, Սանտա Կլաուս Նիդերլանդներում և Բելգիայում։ Հանդիսանում է սիրված սուրբծննդյան հերոս Սանտա Կլաուսի տարբերակներից մեկը[1], համանուն ամենամյա փառատոնի գլխավոր հերոսն է։ Երեխաները և մեծահասակները սուրբ Նիկողայոսի օրը նշում են դեկտեմբերի 5-ին (Նիդեռլանդներում) կամ դեկտեմբերի 6-ին (Բելգիայում), չնայած դա չի համարվում ազգային տոն։ Սինտերկլաասի ժամանակակից տեսքը, հավանաբար, ծագել է Յան Սխենկմենի (1806-1863) «Սուրբ Նիկոլասն ու իր ծառաները» (1850) պատկերազարդ գրքից, բայց տոնը շատ ավելի հին ծագում ունի։ Ամեն տարի Նիդեռլանդներում բոլոր երեխաները սպասում են Սինտերկլաասին։ Նոյեմբերի վերջին նա Իսպանիայից ժամանում է շոգենավով, որպեսզի բոլոր նվերները բերի մինչև դեկտեմբերի 5-ը։ Շատ քաղաքներում Սինտերկլաասը, շոգենավով տեղ հասնելուց հետո, պաշտոնապես և հանդիսավոր կերպով իր շքախմբի հետ շրջում է փողոցներով և քաղաքային իշխանությունների կողմից ընդունելության արժանանում։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Sinterklaas_arrives_in_the_Netherlands.jpg/640px-Sinterklaas_arrives_in_the_Netherlands.jpg)
Սինտերկլաասը սպիտակ մորուքով և մազերով, կարմիր հագուստով վեհաշուք ծերունի է, ով սպիտակ ձի է վարում։ Նա ունի շատ Սև Պիտ անունով օգնականներ (հոլ.՝ Zwarte Piet), ովքեր սրբի փոխարեն կատարում են բոլոր «սև գործերը»։ Նրանք շատ աշխատանք ունեն. պետք է Իսպանիայից անվտանգ և ապահով տեղափոխեն արժեքավոր բեռները, փաթեթավորեն դրանք և հասցնեն երեխաների տուն։
Սինտերկլաասն ունի մի մեծ գիրք, որտեղ գրանցված են բոլոր երեխաների նվերները, նրանց անուններն ու հասցեները։ Բայց Սինտերկլաասը լսում է միայն ծնողներին, ուստի երեխաները նրանց միջոցով պետք է ուղարկեն բոլոր նամակները և ցանկությունները։
Ամեն օր՝ Իսպանիայից Սինտերկլաասի ժամանումից մինչ նրա մեկնումը, հեռուստատեսությամբ հատուկ հաղորդում է հեռարձակվում այն մասին, թե ինչպես է անցնում նրա օրը, ինչ խնդիրներ են առաջանում և ինչպես են դրանք լուծվում։ Երեխաները սովորում են հատուկ երգեր։ Երգեր են երգվում նաև այն ժամանակ, երբ Սև Պիտերն աշխատում են։
Ցանկացողները կարող են ստեղծագործական մասնակցություն ունենալ տոնին։ Լավագույն բանաստեղծները, գրողները և նրանք, ովքեր պարզապես լավ գաղափար են առաջարկել, ցուցադրվում են հեռուստատեսությամբ։
Դեկտեմբերի 6-ին ամեն ինչ հասնում է իր տրամաբանական ավարտին։ Առավոտյան երեխաները Սինտերկլաասի նվերը գտնում են իրենց կոշիկի մեջ։
Նմանատիպ, բայց հստակորեն տարբերվող սուրբ Նիկողայոսի տոն նշվում է նաև Լյուքսեմբուրգում (լյուքս.՝ Kleeschen), Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում (տե՛ս «Ժողովրդական բանահյուսության ձմեռային կերպարներ» հոդվածի ցուցակը)։