From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Յակովլևիչ Էֆրոն (ռուս.՝ Сергей Яковлевич Эфрон, սեպտեմբերի 29 (հոկտեմբերի 11), 1893, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 16, 1941, Մոսկվա, ԽՍՀՄ), հրապարակախոս, գրականագետ, Սպիտակ բանակի սպա, մարկովական, ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի գործակալ։ Եղել է Մարինա Ցվետաևայի ամուսինն ու նրա երեք երեխաների հայրը։
Սերգեյ Էֆրոն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29 (հոկտեմբերի 11), 1893 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 16, 1941 (48 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Բուտովոյի հրաձգարան |
Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա և գրող |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Ամուսին | Մարինա Ցվետաևա[1] |
Զավակներ | Արիադնա Էֆրոն և Gueorgui Serguéievich Efrón? |
Sergej Efron Վիքիպահեստում |
Սերգեյ Էֆրոնը ծնվել է նարոդովոլեցներ Ելիզավետա Պետրովնա Դուրնովոյի (1855-1910), որ սերում էր ազնվականական հայտնի տոհմից, և Յակով Կոնստանտինովիչ (Կալմանովիչ) Էֆրոնի (1854-1909) ընտանիքում։ Հայրը եղել է Վիլնայի նահանգից՝ հրեաների ընտանիքից[2]։ Սերգեյ Էֆրոնն արձակագիր և դրամատուրգ Սավելի Կոնստանտինովիչ (Շեել Կալմանովիչ) Էֆրոնի (գրական կեղծանունը՝ Ս․ Լիտվին, 1849-1925) զարմիկն էր[3]։
Ծնողների վաղաժամ մահվան պատճառով Սերգեյ Էֆրոնը նախքան իր չափահաս դառնալը ունեցել է խնամակալ[4]։ Ավարտել է Պոլիվանովի գիմնազիան, սովորել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում։ Գրել է պատմվածքներ, փորձել է խաղալ թատրոնում Ալեքսանդր Թաիրովի մոտ, հրատարակել է ամսագրեր, ինչպես նաև զբաղվել է ընդհատակյա գործունեությամբ։
Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո՝ 1915 թվականին, Սերգեյ Էֆրոնն ընդունվել է սանիտարական գնացք որպես գթության եղբայր։ 1917 թվականին ավարտել է յունկերական ուսումնարան։ Նույն թվականի փետրվարի 11-ին գործուղվել է Պետերգոֆի պրապորշչիկների դպրոց՝ ծառայությունն անցկացնելու համար։ Կես տարի անց ընդունվել է 56-րդ հետիոտնային պահեստային գունդ, որի ուսումնական անձնակազմը գտնվում էր Նիժնի Նովգորոդում։
1917 թվականի հոկտեմբերին Սերգեյ Էֆրոնը մասնակցել է Մոսկվայում բոլշևիկների դեմ ծավալված մարտերին, ապա Սպիտակ շարժմանը․ գեներալ Մարկովի սպայական գնդի կազմում մասնակցել է Սառցային արշավանքին ու Ղրիմի պաշտպանությանը։
1920 թվականի աշնանն իր զորամասի կազմում տարհանվել է Գալիպոլի, ապա մեկնել Կոստանդնուպոլիս, դրանից հետո՝ Պրահա։ 1921-1925 թվականներին սովորել է Պրահայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Եղել է ռուս ուսանողների կազմակերպության, ռուս գրողների ու լրագրողների միության անդամ։
Տարագրության մեծ Էֆրոնը շուտով սկսել է կարոտել հայրենիքը, ցանկացել վերադառնալ Ռուսաստան։ Պրահայում նա կազմակերպել է Ռուս ուսանողների դեմոկրատական միությունը և դարձել այդ միության կողմից հրատարակվող «Своими путями» համախմբագիր։ Մասնակցել է եվրասիական շարժման զարգացմանը, որ մեծ տարածում էր գտել ռուս տարագիրների շրջանում որպես կոմունիզմի այլընտրանք։ Սերգեյ Յակովլևիչը հարել է շարժման ձախ մասին, որը համեմատաբար ավելի հանդուրժողականորեն էր վերաբերում խորհրդային կարգերին։
1926-1928 թվականներին Սերգեյ Էֆրոնը Փարիզում աշխատել է որպես եվրասիականությանը մոտ «Вёрсты» ամսագրի համախմբագիր։
1927 թվականին Սերգեյ Էֆրոնը նկարահանվել է «Ննջավագոնների մադոննան» ֆրանսիական ֆիլմում (ռեժիսորներ՝ Մարկո դե Գաստին, Մորիս Գլեզ)[5], որտեղ կատարել է Բաթումի բանտի կալանավոր մահապարտի դեր, որը տևել է 12 վայրկյան և կարծես կանխագուշակել է նրա հետագա ճակատագիրը։
1933 թվականի մայիսի 29-ին դարձել է Փարիզի «Գամայուն» մասոնական ժողովարանի անդամ[6]։ Ժողովարանից հեռացվել է 1937 թվականի նոյեմբերի 8-ին՝ գեներալ Միլլերի առևանգումից հետո։
1930-ական թվականներին Սերգեյ Էֆրոնն սկսել է աշխատել «Հայրենիք վերադառնալու միությունում» (ռուս.՝ «Союз возвращения на родину»), ինչպես նաև համագործակցել է խորհրդային հատուկ ծառայությունների հետ 1931 թվականից։ Սերգեյ Էֆրոնը եղել է Միավորված պետական քաղաքական վարչություն արտասահմանյան բաժնի աշխատակից Փարիզում։ Օգտագործվել է որպես խմբավար և նշանառու-զինվորագրորդ․ անձամբ զինվորագրել է 24 մարդ Փարիզի տարագիրների շարքից։ Նրա զինվորագրած տարագիրներից ոմանք, մասնավորապես Կիրիլ Խենկինը, նրա օգնությամբ ուղարկվել է Իսպանիա՝ մասնակցելու քաղաքացիական պատերազմին։ 1935 թվականից Սերգեյ Էֆրոնն ապրել է Վանվեում՝ Փարիզի մոտ։
Վարկածներից մեկի համաձայն՝ Սերգեյ Էֆրոնը մասնակից է եղել խորհրդային հետախույզ Իգնատի Ռեյսի (Պորեցկի) սպանությանը (1937 թվականի սեպտեմբեր), որ հրաժարվել էր վերադառնալ ԽՍՀՄ[7]։ Սակայն լուրերը հերքվել են, և նա արդարացվել է։
1937 թվականի հոկտեմբերին շտապ կարգով գնացել է Հավր, որտեղից շոգեքարշով մեկնել է Լենինգրադ։ Խորհրդային Միություն վերադառնալուց հետո Սերգեյ Էֆրոնին ու նրա ընտանիքին ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից տրամադրվել է պետական ամառանոց մերձմոսկովյան Բոլշևոյում։ Սակայն Մարինա Ցվետաևայի վերադառնալուց հետո ձերբակալվել է նրանց դուստրը՝ Արիադնա Էֆրոնը։
ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից Էֆրոնը ձերբակալվել է 1939 թվականի նոյեմբերի 10-ին։ Հետաքննության ընթացքում Էֆրոնին տարբեր միջոցներով (այդ թվում նաև տանջանքների միջոցով, օրինակ՝ ձմռանը տեղավորվել է սառը պատժախցում) փորձել են ստիպել ցուցմունք տալ իր հարազատ մարդկանց, այդ թվում նաև «Վերադարձի միության» ընկերների, ինչպես նաև Մարինա Ցվետաևայի դեմ, սակայն նա հրաժարվել է վկայություն տալ նրանց դեմ[8]։ 1941 թվականի օգոստոսի 6-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի կողմից դատվել է Քրեական օրենսգրքի 58-1ա հոդվածով և գնդակահարվել նույն թվականի հոկտեմբերի 16-ին ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի Բուտովյան հրաձգարանում մահապատժի դատապարտված 136 կալանավորների խմբի կազմում, որը ձևավորվել էր շտապ կարգով՝ նպատակ ունենալով «թեթևացնել» ռազմաճակատին մոտ գտնվող Մոսկվայի բանտերը։
Արիադնա Էֆրոնը 8 տարի անցկացրել է ուղղիչ-աշխատանքային ճամբարներում և վեց տարի աքսորված է եղել Տրուխանսկի շրջան։ Արդարացվել է 1955 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.