քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Մետոկլոպրամիդ․ դեղամիջոց, որը հիմնականում օգտագործվում է կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ժամանակ[2]։ Այն սովորաբար օգտագործվում է սրտխառնոցի և փսխման կանխարգելման և բուժման, ստամոքսի դժվարացած դատարկման հեշտացման, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության բուժման, ինչպես նաև միգրենի բուժման համար[3][4]։
Մետոկլոպրամիդ | |
---|---|
Դեղամիջոց, որը հիմնականում օգտագործվում է կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ժամանակ։Ընդհանուր կողմնակի էֆեկտները ներառում են անհանգստությունը (ակատիզիա) և տեղային դիստոնիան։Հակացուցված է աղիքային անանցանելիության կասկածի, Էպիլեպսիայի դեպքում, նախորդող 3-4 օրերի ընթացքում ստամոքսի վիրահատություն տարած հիվանդներին, երբևէ ստամոքսային արյունահոսություն, թափածակում (պերֆորացիա) ունեցած մարդկանց, նորածիններին, այն մարդկանց, ովքեր օգտագործում են հակափսիխոտիկ դեղամիջոցներ, բուտիրոֆենոնային կամ ֆենոթիազինային շարքի պրեպարատներ, ֆեոքրոմոցիտոմայի և կատեխոլամիններ արտադրող պարագանգլիոմաների ժամանակ։ | |
Տեսակ | քիմիական երևույթի տեսակ |
Հոմանիշներ | Հակափսխեցուցիչ դեղամիջոց։ |
Կիրառում | Սրտխառնոցի և փսխման կանխարգելում և բուժում, այրոց, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն, դիաբետիկ գաստրոպարեզ (ստամոքսի դժվարցած դատարկման հեշտացում), կրծքի կաթի արտադրության խթանում, միգրեն։ |
Գործածության եղանակ | Ներքին ընդունման, ն/ե։ |
Ազդեցության մեխանիզմ | Դոֆամինային D2 ընկալիչների ներհակորդ (անտագոնիստ), 5-HT3 ընկալիչների ներհակորդ, 5-HT4 ընկալիչների համազդիչ (ագոնիստ), պրոլակտինի ձերբազատում։ |
Քիմիական դասակարգում | Քիմիական կառուցվածքով համարվում է բենզամիդ։ |
Զանգված | 5,0E−25 կիլոգրամ[1] |
Քիմիական բանաձև | C₁₄H₂₂ClN₃O₂[1] |
Ընդհանուր կողմնակի էֆեկտներն են հոգնածության և անհանգստության զգացումը և փորլուծությունը (դիարեա)։ Առավել վտանգավոր կողմնակի էֆեկտներն են շարժումների խանգարումները, ինչպիսին են ուշ դիսկինեզիան (tardive dyskinesia), չարորակ նեյրոլեպտիկ համախտանիշը և դեպրեսիան[3]։ Այս պարագայում մարդկանց խորհուրդ է տրվում չընդունել դեղամիջոցը 12 շաբաթից ավել[3]։ Չկա ոչ մի ապացույց, որ դեղը կարող է վտանգավոր լինել հղի կանանց համար[3][5]։ Այն պատկանում է դոֆամինային ընկալիչների ներհակորդների (անտագոնիստ) խմբին և ազդում է, ինչպես պրոկինետիկ[3]։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2012 թվակականին մետոկլոպրամիդը համարվել է 100 ամենահաճախակի նշանակվող դեղերից մեկը[6]։ Մետոկլոպրամիդը ներառված է Առողջապահության hամաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնական դեղամիջոցների ցանկում, որպես ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոց, որը անհրաժեշտ է առողջապահական համակարգում[7]։ Այն հասանելի է, որպես ջեներիկ դեղամիջոց (generic medication)[3]։
Զարգացող երկրներում 2014 թվականի տվյալներով դեղահատի շուկայական ծախսերը կազմում է 0,003-0,08 ամերիկյան դոլար[8]։ Միացյալ Նահանգներում բուժման ամսական արժեքը, որպես կանոն կազմում է պակաս 25 ամերիկյան դոլարից[9]։ 2016 թվականին ԱՄՆ-ում այն զբաղեցրել է 250-րդ տեղը նշանակվող դեղերի ցուցակում[10]։
Երբ այրոցի բուժումը այլ դեղամիջողներով հնարավոր չի լինում, կարելի է օգտագործել մետոկլոպրամիդի կարճատև կուրս (4-12 շաբաթ)։ Հիմնականում օգտագործվում է ուտելուց հետո կամ ցերեկային ժամերին առաջացած այրոցի բուժման համար։ Մշտական այրոցի բուժումը շատ կարևոր է աղաթթվի վնասակար ազդեցությունները նվազեցնելու տեսանկյունից[11]։
Մետոկլոպրամիդը սովորաբար օգտագործվում է սրտխառնոցի և փսխման բուժման համար, որոնք կարող են կապված լինել ուրեմիայի, ճառագայթային հիվանդության, քաղցկեղի, քիմիոթերապիայի, ծննդաբերության, ինֆեկցիոն հիվանդությունների և փսխեցնող դեղերի օգտագործման հետ[3][12][13][14]։ Վիրահատությունների ընթացքում հակափսխեցուցիչ արդյունավետ դեղաչափը կազմում է 25-50 մգ (համեմատած սովորաբար օգտագործվող 10մգ դեղաչափի հետ)։
Այն նաև օգտագործվում է հղիության ժամանակ որպես երկրորդ ընտրության միջոց hyperemesis gravidarum-ը (ուժեղ սրտխառնոց և փսխում հղիության ընթացքում) բուժելու համար[3]։
Դեղամիջոցը օգտագործվում է նաև շտապօգնության աշխատակիցների կողմից որպես կանխարգելիչ միջոց անշարժացված ողնաշարով, գիտակից հիվանդների տեղափոխման ժամանակ[15]։
Միգրենի ժամանակ մետոկլոպրամիդը կարող է օգտագործվել պարացետամոլի (ացետամինոֆեն) կամ ասպիրինի հետ համակցված[16]։
Ապացուցված է, որ դեղամիջոցը օգտակար է դիաբետիկ գաստրոպարեզի դեպքում, որի ժամանակ դժվարացած է ստամոքսի դատարկումը։ 2010 թվականի դրությամբ այն միակ դեղամիջոցն էր, որը հաստատվել է FDA-ի (դեղերի և սննդի կազմակերպություն) կողմից[3][17]։ Դիաբետիկ գաստրոպարեզի դեպքում բուժումը իրականացվում է 2-8 շաբաթով, կախված, թե հիվանդի ինքնազգացողությունը երբ կբարելավի։ Ժամանակ առ ժամանակ ախտանիշները կարող են նորից ի հայտ գալ։ Բժիշկները խորհուրդ են տալիս հիվանդներին ախտանիշների ի հայտ գալու դեպքում ինքնուրույն վերսկսել բուժումը և դադարեցնել այն, երբ ախտանիշները կանհետանան՝ չչարաշահելով դեղաչափը և դեղի օգտագործման տևողությունը[11]։
Դեղամիջոցը նաև օգտագործվում է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության ժամանակ[3][18]։
Թեև մետոկլոպրամիդը օգտագործվում է կրծքի կաթի արտադրությունը խթանելու համար, բայց նրա արդյունավետության մասին ապացույցները անբավարար են[19]։ Նրա անվտանգությունը նույնպես անհայտ է[20]։ Բացի այս այն հայտնաբերվում է կրծքի կաթում և փոխանցվելով երեխաներին՝ կարող է ավելացնել գազի քանակը և պատճառել աղիքային որոշակի տհաճություններ։ Այն կարող է առաջացնել նաև արտաբրգային դրսևորումներ (դիստոնիա) և մեթհեմոգլոբինեմիա կրծքահասակ երեխաների մոտ, այդ պատճառով ծնողներին խորհուրդ է տրվում որոշակի ախտանիշների ի հայտ գալու դեպքում դիմել բժշկի[21]։
Մետոկլոպրամիդը փոքրացնում է ստամոքսի ծավալը և նվազեցնում թթվայնությունը, բայց չկան հավաստի տվյալներ, որ այն նաև նվազեցնում է թոքային ասպիրացիայի առաջացման հավանականությունը։
Դեղամիջոցի հակացուցումներն են․
Դեղամիջոցը անհրաժեշտ է զգուշությամբ օգտագործել.
Դեղամիջոցի անվտանգությունը 2011 թվականին ստուգվել է Եվրոպական կազմակերպության կողմից, որը որոշել է այն չնշանակել բարձր դեղաչափերով, 5 օր անընդմեջ և 1 տարեկանից փոքր երեխաներին։ նրանք ենթադրում են, որ դեղի օգտագործումը մեծ տարիքի երեխաների մոտ քիմիոթերապիայի կամ վիրահատության հետևանքով առաջացած սրտխառնոցը և փսխումը բուժելիս պետք է իրականացնել այն դեպքում, երբ բուժման այլ մեթոդները անօգուտ են։ Մեծերի համար խորհուրդ է տրվում սահմանափակել դեղի օգտագործումը հետվիրահատական և հետքիմիոթերապևտիկ շրջանում ու միգրենը բուժելիս[22]։
Մետոկլոպրամիդը արդեն երկար ժամանակ է, ինչ օգտագործվում է հղիության բոլոր փուլերում, առանց որևէ վտանգի նշանների մոր և պտղի համար[23]։ Մկների և ճագարների վրա իրականացված հետազոտությունների արդյունքում չի արձանագրվել ոչ մի կողմնակի էֆեկտ հղիության վրա։ Կենդանիներին տվել են per os դեղաձև, ընդ որում մարդու համար նախատեսված մաքսիմալ դեղաչափից 6-12 անգամ ավելի բարձր[21]։ ԱՄՆ-ում այն նշանակվում է հղիության B դասի ժամանակ, որը հաստատված է FDA-ի կողմից[24]։ Հղիության վաղ փուլերում սրտխառնոցը և փսխումը բուժելու համար ԱՄՆ-ում հիմնականում օգտագործում են պիրիդոքսին (վիտամին B6) և հակահիստամինային պրեպարատներ, ինչպիսին են դոքսիլամին սուկցինատը, պրոմետազինը կամ մեկլիզինը։ Եթե այս դեղամիջոցները էֆեկտիվ չեն, ապա բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել դոֆամինի անտագոնիստներ (մետոկլոպրամիդ)[25]։ Իսրայելում երեխաների շրջանում կատարված մեծ կոհորտային հետազոտության արդյունքներով չկա այնպիսի մի ապացույց, որ մետոկլոպրամիդը մեծացնում է նորածինների զարգացման արատների, նորածնային ցածր քաշի, վաղաժամ ծննդաբերության կամ պերինատալ մահացության ռիսկը[26]։ Դանիայում կատարված մեծ կոհորտային հետազոտության արդյունքում չի հայտնաբերվել ոչ մի կապ մետոկլոպրամիդի օգտագործման և վիժման միջև[27]։
Մետոկլոպրամիդը արտազատվում է կաթով և փոխանցվում է կաթով կերակրվող երեխային[23]։
Պարբերաբար կատարվող լայնամասշտաբ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ երեխաների գաստրոէզոֆագալ ռեֆլյուքս հիվանդության բուժումը մետոկլոպրամիդով ունի անվտանգության և արդյունավետության ցածր մակարդակ[28]։
Դեղամիջոցի նկատմամբ ընդհանուր կողմնակի էֆեկտները ներառում են անհանգստությունը (ակատիզիա) և տեղային դիստոնիան։ Հազվադեպ հանդիպող կողմնակի էֆեկտներն են հիպերտոնիան, հիպոտենզիան, հիպերպրոլակտինեմիան, գալակտոռեան (կաթնահոսությունը), դեպրեսիան, գլխացավը և արտաբրգային էֆեկտները, ինչպիսին է օկուլոգիրիկ կրիզը (oculogyric crisis)։ Հազվադեպ, բայց վտանգավոր կողմնակի էֆեկտներ են ագրանուլոցիտոզը, վերփորոքային տախիկարդիան, հիպերալդոստերոնիզմը, չարորակ նեյրոլեպտիկ համախտանիշը և ուշ դիսկինեզիան (tardive dyskinesia)[13][29]։
Մետոկլոպրամիդը կարող է հրահրել տագնապի նոպա։
Գալակտոռեան, ամենոռեան, գինեկոմաստիան և իմպոտենցիան բնորոշ են պրոլակտինի քանակները բարձրացնող դեղամիջոցներին։ Հիպերպրոլակտինեմիան կարող է խթանել կրծքագեղձի պրոլակտին-կախյալ ուռուցքի առաջացումը, թեև որոշ կլինիկական և էպիդեմիոլոգիական հետազոտություններ ցույց չեն տվել ոչ մի կապ դոֆամինային D2 ընկալիչների ներհակորդների (անտագոնիստ) և քաղցկեղածնության միջև[21]։
Մետոկլոպրամիդը կարող է հրահրել հիպերտենզիվ կրիզի նոպա, եթե այն օգտագործել է ֆեոքրոմացիտոմայով հիվանդը։ Ցանկացած տիպի ճնշման բարձրացման ժամանակ խորհուրդ է տրվում դադարեցնել մետոկլոպրամիդով թերապիան[21]։
Կարող են առաջացնել QT ինտերվալի երկարացում և torsades de pointes այն հիվանդների մոտ, ովքեր ունեն սրտային և երիկամային անբավարարություն։ Այսպիսով, խորհուրդ է տրվում զգուշությամբ նշանակել և հսկել սիրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձանց[21]։
Մետոկլոպրամիդը դեղ ինդուկցված շարժողական խանգարումների հիմնական պատճառն է[30]։ Արտաբրգային էֆեկտների ռիսկը մեծանում է ինչպես մինչև 20 տարեկանը, այնպես էլ դեղի բարձր դեղաչափեր կամ երկարաժամկետ օգտագործելիս[12][13]։ Որոշ մարդկանց մոտ ուշ դիսկինեզիան կայուն և անդարձելի բնույթ է ունենում։ Բազմաթիվ հաշվետվությունների համաձայն՝ ուշ դիսկինեզիան հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր օգտագործել են մետոկլոպրամիդ ավելի քան 3 ամիս[30]։ Ուստի ամերիկյան FDA-ը խորհուրդ է տալիս մետոկլոպրամիդը օգտագործել կարճատև կուրսերով՝ ոչ ավելի քան 12 շաբաթ։ 2009 թվականին FDA-ը պահանջել է, որ մետոկլոպրամիդ արտադրող բոլոր կազմակերպությունները այն արտադրեն ներդիրում ներառելով «սև արկղ» նախազգուշացումը՝ նշելով ուշ դիսկինեզիայի առաջացման ռիսկի մասին երկարաժամկետ կամ բարձր դեղաչափերով օգտագործելու դեպքում[30]։
Դիստոնիկ ռեակցիաները կարելի է բուժել բենզատրոպինով, դիֆենհիդրամինով, տրիհեքսֆենիդիլով կամ պրոցիկլիդինով։ Ախտանշանները սովորաբար անհետանում են դիֆենհիդրամինի միջմկանային ներարկումից հետո[18]։ Բենզոդիազեպինների խմբի դեղերը կարող են լինել օգտակար, բայց օգուտը սովորաբար ավելի փոքր է, քան կողմնակի էֆեկտները, ինչպիսին են քնկոտությունը և թուլությունը[31]։
Որոշ դեպքերում ակատիզիայի առաջացումը կախված է մետոկլոպրամիդի ներերակային ներարկման արագությունից։ Կողմնակի էֆեկտները սովորաբար նկատվում են մետոկլոպրամիդի ներմուծման առաջին 15 րոպեներին[32]։
Մետոկլոպրամիդը կապվում է դոֆամինային D2 ընկալիչների հետ նանոմոլյար խնամակցությամբ (Ki = 28,8 նՄ)[33], որտեղ այն դոֆամինային ընկալիչների ներհակորդ (անտագոնիստ) է։ Միևնույն ժամանակ մետոկլոպրամիդը 5-HT3 ընկալիչների ներհակորդ և 5-HT4 ընկալիչների համազդիչ (ագոնիստ) է։
Մետոկլոպրամիդի հակափսխեցուցիչ ազդեցությունը պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ), քեմոընկալիչների տրիգերային գոտու, D2 ընկալիչների ներհակորդային ազդեցությամբ[34]։ Ավելի բարձր դեղաչափերով մետոկլոպրամիդը, ցուցաբերելով 5-HT3 ընկալիչների նկատմամբ ներհակորդային ակտիվություն, կարող է առաջացնել հակափսխեցուցիչ էֆեկտ[35]։
Մետոկլոպրամիդի գաստրոպրոկինետիկ ազդեցությունը միջնորդավորված է մուսկարինային ընկալիչների, D2 ընկալիչների նկատմամբ ներհակորդային և 5-HT4 ընկալիչների նկատմամբ ագոնիստային ակտիվությամբ[36][37]։ Գաստրոպրոկինետիկ ազդեցությունը ինքնին կարող է խթանել հակափսխեցուցիչ էֆեկտը։ Մետոկլոպրամիդը բարձրացնում է նաև ստորին կերակրափողային փականի լարվածությունը[38]։
Մետոկլոպրամիդը ուժեղացնում է 12-մատնյա աղու և աղիճ աղու գալարակծկանքը (պերիստալտիկան), բարձրացնում է ստամոքսի կծկման ուժը և ամպլիտուդը, թուլացնում է ստամոքսի պիլորիկ փականը և 12-մատնյա աղու կոճղեզի լարվածությունը՝ միաժամանակ բարձրացնելով ստորին կերակրափողային փականի լարվածությունը։ Այս գաստրոպրոկինետիկ էֆեկտները մետոկլոպրամիդին դարձնում են օգտակար ստամոքսային կանգերի (օրինակ՝ ստամոքսի վիրահատություններից հետո կամ դիաբետիկ գաստրոպարեզի ժամանակ) բուժման ժամանակ։ Ստամոքսաղիքային տրանզիտի արագացման հաշվին այն օգտագործվում է նաև բարիումի սուլֆատով ռենտգենաբանական հետազոտությունների, ինչպես նաև բարակ աղիների դժվար ինտուբացիայի ժամանակ։
Մետոկլորամիդը քիմիական կառուցվածքով համարվում է բենզամիդ[35]։
Մետոկլոպրամիդը առաջին անգամ նկարագրվել է Լուի Ջասթին-Բեզանսոնի և Չարլզ Լավիլի կողմից 1964 թվականին, երբ վերջինս աշխատում էր պրոկաինամիդի հակաառիթմիկ հատկությունների բարելավման վրա[39][40][41][42]։ Այդ հետազոտական աշխատանքները նպաստեցին նաև սուլպիրիդի ստեղծմանը[42]։ Առաջին կլինիկական փորձարկումները հրապարակվել են 1964 թվականին Tourneau et al- ում և 1966 թվականին Բուասոնում ու Ալբոտում[39]։ Ջասթին-Բեզանսոնը և Չարլզ Լավիլը աշխատել են Դելագրանժ լաբորատորիայում[42], և այդ կազմակերպությունը ներկայացրել է պրեպարատը՝ Primperan անվամբ, 1964 թվականին[43][44]։ 1991 թվականին Դելագրանժ լաբորատորիան գնեց Synthelabo կազմակերպությունը[45][46], որը հետագայում դարձավ Sanofi կազմակերպության մաս[47]։
Ա․ Հ․ Ռոբինս ընկերությունը ԱՄՆ-ում ներկայացրել է պրեպարատը՝ Ռեգլան վաճառքային անվամբ, 1979 թվականին[48] որպես ներարկումային տարբերակ[49], իսկ 1980 թվականին հաստատվեց նաև ներքին ընդունման տարբերակը[50]։ 1989 թվականին American Home Products-ը ձեռք բերեց Ա․Հ Ռոբինս ընկերությունը[51] և փոխեց իր անունը Wyeth-ի 2002 թվականին[52]։
Դեղամիջոցը սկզբում օգտագործվել է սրտխառնոցի հսկման համար այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են գլխացավեր կամ միգրեն, այնուհետև ճառագայթային և քիմիոթերապիաներից հետո առաջացած սրտխառնոցի, իսկ ավելի ուշ անզգայացման հետևանքով առաջացած սրտխառնոցի դեպքում[39]։ ԱՄՆ-ում ներարկումային դեղաձևը պիտակավորվել է որպես հետքիմիոթերապևտիկ սրտխառնոցի, իսկ ներքին ընդունման դեղաձևը որպես գաստրոէզոֆագալ ռեֆլյուքս հիվանդության բուժման համար[53]։
Սկսած 1980-ական թվականներից այն լայնորեն օգտագործվել և դարձել է ամենատարածված դեղամիջոցը անզգայացման հետևանքով առաջացած սրտխառնոցի բուժման[39] և անհետաձգելի օգնության բաժանմունքներում գաստրիտի բուժման համար[54]։
Առաջին ջեներիկ դեղաձևերը ներկայացվել են 1985 թվականին[53][55]։
Շվեդիայում 1980-ական թվականների սկզբում կատարված հետազոտությունները պարզեցին, որ որոշ հիվանդների մոտ դեղամիջոցը առաջացնում է ուշ դիսկինեզիա[56]։ FDA-ը պահանջեց, որ դեղամիջոցի ներդիրում ավելացվի ուշ դիսկինեզիա առաջացնելու մասին նախազգուշացումը՝ նշելով, որ այն առաջանում է 12 շաբաթից ավել օգտագործման դեպքում[57][58]։ 2009 թվականին FDA-ը պահանջեց ներդիրի վրա ավելացնել «սև արկղ» նախազգուշացումը[17][30]։
Այս լրջագույն կողմնակի էֆեկտի առաջացումը բերեց դատական պրոցեսների ալիքի բարձրացման ինչպես ջեներիկը արտադրողների, այնպես էլ Wyeth նկատմամբ՝ արտադրանքի որակը հսկելու համար[59]։ Դատական պրոցեսը բարդ էր, քանի որ բացակայում էր հստակությունը նահանգների օրենքների, որոնք պատասխանատու էին արտադրանքի որակի համար և դաշնային օրենքի միջև, որը պատասխանատու էր դեղամիջոցի պիտակավորման համար և այնպես էլ ջեներիկ կազմակերպությունների, որոնք վերահսկում էին պիտակավորումը, և արտադրող կազմակերպությունների միջև[59][60]։ Դատական գործընթացը հանգեց 2 ծայրահեղ կարևոր գործի։ Կոնտեի գործը Wyeth-ի դեմ Կալիֆորնիա նահանգի դատարանում, հայցվորի պահանջով ընդդեմ ջեներիկ կազմակերպությունների՝ Պլիվա, Տևա և Պուրեպակ, որոնք վաճառել էին դեղը, որը հայցվորը փաստացիորեն օգտագործել էր և Wyeth-ի նկատմամբ պահանջը, որի արտադրանքը հայցվորը երբեք չի օգտագործել։ Վերջինս առաջին ատյանի դատարանում մերժվել է, և այնուհետև գործը բողոքարկվել է։ 2008 թվականին վերաքննիչ ատյանը ջեներիկ կազմակերպությունների դեմ գործը կարճել է, բայց Wyeth-ի դեմ գործը թողել է ուժի մեջ[59][60][61]։ Սա առաջացրեց պատասխանատվության զգացում նորարար դեղաբանական կազմակերպությունների համար[59]։ Նախադեպը չստացավ լայնամասշտաբ տարածում ո՛չ Կալիֆորնիայում, ո՛չ էլ այլ նահանգներում[60]։ Դատական պրոցեսը հասավ վճռաբեկ դատարան Պլիվան ընդդեմ Մենսինգի գործով[62][63]։ Այդ գործում 2011 թվականին դատարանը որոշում ընդունեց, որ ջեներիկը արտադրող կազմակերպությունները չեն կարող կրել պատասխանատվություն ներդիրում պարունակվող ինֆորմացիայի կամ վերջինիս բացակայության համար[58][60][64]։ 2015 թվականի դրությամբ ԱՄՆ-ում առկա են շուրջ 5000 հայտեր, բայց նրանց միավորելու ջանքերը ավարտվեցին ապարդյուն։
FDA-ը ստեղծեց մի ծրագիր, որի համաձայն՝ ջեներիկ կազմակերպությունները 2016 թվականի հուլիսին դեղամիջոցի ներդիրը փոփոխեցին[65]։
Ա | Ադկո-Կոնտրոմետ, Աերոֆլաթ (Մետոկլոպրամիդ և Դիմետիկոն), Աֆիպրան, Անաֆլաթ Կոմպուեստո (Մետոկլոպրամիդ և Սիմետիկոն․ Պանկրեատին), Անաուսին Մետոկլոպրամիդ, Անոլեքսինոն,Անտիէմենտին, Անտիգրամ (Մետոկլոպրամիդ և Ացետիլսալիցիլաթթու), Ասվելլ |
Բ | Բետակլոպրամիդ, Բիո-Մետոկլոպրամիդ, Բիտեկաին AA |
Գ | Գաստրոկալմ, Գաստրոներտոն, Գաստրոսիլ, Գենեպրամի |
Դ | Դամաբեն, Դեգան, Դելիպրամիլ, Դի-Աերո OM (Մետոկլոպրամիդ և Սիմետիկոն), Դիբերտիլ, Դիգենոր (Մետոկլոպրամիդ և Դիմետիկոն), Դիգեսպար (Մետոկլոպրամիդ և Սիմետիկոն), Դիկինեքս Ռեպե (Մետոկլոպրամիդ և Պանկրեատին), Դիրպրասիդ,Դոպերան, Դրինգեն |
Է | Էգիտիլ (Մետոկլոպրամիդ և Ացետիլսալիցիլաթթու), էլիետեն, Էլինե, Էլիտան, Էմենիլ, Էմեպրիդ (անասնաբուժական կիրառության), Էմերան, Էմետալ, Էմպերալ, Էնակուր, Էնտերան, Էնզիմար, Էսպավեն M.D․ (Մետոկլոպրամիդ և Դիմետիկոն), Էուցիլ |
Ի | Իմպերան, Իսապրանդիլ, Իտան |
Լ | Լեքսապրամ, Լինպերան, Լինվելս |
Կ | Կարնոտպրիմ, Կլոդասետ (Մետոկլոպրամիդ և Օնդանսետրոն), Կլոդոքսին (Մետոկլոպրամիդ և Պիրիդոքսին), Կլոմիտեն, Կլոպամոն, Կլոպան, Կլոպերան, Կլոպրամել, Կլոզիլ |
Հ | Հավկպերան, Հորոմպելին |
Մ | Մալոն, Մանոսիլ, Մարիլ, Մատոլոն, Մաքսերան, Մաքսոլոն, Մեկլամ, Մեկլիդ, Մակլոմիդ, Մեկլոպստադ, Մենիպերան, Մեպրամ, Մետ–Սիլ, Մետալոն, Մետամիդ, Մետոկոլ, Մետոքլոր, Մետոկոնտին, Մետոմիդ (անասնաբուժական կիրառության), Մետոպար (Մետոկլոպրամիդ և Պարացետամոլ), Մետոպելան, Մետոպերան, Մետոպերոն, Մետոպրան, Մետոտագ, Մետոզոլվ, Մետպամիդ, Մետսիլ, Մևապերան, Միդատենկ, Միգաուրա (Մետոկլոպրամիդ և Պարացետամոլ), Միգպրիվ (Մետոկլոպրամիդ և Ացետիլսալիցիլաթթու), Միգրացիդ (Մետոկլոպրամիդ և Պարացետամոլ), Միգրաֆին (Մետոկլոպրամիդ և Ասպիրին), ՄիգրաՄաքս(Մետոկլոպրամիդ և Ացետիլսալիցիլաթթու), Միգրան-Նեուրիդալ (Մետոկլոպրամիդ և Պարացետամոլ), Միգրաներտոն (Մետոկլոպրամիդ և Պարացետամոլ), Մոտիլոն |
Ն | N-Մետոկլոպրամիդ, Նաստիֆրան, Նաուսիլ, Նեվոմիտան, Նիլատկա, Նովոմիտ |
Պ | Պակիմոլ-M (Մետոկլոպրամիդ և Պարացետամոլ), Պանգաստրեն (Մետոկլոպրամիդ և Սիմետիկոն), Պարամաքս (Մետոկլոպրամիդ և Պարացետամոլ), Պասպերտին, Պերապրին, Պերինորմ, Պերինորմ-MPS (Մետոկլոպրամիդ և Դիմետիկոն), Պերոն, Պլամիդ, Պլամին, Պլազիլ, PMS- Մետոկլոպրամիդ, Պոդոկեդոն, Պոլուն, Պորիրան, Պրադիս, Պրամիդին, Պրամիդիլ, Պրամին, Պրաուքս, Պրեմիգ (Մետոկլոպրամիդ և Ացետիլասալիցիլաթթու), Պրեմոսան, Պրենդերոն, Պրեվոմիկ, Պրիմադոլ (Մետոկլոպրամիդ և Պարացետամոլ), Պրիմավերա-N, Պրեմիեր, Պրիմլան, Պրիմպերան, Պրիմպերիլ, Պրիմպերոքսան (Մետոկլոպրամիդ և Դիմետիկոն), Պրիմրամ, Պրիմրան, Պրիմսել, Պրիպրամ, Պրոկինիլ, Պրոմերան, Պրոմետին, Պրովել, պուլին, Պուլինպելին, պուլպերան, Պուսուան, Պիլոմիդ |
Ռ | Ռեգլան, Ռեգլոմար, Ռելիվերան, Ռիլակվին, |
Ս | Սաբաքս Մետոկլոպրամիդ, Սինպրիմ, Սոհո, Ստոմալլին, Սուվեիլան |
Վ | Վերտիվոմ, Վիլապոն, Վիտամետ, Վոմենդ (անասնաբուժական կիրառության), Վոմեսեա, Վոմիլես, Վոմիպրամ, Վոմիտրոլ, Վոսեա |
Տ | Տալեքս (Մետոկլոպրամիդ և Պանկրեատին), Տիվոմիտ, Տոմիտ, Տորովիլոն |
Ր | Րակլոնիդ, Րանդում, Րովելկոն |
Ց | Ցեֆալգան, Ցերուկալ |
Օ | Օպրամ |
Ֆ | Ֆակտորին (Մետոկլոպրամիդ և Սիմետիկոն) |
Մետոկլոպրամիդը լայնորեն օգտագործվում է որպես փսխման կանխարգելման միջոց կատուների և շների մոտ։ Ճագարների մոտ այն օգատգործվում է որպես աղիների պերիստալտիկան խթանելու միջոց[68]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.