Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Բեքեթ (անգլ.՝ Thomas Becket, /ˈbɛkɪt/), նաև հայտնի որպես Քենթրբերիի սուրբ Թոմաս, Թոմաս Լոնդոնցի[10] հետագայում նաև Թոմաս ա՛ Բեքեթ[note 1], մոտ դեկտեմբերի 21, 1119[1], , Անգլիայի թագավորություն[1][2][3] - դեկտեմբերի 29, 1170[4], Քենթերբերիի տաճար, Քենթ, Անգլիայի թագավորություն), Քենթրբերիի արքեպիսկոպոս 1162 թվականից մինչ 1170 թվականին իր սպանությունը։ Երկրպագվել է որպես սուրբ ու նահատակ ինչպես Կաթոլիկ եկեղեցու, այնպես էլ անգլիկան համայնքի կողմից։ Եկեղեցու իրավունքների ու արտոնությունների համար հակասության մեջ է մտել Անգլիայի թագավոր Հենրի II-ի հետ, որի պատճառով թագավորի կողմնակիցները Քենթերբերիի տաճարում սպանել են նրան։ Մահվանից անմիջապես հետո սրբադասվել է Հռոմի պապ Ալեքսանդր III-ի կողմից։
Թոմաս Բեքեթ | |
---|---|
Ծնունդ | մոտ դեկտեմբերի 21, 1119[1] |
Ծննդավայր | , Անգլիայի թագավորություն[1][2][3] |
Վախճան | դեկտեմբերի 29, 1170[4] (51 տարեկան) |
Վախճան վայր | Քենթերբերիի տաճար, Քենթ, Անգլիայի թագավորություն |
Թաղման վայր | Քենթերբերիի տաճար[4] |
Եկեղեցի | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[5][6] |
Սրբացված կարգ | կաթոլիկ սուրբ[7] |
Հիշատակության օր | Դեկտեմբերի 29[8] |
Աշխատանք | աստվածաբան, դատավոր, կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս |
Պաշտոն | Քենթերբերիի հռոմեական կաթոլիկ արքեպիսկոպոս և Լորդ կանցլեր |
Երկիր | Անգլիայի թագավորություն |
Կրթություն | Բոլոնիայի համալսարան |
Հայր | Gilbert Becket?[9] |
Բեքեթի կյանքի մասին տեղեկության գլխավոր աղբյուրներն իր ժամանակակիցների կողմից գրված մի շարք կենսագրություններն են։ Այդ փաստաթղթերից մի քանիսը պատկանում են անհայտ հեղինակների, թեև ավանդական պատմագրությունը նրանց անուններ է վերագրել։ Հայտնի կենսագիրներն են՝ Ջոն Սալիսբերիացին, Էդվարդ Գրիմը, Բենեդիկտ Փիթերբուրգցին, Ուիլյամ Քենթրբերիացի, Ուիլյամ ֆիթզՍթեֆենը, Գուերնես Փոնթ-Սեյնթ-Մաքսենսացին, Ռոբերտ Քրիքլեյդցին, Ալեն Թյուքեսբերիացին, Բենեթ սբ․Ալբանսացին և Հերբերթ Բոշամցին։ Անհայտ մյուս հեղինակներին տրվել են կեղծանուններ, օրինակ՝ Անանուն I, Անանուն II (կամ Լամբեթցի Անանուն) և Անանուն III (կամ Լանսդաունի Անանուն)։ Բացի այս մեկնաբանությունները, կան ևս երկու մեկնաբանություններ, որոնք հավանաբար վերաբերում են նույն ժամանակահատվածին և հանդիպում են Quadrilogus II և իսլանդերեն «Սագա Թոմաս արքեպիսկոպոսի մասին» գրքերում։ Կենսագիրներից բացի, Բեքեթի կյանքի իրադարձությունների մասին հիշատակում են նաև այդ ժամանակի պատմագրությունները/քրոնիկները։ Դրանցից են՝ Ռոբերտ Տորինյացու աշխատությունը, Ռոջեր Հոուդենցու Gesta Regis Henrici Secundi և Chronica գրքերը, Ռադուլֆ դե Դիսետոյի աշխատությունները, Ուիլյամ Նյուբուրգցու Historia Rerum -ը և Գերվաս Քենթրբերիացու գործերը[12]։
Բեքեթը ծնվել է Լոնդոնի Չիփսայդ փողոցում, հավանաբար 1119[13] կամ 1120 թվականի դեկտեմբերի 21-ին՝ սուրբ Թովմաս առաքյալի տոնախմբության օրը։ Նրա ծնողները Ջիլբերթ և Մաթիլդ Բեքեթներն էին։ Ջիլբերթի հայրը սերում էր Նորմանդիայի Բրիոն լորդության Թիերվիլ համայնքից և կա՛մ մանր հողատեր էր, կա՛մ ասպետ[10]։ Մաթիլդան նույնպես ունեցել է նորմանական ծագում[11] և նրա ընտանիքը սերում էր Կանի մոտակայքից։ Ջիլբերթը հավանաբար ազգակցական կապ է ունեցել Քենթրբերիի արքեպիսկոպոս Թեոբալդ Բեքցու հետ, որի ընտանիքը նույնպես սերում էր Թիերվիլից։ Ջիլբերթն իր կյանքն սկսել էր որպես վաճառական, ամենայն հավանականությամբ որպես կտորեղենի/գործվածքների վաճառական, բայց արդեն 1120-ական թվականներին ապրում էր Լոնդոնում և սեփականատեր էր, որն ապրուստը հոգում էր իր գույքի վարձակալության եկամուտներով։ Որոշ ժամանակ հանդիսացել է նաև քաղաքի շերիֆը[10]։ Ջիլբերթն ու Մաթիլդան թաղվել են սուրբ Պողոսի հին մայր տաճարում։
Բեքեթի հոր հարուստ ընկերներից մեկը՝ Ռիշար Լ՛Էգլը, Թոմասին հաճախ էր հրավիրում Սասեքսի իր կալվածքները, որտեղ վերջինս զբաղվում էր որսորդությամբ ու բազեաորսով։ Ըստ Գրիմի, Բեքեթը շատ բան է սովորել Ռիշարից, որը հետագայում դարձել է Թոմասի դեմ Քլարենդոնի սահմանադրությունների ստորագրողներից մեկը[10]։
10 տարեկանում Բեքեթին ուղարկել են Անգլիա՝ Մերթոն մենաստանում ուսանելու, հետո նա հաճախել է սուրբ Պողոսի մայր տաճարին մոտ գտնվող քերականական դպրոցը Լոնդոնում։ Այս դպրոցներում նա բացի տրիվիումն (քերականություն, տրամաբանություն ու հռետորաբանություն) ու քվադրիվիումը (թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն ու աստղագիտություն), ուրիշ առարկա չի ուսումնասիրել։ Հետագայում, մոտավորապես 20 տարեկանում, նա մեկ տարի անցկացրել է Փարիզում, սակայն այս ժամանակահատվածում եկեղեցական կամ քաղաքացիական օրենք չի ուսումնասիրել, իսկ նրա լատիներենի իմացությունը մնում էր տարրական։ Բեքեթի ուսումնառությունն սկսելուց որոշ ժամանակ անց նրա հայրը կրել է ֆինանսական վնասներ ու երիտասարդն ստիպված է եղել ապրուսը վաստակել որպես գործակատար։ Հայրը որդու համար նախ աշխատանք է գտել իր բարեկամներից մեկի՝ Օզբերթ Հուիթդենայերսի բիզնեսում, հետո էլ՝ այդ ժամանակ արդեն Քենթրբերիի արքեպիսկոպոս Թեոբալդ Բեքցու ընտանիքում[10]։
Թեոբալդը նրան վստահել է Հռոմի հետ կապված մի քանի կարևոր հանձնարարություն և նաև ուղարկել Բոլոնյա ու Օսեր՝ կանոնական իրավունք ուսումնասիրելու։ 1154 թվականին Թոեբալդը նրան կարգել է Քենթրբերիի արքդեակոն (գլխավոր սարկավագ) ու վստահել այլ եկեղեցական պաշտոններ, այդ թվում՝ Լինքոլնի ու սուրբ Պողոսի մայր տաճարներում բենեֆիցիում և ավագ քահանա, ինչպես նաև Բևեռլիի քաղաքագլխի պաշտոնը։ Այս պաշտոններում նրա արդյունավետ ծառայությունը հիմք է հանդիսացել, որ Թեոբալդը նրան երաշխավորի թագավոր Հենրի II-ին՝ լորդ կանցլերի թափուր պաշտոնի համար[10], որում էլ 1155 թվականի հունվարին Բեքեթը նշանակվել է[14]։
Որպես կանցլեր Բեքեթը կիրառել է արքայական ավանդական եկամտի աղբյուրները, որոնք գանձվում էին բոլոր հողատերերից, ներառյալ եկեղեցիներն ու եպիսկոպոսությունները[10]։ Թագավոր Հենրին նույնիսկ իր որդի Հենրի կրտսերին ուղարկել է Բեքեթի ընտանիքում ապրելու, որն այն ժամանակ ազնվական երեխաներին այլ ընտանիքներում ապրելու ուղարկելու սովորություն էր[15]։ Հաղորդում են, որ Հենրի կրտսերն ասել է, որ Բեքեթն իրեն մեկ օրում ավելի շատ հայրական սեր է ցույց տվել, քան իր հայրն ամբողջ կյանքի ընթացքում[փա՞ստ]։
Թեոբալդի մահից մի քանի ամիս անց, 1162 թվականին Բեքեթն առաջադրվել է որպես Քենթրբերիի արքեպիսկոպոս։ Նրա ընտրությունը հաստատվել է 1162 թվականի մայիսի 23-ին տեղի ունեցած եպիսկոպոսների և ազնվականների արքայական խորհրդի կողմից[10]։ Հենրին գուցե հույս է ունեցել, որ Բեքեթը կշարունակեր թագավորական իշխանությունը եկեղեցուց վեր դասել, սակայն այդ ժամանակ է կատարվել Բեքեթի դիրքորոշման հանրահայտ փոփոխությունը դեպի ասկետիզմ[16]։
Բեքեթը քահանա է կարգվել 1162 թվականի հունիսի 2-ին, իսկ նույն թվականի հունիսի 3-ին Վինչեթերի եպիսկոպոս Հենրի Բլուացու ու Քենթրբերիի մյուս սուֆրագան եպիսկոպոսների կողմից[10] օծվել արքեպիսկոպոս։
Հենրիի ու Բեքեթի միջև հակասություն է առաջացել, երբ նոր արքեպիսկոպոսը հրաժարվել է կանցլերությունից ու փորձել է վերականգնել և ընդլայնել արքեպիսկոպոսության իրավունքները։ Սա հանգեցրել է թագավորի հետ մի շարք կոնֆլիկտների, ներառյալ անգլիացի հոգևորականների նկատմամբ աշխարհիկ դատարանների արդարադատության վերաբերյալ կոնֆլիկտը, որը խորացրել է հակակրանքը Բեքեթի ու թագավորի միջև։ Թագավորի կողմից մյուս եպիսկոպոսներին Բեքեթի դեմ տրամադրելը սկսվել է Ուեստմինստերում 1163 թվականի հոկտեմբերին, երբ թագավորին եկեղեցու վրա թագավորական իշխանության իրավունքների համար հավանություն էր անհրաժեշտ[10]։ Սա հանգեցրել է Քլարենդոնի սահմանադրություններին, որտեղ Բեքեթին պաշտոնապես խնդրել են համաձայնել թագավորի իրավունքներին կամ դիմագրավել դրա քաղաքական հետևանքներին։
1164 թվականի հունվարի 30-ին Հենրի II-ը նախագահել է անգլիացի բարձրագույն հոգևորականների բոլոր ժողովները Քլարենդոնի պալատում։ Տասնվեց սահմանադրությունների մեջ նա ձգտում էր ավելի քիչ հոգևոր անկախություն և Հռոմի հետ ավելի թույլ կապ ամրագրել։ Թագավորն օգտագործել է իր բոլոր հմտությունները նրանց համաձայնությունն ստանալու համար և հաջողել է, քանի որ Բեքեթից բացի բոլորը համաձայնել են։ Վերջապես նույնիսկ Բեքեթն է արտահայտել Քլարենդոնի սահմանադրությունների էությանը համաձայնելու իր պատրաստակամությունը, բայց և այնպես հրաժարվել է պաշտոնապես ստորագրել փաստաթղթերը։ 1164 թվականի հոկտեմբերի 8-ին Հենրին Բեքեթից պահանջել է ներկայանալ Նորթհեմփթոն ամրոցում կայանալիք մեծ խորհրդին ու ու պատասխան տալ թագավորական իշխանությունն արհամարհելու ու կանցլերի պաշտոնում արած չարաշահումների մասին մեղադրանքներին։ Մեղավոր ճանաչվելով՝ Բեքեթը լքել է դատավարությունն ու փախել մայրցամաք[10]։
Հենրին հետապնդել է փախստական արքեպիսկոպոսին մի շարք հրամանագրերով, որոնք թիրախավորում էին ինչպես Բեքեթին, այնպես էլ նրա ընկերներին ու աջակիցներին, սակայն Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VII-ը Բեքեթին իր պաշտպանության տակ է առել։ Բեքեթը համարյա երկու տարի անցկացրել է Պոնտինյիի վանքի Ցիստերյան միաբանությունում, մինչև Հենրիի կարգադրությանն սպառնացող վտանգը ստիպել է նրան վերադառնալ Սանս (քաղաք Ֆրանսիայում)։ Իր հերթին Բեքեթը մեկուսացմամբ ու արգելանքով սպառնացել է թագավորին, եպիսկոպոսներին ու թագավորությանը, սակայն Հռոմի պապ Ալեքսանդր III-ը, թեև տեսականորեն համամիտ լինելով Բեքեթի հետ, նախընտրել է ավելի դիվանագիտական մոտեցում․ 1167 թվականին նա հաշտարարների առաքելությամբ պապական ներկայացուցիչներ է ուղարկել[10]։
1170 թվականին Ալեքսանդրը պատվիրակներ է ուղարկել վեճին լուծում պարտադրելու համար։ Այդ ժամանակ Հենրին փոխզիջում է առաջարկել, որը Թոմասին թույլ է տվել աքսորից վերադառնալ Անգլիա[10]։
1170 թվականի հունիսին Յորքի արքեպիսկոպոս Ռոջեր դե Պոնտ Լ՛Էվեքը Լոնդոնի եպիսկոպոս Ջիլբերտ Ֆոլիոթի ու Սալիսբուրիի եպիսկոպոս Ջոսելին դե Բոհոնի հետ Յորքում թագադրել է գահաժառանգ Հենրիին։ Սա Քենթրբերիի թագադրելու արտոնության խախտում էր, և 1170 թվականի նոյեմբերին Բեքեթը բոլոր երեքին մեկուսացրել է։ Մինչ այս երեք հոգևորականը փախել են թագավորի մոտ Նորմանդիա[17], Բեքեթը շարունակել է եկեղեցում իր հակառակորդներին մեկուսացնելը, որի մասին լուրը նույնպես հասել է Հենրի II-ին՝ երիտասարդ Հենրիի հորը։
Բեքեթի գործողությունների մասին զեկույցները լսելով՝ թագավորը ենթադրաբար արտաբերել է բառեր, որոնք իր մարդկանց կողմից մեկնաբանվել են որպես Բեքեթին սպանելու ցանկություն[19]։ Թագավորի ճշգրիտ խոսքերը հայտնի չեն, և արձանագրվել են մի քանի տարբերակներ[20]։ Ամենաշատ մեջբերվողը հետևյալն է․ «Մի՞թե ինձ ոչ ոք չի ազատի այս անհնազանդ քահանայից»[21], բայց ըստ պատմաբան Սայմոն Շեմայի սա ճիշտ չէ․ նա ընդունում է լատիներենով գրված այդ ժամանակի կենսագիր Էդվարդ Գրիմի մեկնաբանությունը, որտեղ ասվում է․ «Ինչպիսի թշվառ ձրիակերների ու դավաճանների եմ ես սնուցել ու դաստիարակել իմ արքունիքում, որոնք թույլ են տալիս, որ ցածր ծագմամբ մի հոգևորական իրենց պարոնի հետ այսպիսի ամոթալի արհամարհանքով վարվի»[22]։ Հայտնի են նաև այլ տարբերակներ։
Ինչ էլ որ Հենրին ասած լիներ, այն ընկալվել է որպես հրաման, ու չորս ասպետներ[19]՝ Ռեջինալդ ՖիթզՈւրսը, Հաֆ դե Մորվիլը, Ուիլյամ դե Թրեյսին ու Ռիչարդ լե Բրետոնը[10] ճանապարհ են ընկել Քենթրբերիի արքեպիսկոպոսին լռեցնելու։
1170 թվականի դեկտեմբերի 29-ին նրանք ժամանել են Քենթրբերի։ Ըստ վանական Գերվաս Քենթրբերիացու ու ականատես Էդվարդ Գրիմի թողած գրառումների, նախքան ներս մտնելն ու Բեքեթին մարտահրավեր նետելը, նրանք իրենց զենքերը թողել են մայր տաճարից դուրս գտնվող մի ծառի տակ, իսկ օղազրահները թաքցրել թիկնոցների տակ։ Նրանք տեղեկացրել են Բեքեթին, որ նա պետք է գնա Վինչեսթեր իր գործողությունների համար հաշիվ տալու, բայց վերջինս հրաժարվել է։ Երբ Բեքեթը մերժել է թագավորի կամքին ենթարկվելու ասպետների պահանջը, նրանք հետ են գնացել իրենց զենքերը վերցնելու ու ներս ներխուժել արդեն սպանության համար[23]։ Այդ ընթացում Բեքեթն առաջացել է դեպի երեկոյան աղոթքների դահլիճը։ Մյուս վանականները փորձել են դռան սողնակը գցելով ապահովել իրենց անվտանգությունը, բայց Բեքեթն ասել է նրանց․ «Ճիշտ չէ աղոթատունն ամրոց դարձնել» և հրամայել նրանց նորից բացել դռները։
Սրերը պարզած չորս ասպետները ներս են վազել սենյակ, ասելով․ «Որտե՞ղ է Թոմաս Բեքեթը՝ թագավորին ու երկրին դավաճանածը»։ Նրանք գտել են Բեքեթին դեպի կամարակապ սրահ տանող դռան մոտ[10]։ Նրանց տեսնելով՝ Բեքեթն ասել է․ «Ես դավաճան չեմ, բայց պատրաստ եմ մեռնել»։ Ասպետներից մեկը ճանկել է նրան ու փորձել դուրս քաշել, բայց Բեքեթը բռնվել է մի սյունից ու խոնարհել գլուխը աստծո հետ խաղաղություն գտնելու համար։
Թե ինչ է կատարվել հաջորդիվ, կան մի քանի մեկնաբանություններ, սակայն հատուկ կարևորություն ունի Գրիմի գրառումը, քանի որ նա վիրավորվել էր հարձակման ժամանակ։ Ահա թե ինչ է նա գրել․
Չար ասպետը հանկարծակի նետվեց նրա վրա, կտրելով նրա գլխի գագաթը, որը սուրբ յուղով օծվելով նվիրաբերվել էր աստծուն։ Հետո նա ևս մեկ հարված ստացավ գլխին, բայց դեռ կանգնած էր ամուր ու անշարժ։ Երրորդ հարվածից նա ցած ընկավ ծնկների ու արմունկների վրա, մատուցելով իրեն որպես կենդանի զոհ ու ցածր ձայնով ասաց․ "Հանուն Քրիստոսի անվան ու եկեղեցու պաշտպանության ես պատրաստ եմ ընդունել մահը"։ Ապա երրորդ ասպետը հասցրեց սարսափելի վնասվածք, երբ նա պառկած էր գետնատարած։ Այս հարվածով նրա գլխի գագաթն անջատվեց գլխի մնացած մասից այնպես, որ ուղեղից սպիտակած արյունն ու արյունից ոչ պակաս կարմիր ուղեղը ներկեցին մայր տաճարի հատակը։ Այն նույն գործակալը, որը ասպետների հետ էր ներս մտել, ոտքը դրեց սուրբ քահանայի ու թանկագին նահատակի վզին ու սարսափելի է անգամ պատմելը, ցրիվ տվեց ուղեղն ու արյունը սալահատակի վրա, դիմելով մյուսներին․ 'Եկեք գնանք, ասպետներ, այս մարդն այլևս ոտքի չի կանգնի[24]։ |
Մեկ այլ նկարագրություն կարելի է գտնել Ջերալդ Ուեյլսեցու կողմից գրված Expugnatio Hibernica ("Իռլանդիայի նվաճումը", 1189) գրքում[25]։
Բեքեթի մահից հետո վանականները նրա մարմինը պատրաստել են հուղարկավորման համար[10]։ Որոշ գրառումների համաձայն, արքեպիսկոպոսի հագուստների տակ Բեքեթը խարազանաշապիկ էր կրում, որն ապաշխարանքի նշան էր[26]։ Շատ շուտով ամբողջ Եվրոպայի հավատացյալներն սկսել են որպես նահատակ երկրպագել Բեքեթին, և 1173 թվականի փետրվարի 21-ին, իր մահից հետո երկու տարուց մի փոքր անց, Սենյիի սուրբ Պողոսի եկեղեցում Հռոմի պապ Ալեքսանդր III-ի կողմից նա սրբադասվել է[10]։ 1173 թվականին Բեքեթի քույր Մերին Բարքինգի վանքում նշանակվել է վանամայր, որպեսզի դրանով չեզոքացվի իր եղբոր սպանությունը[27]։ 1174 թվականի հուլիսի 12-ին, 1173-1174 թվականների ապստամբության կիզակետում, Հենրին հասարակության ներկայությամբ ապաշխարել է Բեքեթի գերեզմանի մոտ, որն էլ դարձել է ամենահայտնի ուխտատեղիներից մեկն Անգլիայում։
Բեքեթին սպանողները փախել են հյուսիսում գտնվող դե Մորվիլի Նեարզբորո ամրոցը, որտեղ մնացել են մոտավորպես մեկ տարի։ Դե Մորվիլը սեփականություն ուներ նաև Քումբրիայում, և սա կարող էր ծառայել որպես հարմար թաքստոց, քանի որ այդ մարդիկ պատրաստվում էին ավելի երկար մնալ Շոտլանդիայի թագավորությունում։ Նրանք չեն ձերբակալվել, ոչ էլ Հենրին բռնագրավել է նրանց հողերը, բայց և նրանց չի օգնել, երբ 1171 թվականի օգոստոսին նրանց խորհուրդ էր անհրաժեշտ։ Հռոմի պապ Ալեքսանդրը մեկուսացրել է բոլոր չորսին։ Ներման արժանանալու համար մարդասպանները մեկնել են Հռոմ, որտեղ պապը նրանց հրամայել է որպես ասպետներ տասնչորս տարի ծառայել Սուրբ Երկրում[28]։
Վանականները վախենում էին, որ Բեքեթի մարմինը կգողանան։ Սա կանխելու համար նրա մասունքները տեղափոխվել են մայր տաճարի արևելյան կրիպտեի հատակի տակ[28]։ Քարե ծածկ է տեղադրվել թաղման վայրի վրա, որն ուներ երկու անցք, որտեղ ուխտավորները կարող էին մտցնել իրենց գլուխներն ու համբուրել գերեզմանը[10]։ Սուրբ Երրորդության մատուռի "հրաշք պատուհանները" նկարազարդված են այս տեսարանով։ Պահակասենյակից պարզ երևում է գերեզմանը։ 1220 թվականին Բեքեթի ոսկորները տեղափոխվել են Սուրբ Երրորդության մատուռի բարձր ալտարի հետևում գտնվող ոսկեջրված ու գոհարապատ նոր աճյունատուփ[29]։ Աճյունատուփը հենված է երեք զույգ սյուների վրա և գտնվում է երեք սատիճան բարձրացված հարթակի վրա։ Սա նույնպես պատկերված է հրաշք պատուհաններից մեկի վրա։ Իր կրոնական պատմության շնորհիվ Քենթրբերին շատ ուխտավորներ է ընդունել, սակայն Թոմաս Բեքեթի մահից հետո նրանց թիվը կտրուկ աճել է։
1178 թվականին Շոտլանդիայում թագավոր Ուիլյամ Առյուծը հրամայել է կառուցել Արբրոաթ վանքը։ 1197 թվականին այն ավարտելուց հետո այդ նոր կառույցը նվիրվել է Բեքեթին, որին թագավորը անձնապես ճանաչել էր երիտասարդ տարիներին անգլիական արքունիքից։
1220 թվականի հուլիսի 7-ին, Բեքեթի մահվան 50-րդ տարում, նրա մասունքներն առաջին գերեզմանից տեղափոխվել են նորակառույց Սուրբ Երրորդության մատուռում գտնվող մի աճյունատուփ[10]։ Այս տեղափոխությունը "միջնադարյան անգլիական եկեղեցու կյանքում ամենամեծ խորհրդանշական իրադարձություններից մեկն էր", որին մասնակցում էին թագավոր Հենրի III-ը, պապական ներկայացուցիչը, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ստեֆեն Լանգթոնը և ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ ու մագնատներ։ Այսպիսով, հիմք է դրվել մի նոր տոնախմբության, որը խորհրդանշում էր Բեքեթի մարմնի տեղափոխությունը, և որն ամեն հուլիսի տոնվում էր Անգլիայում համարյա ամենուրեք, ինչպես նաև Ֆրանսիայի շատ եկեղեցիներում[30]։ Տոնախմբությունն արգելվել է 1536 թվականին Ռեֆորմացիայի/ բարեփոխումների ընթացքում[31]։
Աճյունասափորն ավերվել է 1538 թվականին, վանքերի կազմալուծման ընթացքում, Հենրի VIII-ի հրամանով[10][32]։ Թագավորը նաև ոչնչացրել է Բեքեթի ոսկորներն ու հրամայել մոռանալ նրա անունը[32][33]։
Որպես հետագա դարերի գլխավոր առևտրականների դինաստիայի՝ Մերսերների շառավիղ, Բեքեթը Լոնդոնի բնակիչների կողմից լոնդոնցի էր համարվում ու Պողոս առաքյալի հետ ընդունվում որպես Լոնդոնի հովանավոր սուրբ․ նրանց երկուսի պատկերները դրոշմված էին և՛ քաղաքի, և՛ քաղաքապետի կնիքների վրա։ Bridge House Estates բարեգործական ընկերությունն օգտագործում էր միայն Բեքեթի պատկերով կնիք, որի հակառակ երեսին պատկերված էր նրա նահատակությունը։
Բեքեթի սրբադասումից հետո նրա մասին լեգենդներ են առաջացել։ Թեև դրանք բնորոշ հագիոգրաֆիկ (սրբերին վերագրվող) պատմություններ են, դրանք նաև արտացոլում են Բեքեթին բնորոշ խստությունը։ Ասում են, որ Քենթի կոմսության Օթֆորդ քաղաքում գտնվող "Բեքեթի ջրհորը" կառուցվել է, երբ Բեքեթը դժգոհել է այդ տարածքի ջրի համից։ Ասում են նաև, որ մաքուր ջրի երկու աղբյուր է դուրս ցայտել այն վայրից, որտեղ Բեքեթն իր ասայով (եպիսկոպոսական ձեռնափայտ) խփել է գետնին։ Օթֆորդում սոխակների բացակայությունը նույնպես վերագրվում է Բեքեթին, որին իր բարեպաշտ աղոթքների ժամանակ այնքան է անհանգստացրել սոխակի երգը, որ նա հրամայել է, որ այդ քաղաքում այլևս սոխակի երգ չհնչի։ Նույնպես Քենթում գտնվող Սթրուդ քաղաքի բնակիչներին ու նրանց ժառանգներին Բեքեթն անիծել է, որ ծնվեն պոչերով։ Սթրուդի տղամարդիկ արքեպիսկոպոսի դեմ թագավորի պայքարի ժամանակ անցել էին նրա կողմն ու նրան իրենց աջակցությունը ցույց տալու համար կտրել Բեքեթի ձիու պոչը, երբ վերջինս անցնում էր իրենց քաղաքով։
Սրբի համբավն արագորեն տարածվել է նաև նորմանական աշխարհում։ Բեքեթի առաջին սրբապատկերը եղել է Սիցիլիայի Մոնրեալի մայր տաճարում նրա մահից անմիջապես հետո խճանկարով ստեղծված պատկերը, որն այսօր էլ տեսանելի է։ Բեքեթի զարմիկներն ապաստան էին ստացել սիցիլիական արքունիքում նրա աքսորի ժամանակ, և Սիցիլիայի թագավոր Ուիլյամ II-ն ամուսնացել էր Հենրի II-ի դստրերից մեկի հետ։ Սիցիլիական Մարսալա քաղաքի գլխավոր եկեղեցին նվիրված է սուրբ Թոմաս Բեքեթին։ Բեքեթի կյանքից նույնանման հատվածներ պատկերող ավելի քան քառասունհինգ միջնադարյան արծնապատ հուղարկավորության արկղիկներ են պահպանվել, այդ թվում Բեքեթի արկղիկը, որն սկզբնապես պատրաստվել էր Փիթերբուգի մայր տաճարում սրբի մասունքները պահելու համար, իսկ այժմ գտնվում է Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.