![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cb/Golden_Ring_of_Russia_%2528Coat_of_Arms_Ring%2529.png/640px-Golden_Ring_of_Russia_%2528Coat_of_Arms_Ring%2529.png&w=640&q=50)
Ռուսաստանի ոսկե օղակ
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի ոսկե օղակ, գործածվում է նաև Ռուսաստանի ոսկե մատանի անվանումը (ռուս.՝ Золото́е кольцо́ Росси́и), զբոսաշրջային երթուղի, որն անցնում է Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիսարևելյան հատվածում ընկած պատմական, հին քաղաքներով, որոնցում պահպանվել են պատմության ու մշակույթի ինքնատիպ հուշարձաններ, ժողովրդական արհեստների կենտրոններ։
Օղակաձև այդ երթուղու հիմնման գաղափարի և դրան բնորոշող եզրույթի հեղինակը լրագրող և գրական գործիչ Յուրի Բիչկովն է, ով 1967 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Советская культура» թերթում ռուսական հին քաղաքների մասին ակնարկաշար է լույս ընծայել «Золотое кольцо» ընդհանուր խորագրի ներքո[1]։ Հետագայում հենց այդ անվանումն էլ շնորհվել է զբոսաշրջային երթուղուն։ «Золотое кольцо России» ապրանքանիշի իրավատերը Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության համառուսական ընկերությունն է (ВООПИК-ը)[2]։
Ոսկե օղակի մեջ ավանդաբար ընդգրկում են ութ հիմնական քաղաք՝ Սերգիև Պոսադը, Պերեսլավլ-Զալեսսկին, Ռոստովը, Յարոսլավլը, Կոստրոման, Իվանովոն, Սուզդալը, Վլադիմիրը[3]։ Վերջին շրջանում տարածում են ստացել Մեծ օղակ և Փոքր օղակ ձևակերպումները։ Մեծ օղակի մեջ վերոնշյալների հետ մեկտեղ ներառված են Ալեքսանդրով, Բոգոլյուբովո, Գորոխովեց, Գուս Խրուստալնի, Դմիտրով, Կալյազին, Կիդեկշա, Մոսկվա, Մուրոմ, Միշկին, Պալեխ, Պլյոս, Ռիբինսկ, Տուտաև, Ուգլիչ, Յուրիև Պոլսկի, Շույա և այլ քաղաքներ։