From Wikipedia, the free encyclopedia
Մարի Լորանսեն (ֆր.՝ Marie Laurencin, հոկտեմբերի 31, 1883[1][2][3][…], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - հունիսի 8, 1956[1][2][4][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի նկարչուհի և փորագրիչ[7]. անդամակցել է կուբիստների «Ոսկե բաժանմունք» (Section d'Or) կամ Groupe de Puteaux անվանումը կրած խմբակին, դարձել փարիզյան ավանգարդի կարևոր դեմքերից մեկը։
Մարի Լորանսեն ֆր.՝ Marie Laurencin | |
---|---|
Կեղծանուն | Louis Lalanne |
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Վախճանվել է | հունիսի 8, 1956[1][2][4][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարչուհի, նկարիչ-փորագրող, բեմանկարիչ, նկարազարդող, բանաստեղծուհի, արվեստագետ և գծանկարիչ |
Ոճ | ֆովիզմ և կուբիզմ |
Ժանր | դիմապատկեր և ծաղկային նատյուրմորտ |
Թեմաներ | գեղանկարչություն և փորագրում |
Ուսուցիչ | Մադլեն Լեմեր |
Ամուսին | Otto von Wätjen? |
Համատեղ ապրող | Գիյոմ Ապոլիներ |
Կայք | marielaurencin.com(անգլ.) |
Marie Laurencin Վիքիպահեստում |
Մարին ծնվել է 1883 թվականի հոկտեմբերի 31-ին, Փարիզում։ Նրան խնամել, մեծացրել է դերձակուհի մայրը՝ Մելանի Լորանսենը։ Մարին սովորել է Լամարտինի անվան լիցեյում, ապա հախճապակու նկարազարդման պարապմունքների հաճախել Սևրում ու Մադլեն Լեմերի մոտ[8]։ Ընդունվել է Էմբեր ակադեմիա, որտեղ ծանոթացել է Ժորժ Բրակի հետ։ Անրի Պիեռ Ռոշեի խորհրդով 1907 թվականին մասնակցել է Անկախների ցուցասրահի կազմակերպման աշխատանքներին։ Այդ նույն տարում Պաբլո Պիկասոն նրան ծանոթացրել է լեհական ծագումով ֆրանսիացի ճանաչված բանաստեղծ Գիյոմ Ապոլիների հետ։ Նրանց կրքոտ կապը շարունակվել է մինչև 1912 թվականը։ Ապոլիները Մարիին բանաստեղծություններ է նվիրել, նրան ոգեշնչել, որ ստեղծի իր լավագույն գործերից մեկը՝ «Ապոլիներն ու նրա ընկերները» (1912). ընդ որում՝ ընկերների խմբում պատկերված են նաև Պիկասոն ու Գերտրուդ Սթայնը։ Մարին գեղանկարչության հետ մեկտեղ փորագրանկարչական աշխատանքներ է կատարել Ժան Էմիլ Լաբուրերի մոտ;
1914 թվականի հունիսին Լորանսենն ամուսնացել է բարոն Օտտո ֆոն Վետիենի (von Wätjen) հետ. նրանց ծանոթությունը կայացել էր դրանից մեկ տարի առաջ, Մոնպառնասում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց շատ չանցած՝ ամուսնական զույգը մեկնել է Իսպանիա՝ նախ՝ Մադրիդ, ապա Մալագա ու Բարսելոն։ Քանի որ Ֆրանսիան ու Գերմանիան ախոյաններ էին այդ պատերազմում, Մարին, ինքնըստինքյան, զրկվել է ֆրանսիական քաղաքացիությունից։ Զույգը Իսպանիայում ապրել է փաստորեն արտաքսվածի կարգավիճակով։ Նեղության մեջ հայտնված Մարիին զգալի աջակցություն է ցուցաբերել նրա ընկերուհին՝ նորաձև հագուստի մոդելավորող Նիկոլ Գրուլտը՝ այդ ժամանակների ամենահռչակված մոդելավորող Պոլ Պուարեի քույրը։ Հենց Իսպանիայում գտնված տարիներին էլ Մարին գրել է իր առաջին բանաստեղծությունները, որոնք հետագայում լույս են ընծայվել «Գիշերային նոթատետր» ժողովածուում։ Մադրիդում Լորանսենը ֆրանսիացի ավանգարդիստ նկարիչ և գրող-հրապարակախոս Ֆրանսիս Պիկաբիայի միջոցով ծանոթացել է արվեստի նոր ոճի՝ օրֆիզմի հիմնադիրներ Սոնա և Ռոբեր Դելոնեների հետ։
1920 թվականին Մարին վերադարձել է Փարիզ, ամուսնալուծվել և լիովին ինքնուրույն սկսել է ստեղծել նկարչուհու իր կարիերան։ Բազմաբեղուն էր նրա համագործակցությունը անվանի մի ամբողջ շարք գրողների՝ Անդրե Ժիդի, Պոլ Մորանի, Ժակ դը Լակրատելի, Մաքս Ժակոբի, Սեն-Ժոն Պերսի, Մարսել Ժուանդոյի, Ժան Կոկտոյի, Ժան Պոլանի, Սոմերսեթ Մոեմի և շատ ու շատ ուրիշների հետ, որոնց գրքերը մեծ ճաշակով նկարազարդել է նա։ Մարին նաև դեկորացիաներ է պատրաստել բալետի ու թատրոնի, այդ թվում՝ Սերգեյ Դյագիլևի ղեկավարած բալետային խմբի համար։
1925 թվականին դեկորատիվ արվեստի ցուցահանդեսում նրա ներկայացրած աշխատանքները հիացմունքով են ընդունվել արվեստասեր հասարակության կողմից։ Այդուհետ Լորանսենը մի շարք սքանչելի գործեր է ստեղծել նաև հաստոցային նկարչության բվնագավառում։ Նա ակտիվորեն ներգրավվել է Փարիզի՝ արվեստների այդ մայրաքաղաքի արտիստական կյանքում; 1929 թվականի տնտեսական ճգնաժամի ընթացքում և դրանից հետո դասախոսել է XVI-ի ակադեմիայում։
Գեղանկարչությունից զատ՝ Մարի Լորանսենն զբաղվել է փորագրությամբ ու փայտափորագրությամբ՝ կրելով աֆրիկյան քանդակագործության ազդեցությունը, պատկերազարդումներ է արել և դեկորացիաներ պատրաստել Կոմեդի Ֆրանսեզի համար, բանաստեղծություններ է գրել, որոնք լույս են ընծայվել Լուիզա Լալանի գրական կեղծանունով։ Սակայն առաջին հերթին ճանաչման ու համբավի է հասել իր գեղանկարների շնորհիվ, որոնցում տասնութերորդ դարի ռոկոկո ոճը համադրված է պարսկական ու մոնղոլական միջնադարյան մանրանկարներին հատուկ տարրերի հետ։ Գերապատվությունը տալով լուսավոր վարդագույն ու երկնագույն երանգներին՝ նա ստեղծել է կանանց ու երեխաների քնարաշունչ ու տպավորիչ բազմաթիվ դիմանկարներ ու կոմպոզիցիաներ, կրկեսային տիպարներ... Նկարչուհու ստեղծած կանացի կերպարները, որ ժամանակին բնութագրվել են որպես «ոգիների երկրի էակներ», հիրավի սքանչելի են ու մշտապես հմայիչ։
Մարի Լորանսենը մահացել է 73 տարեկան հասակում՝ 1956 թվականի հունիսի ութին, Փարիզում։ Թաղված է նշանավոր Պեր Լաշեզ գերեզմանատանը[9]։ Ողջ ժառանգությունը նա կտակել է իր որդեգրած աղջկան՝ Սյուզան Մորո-Լորանսենին, որին խնամել ու մեծացրել էր մանուկ հասակից։
1985 թվականին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացվել է Մարի Լորանսենի թանգարանը[10]։
Մարի Լորանսենի անունը հիշատակված է ֆրանսիացի ճանաչված երգիչ Ջո Դասենի L'été indien հարահայտ երգում. «…Երկարափեշ քո զգեստի մեջ դու նմանվում էիր Մարի Լորանսենի պատկերած կնոջ»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.