From Wikipedia, the free encyclopedia
Մեթյու Ռոբերտ Սմիթ (անգլ.՝ Matthew Robert Smith, հոկտեմբերի 28, 1982[1][2], Նորտհեմպտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][6]), բրիտանական թատրոնի և կինոյի դերասան, որն առավել հայտնի է իր Տասնմեկերորդ բժիշկ դերով՝ բրիտանական «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալում, որի համար 2011 թվականին առաջադրվել է հեռուստատեսային BAFTA մրցանակի[7]։
Մեթ Սմիթ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1982[1][2] (41 տարեկան) |
Ծննդավայր | Նորտհեմպտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
Կրթություն | Արևելյան Անգլիայի համալսարան (2005)[4], Northampton School for Boys? և National Youth Theatre? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | աթեիզմ[5] |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, դերասան և հաշվապահ |
Մանուկ հասակում երազում էր դառնալ ֆուտբոլիստ[8], սակայն մեջքի վնասվածքի պատճառով ստիպված էր հեռանալ պրոֆեսիոնալ սպորտից։ 2003 թվականին միացել է Արևելյան Անգլիայի համալսարանի Ազգային երիտասարդական թատրոնի թատերախմբին, որտեղ «Սպանություն տաճարում» ներկայացման մեջ խաղաց իր առաջին դերը։ 2007 թվականին Սմիթն առաջին անգամ հանդես եկավ Վեստ Էնդում՝ Քրիստիան Սլեյթերի հետ խաղալով «Շնաձկների մեջ» ֆիլմի թատերական բեմադրությունում[9], իսկ մեկ տարի անց՝ «Այդ դեմքը» ներկայացման մեջ[10]։
2006 թվականին Սմիթն առաջին անգամ հայտնվեց հեռուստատեսությունում՝ մարմնավորելով Ջիմ Թեյլորին՝ Ֆիլիպ Փուլմանի «Ռուբինը մառախուղում» և «Բևեռային աստղի» ստվերը» ստեղծագործությունների էկրանավորումներում։ Այնտեղ Մեթյուն աշխատել է Բիլլի Փայփերի հետ, որը կատարել է իններորդ և տասներորդ բժիշկների ուղեկցի դերերը։ Սմիթի առաջին նշանակալի դերը դարձավ 2007 թվականի BBC հեռուստաընկերության «Վայրի երեկույթ» սերիալում Դեննիի դերը։ 2009 թվականի հունվարին Սմիթը ընտրվեց տասնմեկերորդ Դոկտորի դերում՝ բրիտանական «Դոկտոր Ով» հեռուստասերիալում, որտեղ նա առաջին անգամ հայտնվեց 2010 թվականի հունվարի 1֊ին «Ժամանակի ավարտը» շարքի երկրորդ մասի եզրափակիչ հատվածում։ Սմիթը Դոկտորի դերը խաղաց մինչև 2013 թվականի վերջ և մինչև այսօր նա համարվում է Դոկտորի դերը խաղացած ամենաերիտասարդ դերասանը։
2016-2017 թվականներին դարձել է ավելի հայտնի «Թագ» սերիալում Էդինբուրգի դքսի՝ Ֆիլիպ արքայազնի դերի շնորհիվ։
Մեթ Սմիթը ծնվել և մեծացել է Մեծ Բրիտանիայի Նորթհեմփթոնշիր կոմսության Նորթհեմփթոն քաղաքում իր ընտանիքի և ավագ քրոջ հետ։ Կրթությունը ստացել է Նորթհեմփթոնի տղաների համար նախատեսված միջնակարգ դպրոցում, որտեղ նա ավագ էր և առաջադիմեց սպորտում, երաժշտության մեջ և թատերական արվեստում[11]։ Նա երազում էր հոր՝ Դեյվիդ Սմիթի նման դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղում էր «Նոթս Քաունթի» թիմում, իսկ ավելի ուշ սկսեց ղեկավարել պլաստմասի վերամշակման իր սեփական բիզնեսը։ Մեթը խաղացել է «Նորթհեմփթոն թաուն» (11–12 տարեկանում), «Նոթինգհեմ Ֆորեստ» (12-14 տարեկանում), «Լեսթեր Սիթի» (15֊16 տարեկանում) երիտասարդական թիմերում[12]։ 16 տարեկանում մեջքի լուրջ վնասվածք ստացավ և հոր պահանջով ստիպված եղավ թողնել սպորտային կարիերան։ Մեկ տարի շարունակ՝ ամեն օր հայրը նրան տանում էր Լեսթեր՝ ֆիզիոթերապիայի, բայց Մեթը այդպես էլ չկարողացավ վերականգնել նախկին սպորտային վիճակը։ Նրա ուսուցիչը՝ ի հեճուկս Մեթի, նրան առաջադրեց «Տասներկու զայրացած տղամարդիկ» ներկայացման տասներորդ ատենակալի դերում։ Թեև Սմիթը խաղաց բեմադրության մեջ՝ նա հրաժարվեց շարունակել իր դերասանական կարիերան և մասնակցել թատերական փառատոնին։ Այդուհանդերձ, ուսուցիչը պնդեց և համոզեց, որ Մեթը միանա Լոնդոնի ազգային երիտասարդական թատրոնին[10]։ Դպրոցն ավարտելուց հետո Մեթը տարբերակներ դիտարկեց ուսումը Քեմբրիջում շարունակելու համար՝ ինչպես ցանկանում էին իր համադասարանցիների մեծամասնությունը, ինչպես նաև ծրագրել էր ուսումնասիրել քաղաքականություն Շեֆիլդում։ Իր հարցազրույցներից մեկում Սմիթը նշել է. «Ես պարզապես ուզում էի լինել խելացի կամ խելացի երևալ։ Ես ուզում էի գնալ կարմիր աղյուսից համալսարան և ասել. «Օ՜, ես քաղաքականությամբ եմ զբաղվում»։ Առաջ ես կարդում էի Գոռ Վիդալի գրքերը և մտածում էի, որ ես զիլ եմ»։ Արդյունքում նա ընդունվեց Նորիջի Արևելյան Անգլիայի համալսարան, որտեղ սկսեց ուսումնասիրել դերասանական վարպետություն և գրական արվեստ[10]։
Սմիթի առաջին դերերը Թոմաս Բեքեթի դերն էր «Սպանություն տաճարում» ֆիլմում, ինչպես նաև Ազգային երիտասարդական թատրոնում «Վարպետը և Մարգարիտան» վեպի թատերական ներկայացման մեջ Ֆագոտի դերը։ Վերջին դերը դերասանին հնարավորություն տվեց գործակալ վարձել և առաջին պրոֆեսիոնալ դերերը ստանալ ռեժիսոր Ուիլսոն Միլիամի «Նոր սպանություններ» և Սառա Ֆրենկի «Անսահման աշխարհի ափին» ներկայացումներում։ Քիչ ժամանակ ունենալու պատճառով Սմիթը պայմանագիր կնքեց համալսարանի հետ և վերջին երկու կուրսն ավարտեց էքստեռն տարբերակով[13]։
Զբաղված լինելով «Անսահման աշխարհի ափին» ներկայացման մեջ՝ Սմիթն ընդգրկվեց Լոնդոնի Ազգային արքունական թատրոնի կազմում։ Նորվիջում խաղաշրջանն ավարտելուց հետո՝ նա Ալան Բենեթի «Պատմության սիրահարներ» պիեսում ստացավ ուսանողի՝ Լոքվուդի դերը։ Դրանից հետո խաղացել է դեռահասասների համար նախատեսված, ռեժիսոր Աննա Մակմինի «Burn/Chatroom/Citizen» ներկայացման մեջ, ինչպես նաև Քրիստիան Սլեյթերի հետ 1994 թվականի «Շնաձկների մեջ» ֆիլմի թատերական բեմադրությունում, որն իր առաջին խաղն էր Վեստ Էնդում[10][13]։ Սմիթի առաջին դերը հեռուստատեսությունում Ջիմ Թեյլորն է՝ Ֆիլիպ Փուլմանի «Ռուբին մառախուղում» և «Բևեռային աստղի» ստվերը» ստեղծագործությունների էկրանավորումներում։ Այնտեղ աշխատել է Բիլլի Փայփերի հետ, որը հանդես է եկել Սալի Լոքհարթի դերում։ Երրորդ անգամ նա հանդիպել է Փայփերի հետ՝ «Կանչով աղջկա գաղտնի օրագիրը» հեռուստասերիալի դրվագներից մեկում[14]։
Մեթի առաջին խոշոր աշխատանքը հեռուստատեսությունում դարձավ BBC հեռուստաընկերության «Party Animals» դրամատիկ հեռուստասերիալում խաղացած դերը, որը պատմում է Բրիտանական խորհրդարանի քաղաքական խորհրդատուների կյանքի մասին։ Մեթի կերպարը՝ Դեննի Ֆոսթերը Հոմ Օֆիսում հետազոտության մասնագետ է՝ փոխնախարար և լեյբորիստ Ջո Փորթերի (Ռաքել Քեսիդի) ղեկավարությամբ։ 26 տարեկան Դեննին ներկայանում է որպես խելացի, քաղաքականությամբ տարված, բայց մի ամաչկոտ երիտասարդ, իսկ սերիալի սյուժեն պատմում է իր ստաժյորի՝ Քիրսթի ՄակՔենզիի (Անդրեա Ռայզբորո) հետ փոխհարաբերությունների մասին, ինչպես նաև սեփական սխալներն ուղղելու փորձերի մասին, որոնք կարող են արժենալ Փորթերի կարիերան։ Սերիալն ունի ութ սերիա և հեռարձակվել է 2007 թվականի հունվարից մինչև մարտ ամիսը[15]։
2007 թվականին հարցազրույցներից մեկում Սմիթը քննարկել է «Party Animals»-ի իր կերպարը։ Նա նշել է, որ Դեննին ռոմանտիկ տեսակետ ունի քաղաքականության աշխարհի վերաբերյալ, այն դեպքում, երբ մյուս ոլորտներում՝ ինչպիսիք են ընտանիքը և ընկերները, նա ավելի ցինիկ է։ Նա ներքաշված էր իր հոր քաղաքական գործերում. ծնված լինելով «քաղաքականությունն արյան մեջ» և չնայած պետական ծառայողի համար իր երիտասարդ տարիքին՝ նա հավատարիմ էր Փորթերին և բանիմաց էր իրեն վստահված հարցերում։ Սմիթը նաև ընդգծել է իր կերպարի հուզական և մտավոր հասունությունը. զգացական առումով նա չի վստահում կանանց, ինչը հստակորեն դրսևորվում է Քրիսթի ՄակՔենզիի հետ հարաբերությունների հաստատելու ժամանակ, սակայն Սմիթը նրան նկարագրել է ավելի հոգատար և զգայուն՝ «անխոհեմ սարկաստիկ և սրամիտ»[16]։
2007 թվականին Սմիթը մարմանվորեց Հենրիին՝ Փոլի Սթենհեմի «Այդ դեմքը» ներկայացման մեջ Չելսիի Ռոյալ Քորթ թատրոնում․ խաղընկերուհիներն էին Լինդսի Դունկանը, որը մարմնավորում էր Մարթային՝ Հենրիի հարբեցող մորը, Ֆելիսիթի Ջոնսը (որին հետագայում փոխարինել է Հաննա Մյուրեյը), որը մարմնվորում էր իր թմրամոլ քրոջը՝ Միային։ «Այդ դեմքը» կենտրոնանում է ընտանիքից հոր հեռանալուց հետո՝ ալկոհոլից և թմրանյութերից միջին խավի ընտանիքի կախվածության վրա։ Հենրին տասնութ տարեկան ամբիցիոզ նկարիչ է, որը սեռական ցանկություն է զգում սեփական մոր նկատմամբ և թողնում է դպրոցը՝ վերջինիս մասին հոգ տանելու համար։ Դերին պատրաստվելու համար դերասանները զրուցել են հարբեցողությամբ տառապող մարդկանց և նրանց ընտանիքի անդամների հետ։ Սմիթն իր հերոսի հարաբերությունները քննարկել է մոր հետ։ Հատված Լոնդոնում «Evening Standard» թերթին տված հարցազրույցից․
Այն մասին, որ Մեթ Սմիթն ընտրվել է բրիտանական «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի Տասնմեկերորդ Դոկտորի դերի համար, հայտնի դարձավ 2009 թվականի հունվարի 3-ին BBC Breakfast հաղորդման մեջ[18][19]։ Նա փոխարինեց Դևիդ Թենանթին, որը 2008 թվականի հոկտեմբերին հայտարարեց իր հեռանալու մասին[20]։ Նախքան դերը ստանալը Սմիթը երբեք չէր դիտել հեռուստասերիալը[21] և համեմատաբար անհայտ դերասան էր՝ մյուս հավակնորդների հետ համեմատած, որոնց թվում էին Շոն Փերթվին, Քեթրին Զետա-Ջոնսը, Ջոզեֆ Փաթերսոնը, Ռասել Տովին, Ջեյմս Նեսբիթը, Չիվեթել Էջիոֆորը[22]։ Սմիթի՝ Թենանթին փոխարինելու մասին հայտարարվել է Տասնմեկերորդ Դոկտորի պաշտոնապես թողարկվելուց մեկ օր առաջ[23]։ Սմիթի ոչ այդքան հայտնի լինելը թերթերում «Դոկտոր ո՞վ» վերնագրերի պատճառ դարձավ, որը հեռուստասերիալի վերնագրով բառախաղ էր[24][25][26]։
Սմիթն անցավ առաջին օրվա լսումները։ Թիմը, որը կազմված էր սերիալի պրոդյուսեր Սթիվեն Մոֆաթից և հեռուստապրոդյուսեր Փիրս Վենջերից, միանգամից առանձնացրին նրան մյուսներից՝ առաջին քասթինգի ժամանակ[18]։ Սմիթը նախկինում մասնակցել էր Ջոն Վաթսոնի դերի լսումներին՝ «Շերլոկ» հեռուստասերիալում, որի վրա աշխատում էր նաև Մոֆաթը, սակայն վերջինս Սմիթի կերտած կերպարը համարեց ավելի էքսցենտրիկ և ավելի մոտ Հոլմսին, որի դերն արդեն ստացել էր Բենեդիկտ Քամբերբեթչը[27]։
Դերը ստանալու ժամանակ Սմիթը 26 տարեկան էր՝ երեք տարով փոքր հինգերորդ Դոկտոր Փիթեր Դևիսոնից, որը նախկինում համարվում էր ամենաերիտասարդ Դոկտորը։ Երեք շաբաթ տևած լսումներից հետո Մոֆաթն ու Վենջերը համաձայնվեցին, որ Սմիթն ամենալավ թեկնածուն է[18]։ BBC֊ն մտահոգություն հայտնեց պրոդյուսերների ընտրության հետ կապված՝ համարելով, որ 26֊ամյա դերասանը այդքան էլ հարմար չէ Դոկտորի կերպարի համար։ Սակայն Վենջերը համոզեց ընկերությանը, որ Սմիթը գերազանց է հանդես եկել «Party Animals»֊ում և ընդգծեց նրա կայտառությունն ու շարժունակությունը[18][28]։ Շոուի երկրպագուները բաժանվեցին․ նրանցից ոմանք Սմիթին համարում էին անփորձ և շատ երիտասարդ այդ դերի համար, իսկ մյուսները նշում էին այն ներուժը, որ նա ցուցադրում էր հեռուստատեսությամբ և թատրոնում[29]։
2010 թվականի հունիսին Սմիթն Orbital խմբի հետ հայտնվեց Գլասթոնբերի փառատոնում՝ սինթեզատորով կատարելով սերիալի հիմնական երաժշտական թեմայի ռեմիքսը[30]։ Մեթ Սմիթը Քարեն Գիլանի հետ 2010 թվականի հուլիսի 24-ին և 25-ին վարել է Ալբերտ Հոլում կայացած «Doctor Who Prom» գործիքային համերգը, որի ժամանակ կատարվել է սերիալի երաժշտությունը[31]։ Ներկայումս Սմիթը Դոկտորի դերում նկարահանվել է երեք եթերաշրջաններում և «Դոկտոր Ով» լիամետրաժ ֆիլմում և «Սարա Ջեյնի արկածները» հեռուստասերիալի երկու սերիաներում, իսկ 2011 թվականի հունիսին BBC-ն հայտարարեց, որ դերասանը պայմանագիր է կնքել առնվազն մեկ եթերաշրջանի համար, որը բաղկացած է տասնչորս սերիաներից, իսկ ինքը՝ Սմիթն հայտարարեց, որ իրեն փոխարինելու մասին դեռևս խոսք չկա[32], а сам Смит сказал, что разговоры о его замене пока не ведутся[33]։
2013 թվականի հունիսի 1֊ին հայտարարվեց, որ ութերորդ եթերաշրջանում Դոկտորի դերում հանդես կգա նոր դերասան։ Մեթ Սմիթի մասնակցությամբ վերջին սերիան դարձավ 2013 թվականի Սուրբ ծննդյան հատուկ թողարկումը[34]։
2013 թվականի նոյեմբերի 15֊ին հեռարձակվեց «Գիտությունը Դոկտոր Ով-ում» հեռուստածրագիրը, որի հաղորդավարը Բրայան Քոքսն էր։ Մեթ Սմիթը հանդես եկավ այնտեղ Դոկտորի դերում։ Սմիթը խաղացել է նաև ինքն իրեն «Արկածներ տարածության ու ժամանակի մեջ» դրամայում, որն էկրան է բարձրացել 2013 թվականի նոյեմբերի 21-ին։
«Դոկտորի օրը» հոբելյանական սերիայից մի քանի օր առաջ Սմիթը ներկա գտնվեց Բուքինգհեմյան պալատում կազմակերպված ընդունելությանը, որը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի կրտսեր որդու կինը՝ Ուեսեքսի կոմսուհի Սոֆին[35]։
2010 թվականին Սմիթը խաղաց հունգարացի ռեժիսոր Բենեդեկ Ֆլիգաուֆի «Արգանդը» ֆիլմում, իսկ նրա խաղընկերուհին դերասանուհի Եվա Գրինն էր[36]։ Որոշ հրապարակումներ նոր Դոկտորի մասնակցության փաստը բավական գնահատեցին, որպեսզի ուշադրություն հրավիրվի ֆիլմի վրա[37]։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մի աշխարհում՝ որտեղ կլոնավորումը հասանելի է սովորական մարդկանց, իսկ գլխավոր հերոսուհի Ռեբեկան՝ Եվա Գրինի կատարմամբ, կլոնավորում է իր մահացած մանկության ընկեր Թոմին, որին մարմնավորում է Սմիթը։
Դերասանի հաջորդ աշխատանքը գրող Քրիստոֆեր Իշերվուդի դերն էր ռեժիսոր Ջեֆրի Սաքսի «Քրիստոֆերը և նրա նմանները» դրամայի մեջ, որը գրողի համանուն ինքնակենսագրականի՝ BBC-ի էկրանավորումն է, որը պատմում է 1930-ական թվականներին Բեռլինում գրողի կյանքի մասին։ Նրա հերոսի մորը կրկին մարմնավորել է Լինդսեյ Դունկանը, որի հետ նա նախկինում աշխատել էր «Այդ դեմքը» ներկայացման մեջ։ Սմիթի խաղընկերուհին դարձավ դերասանուհի Իմոջեն Փութսը, որը մարմնավորել է Ջեյն Ռոսին։ Նկարահանումները տեղի են ունեցել 2010 թվականի ամռանը Բելֆաստում[38]։ Քանի որ Սմիթն այդ ժամանակ արդեն խաղում էր «Դոկտր Ով»֊ում, նա չէր կարող ֆիլմում ամբողջովին մերկ հանդես գալ։ Սաքսը մեկնաբանեց. «BBC-ին ինձ ասաց, որ ես չպետք է ցույց տամ Դոկտոր Ովի մերկ հետույքը։ Նրանք շատ բան են արել, որպեսզի նրան դարձնեն Տասնմեկերորդ Դոկտորը և ակնհայտորեն BBC-ին ձգտում էր պաշտպանել այն, ինչ ուներ»[39]։ Ինքը՝ Մեթը, ընթերցում էր Իշերվուդի ստեղծագործությունները և կրկնօրինակում էր նրա խոսելաոճը՝ հաճախ կրկնելով «Ai am wrrri-ter» արտահայտությունը («I am a writer!»-ի խեղաթյուրված տարբերակը)[40]։ «Ես կցանկանայի 1930 թվականին Բեռլինում լինել»,- նշեց Մեթ Սմիթը։ «Դա խենթ, դեկադանսական վայր էր։ Արդյոք հետաքրքիր չէ, որ հենց այստեղ է սկսվում համաշխարհային ֆաշիզմի ամենակատաղի և դաժան շրջանը և որը միևնույն ժամանակ ամենալիբերալ վայրերից է»։
2011 թվականի օգոստոսին սկսվեցին 1948 թվականի Օլիմպիական խաղերի մասին պատմող «Բերթը և Դիքին» հեռուստաֆիլմի նկարահանումները, որտեղ Մեթ Սմիթը խաղաց բրիտանացի թիավար և օլիմպիական չեմպիոն Բերթ Բուշնելին[41]։ Նրա խաղընկերոջ՝ Դիքի Բյորնելի դերը կատարեց Սեմ Հոարը[42]։ Ֆիլմը ցուցադրվել է BBC-ով 2012 թվականի հունիսին[43]։
2012 թվականի մայիսի 26-ին Քարդիֆում Սմիթն ընդունեց Օլիմպիական կրակի էստաֆետան, որն ազդարարում էր Լոնդոնում անցկացվող Օլիմպիադան[43]։ Նախօրեին՝ BBC Breakfast շոուի ժամանակ, նա մեկնաբանեց իրադարձությունը․ «Ես շատ անփույթ եմ և հուսով եմ, որ չեմ ընկնի։ Կարծում եմ՝ այս էստաֆետան ավելացնում է հայրենասիրության զգացումը, և որ միջոցառմանը մեծ թվով մարդիկ են մասնակցել։ Այսպիսի հնարավորություն մեկ անգամ է տրվում կյանքում»։
Մեթ Սմիթը մասնակցել է «Տերմինատոր։ Ջենիսիս» ֆիլմին։ Այդ ֆիլմում Մեթի դերակատարման հաստատումով ավարտվեց ֆիլմի գլխավոր հերոսների քասթինգի գործընթացը։ Նա խաղաց Սքայնեթի դերը։
Սմիթի խաղը «Այդ դեմքը» պիեսում դրական արձագանքների է արժանացել, մասնավորապես՝ կուլմինացիոն տեսարանը, որտեղ Հենրին՝ իր մոր ներքնազգեստը հագած, փռվեց իր հոր աչքի առաջ[44][45]։ Ներկայացման դերասանական կազմն առաջադրվել է Լոուրենս Օլիվիեի մրցանակի, իսկ Սմիթն արժանացել է Իվնինգ Ստանդարտ հրատարակչության մրցանակին՝ լավագույն առաջնելույթի համար[46]։ Դերասանի՝ Վեստ Էնդ տեղափոխվելուց հետո նրա մարմնավորած Հենրիի կերպարին բազմիցս անդրադարձել են այնպիսի հրատարակչություններ, ինչպիսիք են Իվնինգ Ստանդարտը, Դեյլի էքսպրես-ը, The Guardian-ը և Թայմսը[47]։
Սմիթը Դոկտորին մարմնավորելիս հաճախ կերպարին հաղորդում էր կենդանություն, շարժունակություն և դիմաշարժություն, որոնք բոլորը միասին անսովոր էին սերիալի համար։ The Daily Telegraph-ի թղթակից Բենջի Ուիլսոնը նշել է․ «Սերիայի վերջում, իր թվիդե բաճկոնով և թիթեռնաձև փողկապով, ինչպես Professor Quatermass ինդի խումբը, դուք արդեն մոռանում եք նրա հայտնի նախորդին։ Իսկապես, Սմիթը կարող է լինել լավագույն Ժամանակի տիրակալը։ Ըստ էության, Դոկտորը պետք է խենթ այլմոլորակային լինի, և Սմիթը հենց այդպիսի տպավորություն էր թողնում՝ անգամ չհասցնելով բացել բերանը»։ Սմիթը ստացավ «Դոն Քիշոտի, ամենաանհոգ դոկտորի», «խելագար, բոլորովին նոր և միևնույն ժամանակ շատ հին» կարգավիճակ[48]։ Իր առաջին՝ «Տասնմեկերորդ ժամը» սերիայում խաղալու համար Սմիթն առաջադրվել է Ազգային հեռուստամրցանակի՝ «Դրամատիկական սերիալում լավագույն դերակատարման» համար։ Վեցերորդ եթերաշրջանը (երկրորդը Սմիթի համար) նրան հաղթանակ բերեց «Scream Award» մրցանակաբաշխության ժամանակ՝ «Ֆանտաստիկ ֆիլմի լավագույն դերասան» անվանակարգում[49], BAFTA հեռուստամրցանակ՝ «Լավագույն դերասան» անվանակարգում[50], ինչպես նաև երկրորդ անգամ ներկայացվեց Ազգային հեռուստամրցանակի[51]։ Սթիվեն Մոֆաթի խոսքերով «Հոլիվուդը վախի մեջ պահելու համար» և Սմիթի՝ Դոկտորի դերում ունեցած հաջողության պատճառով, նա տարվա ընթացքում կրկնակի՝ 200 հազար ֆունտ ստեռլինգով ավելացրեց Սմիթի աշխատավարձը (ինչը զգալիորեն քիչ էր, քան ստանում էր Թենանտը)[21]։
«Քրիստոֆերը և նրա նմանները» ֆիլմում Սմիթը դարձավ հերթական օրինակն այն բանի, թե ինչպես է դերասան-հետերոսեքսուալը խաղում բաց հոմոսեքսուալի դեր[52]։ 2009 թվականին բրիտանացի դերասան Քոլին Ֆերթը խաղացել է նմանատիպ ֆիլմում՝ Իշերվուդի «Միայնակ տղամարդը» վեպի կինոտարբերակում։ «The Guardian»-ի մեկնաբան Սեմ Վոլասթոնն ընդգծել է Սմիթի խաղը՝ այն անվանելով «գրավիչ անառակ, հմայիչ, խելացի և զվարճալի»[53], իսկ Ջոն Լլոյդը՝ «Financial Times»-ից, ընդհակառակը, Սմիթի կերպարանափոխությունը նույնասեռականի «անհարմար» համարեց՝ այդուհանդերձ գովելով Քրիստոֆերի և մոր միջև տեսարանները, որոնք ֆիլմի ընդհանուր ֆոնին արտահայտիչ էին[54]։ Ֆիլմում դերի համար Սմիթն առաջադրվել է բրիտանական ԼԳԲՏ «Stonewall Awards» մրցանակի՝ «Տարվա արտիստ» անվանակարգում[55]։
Սմիթը հետաքրքրվում է լուսանկարչությամբ և գրականությամբ, մասնավորապես, շոտլանդացի գրող Քերոլ Էնն Դաֆիի ստեղծագործությամբ։ Նվագում է դաշնամուր և նույնիսկ կատակով «Դոկտոր Ով»֊ի ստեղծողներին առաջարկել է նորացված ՏԱՐԴԻՍԻՆ ավելացնել դաշնամուրը[56]։ Ռադիոհեդ խմբի երկրպագուն է, որին անվանում է իր ոգեշնչման աղբյուրը, երկրպագում է նաև Փինք Ֆլոյդին, որի հետ նրան ծանոթացրել է հայրը։ Սմիթը նշել է, որ հետաքրքրությունների լայն շրջանակից ելնելով՝ ապագայում հնարավոր է՝ իրեն տեսնում է, թե՛ որպես երաժիշտ, թե՛ որպես ռեժիսոր կամ օպերատոր[57]։ Իր բնորոշմամբ՝ «զբաղվում է այն իրերի հավաքագրմամբ, որոնք իրեն պետք չեն», այս պահին՝ անտիկ կահույքի հավաքագրմամբ։ Սիրում է շախմատ խաղալ, «Դոկտոր Ով»֊ին նվիրված հաղորդումներից մեկում իր հերոսի կերպարով շախմատ է խաղացել երեք փոքր տղաների հետ․ «Շախմատը հրաշալի խաղ է, այն ինտելեկտի պայքար է։ Երբ ես խաղում եմ, ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում և չեմ կարողանում աչքս կտրել խաղատախտակից»[40]։ «The Guardian»֊ին տված հարցազրույցում Սմիթը խոստովանել է, որ աթեիստ է. «Ես որևէ կրոնի չեմ դավանում։ Ընդհանրապես ես աթեիստ եմ»[58]։
Մեթը և նրա հայրը ֆուտբոլ խաղացել են նույն դիրքում՝ կենտրոնական պաշտպանությունում, և երկուսն էլ Բլաքբըրն Ռովերս ֆուտբոլային ակումբի երկրպագուներ են։ Ֆուտբոլային հմտությունները Մեթին պետք եկան «Դոկտոր Ով»֊ի նկարահանումների ժամանակ։ Սերիալի հինգերորդ եթերաշրջանի «Տնվորը» դրվագում Դոկտորը փորձում է սովորական կյանքով ապրել և իր հարևանի հետ ընկերանալու նպատակով իր ընկերների հետ գնում է ֆուտբոլի խաղի՝ եկածներին զարմացնելով իր ֆուտբոլային հմտություններով[59]։
Մայրը՝ Լինն ու հայրը՝ Դևիդը, պլաստմասայի վերամշակման փոքր բիզնես ունեն, իսկ ավագ քույրը՝ Լաուրա Ջեյն Սմիթը, պարուհի է և երկար ժամանակ շրջագայել է Take That խմբի հետ։ 2006 թվականին կարճ ժամանակ հանդիպել է Փուլմանի էկրանավորած ֆիլմի իր գործընկերոջ՝ Բիլլի Փայփերի հետ[60]։ 2009 թվականին հանդիպել է բրազիլացի երգչուհի և դերասանուհի Մայանա Մորայի հետ, որից բաժանվել է մի քանի ամիս անց[61]։ 2010 թվականից նրան բազմիցս տեսել են բրիտանացի մոդել Դեյզի Լոուի հետ․ զույգը հաստատել է իր հարաբերությունները միայն մեկ տարի անց[62]։ 2011 թվականի նոյեմբերին բրիտանական մի քանի թերթեր տասնութ ամիս տևած սիրավեպից հետո հաղորդեցին զույգի բաժանման մասին[63][64]։ 2014 թվականի հունիսի 3-ին Մեթ Սմիթը Կաննի կինոփառատոն է ներկայացել Լիլի Ջեյմսի հետ, որից հետո լուրեր են տարածվել նրանց հարաբերությունների մասին։ 2014 թվականի հունիսի 9֊ին նրանց միասին են տեսել, ինչը, ըստ լրատվական աղբյուրի՝ հաստատում է զույգի միասին լինելու մասին լուրերը[65]։
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2006 | Ռուբին մշուշի մեջ | The Ruby in the Smoke | Ջիմ Թեյլոր |
2007 | Վայրի երեկույթ | Party Animals | Դեննի Ֆոսթեր |
2007 | «Բևեռային աստղի» ստվերը | The Shadow in the North | Ջիմ Թեյլոր |
2007 | Կանչով աղջկա գաղտնի օրագիրը | Secret Diary of a Call Girl | Թիմ |
2007 | Փողոցը | The Street | Յեն Հանլի |
2008 | Ընդհատակ անցնել Բրյուգեում | In Bruges | Պատանի Հարրի |
2009 | Մովսես Ջոնս | Moses Jones | Դեն Թվենթիմեն |
2009 | Միասին[66][67] | Together | Ռոբ |
2010–2013 | Դոկտոր Ով | Doctor Who | Տասնմեկերորդ Դոկտոր |
2010 | Ընկերք[68] | Womb | Թոմաս |
2010 | Սառա Ջեյնի արկածները[69][70] | The Sarah Jane Adventures | Դոկտոր |
2011 | Քրիստոֆերը և նրա նմանները | Christopher and His Kind | Քրիստոֆեր Իշերվուդ |
2012 | Բերթը և Դիքին | Bert and Dickie | Բերթ Բուշնել[43] |
2013 | Արկած տարածության և ժամանակի մեջ | An Adventure in Space and Time | Դոկտոր |
2014 | Ինչպես բռնել հրեշին[71] | Lost River | Բուլլի |
2015 | Տերմինատոր։ Ջենիսիս[72] | Terminator Genisys | Ալեքս/Սկայնեթ |
2016 | Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիներ | Pride and Prejudice and Zombies | Պարոն Քոլինզ |
2016–2017 | Թագը | The Crown | Արքայազն Ֆիլիպ |
2018 | Մափլթորփ | Mapplethorpe | Ռոբերտ Մափլթորփ |
2018 | Զրո հիվանդը | Patient Zero | Մորգան |
2018 | Ընտանիք | Charlie Says | Չարլզ Մենսոն |
Պետգաղտնիք | Official Secrets | Մարտին Բրայթ |
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Թատրոն |
---|---|---|---|---|
2003 | Սպանություն տաճարում | Murder in the Cathedral | Թոմաս Բեքեթ | Ազգային երիտասարդական թատրոն, Լոնդոն |
2004 | Վարպետը և Մարգարիտան | Ֆագոտ | Լիրիք Համերսմիթ, Լոնդոն | |
2004 | Նոր սպանություններ | Fresh Kills | Առնոլդ | Ռոյալ Քորթ, Լոնդոն |
2005 | Անծայրածիր աշխարհի ափին | On the Shore of the Wide World | Պաուլ Դանցինգեր | Թագավորական բորսայի թատրոն, Մանչեսթեր |
Ազգային արքունական թատրոն, Լոնդոն | ||||
2005–2006 | Պատմության սիրահարները | The History Boys | Լոքվուդ | Ազգային արքունական թատրոն, Լոնդոն |
2006 | Burn/Chatroom/Citizenship | Տարբեր կերպարներ | ||
2007 | Այն դեմքը | That Face | Հենրի | Ռոյալ Քորթ, Լոնդոն |
2007–2008 | Շնաձկների շրջանում | Swimming with Sharks | Գայ | Վոդևիլ, Լոնդոն |
2008 | Այն դեմքը | That Face | Հենրի | Յորքի դուքսի թատրոն, Լոնդոն |
2013–2014 | Ամերիկացի խելառ | American Psycho | Պատրիկ Բեյթման | Ալմեյդա, Լոնդոն |
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2010 | Դոկտոր Ով։ Արկածային խաղեր (Windows٫ Mac) | Doctor Who: The Adventure Games | Դոկտոր |
2010 | Դոկտոր Ով։ Վերադարձ Երկիր (Wii) | Doctor Who: Return to Earth | Դոկտոր |
2010 | Դոկտոր Ով։ Երկրի տարհանում (NDS) | Doctor Who: Evacuation Earth | Դոկտոր |
2012 | Դոկտոր Ով։ Հավերժության ժամացույց (Playstation 3٫ Windows٫ PlayStation Vita) | Doctor Who: The Eternity Clock | Դոկտոր |
2015 | Lego Dimensions | Lego Dimensions | Տասնմեկերորդ Դոկտոր |
Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2010 | TV Choice Award | Լավագույն դերասան[73] | «Դոկտոր Ով» | Առաջադրում |
2011 | Լավագույն դերասան[74] | Առաջադրում | ||
National Television Award | Լավագույն դերասան դրամատիկական սերիալում[75] | Առաջադրում | ||
SFX Award | Լավագույն դերասան[76] | Հաղթանակ | ||
BAFTA TV | Տղամարդու լավագույն դեր[77] | Առաջադրում | ||
Constellation Award | Լավագույն դերասանական խաղ գիտաֆանտաստիկ սերիալում[78] | Առաջադրում | ||
Scream Award | Լավագույն դերասան ֆանտաստիկ ֆիլմում[49] | Հաղթանակ | ||
Stonewall Award | Տարվա արտիստ[55] | «Քրիստոֆեր և նրա նմանները» | Առաջադրում | |
2012 | National Television Award | Լավագույն դերասան դրամատիկական սերիալում[51] | «Դոկտոր Ով» | Հաղթանակ |
SFX Award | Լավագույն դերասան[79] | Հաղթանակ | ||
TV Choice Award | Լավագույն դերասան[80] | Առաջադրում | ||
2013 | Լավագույն դերասան[81] | Առաջադրում | ||
National Television Award | Լավագույն դերասան դրամատիկական սերիալում[82] | Առաջադրում | ||
2014 | Լավագույն դերասան դրամատիկական սերիալում[83] | Հաղթանակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.