![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Methadone.svg/langhy-640px-Methadone.svg.png&w=640&q=50)
Մեթադոն
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Մեթադոն, սինթետիկ (արհեստական) օփիոիդ։ Բժշկության մեջ այն օգտագործվում է որպես ցավազրկող (անալգետիկ), ինչպես նաև ափիոնային կախվածությամբ տառապող անձանց փոխարինող բուժման միջոց։ Մեթադոնը հանդիսանում է մորֆինի և հերոինի ացիկլիկ անալոգը։ Այն ազդում է նույն օփիոիդային ընկալիչների վրա, որոնց վրա ազդում են նշված թմրամիջոցները և ունի գրեթե նույն ազդեցության մեխանիզմը։ Մեթադոնն իր երկարատև ազդեցության, ուժեղ ցավազրկող հատկությունների և ցածր գնի շնորհիվ օգտագործվում է քրոնիկական խիստ ցավերի մեղմման նպատակով։
Մեթադոն | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | (RS)-6-դիմեթիլամինո-4,4-դիֆենիլ-3-հեպտանոն |
Այլ անվանումներ | դոլոֆին, ամիդոն, ֆիզեպտոն, հեպտադոն, մեթադոզ, սիմորոն |
Քիմիական բանաձև | C₂₁H₂₇NO |
Մոլային զանգված | 5,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 76-99-3 |
PubChem | 4095 |
EINECS համար | 200-996-9 |
SMILES | CCC(=O)C(CC(C)N(C)C)(C1=CC=CC=C1)C2=CC=CC=C2 |
ЕС | 200-996-9 |
ChEBI | 3953 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Մեթադոնը ստեղծվել է Գերմանիայում 1937 թվականին հատկապես այն պատճառով, որ այնտեղ օփիոիդների հուսալի ներքին աղբյուրի պահանջ կար։ ԱՄՆ-ում այն սկսեց կիրառվել 1947 թվականից։ Թմրամիջոցային թունավորման հետևանքով մահվան դեպքերի շարքում մեթադոնի գործածման արդյունքում մահվան դեպքերը 1999-ից 2007 թվականներին 784-ից հասան 5518-ի, իսկ մինչև 2011 թվականը նվազեցին՝ հասնելով 4418-ի[2]։
Մեթադոնն ընդգրկված է ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին միասնական» կոնվենցիայի[3] Ցուցակ 1-ինում և բազմաթիվ երկրներում վերահսկվում է այնպես, ինչպես մորֆինը։
Մեթադոնը հիմնականում օգտագործվում է ափիոնային կախվածությունից բուժման նպատակով։ Դրա օգտագործումն օրալ եղանակով կարող է կայունացնել կախվածություն ունեցող անձանց վիճակը՝ մեղմացնելով զրկանքի համախտանիշը կամ այն դարձնելով համեմատաբար տանելի։ Մեթադոնի մեծ դեղաչափերը կարող են կանխել հերոինի, մորֆինի և նմանատիպ այլ թմրամիջոցների էյֆորիկ ազդեցությունը, և, որպես արդյունք, այդ թմրամիջոցները գործածողները մեթադոնի օգնությամբ կարող են հաղթահարել կախվածությունը։
Բազմաթիվ դեղագործական ընկերություններ արտադրում և մատակարարում են մեթադոն։ Ափիոնային կախվածության բուժման համար օգտագործվող մեթադոնային դեղամիջոցները երբեմն պարունակում են միայն լևոմեթադոն, որը հասանելի է Պոլամիդոն և Հեպտադոն ապրանքանիշերի ներքո։ Այն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիմնական դեղերի ցանկում՝ կարևորագույն դեղերի ցանկ, որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում[4]։
Ներկայումս գոյություն ունի լևոմեթադոնի (L-մեթադոն) և դեքստրոմեթադոնի (D-մեթադոն)[5] ոչ սիմետրիկ սինթեզման միջոց[6]։
Մեթադոնի գործածման հիմնական ուղիներն են՝ բերանի միջոցով, ներերակային, ինսուֆլյացիոն (փչում), ենթալեզվային, ռեքտալ (անալ ուղիով)։