From Wikipedia, the free encyclopedia
Շանդոր Մարաի (հունգ.՝ Márai Sándor, լրիվ անունը՝ հունգ.՝ Sándor Károly Henrik Grosschmid de Mára, 11 ապրիլի, 1900, Կաշշա, Ավստրո-Հունգարիա (ներկայում՝ Կոշիցե, Սլովակիա) – 21 փետրվարի, 1989, Սան Դիեգո, ԱՄՆ), հունգարացի արձակագիր և լրագրող։ Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1945)[8], Կոշութի մրցանակի դափնեկիր (1990, հետմահու)։ Նրա կրտսեր եղբայրն է կինոռեժիսոր Գեզա Ռոդվանին (1907-1986)։
Շանդոր Մարաի հունգ.՝ Márai Sándor | |
---|---|
Ծննդյան անուն | հունգ.՝ Grosschmid Sándor Károly Henrik |
Ծնվել է | ապրիլի 11, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոշիցե, Abaúj-Torna County, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 21, 1989[1][2][5] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, թարգմանիչ, վիպասան, սցենարիստ և հրապարակախոս |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Լայպցիգի համալսարան[6] և Բուդապեշտի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Embers? և The Rebels? |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Աշխատավայր | Նյուգաթ |
Պարգևներ | |
Ամուսին | Ilona Matzner?[7] |
Sándor Márai Վիքիպահեստում |
Շանդոր Մարաին ծնվել է 1900 թվականի ապրիլի 11-ին Կաշշա գյուղում[9] (ներկայում՝ Կոշիցե, Սլովակիա)։ Նրա հայրը եղել է փաստաբան, ով եկել էր Սաքսոնիայից։ Մայրը հունգարացի էր։ Շանդոր Մարաին սովորել է Բուդապեշտի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, մասնակցել է 1918-1919 թվականների հեղափոխական դեպքերին։ Հունգարիայի Խորհրդային Հանրապետության անկումից հետո՝ 1919 թվականին, տեղափոխվել է Գերմանիա, լրագրություն է սովորել Լայպցիգում, Ֆրանկֆուրտում, Բեռլինում։ Գրել է «Սիմպլիցիսիմուս» և «Ֆրանկֆուրտեր ցայտունգW թերթերի համար, թարգմանել է Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունները, մտածել է սկսել ստեղծագործել գերմաներենով։ Ականատես է եղել գերմանական նացիզմի ծնունդին, սակայն հետագայում ունեցել է հակաֆաշիստական հայացքներ։ 1923 թվականին տեղափոխվել է Փարիզ, սովորել փիլիսոփայություն։ 1925 թվականին հարցազրույց է վերցրել Արթուր Կոնան Դոյլից։ 1928 թվականին վերադարձել է Բուդապեշտ, ակտիվորեն զբաղվել լրագրությամբ՝ գրելով ինչպես հունգարական, այնպես էլ արտասահմանյա թերթերի համար։ Նրա գրքերը դարձել են բեսթսելլերներ, պիեսները բեմադրվել են առաջատար թատրոններում, նա դարձել է իր ժամանակի ամենահայտնի գրողներից մեկը Հունգարիայում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Դյորդ Լուկաչի և այլոց հոդվածներում համարվել է «բուրժուա գրող», 1948 թվականին մեկնել է Շվեյցարիա, 1950 թվականին՝ Իտալիա, իսկ 1952 թվականին տեղափոխվել է ԱՄՆ[9]։ 1957 թվականին ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն։ 1950-ական թվականներին աշխատել է «Ազատ Եվրոպա» ռադիոյում, ողջունել է 1956 թվականի Հունգարական հեղափոխությունը, ծանր է տարել նրա ճնշումը։
Հետագայում Շանդոր Մարաին ավելի քիչ ճանաչում է վայելել, հայտնվել է մեկուսացման մեջ։ 1986 թվականին մահացել է նրա կինը, ով ազգությամբ հրեա էր (նրանք միասին ապրել էին ավելի քան 60 տարի)։ 1987 թվականին սրտի կաթվածից մահացել է նրանց որդեգրված որդին։ Չդիմանալով մենակությանը՝ Շանդոր Մարաին ինքնասպան է եղել 1987 թվականի փետրվարի 21-ին։
Շանդոր Մարաին հեղինակել է շուրջ 50 վեպ, որոնցում պատկերված է Եվրոպան միջպատերազմական ժամանակներում՝ Ավստրո-Հունգարիայի անկումից հետո։ Տարբեր երկրներում առանձնապես հայտնի են դարձել նրա հուշերն ու օրագրերը, որ վերաբերում են 1940-1980-ական թվականներին։
1970-ական թվականների սկզբին Շանդոր Մարաիին կրկին հայտնի է դարձել իտալացի գրող և հրատարակիչ Ռոբերտո Կալասոյի շնորհիվ։ Մարաիի գրքերը կրկին սկսել են տպագրվել իտալերենով և գերմաներենով, 1989 թվականից հետո դրանք շատ են տպագրվում նաև Հունգարիայում։ 1990 թվականին նրան հետմահու շնորհվել է Կոշութի մրցանակ[8]։ Նրա ստեղծագործությունները բարձր է գնահատել Ջոն Մաքսվել Կուտզեեն։ Շանդոր Մարաիի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, շվեդերեն, հոլանդերեն, ֆիններեն, լեհերեն, չեխերեն, սերբերեն, սլովակերեն, բուլղարերեն, իվրիտով, չինարեն, թուրքերեն, կորեերեն և այլ լեզուներով։
Շանդոր Մարաիի պիեսներից մեկն էկրանավորվել է դեռ 1943 թվականին։ 1990-ական թվականներին թողարկվել են ևս մի քանի ֆիլմեր նրա երկերի մոտիվներով։ 2007 թվականին նրա օրագրերի հիման վրա նկարահանվել է «Ես էմիգրանտ եմ» խաղարկային ֆիլմը։ Գերմանիայում նկարահանվել է «Շանդոր Մարաի - հունգարացիի գրողի դիմանկարը» վավերագրական ֆիլմը (2006)։ Հունգարիայում սահմանվել է Շանդոր Մարաիի մրցանակ, որին 1996 թվականին արժանացել է Իմրե Կերտեսը, 1998 թվականին՝ Լասլո Կրասնահորկային, 2001 թվականին՝ Պետեր Էստերհազին, 2003 թվականին՝ Ժուժա Ռակովսկին, 2008 թվականին՝ Լասլո Դարվաշին։
Շանդոր Մարաիի հուշարձանները տեղադրվել են Կոշիցեում և Բուդապեշտում։ 1990 թվականին Բրատիսլավայում ստեղծվել է Շանդոր Մարաիի հիմնադրամը, որը նպատակ ունի սատարել լիբերալիզմի գաղափարներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.