գերմանացի դեղագործ, գյուտարար From Wikipedia, the free encyclopedia
Յուլիուս Գուստավ Նոյբրոններ (գերմ.՝ Julius Gustav Neubronner, փետրվարի 8, 1852[1][2], Kronberg im Taunus, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[3] - ապրիլի 17, 1932[1][2], Kronberg im Taunus, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[3]), գերմանացի դեղագործ, գյուտարար, ընկերության հիմնադիր, սիրողական լուսանկարչության ու կինոյի պիոներ։ Սերել է Կրոնբերգի դեղագործների տոհմից։ Աղավնային լուսանկարչության գյուտարարն է։ Եղել է առաջին կինոսիրողներից մեկը Գերմանիայում, հիմնադրել է կպչուն ժապավենի արտադրության գործարան։
Յուլիուս Նոյբրոններ գերմ.՝ Julius Gustav Neubronner | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1852[1][2] Kronberg im Taunus, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[3] |
Մահացել է | ապրիլի 17, 1932[1][2] (80 տարեկան) Kronberg im Taunus, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[3] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | քիմիկոս, գյուտարար, լուսանկարիչ, դեղագործ և դեղագետ |
Անդամակցություն | Q108874443? |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Julius Neubronner Վիքիպահեստում |
Յուլիուս Նոյբրոնները ծնվել է 1852 թվականի փետրվարի 8-ին Կրոնբերգում։ Հայրը պապը՝ Քրիստիան Նոյբրոնները, 1808 թվականին հիմնադրել է դեղատուն։ 1844 թվականին դեղատունն անցել է նրա որդուն՝ Գեորգ Վիլհելմ Նոյբրոններին (1813-1894)[4], ով Յուլիուս Նոյբրոնների հայրն էր ու նկարիչ Անտոն Բրյուգերի վաղեմի ընկերը[5]։ 1848 թվականի հեղափոխության ժամանակ Գեորգ Վիլհելմ Նոյբրոնները ղեկավարել է տեղի ոստիկանությունը[6]։ Գեորգ Վիլհելմ Նոյբրոնների կինը՝ Յուլիուսի մայրը, ծագում էր դերասանների Լոու տոհմից։ Նրա քույրն է եղել հայտնի է երգչուհի Սոֆի Լոուն[7]։
Պատանեկան տարիքից Յուլիուս Նոյբրոնները եղել է սիրողական մակարդակի մոլի լուսանկարիչ։ 1865 թվականին նա գտել է Տալբոտի համակարգի լուսանկարչական ապարատ, որ իր հայրն էր պատրաստել լուսանկարի գյուտից հետո։ Հին ֆոտոխցիկով արված փորձերն անհաջող են անցել, և Յուլիուս Նոյբրոններն իր ընկերոջ հետ ապառիկով գաղտնի գնել է նոր ֆոտոապարատ[8]։
Յուլիուս Նոյբրոնները նախնական կրթությունն ստացել է տանն իր երկու քույրերի հետ միասին։ 1864 թվականին նա մեկնել է Մայնի Ֆրանկֆուրտ՝ իր կնքահայր Յուլիուս Լոուի մոտ (ով ուներ քիմիայի լաբորատորիա) և ընդունվել գիմնազիա։ Երեք տարի անց նա տեղափոխվել է Վայլբուրգ, որտեղ ստացել է միջնակարգ կրթության հավաստագիր։ Իր հոր դեղատանը մեկ տարի սովորելուց հետո Յուլիուս Նոյբրոններն ընդունվել է Թագավորական ռեալական գիմնազիա Վիսբադենում[7]։ 1873 թվականին նա Բեռլինում ավարտել է իր ուսումը որպես դեղագործի օգնական, ապա երեք տարի պրակտիկա անցել Բենդորֆի, Ֆրանկֆուրտի, Հաննովերշ Մյունդենի ու Նյոնի դեղատներում[7]։ Նյոնում նա ծանոթացել է ստերեոսկոպիային[8]։
1876 թվականից Յուլիուս Նոյբրոններն ուսումնասիրել է դեղագիտություն Գիսենում[9]։ 1877 թվականին քննությունները հանձնելուց հետո նա 1878 թվականին սովորել է քիմիա Բեռլինում, ապա Հայդելբերգի համալսարանում, որտեղ ստացել է դոկտորի գիտական աստիճան 1879 թվականին[7][9]։
1886 թվականին Յուլիուս Նոյբրոններն իր ձեռքն է վերցրել հոր դեղատան (Կրոնբերգ) ղեկավարությունը[7]։ 1887 թվականին նա ձեռք է բերել պատմական մի շենք, որ հայտնի է որպես «վիճելի եկեղեցի» (գերմ.՝ «Streitkirche»): Այն կառուցվել է որպես կաթոլիկական եկեղեցի բողոքական Կրոնբերգում, սակայն կոնֆլիկտի պատճառով եկեղեցին այդպես էլ չի բացվել[10][11]։ Հետագայում այդ շենքն օգտագործվել է որպես հյուրանոց։ Անհրաժեշտ վերակառուցումից հետո Նոյբրոնների ընտանիքն ու դեղատունը նոր շենք են տեղափոխվել 1891 թվականին[7]։
1888 թվականին (երեք կայսրերի տարի)՝ Ֆրիդրիխ III կայսեր մահից հետո, նրա այրին՝ Վիկտորյա թագուհին, Կրոնբերգի մոտակայքում իր համար կառուցել է «Friedrichshof» ամրոցը։ Այդ ժամանակ Յուլիուս Նոյբրոններին շնորհվել է պալատական դեղագործի կոչում[12]։
Յուլիուսի հայրը՝ Գեորգ Վիլհելմ Նոյբրոնները, օգտագործում էր աղավնային փոստը՝ որպես դեղերն արագ տեղ հասցնելու միջոց, սակայն ավելի ուշ դադարեցրել է այդ պրակտիկան, երբ հարևան գյուղերում բացվել են դեղատներ։ Ներշնչված թերթում տպագրված հոդվածով, որում 1902 թվականին պատմվում էր մի դեղագործի նման պրակտիկան Բոստոնում, Յուլիուս Նոյբրոնները վերականգնել ու նույնիսկ ընդլայնել է հոր ծավալած գործունեությունը։ Փոստային աղավնիների միջոցով նա ստանում էր մինչև 75 գրամ քաշ ունեցող քիմիական նյութեր Ֆրանկֆուրտում գտնվող մատակարարից և դեղեր հասցնում «Falkenstein» առողջարան, որ գտնվում էր Քյոնիգշտայնից ոչ հեռու[8]։ 1907-1909 թվականներին այդ հայտնի առողջարանը, որ հիմնադրվել էր 1876 թվականին, դարձվել է հանգստյան տուն սպաների համար[13]։
1903 թվականից մինչև 1920 թվականը Նոյբրոնները նկարահանել է մի քանի սիրողական կինոֆիլմեր, որոնք 1994 և 1996 թվականներին վերականգնվել են կինոյի գերմանական թանգարանի (գերմ.՝ «Deutsches Filmmuseum») կողմից և հետագայում հրապարակվել Յութուբում[14][15]։ Ապակե լուսանկարների սոսնձման աշխատատար գործընթացը Յուլիուս Նոյբրոններին ոգեշնչել է ստեղծել թղթե կպչուն ժապավեն, որը նա արտոնագրել է։ Այդ ժապավենի արտադրման ու վաճառահանման համար Նոյբրոնները 1905 թվականին հիմնադրել է «Fabrik für Trockenklebematerial»-ը, որը ներկայում կոչվում է «Neubronner GmbH & Co. KG» և ունի շուրջ 80 աշխատող[8][16]։
1908 թվականի դեկտեմբերին Նոյբրոններն արտոնագրել է իր գյուտը՝ «Տեսարանները վերևից նկարելու եղանակ ու միջոցներ», այսինքն՝ լուսանկարում աղավնու կրծքին ամրացված փոքրիկ ֆոտոապարատի միջոցով։ Նոյբրոններն արժանացել է մեծ ճանաչման՝ հասարակությանը ներկայացնելով իր գյուտը Դրեզդենում, Ֆրանկֆուրտում ու Փարիզում անցկացված միջազգային ցուցահանդեսներում 1909-1911 թվականներին[17]։ Դրեզդենում ցուցահանդեսին ներկա անձինք կարող էին տեսնել ֆոտոապարատներ կրող աղավնիների ժամանումը, իսկ նեգատիվներն անմիջապես երևակվում էին, ու տպագրվում բացիկներ, որոնք կարելի էր գնել[8]։ 1910-1911 թվականներին Նոյբրոնները Փարիզի ավիաշոուի ժամանակ արժանացել է երկու ոսկե մեդալների իր մեթոդի ու լուսանկարների համար[7]։ Նոյբրոնների գյուտն օգտագործվել է օդային հետախուզություն կատարելու համար Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո, սակայն պատվավոր դիպլոմից ու հանրագիտարաններում իր անունը հիշատակելուց բացի այն գյուտարարին բերել է միայն ծախսեր[8]։
1886 թվականին Յուլիուս Նոյբրոններն ամուսնացել է Շառլոտա Շտեբելի (գերմ.՝ Charlotte Stiebel, 1865-1924) հետ, ում հայրը՝ Ֆրից Շտեբելը (գերմ.՝ Fritz Stiebel, 1824-1902), եղել է հայտնի բժիշկ Ֆրանկֆուրտում[7][18]։ Նրա մորական պապը՝ Ժակ Ռեյսը (1807-1887), եղել է մեկենաս, Կրոնբերգի պատվավոր քաղաքացի և Կրոնբերգի երկաթուղային միության (գերմ.՝ Cronberger Eisenbahn-Gesellschaft) հիմնադիրը[19][20][21]։
Յուլիուս Նոյբրոններն իր հոր նման հովանավորել է Կրոնբերգի նկարիչների միությունը, որ հայտնի է որպես «Kronberger Malerkolonie», և որի թանգարանը ներկայում գտնվում է նրա տան առաջին հարկում[22]։ 1907 թվականին Յուլիուս Նոյբրոններ դարձել է Զենկենբերգի բնությունն ուսումնասիրողների միության անդամ[23]։
1932 թվականին Յուլիուս Նոյբրոնների մահվանից հետո դեղատունը ղեկավարել է Նոյբրոններների ևս երկու սերունդ։ Սկզբում դեղատունը պատկանել է Յուլիուս Նոյբրոնների որդուն՝ Վիլհելմին, որը հեղինակել է գիրք այսշտոկի մասին և զբաղվել է տարբեր մարզաձևերով։ Վիլհելմի մահից հետո դեղատունն անցել է նրա որդուն՝ Կուրտ Հայնց Նոյբրոններին, սակայն 1995 թվականին վերջինս վաճառել է դեղատունը[24]։
Կպչուն ժապավենի գործարանն անցել է Յուլիուս Նոյբրոնների կրտսեր որդուն՝ Կարլ Նոյբրոններին (13 հունվարի, 1896 – 19 նոյեմբերի, 1997), ով ղեկավարել է այն 70 տարի։ 1957 թվականին նա պարգևատրվել է Գերմանիային մատուցած ծառայությունների համար խաչով (1-ին դաս)։ 1966 թվականին նա գործարանի աշխատողներին դարձրել է ստացված շահույթի մի մասի համասեփականատեր[21]։ Կար Նոյբրոնները հայտնի է նաև իր փորձարկումներով ավիամոդելավորման բնագավառում։ Տասնվեց տարեկան հասակում նա մշակել է հրթիռապլան «Raketoplan», նախագծել է հրթիռներ ու ինքնաթիռի գերծայնային մոդելներ։ Ավիամոդելավորողների ազգային ակումբը սահմանել է Կարլ Նոյբրոնների անվան ամենամյա մրցանակ[25][26]։ 1984 թվականին նրան շնորհվել է Կրոնբերգի պատվավոր քաղաքացու կոչում[27]։ Կարլ Նոյբրոնները հիմնադրել է սպորտի աջակցման հիմնադրամ Կրոնբերգում։ Իր կնոջ՝ Էրիկայի հետ միասին նա 1997 թվականի ապրիլին ստեղծել է Էրիկա և Կարլ Նոյբրոններների սոցիալական աջակցության հիմնադրամը[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.