Remove ads
բյուզանդական կայսրուհի, Հուստինիանոս I կայսեր կինը From Wikipedia, the free encyclopedia
Թեոդորա (հին հունարեն՝ Θεοδώρα — «Աստվածային պարգև»), բյուզանդական կայսրուհի, Հուստինիանոս I կայսեր կինն ու իշխանակիցը։ Մեծ ազդեցություն է ունեցել Բյուզանդական կայսրության քաղաքական և կրոնական կյանքում VI դարի կեսին։ Քրիստոնեական եկեղեցու պաշտելի սրբերից է։ Ուղղափառ եկեղեցին նրա և ամուսնու հիշատակության օրը նշում է նոյեմբերի 14 (27)-ին։
Թեոդորա | |
Մասնագիտություն՝ | պարուհի և միմոս |
---|---|
Դավանանք | Մոնոֆիզիտություն |
Ծննդյան օր | մոտ 500 կամ 497[1] |
Ծննդավայր | Կիպրոս[2], |
Վախճանի օր | հունիսի 28, 548 |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Թաղված | Սուրբ Առաքյալների եկեղեցի |
Դինաստիա | Հուստինիանոսների հարստություն |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Հայր | Acacius?[5] |
Ամուսին | Հուստինիանոս Ա[6][7][8] |
Զավակներ | Իոաննիս |
Թեոդորան ծնվել է մոտ 500 թվականին[9] (մի տեսակետի համաձայն՝ Կիպրոսում[10]) կոստանդնուպոլսյան կրկեսի աշխատող Ակակիոսի[11] ընտանիքում, որը մահից հետո կնոջն ու երեք դուստրերին թողնում է աղքատության մեջ։ Հետագայում, կայսերական տան նկատմամաբ հարգանքից ելնելով, ի հայտ եկան կենսագրություններ, որտեղ հայրը հիշատակվում էր որպես սենատոր[11]։ Թեոդորայի մայրը երկրորդ անգամ ամուսնանում է կենդանիներին խնամողի հետ, իսկ աղջիկները սկսում են աշխատել կրկեսում[12]։
Թեոդորայի երիտասարդ տարիների մասին պատմող հիմնական աղբյուրը[13] նրա ժամանակակից Պրոկոպիոս Կեսարացու «Գաղտնի պատմություն» պամֆլետն է՝ գրված 550 թվականին (Թեոդորայի մահից երկու տարի հետո), որտեղ կայսրուհուն և ամուսնուն վերագրվում են մեծ թվով արտներ և չարաշահումներ։
Պրոկոպիոսի վկայության համաձայն՝ Թեոդորան դառնում է հետերա և քույրերի հետ մասնակցում միմոսների ներկայացումներին. «Կոմիտոն փայլում էր իր հասակակից հետերաների մեջ, նրան ուղեկցում էր թևքերով խիտոն հագած Թեոդորան՝ սպասուհի-ստրկուհու նման»[12]։ Թեոդորայի կյանքի այս փուլի վերաբերյալ Պրոկոպիոսն անբարենպաստ է արտահայտվում. «Իսկ երբ նա մեծացավ և հասունացավ, նա բեմ բարձրացավ և դարձավ այն հետերաներց, որ հնում անվանում էին «հետևակ», քանզի նա ո՛չ երաժիշտ էր, ո՛չ պարուհի, այլ միայն վաճառում էր իր գեղեցկությունը՝ ծառայելով իր արհեստին մարմնի բոլոր մասերով»[12]։
Պրոկոպիոսը դատապարտում է Թեոդորայի զբաղմունքը միմոսների կրկեսում, սակայն խոստովանում է, որ «նա չափազանց նրբագեղ էր ու սրամիտ, և բոլորը հիացած էին նրանով»։ Նրա խոսքերով՝ Թեոդորան հաճախ էր ընդհատում իր հղիությունները՝ վիժում առաջացնելով[12]։
Ապագա կայսրուհու և սրբի կյանքի սկզբնական շրջանի մասին տեղեկությունները չի հերքվում և չի հաստատվում կենսագրական գրականության մեջ։ Դմիտրի Ռոստովսկին հակիճ հաղորդում է. «սկզբում մեղավոր էր, հետո ապաշխարեց»[14]։
Թեոդորայի ժամանակակից Հովհան Եփեսացին, թեև բարեհաճ էր տրամադրված նրա նկատմամբ, իր «Վարք արևելյան երանելի սրբոց» երկում նրան անվանում է «Թեոդորան՝ հասարակաց տնից»։ Այդպես էին Կոստանդնուպոլսում անվանում ազդեցիկ զորահրամանատար Հուստինիանոսի սիրուհուն, որը դեռ կայսր չէր, և նրան էին դիմում սիրիական մոնոֆիզիտները՝ Հուստինիոս կայսեր հալածանքներից պաշտպանելու խնդրանքով[15][16]։
Թեոդորան լքեց Կոստանդնուպելիսը, մեկնեց Հյուսիսային Աֆրիկա՝ հետևելով սիրեկանին՝ Հեկեբոլոսին, որը արքոնտի պաշտոն էր ստացել Պենտապոլիսում։ Բայց վերջինս լքում է Թեոդորային, որը կրկին ստիպված է լինում զբաղվելլ մարմնավաճառությամբ Ալեքսանդրիայում[12]։ Գտնվելով իր ժամանակի մշակութային և գիտական նշանավոր կենտրոնում՝ Թեոդորան ընկնում է այդ լուսվորյալ միջավայրի ազդեցության տակ, ծանոթանում մոնոֆիզիտների հետ, որոնց հետագայում գաղտնի հովանավորում Է[17][18]։ Այնտեղ ծանոթանում է նաև Տիմոֆեյ IV Ալեքսանդրիացի և Սևերոս Անտիոքացի պատրիարքների հետ, որոնք իրենց քարոզներով հաճախ էին դիմում այդպիսի կանանց և, գուցե, նրանց շնորհիվ էլ տեղի ունենում նրա կենսակերպի փոփոխությունը[11]։
Ամուսնություն
Կոստանդնուպոլիս վերադառնալուց հետո Թեոդորան սկսում է վաստակել՝ զբաղվելով ձեռագործությամբ՝ թողնելով հին զբաղմունքը։ Իր գեղեցկությամբ, անսովոր հմայքով, իմաստությամբ և ամուր կամքով նա գերում է ապագա կայսր Հուստինիանոսին, որը մոտենում էր քառասնամյա տարիքին։ Նրանց ծանոթության մասին կան մի քանի վարկածներ։ Մեկի համաձայն Հուստինիանոսը տեսել է նրան պատուհանից, ըստ մյուսի՝ նրանց ծանոթացրել է Մակեդոնիա դերասանուհին, որի տանն ապրում էր Թեոդորան Ալեքսանդրիայից վերադառնալուց հետո[18]։ 523 թվականին նա տալիս է Թեոդորային պատրիկի աստիճան։ Օրինական ամուսնության համար 524 թվականին փոխում է Կոստանդիանոս Մեծի օրենքը, որով արգելվում էր ազնվականների ամուսնությունը ցածր ծագման կանանց, պարուհիների կամ նրանց դուստրերի հետ։ Նոր օրենքով այդպիսի ամուսնությունները թույլատրելի են դառնում, եթե կինը թողել է դերասանի արհեստը[19]։ Հուստինիանոսի և Թեոդորայի ամուսնության դեմ է հանդես գալիս Եվֆիմիա կայսրուհին, և միայն նրա մահից հետո ամուսնությունը կայանում է[20]։ Հուստինիանոսի և Թեոդորայի պսակադրությունը տեղի է ունենում հավանաբար, 525 թվականին Սուրբ Սոֆիայում[21]։
Հուստինիանոսը երբեք նշանակության չի տվել Թեոդորայի ծագումը և համարել է իրեն հավասար։ Դա բացատրվում է նրանով, որ Հուստինիանոսն ինքը սերում էր գյուղական ընտանիքից[22], թեև իր հորեղբոր շնորհիվ (անկիրթ Հուստինոս կայսեր) ստանում է լավ կրթություն և իշխանություն։ Կայսրը սիրել է Թեոդորային, ինչի մասին վկայում է այն, որ նա Անազարվա ամրոցը վերանվանել է Թեոդորիադա և կազմավորել համանուն թեմ Սիրիայում[23]։
Պրոկոպիոսի համաձայն ամուսնությունից հետո Թեոդորան այլևս չի արատավորվել սիրային պատմություններով։ Երբ նրան մեղադրում են ստրուկ - բարբարոս Արեովինդոսի նկատմամաբ հակվածության մեջ, նա հրամայում է մտրակահարել և աքսորել վերջինիս[24]։ Պրոկոպիոսը հայտնում է, որ Արեովինդոսն ուղղակի անհետանում է, և ոչ ոք նրա մասին այլևս ոչինչ չի լսում[12]։
Թեոդորան և Հուստինիանոսը զավակներ չեն ունեցել։ Պրոկոպիոսն իր տրակտատում հայտնում է Թեոդորայի որդու՝ Հովհանի մասին, որը ծնվել էր մինչ նրա ամուսնությունը և մեծացել Արաբիայում։ Երբ նա հայտնվում է Կոստանդնուպոլսում մոր մոտ վերադառնալու նպատակով, Թեոդորան, վախենալով Հուստինիանոսի զայրույթից, այնպես է անում, որ նրան այլևս ոչ ոք չի տեսնում։ Պատմաբան Շարլ Դիլը հիշատակում է Թեոդորայի դստերը՝ նույնպես ծնված մինչ ամուսնությունը[25]։ Թեոդորայի դստեր որդին բյուզանդական արքունիքում բարձր դիրք էր զբաղեցնում, ինչը փաստում է, որ նրա ծագումը կայսրին չէր հուզում[11]։ Ըստ Պրոկոպիոսի՝ Թեոդորան ձգտում էր թոռանն ամուսնացնել Բելիսարիոս զորավարի դստեր հետ[12]։
Թեոդորան զարմուհուն՝ Էլիա Սոֆիային, ամուսնացնում է ապագա կայսր Հուստինոս II-ի հետ։ Նրա մայրը Թեոդորայի երկու քույրերից մեկն էր, որոնք, ըստ Պրոկոպիոսի, նույնպես հետերաներ էին[12]։
Թեոդորան կայսրուհի է դառնում 527 թվականի ապրիլի 1-ին, երբ նրա ամուսին Հուստինիանոսը թագադրվում է կայսր՝ համակառավարիչ մեռնող Հուստինոս I-ին։ Չորս ամիս անց Հուստինոսը մահանում է։ Թեոդորան ամուսնուն հավասար ղեկավարում է 22 տարի՝ նշանակելով պաշտոնյաներ, ազդելով կայսեր օրենսդրական և ներքաղաքական գործունեության վրա, զբաղվելով դիվանագիտական գրագրությամբ, ընդունելով օտարերկրյա հյուպատոսներին և այլն։ Թեոդորայի՝ Հուստինիանոսի կյանքում և կայսրության կառավարման մեջ ունեցած նշանակալի դերի մասին է վկայում կայսեր թողած արձանագրությունը Սուրբ Սոֆիայի տաճարի ոսկե գահավորակի վրա. « Քոնը Քեզ ենք բերում, Քրիստոս, Քո ստրուկներ Հուստինիանոս և Թեոդորա»[17]։ Ըստ «Ֆեոֆանի ժամանակագրության»՝ Թեոդորային ուղևորությունների ժամանակ «ուղեկցում էին քաղաքապետ Մինասը, պատրիկ Իլյան և մոտ 4000 այլ պաշտոնյաներ ու աստիճանավորներ»[26]։
Պրոկոպիոսը մի օրինակ է բերում (թեև ոչ հավաստի), որով բնութագրվում է Թեոդորայի ազդեցությունը պետությունում։ Երբ պարսկական բանակն անհաջողություններ է ունենում Կովկասյան լեռներում, պարսից արքա Խոսրովը իր պաշտոնյա Զավերգանին կարդում է Թեոդորայի նամակը. «Դրա համար ես խոստանում եմ քեզ մեծ շնորհ իմ ամուսնու կողմից, որը ոչինչ չի անում առանց ինձ հետ խորհրդակցելու»[12] : Այս խոսքերը որոշ չափով բարձրացնում են պարսիկների մարտական ոգին,որոնց հայացքները հասարակության մեջ կնոջ դիրքի մասին նահապետական էին։ Պրոկոպիոսի կարծիքով ցանկացած պաշտոնյայի նշանակում առանց Թեոդորայի համաձայնության ավարտվում էր «անփառունակ մահով»[12]։ Թեոդորան քինախնդիր կին էր և կայսրուհի, երբեք չէր ներում իր թշնամիներին[11]։
Կայսրության ղեկավարման մեջ Հուստինիանոսն ընդհանուր քաղաքականություն էր վարում, իսկ Թեոդորային հետաքրքրում էին մանրամասերը։ Հովհան Եփեսացին, պատմելով նուբիյան ցեղերի մկրտության մասին, հաղորդում է, որ բյուզանդական տեղային պաշտոնյաները կայսրուհուց ավելի շատ էին վախենում, քան կայսրից։ Նրանցից մեկը Հուստինիանոսի դեսպանի մոտ արդարանում է. «Կայսրուհու նկատմամբ վախի զգացումն ինձ քաջ ծանոթ է, այդ պատճառով ես չհամարձակվեցի նրա դեսպաններին հակաճառել»[27]։
Թեոդորայի ազդեցությունը չի նվազում մինչև իր մահը[28]։ Նրա հետ է կապվում մի շարք օրենքների ընդունումը՝ կանանց դրության բարելավման վերաբերյալ, ինչպես նաև խիստ դիրքորոշում հոմոսեքսուալ տղամարդկանց նկատմամբ, որոնց պատժում էին հրապարակայնորեն ամորձատելով[29]։
Թեոդեորան դժվար պահերին դրսևորում էր ուժեղ կամք և բացառիկ քաջություն։ Այդ գծերը վառ կերպով դրսևորվեցին 532 թվականին Նիկիայի ապստամբության ժամանակ, երբ համընդհանուր խուճապի պայմաններում, նա կանխում է Հուստինիանոսի փախուստը Կոստանդնուպոլսից և դրանով, ըստ որոշ ուսումնասիրողների, փրկում գահը[30][31]։ Երբ կայսրը պատրաստ էր լքել քաղաքը, նա կայսերական խորհրդի ժամանակ հանդես է գալիս ելույթով, որը մեջբերել է Պրոկոպիոսը «Պարսկական պատերազմի մասին» տրակտատում, և ասում խոսքեր, որոնք դառնում են աֆորիզմ. «Ես կարծում եմ՝ այժմ ժամանակը չէ մտածել, թե վայել է կնոջը համարձակություն ցուցաբերել տղամարդկանց մոտ և ելույթ ունենալ պատանեկան ոգևորությամբ։ Նրանց, ում մեծ վտանգ է սպառնում, ոչինչ չի մնում անել, քան այն լուծել լավագույն ձևով։ Փախուստը, որը երբևէ փրկություն է բերել և կարող է այսօր էլ փրկել, անպատվաբեր է։ Նա, ով լույս աշխարհ է եկել չի կարող չմեռնել, բայց նրա համար, ով մի անգամ իշխել է, փախուստն անտանելի է։ Չտեսնեմ, այն օրը երբ ինձ այլևս չեն կոչի տիրուհի։ Եթե դու ուզում ես քեզ փրկել փախուստով, տիրակալ, դա դժվար չէ։ Մենք դրամ շատ ունենք, ծովը մոտ է, նավերը՝ պատրաստ։ Բայց տես, որ փրկվելով՝ դու չնախնտրես մահը փրկությունից։ Ես համաձայն եմ այն հին ասացվածքի հետ, որ՝ արքայական ծիրանին լավագույն պատանքն է»[32]։
Այս ելույթի գեղարվեստական նախօրինակը հավանաբար եղել է կարիացիների տիրուհի Արտեմիսիայի ելույթը պարսիկների խորհրդի ժամանակ Սալամինի ճակատամարտից առաջ, որը գրի է առել Հերոդոտոսը, թեև Արտեմիսիան կոչ էր անում հրաժարվել կռվից[33]։ «Արքայական ծիրանին լավագույն պատանքն է» խոսքերը Պրոկոպիոսը փոխ է առել Սիրակուզայի տիրան Դիոնիսոս Ավագից։ Մ.թ.ա 403 թվականին Դիոնիսոսը ամրոցում շրջափակվում է ապստամբների կողմից և ընկերոջ փրկվելու առաջարկին, նա պատասխանում է. «Իշխանական թիկնոցը ամենալավ պատանք է»[34]։ Թեոդորայի ելույթը Պրոկոպիոսի կողմից ենթարկվել է գեղարվեստական մշակման, թեև ոչ մի պատմաբան չի կասկածում, որ նա նմանատիպ ճառով է հանդես եկել, գուցե ոչ այդպես փայլուն արտահայտություններով[34]։
Թեոդորան նախկին կուրտիզանուհիների և մարմնավաճառների համար բացում է մենաստան Բոսֆորի ափին (այսպես կոչված՝ ապաշխարության մենաստան)։ Պրոկոպիոսի կարծիքով պայմաններն այնտեղ այքան դաժան էին, որ շատ կանայք նետվում էին բարձրությունից՝ տանջանքներին վերջ տալու համար[12]։ Հովհաննես Մալալասը՝ Պրոկոպիոսի ժամանակակիցը, այդքան թշնամաբար չէ տրամադրված Թեոդորայի նկատմամաբ և հետևյալն է հայտնում կայսորուհու բարեգործությունների մասին.
«Այդ նույն ժամանակ բարեպաշտ Թեոդորան այլ բարի գործերից հետո հետևյալն է անում։ Հասարակաց տների տերերը շրջում էին և փնտրում աղքատների, ովքեր աղջիկներ ունեին և, խոստումներ ու գումար տալով, նրանց տանում էին՝ իբրև դաստիարակելու։ Իրականում նրանց հանում էին վաճառքի և ստիպում մարմնավաճառությամբ զբաղվել։ Թեոդորան հրամայում է փնտրել այդ որջերի տերերին, և երբ նրանց աղջիկների հետ բերում էին իր մոտ, նա հրամայում էր պատմել իրենց ծնողներին տված երդման մասին:Երբ նրանք խոստովանեցին, որ յուրաքանչյուր աղջկա համար տվել են հինգ նոմիսմ, բարեպաշտ վասիլիսան, գումար տալով, ազատում է այդ աղջիկներին անպատվաբեր ստրկությունից, արգելում է հասարակաց տների տերերի գործունեությունը և աղջիկներին տալով գումար, հագուստ, ազատ արձակում[22]»:
Թեոդորան գաղտնի հովանավորում էր մոնոֆիզիտներին, նպաստեց, որ Կոստանդնուպոլսի պատրիարք ընտրվի Անֆիմիոսը, իսկ նրա տապալումից հետո 526 թվականին, 12 տարի թաքցրել է իր պալատի գաղտնի խցում[17][35]։ Նրա մասնակցությամբ է տեղի ունենում Ալեքսանդրիայի պատրիարքական աթոռի գրավումը մոնոֆիզիտների կողմից։ Պալատի նրա հատվածում Անֆիմիոսի հետ մնում էր 538 թվականին Կոստանդնուպոլիս տեղափոխված Թեոդոսիոս Ալեքսանդրացին, որը եկեղեցի էր ձևավորել այնտեղ և իրեն պահում էր իբրև միաբնակ եկեղեցու առաջնորդ[36]։ Ա. Վ.Քարտաշյովի կարծիքով Թեոդորան «արհեստականորեն տարածում էր մոնոֆիզիտական ձեռնադրությունները և ստեղծել ու ամրապնդել է միաբնակ եկեղեցիների պատմական գոյությունը մինչև մեր օրերը»[17]։ Չնայած կնոջ հակումներին՝ Հուստինիանոսը չէր դադարում հալածել միաբնակներին, թեև այդքան էլ հետևողական չէր և Թեոդորայի ազդեցությամբ՝ չափազանց անվճռական։ Օրինակ, 533 թվականի նոյեմբերի երկրաշարժից հետո, երբ ժողովուրդը փողոցում վանկատում էր. «Օգոստոս, այրիր Քաղկեդոնի ժողովի հրովարտակը», նա հրապարակեց երկարաձիգ և ոչ պարզ աստավածաբանական հրաման՝ այսպիսի բանաձևով. «Նույն Քրիստոսին է պատկանում և՛ հրաշքները, և՛ չարչարանքները»։ Այդպես, ըստ Քարտաշյովի, քաղկեդոնի ժողովի դիրքերը թուլանում էին[17]։ Այնուամենայնիվ, հալածված մոնոֆիզիտ հոգևորականները Սիրիայում պղծում էին Հուստինիանոսի դիմանկարները և միևնույն ժամանակ աղոթում բարեպաշտ կայսրուհու համար։ Մյուս կողմից, ուղղափառները, տեսնելով Հուստինիանոսի զիջումները մոնոֆիզիտներին, ցանկանում էին, որ նա ազատվի Թեոդորայից[17]։ Պրոկոպիոսի և Եվագրիոսի վկայությամբ՝ դերերի այդ բաժանումը Թեոդորան և Հուստինիանոսն օգտագործում էին վիճող կողմերի վրա ազդելու և կայսրության քաղաքական միասնությունն ապահովելու համար[17]։
Մոնոֆիզիտների դիրքերն ամրապնդելու համար Թեոդորան փնտրում էր նաև հռոմեական պապականության գահի համար հարմար թեկնածու։ Ընտրվեց Վիգիլիոսը,այն բանից հետո, երբ Թեոդորայի հրամանով Հռոմի պապ Սիլվերիոսը մեղադրվեց քաղաքական դավաճանության մեջ և հեռացվեց[17]։
Պատմաբան Շարլ Դիլը, գնահատելով Թեոդորային, գրում է, որ նա, ինչպես բոլոր բյուզանդուհիները, շատ բարեպաշտ էր, բայց նաև հմուտ քաղաքագետ և հասկանում էր, որ Արևելքի հարուստ պրովինցիաները, որտեղ տիրապետող էր միաբնակությունը, պետք էին կայսրությանը։ Սիրիան և Եգիպտոսը կրոնական բաժանման միջոցով դրսևորում էին իրենց անջատողական ձգտումները, և Թեոդորան, պաշտպանելով մոնոֆիզիտներին և նրանց որոշ զիջումներ անելով, կարողացավ մեղմել նրանց դժգոհությունը[11][37]։ Տեսակետ կա նաև, որ Թեոդորան լինելով քաղկեդոնական դավանանքի հետևորդ[31], կարծում էր, որ « Սևիրիոսը և մյուս մոնոֆիզիտները մոտ էին ուղղափառությանը և եթե նրանց նկատմամբ ցուցաբերել համբերատարություն ու հարգանք, նրանք կընդունեն և կհասկանան Քաղկեդոնի ժողովը»[36]։ Նշվում է նաև, որ Թեոդորայի անձնական հովանավորությամբ էր պայմանավորված միաբնակների հաջողությունը Արաբիայում, Նուբիայում և նրանք շարունակում էին գործել՝ չվախենալով եկեղեցական բանադրանքից։
Թեոդորան ոչ միայն մասնակցում էր կրոնական վեճերին, այլև նպաստում էր քրիստոնեության տարածմանը։ Հովհան Եփեսացի եպիսկոպոսը հայտնում է, որ Թեոդորան ուրախությամբ է ընդունում Ալեքսանդրիայի պատրիարք Թեոդոսիոսի առաջարկը նոբադներին (նուբիական ցեղերից մեկը) քրիստոնյա դարձնելու վերաբերյալ։
«Մտածելով այդ ժողովրդի մասին՝ բարեպաշտ Հուլիոսը հայտնեց կայսրուհուն, որ օգնի դարձի բերել այդ ժողովրդին։ Թագուհին ուրախությամբ համաձայնեց և խոստացավ ամեն ինչ անել, որ այդ ժողովուրդը հրաժարվի կռապաշտության մոլորությունից։ Այդ ուրախության մասին նա հայտնեց անպարտելի կայսր Հուստինիանոսին և խոստացավ, որ Բարեպայտ Հուլիոսը կուղարկվի այնտեղ։ Կայսրը, սակայն, գոհ չմնաց, որ Քաղկեդոնի հակառակորդը պետք է այնտեղ մեկնի...»[27]:
Չնայած Հուստինիանոսի առարկությանը՝ Թեոդորան խորամանկությամբ կարողացավ ուղարկել միաբնակ միսիոներներին նոբադների մոտ[27]։
Թեոդորան մահանում է 548 թվականի հունիսի 28-ին երկարատև հիվանդությունից հետո։ Վիկտոր Տուննունցի եպիսկոպոսը, որը կրոնական հարցերի շուրջ տարաձայնություններ ուներ կայսրուհու հետ այսպիսի գրառում է թողել իր ժամանակագրության մեջ. «Օգոստոս Թեոդորան, քաղկեդոնական ժողովի թշնամին, ամղողջ մարմնով քաղցկեղով ախտահարված, մահացավ»[38]։
Նա կայսերական ողջ մեծարանքով թաղվում է Կոստադնուպոլսի Տասնեկու առաքյալների եկեղեցում։ Կնոջ մահից հետո Հուստինիանոսը, հանդիսավոր խոստում տալիս, երդվում էր կնոջ անունով, որը նա հավերժացրեց քաղաքների, նահանգների և նվաճված տարածքների անուններում։ Կնոջ հիշատակի համար Հուստինիանոսը հրամայեց Սինայի Սուրբ Եկատիրինայի վանքի գլխավոր բազիլիկում թողնել արձանագրություն. «Կայսրուհի Թեոդորայի աստվածային հիշատակի համար»[39]։ Թեոդորայի մահից հետո Հուստինիանոսը, մնալով հավատարիմ նրան, այլևս չի ամուսնանուն։
Թեոդորան դրական գնահատականի է արժանացել մոնոֆիզիտների կողմից[17]։
Թեոդորան և ամուսինը կանոնականացվել են եկեղեցու կողմից։ Ուղղափառ եկեղեցին ընդունում է Թեոդորայի զղջումը երիտասարդ տարիներին վարած կյանքի համար և համարում, որ նա հեռացել է մոնոֆիզիզտների աղանդից[41] և դարձել ուղղափառ։ Կոստանդնուպոլսի եկեղեցին լոյալ էր վերաբերում Թեոդորային. նրա թագադրումից հետո, երբ խոսակցության թեման նրա անցյալն էր և շատերին այն հուզում էր, «հոգևորականներից ոչ մեկը բացահայտ դժգոհություն չհայտնեց, չնայած, որ պետք է ընդունեին նրան որպես տիրուհի»[12]։ Միևնույն ժամանակ պատմաբանները նշում են, որ արևմտյան եկեղեցին այդպես էլ չներեց Թեոդորային Սիլվերիոս պապին այդպես գահընկեց անելու համար, և նրա անունը երկար ժամանակ անիծվում էր և անարգվում[11]։
Պորոկոպիոսը Թեոդարային, որպես քաղաքական գործչի, կտրուկ է վերաբերում, թեև գնահատում է նրա դերը Նիկիայի ապստամբության ժամանակ, երբ նա կանխեց Հուստինիանոսի փախուստը Կոստանդնուպոլսից։
Թեոդորայի մասին հիմնական սկզբնաղբյուրը Պրոկոպիոս Կեսարացու «Գաղտնի պատմություն» (հուն․՝ Ἀνέκδοτα)պամֆլետն է, որը գրվել է նրա մահից երկու տարի հետո։ Աշխատությունը գտնվել է միայն XVII դարում Վատիկանի գրադարանի տնօրեն Նիկկոլո Ալեմաննիի կողմից և անմիջապես վեճերի առիթ դարձել։ Պրոկոպիոսը, ինչպես և կայսրերի նշանավոր կենսագիրը Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսը, հավանաբար օգտվել է կայսերական արխիվից, սակայն նրա պատմությունները Թեոդորայի մինչամուսնական կյանքի մասին կասկածի տեղիք են տալիս։ Անգլիսցի ուսումնասիրող Ա. Կամերոնը Պրոկոպիոսի մասին իր աշխատության մեջ իրակունություն չի համարում Թեոդորայի երիտասարդության մասին նկարագրությունը[34]։ Այնուամենայնիվ Պրոկոպիոսի իրազեկությունը կասկած չի հարուցում, քանզի նա ծառայել է որպես քարտուղար Հուստինիանոսի նշանավոր զորահրամանատար Բելիսարիոսի մոտ և ականատես է եղել շատ իրադարձությունների, որոնք նկարագրել է[11][21]։
«Գաղտնի պատմություն»-ը, որն, ըստ մի ուսումնասիրողի, գրվել է ոչ թե թանաքով, այլ լեղիով, Պրոկոպիոսի արձագանքն էր իր տիրոջ Բելիսարիոսի նկատմամաբ ցուցաբերած վերաբերմունքի, որի արդյունքում ինքն էլ զրկվում է պալատի բարեհաճությունից։ Աշխատության կողմնակալ բնույթի մասին է վկայում, օրինակ, «Գաղտնի պատմության» վեցերորդ մասի առասպելական բովանդակությունը՝ «Հուստինիանոսը՝ Սատանայի մարմնավորում» թեմայով[34]։ Այնուհանդերձ, պատմաբաններն ամբողջությամբ չեն մերժում «Գաղտնի պատմություն»-ը՝ որպես ոչ հավաստի աղբյուր, քանզի Հուստինիանոսի և Թեոդորայի քաղաքական և կրոնական գործունեության մասին գրված տեղեկությունները հաստատվում են նաև այլ տեքստերում, հատկապես՝ Հուստինիանոսի կոդեքսում[11]:
Բյուզանդագետ Ֆ.Ի. Ուսպենսկին իր «Բյուզանդական կայսրության պատմություն» աշխատության մեջ ընդունում է, որ Պրոկոպիոսը Հուստինիանոսի դարաշրջանի միակ ականատեսն է, թեև քննադատում է «Գաղտնի պատմության» բացասական և կանխակալ տոնը։ Ըստ Ուսպենսկու այդ աշխատությունը, որը վերաբերում է Պրոկոպիոսի կյանքի ուշ շրջանին և էապես տարբերվում է նախկին օբյեկտիվ տրակտատներից, պետք է դիտել այն ժամանակ տարածված համոզմունքների շրջանակում, որ «իր ժամանակի իրերի դրվածքը նորմալ չէ, որ Հռոմի երբեմնի փառքը անդարձ է, և ժամանակակիցներն անցյալի հերոսների նման չեն»[42]։ Նա չի մանրամասնում Թեոդորայի երիտասարդությունը և կարծում է, որ «Նա անկախ է իր միջավայրից և պատմական դերից և իր վրա է բևեռում համընդհանուր ուշադրությունը՝ որպես գեղարվեստական կերպար»[42]։
Բացի Պրոկոպիոսի աշխատությունից Թեոդորայի կյանքի առանձին դրվագներ նկարագրվել են VI դարի կեսերին Հովհան Եփեսացի եպիսկոպոսի կողմից «Վարք արևելյան երանելի սրբոց» և «Եկեղեցական պատմություն» երկերում։
Վարքագրական գրականության մեջ Թեոդորայի մասին տեղեկություններ են կան Սևերոս պատրիարքի և Հակոբ Բարադեյի[11] կենսագրության մեջ։ Դմիտրի Ռոստովսկին Հուստինիանոսի վարքի վերջում կարճ տեղեկություն է հաղորդում Թեոդորայի մասին։
Թեոդորայի կրոնական գործունեությանը, հատկապես նրա դերին մոնոֆիզիտների դիրքերի ամրապնդման մեջ, անդրադարձել է Ա.Վ. Քարտաշևը իր «Տիեզերական ժողովները» աշխատության մեջ, ինչպես նաև Շարլ Դիլը Բյուզանդիայի պատմության մասին իր բազմաթիվ երկերում։ Ժամանակակից ուսումնասիրություններից Թեոդորային է նվիրված իտալացի հետազոտողներ Ստեֆանիա Սալտիի և Ռենատա Վենտուրինի «Թեոդորայի կյանքը» աշխատությունը (1999 թվական)[43]։
Թեոդորա կայսրուհու առավել հայտնի պատկերը՝ Ռավեննայի Սան Վիտալե բազիլիկի խճանկարը, բացառիկ է նրանով, որ կատարվել է նրա կենդանության օրոք (546—547 թվականներ), և պահպանվել մինչև մեր օրերը։
Կայսրուհին ամուսնու հետ պատկերված է երկու խճանկարների վրա, որոնք տեղադրված են աբսիդի երկու կողմերում։ Երկու տիրակալներն էլ պատկերված են որպես դոնատոր՝ նվիրատու, առանձին կանգնած՝ նրանք առաջնորդում են տաճարին ընծաներ բերողների շքերթը։ Ամուսինները բռնել են ծիսական անոթներ[44]։
Վ.Ն. Լազարևը գրում է, որ այդ պատկերները կատարվել են Ռավեննայի լավագույն վարպետների կողմից արքայական դիմանկարի ընդունված օրինակի համաձայն, որն ուղարկվում էր մայրաքաղաքից պրովինցիաներ ընդօրինակելու։
«Թեոդորան կանգնած է նարֆիկում՝ պատրաստ անցնելու դռնով դեպի տաճարի՝ կանանց բաժինը։ Ձեռքում պահել է ոսկե գավաթ , նրա գլխին՝ շքեղ թագ է, վզին՝ ծանր մանյակ։ Կայսրուհու զգեստի փեշին ասեղնագործված են ընծաներ բերող երեք մոգերի պատկերներ։ Կայսրուհու կերպարին հանդիսավորություն հաղորդելու համար նրան պատկերել են որմնախորշի մեջ։ Թեոդորայի առջևից գնում են երկու թիկնապահները, որոնցից մեկը բացում է մուտքի վարագույրը, իսկ մյուսն անշարժ է։ Թեոդորային ուղեկցում է պալատական կանանց խումբը, որն առաջնորդում են զորահրամանատար Բելիսարիոսի կինն ու աղջիկը»[45]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.