Սեռական հարաբերություն
վերարտադրության, սեռական հաճույքի կամ երկուսի համար կատարվող ցանկացած գործողություն կամ գործողությունների ամբողջություն / From Wikipedia, the free encyclopedia
Սեռական հարաբերություն, սեքս կամ սեռական ակտ (կենակցում, կոիտուս, մերձեցում), հիմնական իմաստով՝ էրեկցված առնանդամի ներթափանցումն (պենետրացիան) ու ներհրումն է հեշտոցամուտք՝ սեռական հաճույք զգալու, վերարտադրման (բազմացման) կամ երկուսի նպատակով[3]։ Հայտնի է նաև հեշտոցային (վագինալ) հարաբերություն կամ հեշտոցային (վագինալ) սեքս անվանումներով[2][4]։ Սեռական հարաբերության այլ ձևերից է անալ սեքսը (հետանցքային սեքս, առնանդամի ներթափանցումը հետանցքի մեջ), օրալ սեքսը (բերանային սեքս, առնանդամի ներթափանցումը բերանի մեջ կամ կանացի սեռական օրգանների պենետրացիան բերանով), ֆինգերինգը (մատներով սեռական պենետրացիան) և դիլդոյով պենետրացիան (հատկապես՝ ստրապոն դիլդոյով)[5][6][7]։ Վերոնիշյալ գործողությունները կարող են ներառել երկու կամ ավելի անհատներ, իրականացվում են բացառապես ֆիզիկական կամ զգացմունքային հաճույքի կամ անհատների միջև որոշակի սոցիալական կապի հաստատման նպատակով[5][8]։
Սեռական հարաբերության կամ սեռական ակտիվության սահմանման վերաբերյալ կան տարբերվող պատկերացումներ[9][10], որն իր հերթին ազդում է սեռական առողջության նկատմամբ պատկերացումների վրա[11]։ Սեռական հարաբերությունը և մասնավորապես հեշտոցային սեքսը (կոիտուս) հիմնականում վերաբերում է առնանդամ-հեշտոցային պենետրացիային և սերունդ ստեղծելու հնարավորությանը[3]։ Այն նաև կարող է վերաբերել օրալ սեքսին, առնանդամ-հետանցքային սեքսին (հատկապես՝ վերջինին)[12]։ Կարծիքները նաև տարբեր են, թե արդյոք ոչ պենետրատիվ սեռական գործողությունը համարվում է սեռական հարաբերություն[5][13][14]։ «Սեքս» կարող է անվանվել սեռական գործողության ցանկացած ձև[11][15]։ Քանի որ սեռական գործողությունների ընթացքում մարդիկ կարող են ձեռք բերել սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ[16][17], խորհուրդ է տրվում հետևել անվտանգ սեքսի կանոններին[16]։ Ոչ պենետրատիվ սեռական հարաբերության ժամանակ սեռական ճանապարհով փոխանցվող վարակի փոխանցման ռիսկը նվազում է[18][19]։
Արդարադատական տարբեր համակարգերում այս կամ այն սեռական գործողություն իրականացնելու համար սահմանված են խստագույն օրենքներ։ Այդպիսի սեռական գործողություններից են՝ ինցեստը, երեխաների, մարմնավաճառների, կենդանիների հետ սեռական հարաբերությունը, զոոֆիլիան, անալ սեքսը, մինչամուսնական սեքսը, անառակությունը կամ ամուսնության ժամանակ այլ անձանց հետ սեռական հարաբերության մեջ մտնելը և այլն։ Սեռական հարաբերության վերաբերյալ ունեցած անձնական կարծիքների վրա մեծ ազդեցություն կարող են ունենալ նաև կրոնական հայացքները, օրինակ՝ կուսության նկատմամբ վերաբերմունքը կարող է պայմանավորված լինել մարդու կրոնական հայացքներով[10][20]։ Սեռական հարաբերության վերաբերյալ ունեցած կրոնական պատկերացումները նշանակալիորեն առանձնանում են տարբեր կրոններում և կրոնական ուսմունքներում, բայց կան նաև ընդհանուր մոտեցումներ, օրինակ՝ արտաամուսնական սեռական հարաբերության հանդեպ արգելքը։
Կենդանիների միջև վերարտադրողական սեռական հարաբերությունը ավելի հաճախ անվանում են կոպուլյացիա կամ խաչասերում։ Կենդանիների մոտ սերմնահեղուկը իգական սեռական ուղի կարող է թափանցել նաև ոչ հեշտոցային ճանապարհով, օրինակ՝ կոյանոցի միջոցով կոպուլյացիայի ժամանակ։ Կաթնասունների մեծամասնության մոտ խաչասերումը տեղի է ունենում բազմացման շրջանում։ Բազմացման շրջանը ներառում է իգական սեռական ցիկլի ամենաբեղուն շրջանը, որը մեծացնում է բեղմնավորման հավանականությունը[21][22]։ Սակայն բոնոբոները, դելֆինները և շիմպանզեները սեռական հարաբերության մեջ են ներգրավվում նաև անկախ բազմացման շրջանի[23]։ Ինչպես մարդկանց մոտ[24], այս կենդանիների մոտ նույնպես սեռական հարաբերության նպատակն է սեռական հաճույք ստանալը[25], որը սոցիալական հարաբերությունների ամրապնդման կարևոր գործոն է[24]։