Պորտուգալերեն
From Wikipedia, the free encyclopedia
Պորտուգալերեն (português կամ, ամբողջական տեսքով՝ língua portuguesa), հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական ճյուղի իբերո-ռոմանական ենթախմբի լեզու, որ ձևավորվել է Իբերական թերակղզում։ Հանդիսանում է Պորտուգալիայի, Բրազիլիայի, Կապե Վերդեի, Գվինեա-Բիսաուի, Մոզամբիկի, Անգոլայի, Սան Տոմե և Պրինսիպիի միակ պաշտոնական լեզուն[3]։ Պետական-պաշտոնական երկրորդ լեզվի կարգավիճակ ունի Արևելյան Թիմորում, Արևադարձային Գվինեայում և Մակաոյում (Չինաստան)։ Գաղութատիրական ժամանակներում տեղի ունեցած էքսպանսիայի հետևանքով պորտուգալերենի և վերջինիս հիման վրա ստեղծված կրեոլերենի մշակութային ներկայությունն առկա է նաև հնդկաստանյան Գոայում ու Դաման և Դիուում[4], Շրի Լանկայի արևելքում՝ Բատիկալոայում, ինդոնեզիական Ֆլորես կղզում, Մալայզիայի Մալակկա նահանգում և Անտիլյան կղզեխմբի ABC կղզիներում։ Պորտուգալերեն խոսող անձինք և ազգություններին կոչում են լուզոֆոն՝ Պորտուգալիայի ներկայիս տարածքում միջնադարում գոյություն ունեցած Լուզիտանիա պետության անունով։
Պորտուգալերեն Português | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | գալիսա-պորտուգալական լեզուներ |
Երկրներ | Խոսվող լեզուների շարքում՝ |
Շրջաններ | Եվրոպա, Աֆրիկա, Հարավային Ամերիկա |
Պաշտոնական կարգավիճակ | և ՊԵՀ-ի այլ երկրներ |
Խոսողների քանակ | 221 000 000 մարդ (2019)[1] և 254 300 000 մարդ (2019)[2] |
Վերահսկող կազմակերպություն | Պարտուգալերենի միջազգային ինստիտուտ, Պորտուգալալեզու երկրների համագործակցություն, Բրազիլական գրականության ակադեմիա և Լիսաբոնի գիտությունների ակադեմիա |
Լեզվակիրների թիվը | 220 մլն. |
Ռեյտինգ | 6 |
Դասակարգում | Հնդեվրոպական ընտանիք
|
Գրերի համակարգ | Լատինական այբուբեն |
IETF | pt |
ԳՕՍՏ 7.75–97 | пор 545 |
ISO 639-1 | pt |
ISO 639-2 | por |
ISO 639-3 | por |
Մայրենի լեզու
Պաշտոնական և վարչական լեզու Մշակութային կամ լրացուցիչ լեզու | |
Portuguese language Վիքիպահեստում |
Պորտուգալերենը, որ իբերո-ռոմանական ենթախմբի մյուս լեզուների նմանությամբ, կազմավորվել է վուլգար լատիներենի մի շարք բարբառների հիման վրա (միջնադարյան Գալիսիա թագավորության և Պորտուգալիա կոմսության տարածքում), որոշակի տարրեր է պահպանել կելտերենի հնչյունաբանությունից և բառապաշարից[5][6]։ Աշխարհում շուրջ 215-220 միլիոն մարդ պոտուգալերենը համարում է իր մայրենի լեզուն, իսկ նրանով խոսողների ընդհանուր թիվը հասնում է 250 միլիոնի. այդ ցուցանիշով պորտուգալերենն աշխարհում զբաղեցնում է վեցերորդ տեղը, եվրոպական լեզուների շարքում՝ երրորդ տեղը[7], Լատինական Ամերիկայում՝ երկրորդ տեղը (իսպաներենից հետո), ինչպես նաև համարվում է հարավային կիսագնդում ու Հարավային Ամերիկայում ամենաշատ խոսվող լեզուն և ամենատարածվածներից մեկը Աֆրիկայում[8]։ Պորտուգալերենը պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի Եվրոպական Միությունում, Հարավամերիկյան առևտրական բլոկում (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայում՝ Mercosur-ում), Ամերիկյան պետությունների կազմակերպությունում, Արևմտաաֆրիկյան պետությունների տնտեսական ընկերակցությունում և Աֆրիկյան Միությունում։