![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/31/Speicherstadt_abends.jpg/640px-Speicherstadt_abends.jpg&w=640&q=50)
Շպայխերշտադտ
From Wikipedia, the free encyclopedia
Շպայխերշտադտ (գերմ.՝ Speicherstadt, բառացի` պահեստների քաղաք), աշխարհի ամենամեծ պահեստային թաղամասը, որ վեր է խոյանում փայտե հիմքի, տվյալ դեպքում` կաղնեփայտե գերանների վրա։ Գտնվում է Համբուրգի ծովախորշում։ Ընդհանուր երկարությունը 1.5 կմ է։ Նրա շինարարությունը սկսվել է 1883 թվականին և ավարտվել 1927 թվականին։ Թաղամասը հիմնադրվել է որպես ապրանքի անմաքս առևտրի նավահանգիստ։ 2015 թվականի հուլիսի 5-ին` վերանորոգման լուրջ աշխատանքներից հետո, Շպայխերշտադտը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/31/Speicherstadt_abends.jpg/640px-Speicherstadt_abends.jpg)
1815 թվականից ազատ քաղաք Համբուրգը համարվել է Գերմանական միության (ազատ քաղաքների և գերմանական անկախ պետականությունների միավորում) անդամ։ 1871 թվականին Գերմանական կայսրության հռչակումից հետո այն կորցրել է անմաքս առևտուր իրականացնելու իր կարգավիճակը` մտնելով կայսրության կազմի մեջ։ Սակայն 1888 թվականին կնքված պայմանագրի համաձայն` քաղաքը կրկին վերստացել է անմաքս առևտրի իր իրավունքը` դառնալով ազատ նավահանգիստ[2]։
1883 թվականին սկսվում են Կերվիդեր թաղամասի քանդման աշխատանքները, ինչի արդյունքում 20.000 մարդ վերաբնակեցնելու անհրաժեշտություն է առաջացանում։ 1885-1888 թվականներին կառուցվում է Շպայխերշտադտի շենքերի առաջին համալիրը։ 1991 թվականին թաղամասը ստացել է Համբուրգի ժառանգության պահպանվող տարածքի, իսկ 2008 թվականին՝ Հաֆենսիտի թաղամասի կադաստրային մասի կարգավիճակ[3]։ Փորձելով ակտիվացնել ներքաղաքային կյանքը` Համբուրգի կառավարությունը նախագծում է Հաֆենսիտի շրջանի զարգացումը[4]։ Այս օրինագծի իրագործման մաս է հանդիսացել Էլբֆիլհարմոնիայի կառուցումը[5]։
- Շպայխերշտադտը թռչնի թռիչքի բարձրությունից
- Շպայխերշտադտի շենքերի ճակատային մասը
- Հաֆենրատհաուսը Շպայխերշտադտից
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների ավիացիայի կողմից քաղաքը ռմբակոծելու հետևանքով ոչնչացել է Շպայխերշտադտի շինությունների 50 %-ը; Որոշ շինություններ վերացել են անբողջովին` հետագայում այլևս չվերականգնվելով։ Ներկայումս դրանց տեղում առևտրական կենտրոն է[6]։
Շպայխերշտադտի տարածքում կան մի քանի թանգարաններ, այդ թվում` Հրաշքների աշխարհի մանրակերտը, «համբուրգյան դոնժոնը» և Աֆղանական թանգարանը (մինչև 2011 թվականը)։ Բացի դրանից` այս թաղամասի շենքերը նախկինի պես գործածվում են որպես պահեստային տարածքներ[3]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f5/Hamburg_Speicherstadt_1888_Querschnitt.jpg/640px-Hamburg_Speicherstadt_1888_Querschnitt.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e2/Hamburg.Speicherstadt.panorama.wmt.jpg/640px-Hamburg.Speicherstadt.panorama.wmt.jpg)