երկրպագություն աստվածների և մարդկանց նկատմամբ պարսիկների շրջանում From Wikipedia, the free encyclopedia
Պրոսկինիսիս (հուն.` προσκύνησις, proskýnēsis - /ˌprɒskᵻˈniːsɪs/), աստվածների և մարդկանց նկատմամբ հարգանքի հանդիսավոր ժեստ։
Աքեմենյան Պարսկաստանում (իբադաթ (ibādat) արաբերեն` عِبَادَة, գետնատարած խոնարհվել) մարդը բերանքս ի վայր փռվում և համբուրում էր գետինը կամ հարգված անձի վերին կամ ստորին վերջույթները։
Պրոսկինիսիսը (լատ.` adōrātiō ) Հին Հունաստանի և Հին Հռոմի մշակույթում կրոնական ծեսերից էր, որը կրում էր մեկ ոտքը ծնկած հարգանքի տուրք և խոնարհում ցուցադրելու իմաստը[1]։
Բյուզանդական ծիսակարգում դա աղաչանքի կամ ակնածանքի կանոնակարգային ժեստ էր։ Ֆիզիկական գործողությունը կարող էր լիմել սկսած լրիվ գետնատարած խոնարհումից մինչև ծնկաչոք խոնարհում, խոնարհում կամ պարզ ողջույն, որը պայմանավորված էր խոնահվողի և խոնարհման արժանացողի սոցիալական դիրքից ըստ հիերարխիկ կարգի (տաքսիս)[2]։
Հունարեն προσκύνησις բառը ծագել է προσκυνέω, «պրոսկինեո» բայից, ինքնին կազմված πρός, «պրոս» (դեպի) և κυνέω, «կինեո» ([ես] համբույր)[3] բաղադրյալ բառերից։ Այն նկարագրում է խոնարհության, հնազանդության կամ պաշտամունքի վերաբերմունք, մասնավորապես՝ սուվերեն ղեկավարի, Աստծո կամ աստվածների նկատմամբ։
Ըստ Հերոդոտոսի «Պատմություններ» գրքի[4], հավասար աստիճանի անձի շուրթերն էին համբուրում, մի փոքր ավելի ցածր աստիճանի ինչ-որ մեկի այտն էին համբուրում, իսկ շատ ցածր սոցիալական դիրք ունեցողը ստիպված էր ամբողջությամբ խոնարհվել դիմացինի առաջ։ Հույների համար մահացածի նկատմամբ պրոսկինիսիս անելը դիտվում էր որպես բարբարոսություն և անմտություն[5]։
Իր «Անաբասիս» գրքում (3.2.13) Քսենոփոնը վկայակոչում է հույների հրաժարումը պրոսկինիսիսի կատարումից՝ ի նշան իրենց ազատության՝ տարբերելով նրանց պարսիկներից. «Ի նշան այս հաղթանակների [[[Քսերքսես I|Քսերքսեսի]] արշավանքի դեմ] մենք, իրոք, դեռ կարող ենք ունենալ ռազմավարներ, բայց դրանց ամենավառ վկան այն պետությունների ազատությունն է, որտեղ դուք ծնվել և մեծացել եք, քանի որ ոչ մի մարդկային արարածի դուք հարգանքի տուրք չեք մատուցում` որպես տիրոջ, բայց միայն աստվածներին [οὐδένα γὰρ ἄνθρωπον δεσπότην ἀλλὰ τοὺς θεοὺς προσκυνεῖτε]»:
Մատռվակի պրոսկինիսիսը բյուզանդական փղոսկրյա ռելիեֆի վրա (10-րդ դար) | Մորավները երկրպագության ժամանակ պրոսկինիսիսի դիրքում (1735 թվական) | Պարսից թագավորը (կենտրոնում) և պալատականները (աջից) պրոսկինեսիսի դիրքում | Բարսեղ Բ-ին Հրեշտակները հանձնում են Կայսերական թագ (11-րդ դար) |
Պարսկական այս սովորույթը, հավանաբար, ստիպել է որոշ հույների հավատալ, որ իրենք պաշտում են իրենց թագավորին որպես աստված, միակ մարդուն, ով բոլորից ստանում է պրոսկինիսիս, իսկ այլ սխալ մեկնաբանություններ մշակութային բախումներ են առաջացրել։ Պրոսկինիսիսը միայն Աքեմենյան արքունիքի հատուկ սովորույթ չէր, քանի որ ավելի վաղ այն կիրառվում էր ասորական արքունիքում։ Հակառակ հույն հեղինակների ենթադրությունների, մերձավորարևելյան աղբյուրները կասկած չեն թողնում, որ պրոսկինիսիսը չի ունեցել կրոնական ժեստի բնույթ, այլ եղել է պալատկան արարողության տարր[6]։
Ալեքսանդր Մակեդոնացին այս պրակտիկան առաջարկեց իր կենդանության օրոք՝ իր նվաճած պարսկական տարածքների տեղական սովորույթներին հարմարվելով։ Բայց դա չընդունվեց նրա հույն ուղեկիցների կողմից (ինչպես, օրինակ, նշել է պալատական պատմաբան Կալիսթենեսը). հետագայում Մակեդոնացին չպնդեց այդ պրակտիկայի վրա։ Նրա մարդկանցից շատերը կարող էին համակերպվել պարսկական զգեստապահարան ունենալու Ալեքսանդրի հետաքրքրության հետ, բայց թագավորին մեծարել պրոսկինիսիսով` ասես աստված լիներ, մի փոքր չափազանց էր[7]։ Ըստ Արիանոսի, Կալիսթենեսը բացատրել է, որ աստծուն և մարդուն մեծարելու ձևերը տարբեր են, և որ պրոսկինիսիսը բացարձակապես աստվածներին հարգելու միջոց է։ Այս սովորույթը հույների համար ընկալվում էր որպես վտանգ, «որոնք ազատությանն առավել նվիրված մարդիկ են»։ Ըստ Կալիսթենեսի՝ խոնարհումը օտար և ստորացուցիչ մոդա էր[7]։
Ենթադրվում է, որ Դիոկղետիանոս կայսրը (284–305 թթ.) այս պրակտիկան ներմուծել է Հռոմեական կայսրություն՝ վերջ դնելով հանրապետական պրինցիպատյան ինստիտուտներին, որոնք պահպանել են հանրապետական կառավարման ձևը, եթե ոչ նպատակը։ Այնուամենայնիվ, կան որոշ ապացույցներ, որ պրոսկինիսիսի ոչ պաշտոնական ձևն արդեն կիրառվել է Սեպտիմիոս Սևերոսի պալատում[8]։ Այս փոփոխության քաղաքական պատճառն այն էր, որ կայսրի դերը «առաջին քաղաքացուց» վերածվի այլաշխարհիկ տիրակալի՝ իր հպատակներից հեռու, դրանով իսկ նվազեցնելով հաջող ապստամբության հավանականությունը, որը պատուհասել էր կայսրությունը նախորդ 50 տարիների ընթացքում։
Պրոսկինիսիսի որոշ ձևեր, ինչպիսիք են կայսեր կուրծքը, ձեռքերը կամ ոտքերը համբուրելը, վերապահված էին պաշտոնյաների որոշակի կատեգորիայի։ Ներքին կամ օտարերկրյա պատվիրակությունների համար նախատեսված էր պրոսկինիսիսի մի քանի շարք այն կետերում, որոնք նշված էին հատակին տեղադրված պորֆիրի սկավառակներով։ Առնվազն մինչև 10-րդ դարը կայսերական արարողությունները կիրակի օրերին խուսափում էին պրոսկինիսիսից՝ Աստծո հանդեպ ակնածանքից ելնելով։ Որպես հավատարմության դրսևորում, պրոսկինիսիսն ուներ ուժեղ քաղաքական երանգավորում. այն կրկնվում է կայսերական պատկերագրության մեջ, և դրա կարևորությունը կայսերական արարողությունների մեջ երբեմն կարող էր առաջացնել նուրբ դիվանագիտական երկընտրանքներ, երբ ներգրավված են եղել օտարերկրյա տիրակալները[9]։
Նմանապես, կայսրին այլևս նշում էին ոչ թե որպես «Imp(erator)» մետաղադրամների վրա, որը նշանակում էր «գլխավոր հրամանատար», այլ որպես «D(ominus) N(oster)» - «Մեր Տեր»։ Կոնստանդիանոս I-ի քրիստոնեություն ընդունելով, պրոսկինիսիսը դարձավ մշակված ծեսի մի մասը, որի շնորհիվ կայսրը դարձավ Աստծո փոխարքա (viceregent) երկրի վրա[10]։
Տիտղոսային ինֆլյացիան ազդել է նաև կայսրության մյուս գլխավոր պաշտոնների վրա։ Հուստինիանոս I-ը և Թեոդորան երկուսն էլ պնդում էին պրոսկինիսիսի ծայրահեղ ձևով հարգանք նույնիսկ Հռոմեական սենատի անդամներից[11], և դրա համար նրանք հարձակման ենթարկվեցին` ըստ Պրոկոպիոսի Գաղտնի պատմության[12]։
Պրոսկինիո («προσκυνέω») բառը հաճախ օգտագործվում է Յոթանասնից և Նոր Կտակարանում՝ հեթանոս աստվածներին կամ Իսրայելի Աստծուն երկրպագելու համար։ Բացի այդ, այս բառը որոշ դեպքերում օգտագործվել է հրեշտակների պաշտամունքի համար[13]։
Ինչպես հինգ դար առաջ հույների դեպքում, պրակտիկան ցնցող էր, բայց գերակշռող[14]։ Կոստանդիանոսի քրիստոնեություն ընդունելուց հետո այն դարձավ մշակված ծեսի մի մասը՝ կայսրին դարձնելով «Աստծո փոխարքա երկրի վրա»։
Սրբապատկերների հետ կապված պրոսկինիսիսի թույլատրելիության հարցը (սրբապատկերներին խոնարհվել և համբուրել) բարձրացվել է 8-րդ դարում՝ պատկերամարտության ժամանակաշրջանում։ Սրբապատկերների հետ կապված պրոսկինիսիսի հակառակորդները վկայակոչել են Մովսեսի Օրենքի երկրորդ պատվիրանը.
Ձեզ համար փորագրված պատկեր մի շինեք այն բանի նմանությամբ, ինչ որ վերևում` երկնքում է, ներքևում՝ երկրի վրա, կամ երկրի տակ գտնվող ջրում է, նրանց չխոնարհվեք (προσκυνήσεις) և չծառայեք (λατρεύσῃς) նրանց։ Որովհետև ես՝ քո ՏԵՐ Աստվածը, նախանձոտ Աստված եմ[15][16]։ - Մովսես, Տասնաբանյա, երկրորդ պատվիրան |
Սրբապատկերների հետ կապված պրոսկինիսիսի պաշտպաններից մեկը Հովհաննես Դամասկոսցին էր։ Նա գրել է Երեք տրակտատ աստվածային պատկերների մասին՝ ի պաշտպանություն սրբապատկերների, որոնցում նկարագրել է պրոսկինիսիսի մի քանի տեսակներ։ Առաջին տեսակը լատրիայի (λατρεία) պրոսկինիսիսն է, որը մարդիկ տալիս են Աստծուն, ով միայնակ է պաշտելի իր էությամբ։ Ջոնը հավատում էր, որ միայն առաջին տեսակի պրոսկինիսիսը, որը կապված է լատրիայի հետ, արգելված է Աստծո կողմից։ Աստծո կողմից թույլատրելի պրոսկինիսիսի տեսակներից է սրբերի և նրանց պատկերների (սրբապատկեր) հետ կապված պրոսկինիսիսը[17]։
Քրիստոնեական աստվածաբանության մեջ պրոսկինիսիսը նշանակում է այն պարզ պատկառանքը, որը թույլատրվում է նաև սրբերին, սրբապատկերներին և այլն, ի տարբերություն Լատրիայի (երկրպագություն), որը պայմանավորված է միայն Եռամիասնական Աստծուն։
«Ողջույններ և հարգված պրոսկինիսիս» (հուն․՝ "ἀσπασμόν καί τιμητικήν προσκύνησιν", լատին․՝ "osculum et honorariam adorationem") սրբապատկերների համար սահմանվել է Նիկիայի Երկրորդ ժողովի (Յոթերորդ Տիեզերական ժողով) կողմից 787 թվականին[18]։
Տարբեր հեղինակներ քրիստոնեական տեքստերից հունարեն «προσκύνησις» բառը թարգմանում են տարբեր կերպ՝ երկրպագություն[19], կրոնական երկրպագություն[20][21], հարգանք[22], խոնարհում, ակնածանք[23]։
Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցում պրոսկինիսիս տեղի է ունենում Մորմոնի Գրքի մի շարք պատմություններում[24][25][26][27]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.