Ոգիներ
From Wikipedia, the free encyclopedia
Ոգի, փիլիսոփայական հասկացություն, որը, մատերիալիստական մեկնաբանությամբ, ընդգրկում է գիտակցությունն իր տարբեր դրսևորումներով, որոնք կազմում են հոգևոր կյանքի տարբեր ոլորտները, մարդու անհատական հոգևոր կյանքը՝ նրա գիտակցությունն ու ինքնագիտակցությունը, իդեալականի բնագավառը՝ որպես ընդհանրապես հոգեկանի ձևեր, և հասարակության հոգևոր կյանքը՝ հասարակական գիտակցության ձևերը։ Մասնավոր դեպքերում ոգին այն բարոյական, գեղագիտական, ճանաչողական, սոցիալական և այլ գաղափարներն ու իդեալներն է, որոնք իմաստավորում են հասարակական կեցությունը, այս առումով խոսում են «ժողովրդի ոգու», «ժամանակի ոգու», «ազատության ոգու» մասին և այլն։ Փիլիսոփայության պատմության մեջ «Ոգի» հասկացությունը ընդհանրացվել է որպես այն ամենի կրողը, ինչ օրինաչափ, նպատակադիր բնույթ է տալիս աշխարհի երևույթներին՝ «շնչավորում է» անկենդան բնությունը, այդպիսին է նուսը։ Օբյեկտիվ իդեալիզմը բացարձակացնում է բնության այդ ակտիվ օրինաչափ, նպատակադիր կողմը՝ ոգուն հռչակելով «մեռյալ» բնության նկատմամբ առաջնային։ Գերմանական փիլիսոփայական ավանդույթի մեջ առանձնացվում են, ի տարբերություն բնության փիլիսոփայության և բնագիտության, ոգու փիլիսոփայությունը և ոգու մասին գիտությունները՝ նկատի ունենալով մարդու հոգևոր զարգացման և հասարակության պատմությունը, մշակույթի ոլորտը։ Կրոնի մեջ և կրոնափիլիսոփայական ուսմունքներում ոգին, ըստ էության, մարմնից անջատված, ինքնուրույն բացարձակ գոյությամբ օժտված հոգին է՝ ի հակադրություն մարմնի, որը «հողեղեն» է՝ օժտված հարաբերական, անցողիկ, անիսկական գոյությամբ։
Ոգիներ | |
---|---|
Ջին, հին-ասորական քարե ռելիեֆ | |
Տեսակ | religious concept? և փիլիսոփայական հասկացություն |
Ենթատեսակ | Սուբստանց |
Երևի համընկնում է | Հոգի |