From Wikipedia, the free encyclopedia
Միզամուղ դեղամիջոցներ, միզամուղներ (դիուրետիկներ, հուն․՝ διούρησις՝ (թարգմ․՝ միզարձակություն, միզամուղ միջոց)), քիմիական միացություններ են, որոնք խթանում են միզարտադրությունը (դիուրեզ) և շատացնում դուրս բերվող մեզի քանակը։ Մեզի խթանված արտադրության ու դուրս բերման շնորհիվ օրգանիզմի հյուսվածքներում ու շճային խոռոչներում նվազում է հեղուկի պարունակությունը։ Գոյություն ունեն միզամուղ դեղամիջոցների մի շարք դեղախմբեր։ Բոլոր միզամուղները նպաստում են օրգանիզմից հեղուկի դուրս բերմանը, սակայն յուրաքանչյուր դեղախումբ աշխատում է իրեն բնորոշ յուրահատուկ մեխանիզմով։ Հակառակ վերջիններիս՝ հակամիզամուղ միջոցները (անտիդիուրետիկներ), մասնավորապես՝ հակամիզամուղ հորմոնը (վազոպրեսին), ընկճում են միզարտադրությունը և պակասեցնում մեզի ու, հետևաբար, արտազատվող ջրի քանակը։
Միզամուղ դեղամիջոցներ | |
---|---|
Ֆուրոսեմիդ՝ ներերակային ներարկման համար | |
Տեսակ | Դեղախումբ |
Հոմանիշներ | Դիուրետիկներ |
Կիրառում | Սրտային անբավարարություն,լյարդի ցիռոզ, զարկերակային գերճնշում |
Ազդեցության մեխանիզմ | Խթանում են միզարտադրությունը և շատացնում դուրս բերվող մեզի քանակը |
Կենսաբանական թիրախ | Na+-K+-2Cl- 2-րդ տիպի կոտրանսպորտեր,Na+-Cl--ական կոտրանսպորտեր, ալդոստերոնային ընկալիչներ |
Միզամուղները կիրառվում են սրտային անբավարարության, լյարդի ցիռոզի, զարկերակային գերճնշման, ջրով թունավորման (հիպերհիդրատացիա) և որոշ երիկամային պաթոլոգիաների բուժման համար։ Որոշ միզամուղներ, մասնավորապես՝ ացետազոլամիդը, մեզը դարձնում են ավելի հիմնային, ինչը նպաստում է թթվային միացությունների դուրս բերմանը, սա կիրառելի է, օրինակ, ասպիրինով (սալիցիլատներով) գերդոզավորման կամ թունավորման դեպքում։ Միզամուղների չարաշահում երբեմն դիտվում է սնման խանգարմամբ անձանց շրջանում, մասնավորապես՝ նյարդային բուլիմիայով մարդկանց մոտ, ովքեր ամեն կերպ փորձում են նվազեցնել իրենց քաշը։
Որոշ դիուրետիկների հակագերճնշումային ազդեցությունը (թիազիդներ) անկախ է իրենց միզամուղ էֆեկտից[1]։ Այսինքն, այս պրեպարատների կողմից արյան ճնշման իջեցումը կապված չէ ուժեղացած միզարտադրությամբ պայմանավորված արյան ծավալի նվազման հետ, այն միջնորդված է այլ մեխանիզմներով և ի հայտ է գալիս ավելի փոքր դոզաների պարագայում, քան պետք է դիուրեզի հասնելու համար։ Մասնավորապես, հենց այս նպատակով էր սինթեզվել ինդապամիդը, որը գերճնշման պարագայում ունի ավելի լայն թերապևտիկ պատուհան (առանց արտահայտված դիուրեզի), քան մնացած միզամուղները։ Վերջինս օժտված է լրացուցիչ՝ ուղղակի անոթալայնիչ ազդեցությամբ, պայմանավորված դեպի անոթի հարթ մկան կալցիումական իոնների ներթափանցման ընկճմամբ։
Բարձրառաստաղային միզամուղները օժտված են ուժեղ դիուրետիկ հատկությամբ՝ դուրս են բերում ֆիլտրված NaCl-ի և ջրի մինչև 20%-ը[2]։ Համեմատության համար, երիկամի նորմալ ֆիզիոլոգիական հետներծծման ժամանակ ֆիլտրված նատրիումի միայն 0,4%-ն է անցնում երկրորդային մեզ։ Պայմանավորված շատ ուժեղ միզամուղ ազդեցությամբ, այս խումբը ստացել է «բարձրառաստաղային» բնորոշումը։ Կանթային միզամուղները, ինչիպիսին է, օրինակ, ֆուրոսեմիդը, Հենլեյի կանթի վերել հատվածում ընկճում են նատրիումի և քլորի ակտիվ հետներծծումը, ինչը բերում է ջրի հեռացմանը մեզով, քանի որ նորմայում ջուրը հետևում է նատրիումի իոններին։ Միաժամանակ, օրգանիզմում կատարվում է կալիումի և մագնեզիումի իոնների հեռացման ուժգնացում։ Բարձրառաստաղային այլ միզամուղներ են էտակրինաթթուն և տորասեմիդը։
Թիազիդային միզամուղները, ինչպիսին է, օրինակ, հիդրոքլորթիազիդը, ազդում են հեռակա ոլորուն խողովակների վրա՝ ընկճելով Na+-Cl− սիմպորտերը, հանգեցնելով ջրի պահմանը մեզում, քանի որ ջուրը որպես կանոն հետևում է լուծելի իոններին։ Օրգանիզմի կողմից ջրի կորստի աճը հանգեցնում է հաճախակի միզարձակման։ Կարճատև հակագերճնշումային ազդեցությունը պայմանավորված է թիազիդների կողմից սրտի նախաբեռնվածության իջեցմամբ, ինչը իր հերթին բերում է ճնշման իջեցման։ Մյուս կողմից, երկարատև կիրառման պարագայում, զարգանում է անհայտ ծագման անոթալայնիչ ազդեցություն, որը իջեցնում է զարկերակային ճնշումը անոթային դիմադրության նվազման հաշվին[3]։
Կարբոանհիդրազ ֆերմենտի ընկճողները ընկճում են նշված ֆերմենտի աշխատանքը մոտակա ոլորուն խողովակում։ Սա հանգեցնում է մեզում բիկարբոնատների կուտակման ու նատրիումի հետներծծման ընկճման։ Այս շարքի դեղերից են ացետազոլամիդը և մեթազոլամիդը։
Այս դեղամիջոցները չեն նպաստում կալիումի դուրս բերմանը մեզով, արդյունքում կալիումը պահպանվում է արյան մեջ և, ի համեմատ այլ դիուրետիկների, չի հեռացվում այլ իոնների հետ։ «Կալիումապահպան» տերմինը ավելի շատ բնութագրում է ազդեցությունը, քան դրա մեխանիզմը կամ թիրախը․ այնուամենայնիվ այս տերմինով բնութագրվում են երկու խմբի միզամուղներ, որոնք ունեն նմանատիպ ազդեցություն ու թիրախներ.
«Կալցիումապահպան» տերմինը մատնանշում է, որ միզամուղը առաջացնում է կալցիում իոնի հարաբերականորեն ցածր աստիճանի էքսկրեցիա[4]։
Մեզում կալցիումի պարունակության իջեցումը կարող է հանգեցնել պլազմայում վերջինիս մակարդակի աճին։ Կալցիումապահպան ազդեցությունը կարող է կարևոր լինել հատկապես հիպոկալցեմիայի ժամանակ կամ անցանկալի լինել հիպերկալցեմիայի ռիսկի պարագայում։
Թիազիդները և կալիումապահպան միզամուղները համարվում են կալցիումապահպան միջոցներ[5]։
Համեմատության համար, կանթային միզամուղները հանգեցնում են մեզով կալցիումի զգալի կորստի[7]։ Սա հատկապես ռիսկային է ոսկրերի ապահանքայնացման ու ոսկրանյութի նոսրացման պարագայում[8]։
Օսմոտիկ միզամուղները (օր՝ մանիտոլ) նյութեր են, որոնք մեծացնում են օսմոլյառությունը՝ շատացնում են արյան պլազմայում և խողովակային հեղուկում օսմոտիկ ակտիվ նյութերի խտությունը, սակայն օժտված են սահմանափակ թափանցելիությամբ խողովակային էպիթելով․ նրանք թափանցելի են երիկամի կծիկային պատնեշի համար, բայց անթափանց են երիկամային խողովակների համար։ Նրանց աշխատանքի հիմքում ընկած է նաև արտաբջջային հեղուկի և պլազմայի ծավալի մեծացումը, ինչը իր հերթին մեծացնում է երիկամային արյունահոսքը՝ հատկապես դեպի հարխողովակային մազանոթներ։ Օսմոտիկ դիուրետիկների հիմնական ազդեցության շրջանը մոտակա ոլորուն խողովակներն են ու Հենլեի կանթի վայրէջ հատվածը։ Այս շրջանը ազատ թափանցելի է ջրի համար։ Օսմոտիկ էֆեկտի շնորհիվ նրանք նաև ընկճում են հակամիզամուղ հորմոնի աշխատանքը հավաքող խողովակում։ Հետ չներրծվող նյութերի առկայությունը, ինչպիսին է մանիտոլը, մեծացնում է մեզի օսմոլյառությունը և խանգարում ջրի հետներծծմանը, որի հետևանքով մեզի ծավալը աճում է։
Մեզի հոսքի արագացումը նվազեցնում է հեղուկի և խողովակային էպիթելի միջև շփման տևողությունը, ինչը նվազեցնում է նաև նատրիումի հետներծծումը։ Սակայն առաջացող նատրիուրեզը ավելի թույլ է, քան ջրի կորուստը, ինչի հետևանքով առաջանում է մասիվ ջրի կորուստ և հիպերնատրեմիա։
Գլյուկոզը, ինչպես և մանիտոլը, պարզ շաքար է և օսմոտիկ ակտիվ նյութ։ Ի տարբերություն մանիտոլի, այն նորմայում առկա է արյան մեջ։ Այնուամենայնիվ, որոշ վիճակներում, ինչպիսին է, օրինակ, շաքարային դիաբետը, արյան մեջ գլյուկոզի կոնցենտրացիան սկսում է գերազանցել (հիպերգլիկեմիա) երիկամների առավելագույն հետներծծման թողունակությանը։ Այդ ժամանակ գլյուկոզը կուտակվում է առաջնային մեզում՝ կծիկային ֆիլտրատում, նպաստելով մեզում ջրի օսմոտիկ պահմանը։ Գլյուկոզուրիան (շաքարամիզություն) բերում է առավելապես հիպոտոնիկ հեղուկի և նատրիումի կորստի, ինչը հանգեցնում է ջրազրկման, որն արտահայտվում է լորձաթաղանթների չորությամբ, ցածր ճնշումով (հիպոտենզիա), հաճախասրտությամբ և մաշկի տուրգորի իջեցմամբ։ Որոշ դեղերի օգտագործումը, մասնավորապես՝ խթանիչների, նույնպես կարող է բարձրացնել արյան գլյուկոզի մակարդակը և նպաստել մեզով վերջինիս դուրսբերմանը։
«Ցածրառաստաղային» տերմինը կիրառվում է այն պարագայում, երբ միզամուղի դոզա կախյալ էֆեկտի կորը արագ հարթվող է (ի տարբերություն «բարձրառաստաղային» դեղամիջոցների, որոնց դեպքում կորը մոտ է գծայինին)։ Այս խմբին կարելի է դասել, օրինակ, թիազիդներին[9]։
Միզամուղները ունեն կարևոր թերապևտիկ նշանակություն։ Նախևառաջ, նրանք արդյունավետ իջեցնում են զարկերակային ճնշումը։ Կանթային ու թիազիդային միազամուղները սեկրեցվում են մոտակա ոլորուն խողովակում օրգանական անիոնային փոխադրիչ-1-ի միջոցով, ապա, կանթայինները Հենլեի կանթի վերել հաստ հատվածում կապվելով Na+-K+-2Cl- 2-րդ տիպի կոտրանսպորտերի հետ, իսկ թիազիդները հեռակա ոլորուն խողովակիկներում՝ Na+-Cl--ական կոտրանսպորտերի հետ, ընկճում են դրանց ու ցուցաբերում միզամուղ ազդեցություն[10]։ Ստորև աղյուսակում ներկայացված է տարածված միզամուղների դաակարգումն ու ազդեցության մեխանիզմը։
Խումբ | Ներկայացուցիչներ | Ազդեցության մեխանիզմ | Ազդեցության տեղակայում, նեֆրոնի թիրախային օջախ |
---|---|---|---|
– | էթանոլ, ջուր | Ընկճում են հակամիզամուղային հորմոնի (վազոպրեսին) արտադրությունը։ | |
Թթվայնացնող աղեր | կալցիումի քլորիդ, ամոնիումի քլորիդ | 1.խողովակներ | |
Արգինին-վազոպրեսինային ընկալիչ 2-ի անտագոնիստներ | ամֆոտերիցին B, լիթիում[11][12] | Ընկճում են հակամիզամուղային հորմոնի (վազոպրեսին) ազդեցությունը։ | 5. հավաքող խողովակ |
Վազոպրեսինային V2 ընկալիչների ընտրողական անտագոնիստներ (աքվարետիկներ) | տոլվապտան[13], կոնիվապտան | Վազոպրեսինի հետ մրցակցային անտագոնիզմը հանգեցնում է երիկամների հավաքող խողովակների ապիկալ մեմբրանին ազատ աքվապորինային անցուղիների քանակի նվազմանը, ինչը բերում է ջրի հետներծծման թուլացմանը։ Արդյունքում ազատ ջրի հեռացումը մեծանում է (աքվարեզ), արյան պլազմայում բարձրանում է նատրիումի կոնցենտրացիան, նվազում է մեզի օսմոլյառությունը և աճում մեզի դուրս բերվող քանակը[14]։ | 5. հավաքող խողովակ |
Նատրիում-պրոտոնային փոխանակչի (անտիպորտերի) անտագոնիստներ | դոֆամին[15] | Նպաստում են Na+-ի դուրս բերմանը։ | 2. մոտակա ոլորուն խողովակ[15] |
Կարբոանհիդրազ ֆերմենտի ընկճողներ | ացետազոլամիդ[15], դորզոլամիդ | Ընկճում են H+-ի սեկրեցիան և այդպիսով նպաստում Na+-ի և K+-ի էքսկրեցիային։ | 2. մոտակա ոլորուն խողովակ |
Կանթային միզամուղներ | բումետանիդ[15], էտակրինաթթու[15], ֆուրոսեմիդ[15], տորասեմիդ | Ընկճում են Na+-K+-2Cl- սիմպորտերը (NKCC կոտրանսպորտերը)։ | 3. միջուկային հաստ վերել հատված |
Օսմոտիկ միզամուղներ | գլյուկոզ (մասնավորապես անկառավարելի դիաբետի դեպքում), մանիտոլ | Խթանում են օսմոտիկ դիուրեզը։ | 2.մոտակա խողովակներ, վայրէջ հատված |
Կալիումապահպան միզամուղներ | ամիլորիդ, սպիրոնոլակտոն, էպլերենոն, տրիամտերեն, կալիումի կանրեոնատ | Սպիրոնոլակտոնը ընկճում է ալդոստերոնի աշխատանքը, ամիլորիդը պաշարում է էպիթելիալ նատրիումական անցուղիները[15]։ | 5. կեղևային հավաքող խողովակներ |
Թիազիդներ | բենդրոֆլումեթիազիդ, հիդրոքլորթիազիդ | Ընկճում են հետներծծումը՝ պաշարելով Na+/Cl− սիմպորտերը։ | 4. հեռակա ոլորուն խողովակներ |
Քսանտիններ | կոֆեին, թեոֆիլին, թեոբրոմին | Ընկճում են Na+-ի հետներծծումը, բարձրացնում կծիկային ֆիլտրացիայի արագությունը։ | 1. խողովակներ |
Քանի որ միզամուղ միջոց կարող է համարվել ցանկացած միացություն, որը խթանում է միզարտադրությունը, աքվարետիկները, որոնք առաջացնում են ազատ ջրի կորուստ, կարող են դիտարկվել որպես միզամուղների ենթախումբ։ Այս շարքին կարող են դասվել բոլոր հիպոտոնիկ ջրային լուծույթները, ներառյալ մաքուր ջուրը, սև և կանաչ թեյերը, ինչպես նաև բուսական բաղադրիչներով թեյը։
Միզամուղների հիմնական կողմնակի ազդեցություններից են հիպովոլեմիան, հիպոկալեմիան, հիպերկալեմիան, հիպոնատրեմիան, մետաբոլիկ ալկալոզը, մետաբոլիկ ացիդոզը և հիպերուրիկեմիան[15]։
Կողմնակի ազդեցություն | Միզամուղներ | Ախտանիշներ |
---|---|---|
հիպովոլեմիա | ||
հիպոկալեմիա | ||
հիպերկալեմիա |
|
|
հիպոնատրեմիա | ||
մետաբոլիկ ալկալոզ | ||
մետաբոլիկ ացիդոզ | ||
հիպերկալցեմիա |
|
|
հիպերուրիկեմիա | ||
Հաճախ միզամուղները կիրառվում են սպորտում խթանիչների (դոպինգի) ու թմրամիջոցների օգտագործման փաստը քողարկելու համար[16]։ Միզամուղները խթանում են միզարտադրությունը, շատացնում մեզի ծավալը և նոսրացնում, լուծում դոպինգային պրեպարատներն ու դրանց արգասիքները։ Միզամուղները կիրառվում են նաև քաշը արագ նվազեցնելու նպատակով՝ համապատասխան քաշային կարգին հասնելու համար այնպիսի սպորտաձևեևորում, ինչպիսիք են բոքսն ու ըմբշամարտը[17][18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.