Ջոն Սմիթ (ծովագնաց)
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Սմիթ (անգլ.՝ John Smith. ոչ վաղ քան 1579 և ոչ ուշ քան հունվարի 6, 1580, Willoughby, Անգլիայի թագավորություն - հունիսի 21 (հուլիսի 1), 1631, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի ծովային, զինվորական, հետազոտող, Ամերիկայում անգլիացիների հիմնած առաջին հարատևած բնակավայրի՝ Ջեյմսթաունի համահիմնադիր, Վիրջինիա նահանգի ղեկավար, Նոր Անգլիայի ծովակալ, գրող։ Լայն զանգվածների պատկերացումներում նավապետ Ջոն Սմիթի կերպարն առնչվում է հնդկացիական ցեղերից մեկի առաջնորդի դստեր՝ Փոքահոնթասի հետ նրա ունեցած «ռոմանտիկ կապի» պատմությանը, որը հենց ինքը՝ Սմիթն էլ շարադրել է։ 1608 թվականի սեպտեմբերից 1609 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում Վիրջինիա գաղութը կառավարելու ընթացքում նա նախաձեռնել ու իրականացրել է տարածաշրջանի գետերի և Չեսափիքի ծոցի ուսումնասիրման ու քարտեզագրման աշխատանքները, հետագայում հետազոտել ու քարտեզագրել է Նոր Անգլիայի ծովափերը։ Ջոն Սմիթի գրքերն ու քարտեզները կարևոր դեր են խաղացել Ամերիկայի գաղութացմանը ձեռնամուխ եղած անգլիացիներին քաջալերելու գործում։ Տարածաշրջանն անվանակոչելով Նոր Անգլիա՝ նա պնդել է, որ «այստեղ ամեն ոք կարող է լինել իր աշխատանքի ու հողի տերն ու տիրակալը և աշխատող ձեռքերից զատ ոչինչ չունենալով նույնիսկ՝ կարճ ժամանակում կարող է հարստանալ» ("Here every man may be master and owner of his owne labour and land. ...If he have nothing but his hands, he may...by industries quickly grow rich."[1]):
Ջոն Սմիթ | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 1579 և ոչ ուշ քան հունվարի 6, 1580 |
Ծննդավայր | Willoughby, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | հունիսի 21 (հուլիսի 1), 1631 (51 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | St Sepulchre-without-Newgate, Holborn |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | King Edward VI Grammar School? (1595) |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, ռազմական գործիչ, գրող և ինքնակենսագիր |
Զբաղեցրած պաշտոններ | colonial governor of Virginia? |
Ստորագրություն | |
Captain John Smith Վիքիպահեստում |
Ջոն Սմիթի բազմաբեղուն գործունեության մեջ առանձնացվում է հատկապես Ջեյմսթաունի հիմնադրման (14 մայիսի 1607 թ.) գործում խաղացած կարևոր դերը[2]։ Առաջին գաղութաբնակներին նա անսպառ եռանդով սովորեցրել է հող մշակել, ձուկ որսալ՝ ապահովելով նորաստեղծ բակավայրի շարունակական գոյատևումը։ Ավետարանից մեջբերումներ կատարելով՝ քարոզել է, որ ով չաշխատի՝ չի ուտի (He publicly stated, "He that will not work, shall not eat", alluding to 2 Thessalonians 3:10.[3]): Եղանակային անբարենպաստ պայմանները, ջրի ու սննդի պակասը, շրջակա ճահճուտների պատճառած նեղությունները, հարևան հնդկացիական ցեղերի հարձակումները հաղթահարելով՝ նորաբնակները նրա ղեկավարությամբ պահպանել ու ծաղկեցրել են Ջեյմսթաունը, նախադրյալներ ստեղծել Ամերիկայում գաղութաբնակների նորանոր բնակավայրերի հիմնադրելու, Ամերիկայի գաղութացման անչափ հեռանկարային գործն առաջ մղելու համար։