From Wikipedia, the free encyclopedia
Ջոաննա Կարինե Հոֆման (անգլ.՝ Joanna Karine Hoffman, հուլիսի 27, 1955, Լեհաստան[1]), հայկական արմատներով լեհաամերիկյան մարքեթինգային ղեկավար, Էփլ Մակինտոշ և NeXT թիմերի առաջին անդամներից[2][3]։ Այն ժամանակ, երբ նա սկսել է աշխատել Apple Computer-ում, Mac-ը «դեռ հետազոտական ծրագիր էր»[4]։ Նրա պաշտոնը «Մակինտոշի նախագծի առաջին մեկուկես տարվա ողջ մարքեթինգային թիմն էր»[4][5], որը ներառում էր արտադրանքի մարքեթինգային համագործակցությունը հենց Mac-ի արտադրանքի դիզայնի ուղղությամբ։ Նա նաև գրել է «Մակինտոշի օգտատիրոջ միջերեսի ուղեցույցի առաջին նախագիծը»[4]։ Ի վերջո Հոֆմանը ղեկավարել է Mac-ը Եվրոպայում և Ասիայում ներկայացրած միջազգային մարքեթինգային թիմը[4]։
Ջոաննա Հոֆման | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Լեհաստան |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Չիկագոյի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, ճարտարագետ և տնօրեն |
Աշխատավայր | Էփլ և Sherpa |
Ամուսին | Ալեն Ռոսման |
Ծնողներ | հայր՝ Եժի Հոֆման |
Հոֆմանը ծնվել է Լեհաստանում։ Կինոռեժիսոր Եժի Հոֆմանի և նրա հայ նախկին կնոջ՝ Մառլենա Նազարյանի դուստրն է։ Նա մինչև 10 տարեկանը մոր հետ ապրել է Հայկական ԽՍՀ-ում, այնուհետև հոր հետ մեկնել է Լեհաստան՝ Վարշավա։ 1967 թվականին նրա մայրն ամուսնացել է ամերիկացու հետ և տեղափոխվել Բուֆֆալո (Նյու Յորք)։ Հոֆմանը միացել է նրանց Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1968 թվականին[6]։ Հոֆմանն արագորեն յուրացրել է անգլերենը և գերազանց առաջադիմությամբ սովորել դպրոցում։
Նա ունի մարդաբանության, ֆիզիկայի և լեզվաբանության բնագավառներում աշխատանքի փորձ[5], Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (MIT) ստացել է հումանիտար և բնական գիտությունների բակալավրի աստիճան, իսկ Չիկագոյի համալսարանի Արևելյան ինստիտուտից՝ հնագիտության ոլորտի դոկտորի կոչում (որը չի պաշտպանել)։ 1979 թվականին նա պետք է մեկներ Իրան՝ հնագիտական պեղումների։ Տատիկին տեսակցելու նպատակով նա կանգ է առել Լեհաստանում։ Շուտով Իրանից լուր է ստացվել Իրանի իսլամական հեղափոխության մասին, և այդ պատճառով նա ստիպված վերադարձել է ԱՄՆ[5]։
Հոֆմանն արձակուրդում էր Չիկագոյի համալսարանից, երբ ընկերները խորհուրդ տվեցին մասնակցել դասախոսության Կալիֆոռնիայի Xerox PARC գիտահետազոտական ընկերությունում[7]։ Այնտեղ գտնվելու ժամանակ նա «դասախոսությունից հետո թեժ քննարկում ունեցավ» Ջեֆ Ռասկինի հետ[7]։ Քննարկման հիմնական թեման էր՝ «ինչպիսին պետք է լինեն համակարգիչները և ինչպես դրանք պետք է բարելավեն մարդկանց կյանքը»[7]։ Ռասկինն այնքան տպավորված էր Հոֆմանով, որ նրան խնդրեց հարցազրույց անցնել Apple-ում պաշտոն ստանալու համար[7]։ Հոֆմանը Macintosh նախագծում սկսեց աշխատել 1980 թվականի հոկտեմբերին[4]՝ Ռասկինի սկզբնական թիմում, որի կազմում էին նաև Բարել Սմիթը, Բադ Թրիբլը և Բրայան Հովարդը[8]։ Այդ ժամանակ Mac-ը «դեռևս հետազոտական ծրագիր էր»[4]։ Նրա պաշտոնը «Մակինտոշի նախագծի առաջին մեկուկես տարվա ողջ մարքեթինգային թիմն էր»[4][5], որը ներառում էր արտադրանքի մարքեթինգային համագործակցությունը հենց Mac-ի արտադրանքի դիզայնի ուղղությամբ։ Նա նաև գրել է «Մակինտոշի օգտատիրոջ միջերեսի ուղեցույցի առաջին նախագիծը»[4]։ Ի վերջո Հոֆմանը ղեկավարել է Mac-ը Եվրոպայում և Ասիայում ներկայացրած միջազգային մարքեթինգային թիմը[4]։ Հետագայում նա Սթիվ Ջոբսի հետ գնացել է NeXT, որպես նրա սկզբնական անդամներից մեկը[2][3]։
Հոֆմանը և՛ Apple-ում, և՛ NeXT-ում այն քչերից մեկն էր, ով վայելում էր Սթիվ Ջոբսի հետ հաջողությամբ համագործակցելու համբավ։ Ե՛վ 1981, և՛ 1982 թվականներին նա արժանացել է Apple-ի երգիծական մրցանակին, որը տրվել է «այն մարդուն, ով լավագույնս հակազդել է Ջոբսին» (Ջոբսը տեղյակ է եղել և հավանել է այդ մրցանակը)[2]։
1990-ական թվականների սկզբին Ջոաննա Հոֆմանը եղել է General Magic-ի մարքեթինգի փոխնախագահը։ 1995 թվականին, ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար, նա անցել է թոշակի։ Երբեմն նա հրապարակային դասախոսություններ է կարդացել՝ քննարկելով իր վաղ կյանքը Apple-ում և աշխատանքը Սթիվ Ջոբսի հետ[4]։
2020 թվականին նա աշխատանքի է ընդունվել արհեստական բանականության իսպանական Sherpa ընկերությունում որպես նրա հիմնադիր և գործադիր տնօրեն Չաբի Ուրիբե Էչեբարիայի խորհրդատու և աջ ձեռք[9]։
Հոֆմանը շատ բացասական վերաբերմունք ունի Facebook-ի նկատմամբ[10]։ Հարցազրույցում նա ասել է, որ Facebook-ը «քանդում է ժողովրդավարության կառուցվածքը, ոչնչացնում է մարդկային հարաբերությունների կառուցվածքը և վաճառում է կախվածություն առաջացնող թմրանյութ, որը կոչվում է զայրույթ»[10]։
Հոֆմանն ամուսնացած է ծագումով ֆրանսիացի Ալեն Ռոսմանի հետ, որը նույնպես աշխատել է Apple-ի Mac թիմում։ Նրանք ունեն երկու որդի[7]։
Էբիգեյլ Մաքքոնելը[11] մարմնավորել է Ջոաննա Հոֆմանին 2013 թվականի «Ջոբս։ Գայթակղության կայսրություն» ֆիլմում։
Անգլիացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը մարմնավորել է Հոֆմանին 2015 թվականի «Սթիվ Ջոբս» ֆիլմում։ Այդ դերի համար Ուինսլեթն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի[12][13] և «BAFTA» մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար, ինչպես նաև առաջադրվել է «Օսկար» մրցանակի և «Screen Actors Guild» մրցանակի նույն անվանակարգում[14]։
Ինչ վերաբերում է Հոֆմանի և Ջոբսի հարաբերությունների բնույթին, Ուինսլեթը նրան նկարագրել է որպես Ջոբսի «աշխատանքային կին», և որ «նա արտասովոր, հանդուգն արևելաեվրոպական անձնավորություն էր, որը գրեթե միակ մարդն էր, ով կարող էր իրականում խելքի բերել Սթիվին»[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.