Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ / From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլ Վովայի Փաշինյան (հունիսի 1, 1975(1975-06-01)[3][4], Իջևան, ԽՍՀՄ), հայ լրագրող, պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, Հայաստանի գործող վարչապետ[5][6], Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ[7]։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության արդյունքում[8]։ Նա Հայաստանի միակ ղեկավարն է, ում պաշտոնավարման շրջանում Հայաստանը պարտություն է կրել հայ-ադրբեջանական պատերազմում[9][10][11][12][13][14] և միակ ղեկավարը, որը Արցախը պաշտոնապես ճանաչել Է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս[15][16][17][18]։ Նրա պաշտոնավարման շրջանում պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ հայաթափվել է Արցախը[19][20][21], իսկ Ադրբեջանը բռնազավթել է Հայաստանից ավելի քան 150 կմ2 տարածք՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից[22]։
Նիկոլ Փաշինյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
մայիսի 8, 2018[1] - ներկա | ||||
Նախորդող | Սերժ Սարգսյան[2] | |||
| ||||
հոկտեմբերի 29, 2022 - ներկա | ||||
| ||||
ապրիլի 2, 2017 - մայիսի 8, 2018 | ||||
| ||||
մայիսի 6, 2012 - ապրիլի 2, 2017 | ||||
Կուսակցություն՝ | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան (1995) | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող, գրող և ակտիվիստ | |||
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի | |||
Ծննդյան օր | հունիսի 1, 1975(1975-06-01)[3][4] (49 տարեկան) | |||
Ծննդավայր | Իջևան, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան | |||
Ամուսին | Աննա Հակոբյան | |||
Կայք՝ | primeminister.am | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև «Իմպիչմենտ» (հիմնադրված՝ 2007 թվական) և «Ելք» դաշինքների համահիմնադիր։ Ի սկզբանե հանդես է եկել որպես Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման կողմնակից՝ անդամակցելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը։
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ընդունել է ընդդիմադիր կեցվածք, նախաձեռնել և մասնակցել բազմաթիվ համաժողովրդական ընդվզումների։ 2008 թվականի ընտրություններից հետո «Հայ ազգային կոնգրեսի» նախաձեռնությամբ Երևանում սկսվում են բողոքի ցույցեր ընդդեմ նորընտիր իշխանությունների և քվեարկության ընթացքում նկատված խախտումների։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվում է 10[23] և վիրավորվում մոտ 300 մարդ։ Նիկոլ Փաշինյանը այս դեպքերի կապակցությամբ հրապարակայնորեն մեղադրում է գործող իշխանություններին, որի արդյունքում վերջինս հայտնվում է ոստիկանական հետախուզման մեջ։ 2008 թվականի մարտի 2-ից անցնում է ընդհատակյա գործունեության, իսկ 2009 թվականի հուլիսի 1-ին ձերբակալվում է։ 2011 թվականի մայիսի 28-ին Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ է արձակվում։
Ազատություն վերադառնալուն պես Փաշինյանը շարունակում է իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունը։ 2012 թվականի մայիսի 6-ին ՀԱԿ համամասնական ընտրացուցակով ընտրվում է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։ Օրենսդիր մարմնում հատկապես աչքի է ընկնում գործող կարգերի և իշխանությունների դեմ ուղղված քննադատական ելույթներով, ինչպես նաև լիբերալ և արմատական դիրքորոշմամբ։ 2015 թվականի մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է լինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրմանը։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր»-ը կոալիցիոն պայմանագիր է կնքում «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ՝ ստեղծելով «Ելք» դաշինքը։ Վերջինս էլ ստանձնում է նորաստեղծ քաղաքական ուժի ղեկը՝ Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի հետ մեկտեղ։
2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը և իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղևորվում Երևան։ Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում է Հանրապետական Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող համաժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության տարբեր խմբերի։ Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։
Ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց[24] է տալիս ռուսական ՌԲԿ հեռուստաալիքին, և ներկայացնում Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի, Հայաստանի Հանրապետական կուսակցության առանձին պատգամավորների և Ծառուկյան դաշինք-ի հետ տարվող բանակցությունների մասին, ինչպես նաև նշում է իր առաջիկա կարևոր քայլերի մասին Հայաստանի վարչապետ ընտրվելու պարագայում։
Հայաստանի Հանրապետական կուսակցության մենաշնորհային իշխանությունը վերջնականապես արմատախիլ անելու և տապալելու նպատակով շարժումը տարածվում է Հայաստանի բոլոր մարզերում և սփյուռքի հայոց գաղթօջախներում։ Արդյունքում մայիսի 1-ին Փաշինյանը՝ որպես հեղափոխական շարժման ղեկավար առաջադրվում է ՀՀ վարչապետի թեկնածու, սակայն Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավորների ջանքերով վերջինիս ընտրության գործընթացը տապալվում է։ Օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանի երկրորդ ընտրությունը տեղի է ունենում մայիսի 8-ին, որի ժամանակ էլ վերջինս ընտրվում է Հայաստանի 16-րդ վարչապետ[25]։
Նիկոլ Փաշինյանի գործունեությունը արժանացել է ՀՀ հանրության տարբեր խմբերի կոշտ քննադատությանը, մասնավորապես բողոքի ակցիաների ընթացքում հաճախ օգտագործվում է "հողատու" ածականը[26][27][28][29][30][31][32][33][34]։